Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրի եւ գծի համերաշխություն 

06/10/2023
- 06 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խաչիկ Հարությունյանի ծննդյան 70-ամյակի առթիվ

Բավական ինքնօրինակ է Խաչիկ Հարությունյանի ստեղծագործական աշխարհը, որտեղ համադրված են նկարիչն ու բանաստեղծը եւ որտեղ գիրն ու գիծը ապրում են ներքին համերաշխության մեջ: Բառային ու նկարչական պատկերներն իրենց խորքում համաձույլ են եւ լավագույնս են նպաստում թափանցելու արվեստագետի  հախուռն էության մեջ: Մեր առջեւ խոր արմատներ ունեցող նորօրյա նաղաշ-ասողիկն է:
Երբեմն Խաչիկ Հարությունյանի առանց այն էլ սեղմ բանաստեղծություններն առավել սեղմվում են ու վերածվում ասույթ-աֆորիզմների: Դրանց մեջ որոշ արձագանք են գտել նաեւ նրա գեղագիտական ընկալումները, որոնք կարեւոր են ավելի լավ հասկանալու համար յուրօրինակ արվեստագետին:

«Այն, ինչ Աստծո ստեղծածն է, պետք չէ կրկնօրինակել, ավելացնել ու պակասեցնել». այսինքն՝ պետք է ոչ թե ընդօրինակել ու սրբագրել Աստծո կամ բնության ստեղծածը, այլ ձգտել դեպի նախասկզբնական արարումը, որն աստվածային է, ուստիեւ՝ կատարյալ.

Հոգու գոյությունը քեզ չի պատկանում,

ու հենց մի կտոր այն ներքին փայլից

ի ցույց ես հանում, դառնում ես պոետ:

Եւ որքան մեծ է հոգու այդ ներքին փայլից ի ցույց հանված կտորը, այնքան նշանակալից է պոետը… Իսկ թե որքան նշանակալից է Խաչիկ Հարությունյանի բանաստեղծական խոսքը, դա անշուշտ, վերջնականապես կճշտի ամենամեծ քննադատը՝ Ժամանակը: Մի բան որոշակի է, որ, ինչպես ամեն մի ճշմարիտ արվեստագետ, Խաչիկ Հարությունյանը եւս, նկարչության թե բանաստեղծության մեջ, ձգտել ու ձգտում է դեպի արարումի նախասկիզբը, դեպի աղբյուրը լույսի: Այս դեպքում, սակայն, ըստ գործող օրինաչափության, իդեալական պատկերն, այս կամ այն չափով,  միշտ էլ մնում է կիսատ, անավարտ.

Մնաց պատկերն անկատար.

այդպես էլ չգնաց,

մնաց կողքիս,

մնաց, որ չթողնի

տեսնեմ կրակը լույսի

հանգրվանում ճամփիս…

Եւ գուցե այդ կեսկատարությունն է, որ նորից ու նորից առթում ու խթանում է արվեստագետի ստեղծագործ ոգին, մղում նրան նորանոր տքնանքի ու սխրանքի, քանի որ բավարարվածությունը տանում է դեպի ինքնագոհություն, այն է՝ փակուղի, եւ, իսկապես, «Ինչ որ մի բան պետք է թերի մնա, մի նոր անբավարարվածություն՝ եւ առաջին դեպքում, արդեն ինքնին, իր ձեւով կհանդիսանա կատարյալ բացահայտման պայման»:

Իդեալականի, բացարձակի ձգտման արդյունք են հետեւյալ եւ համանման տողերը, որոնք, հիրավի, հոգու ներքին փայլից հավաքած եւ ի ցույց դրած կտորներ են.

Մի քիչ կարոտով եմ ապրում,

մի քիչ՝ գինով ու երգով,

մի քիչ էլ Աստծո փեշերից

ծաղիկներ եմ հավաքում…
 
Կամ՝

Մոլորված ամպը նետեց գոգնոցը՝

հրաժեշտի անձրեւներ ցողելով:

Հետո հիշեց, որ գրպանում

մի կաթիլ էր պահել

իբրեւ վերադարձի մարգարիտ:

«Արվեստում առաջնայինը հմայքն է». ասում է Խաչիկ Հարությունյանը, որի թե՛ գիծը, թե՛ գիրը հմայիչ են…

Խաչիկ Հարությունյան. Հենրիկ Բախչինյանի դիմանկարը

Մեր այս նորաշունչ նաղաշ-ասողիկը նաեւ հայաշունչ է, իսկապես, արմատներ ունի մեր հնօրյա քերթության մեջ, բազմահազարամյա հայ հողում, եւ ինքն էլ տոհմիկ հայ է, ինչպես որ հայ են «…Գեղամա լեռները… Կարմիր բլուրը… Տրդատ թագավորը… Գրիգոր Նարեկացին… Մեսրոպ Մաշտոցը»: Եւ միայն այս բացարձակ սրբությունները չեն, որ բաղադրում են հայ երեւույթը, քանի որ կոշկակար Օնիկը եւս հայ է.

Մեր բակը հայ է՝ իր շեկ կատվով,

որի պոչի կեսը չկար, որ հայ չի,

գրպանիս բանալին հայ է,

որ բացում է հայկական դուռը,

գետի կողակը եւ կարմրախայտը հայեր են,

սարի ծամոնը հայ է,

ծիրանի ծառը հայ է…

Եւ այսպես ձգվում է հայերի շարքը, ապա՝ բազմակետեր, որպեսզի շարքը մե՛նք լրացնենք, եւ հետո՝ մի այսպիսի անակնկալ ավարտ. «Արեւը հայ է… կան եւ աստղեր»:

Այսպես է նորօրյա հայ արվեստագետն արտահայտում իր անկասկածելիորեն անկեղծ հայրենապաշտությունը՝ առանց պաթոսի. սիրում է իր հայ Երեւանն ու հայ փողոցն այնպես, ինչպես իր Թադեւոս պապին… Այս բազմատող քերթվածին համարժեք է հատկապես այսօր շատ այժմեական հնչող  հետեւյալ միատող միտքը, որ թափառական հայի հոգու քամվածք է. «Հայրենիքում դու տեր ես քո մանկությանը. նա մնում է այնտեղ ու չի թափառում քեզ հետ…»:

Հայ է նաեւ նկարիչ-բանաստեղծի արվեստանոցը՝ հայ Դաշտ գյուղում (երբեմն նրան բարեկամաբար նոր Խաչիկ Դաշտենց եմ կոչում): Այդ արվեստանոցն ընկալվում է թե՛ ուղղակի՝ ֆիզիկական, թե՛ անուղղակի՝ մետաֆիզիկական իմաստով: Դա այն վայրն է, որտեղ աշխատում է նկարիչը, ստեղծում իր բազմաոճ ու բազմաբնույթ կտավներն ու գծանկարները: Դա նաեւ նրա ինքնօրինակ ներաշխարհն է ու նրան շրջապատող հոգեւր մթնոլորտը, որտեղ ստեղծագործությունը երբեմն վերաճում է արարման: Այստեղ, Շառլ Բոդլերի խոսքերով ասած՝ «գույնի, բույրի, հնչյունի համանվագն է ծնվում»: Եվ այդ համանվագը նրանն է՝ Խաչիկ Հարությունյանինը, նրա հոգեւոր անկապտելի սեփականությունն է, նրա կյանքը, գոյության իմաստը, նրա իսկապես հախուռն աշխարհը: Նրա աղմկող ներկապնակի գույները հնչյուններ են արձակում, եւ տարածվում է այրվող ցորենախրձի բուրմունքը: Այստեղ նա անաղմուկ տիրում է լռությանը՝ ինչպես վերջին ներկապնակի: Այստեղ նա մտերմանալով մենության հետ՝ այլեւս միայնակ չէ…

Մեր աչքի առաջ արվեստանոցը դառնում է մի ոգեղեն աշխարհ, որտեղ «Աղավնու թռիչքից թարթում է լույսը, վարագույրը նազանքով տրվում է քամուն գողտրիկ շրշյունով…»: Արվեստանոց-ներաշխարհն այնքան առինքնող է, որ ուզում ես երկար վայելել նրա պարգեւած հոգեկան խաղաղությունը, անգամ տագնապը.

Մթնել է…

Խաղաղությունն ու տագնապը

պտույտներ են գործում արվեստանոցում…

Մեծ լռություն է.

հանդիպել են մարդկայինն ու աստվածայինը…

Թեեւ արվեստագետն ինքը, իր իսկ խոստովանությամբ,  հատկապես այս օրերին, «ցավով է ապրում», բայց նրա ստեղծագործությունը ցավի դառնությանբ չի համակում մեզ, հակառակը, իր կենսականությամբ ու կենսահաստատությամբ օգնում է ապրել ու դիմակայել ցավին: Սա մեր արվեստագետի թերեւս ամենամեծ առավելությունն է, այլեւ նրա հիմնական առաքելությունը, որ դաձյալ բխում է ազգային ակունքներից…
Երկար ժամանակ չէի կարողանում հաշտվել Խաչիկ Հարությունյանի պատկերած «սեւ» հրեշտակների հետ: Ինձ՝ միջնադարագետիս համար, սեւ հրեշտակը չարի կրողն է: Հետո հասկացա, որ աշխարհն իր յուրահատուկ դիտակետից նայող բանաստեղծ-նկարչի սեւը սեւ չէ (ինչպես Արթյուր Ռեմբոյի համար). դա նրա բոլոր գույների խտացվածքն է, որի մեջ սեղմված լույս կա. եւ ուրեմն նրա «սեւ» հրեշտակները լույս են ցոլացնում: Ասում են՝ սատանան ապրում է այնտեղ, որտեղ խավար է ու դատարկ. եւ մեր արվեստագետի համար էլ «ծանր ոչինչ չկա՝ բացի դատարկությունից»: Մինչդեռ նրա «սեւ» հրեշտակները լուսածին ու լուսեղեն են եւ ունեն ստվեր.

…փայլեց կաթիլը արվեստանոցի,

հրեշտակի ստվերը պտտվեց,

մի պահ կանգ առավ,

տպվեց ձյուներին գագաթի…

Հաղորդակցվելով Խաչիկ Հարությունյանի արվեստին՝ մտաբերում եմ մեր միջնադարյան տաղերգու-մանրանկարիչներին: Նրանք իրենց տաղերի խորհրդաբանությունը ներմուծում էին իրենց նկարների մեջ, եւ հակառակը: Խաչիկ Հարությունյանի բանաստեղծությունները, որ իրենց ներքին բովանդակությամբ խորհրդապաշտական-մետաֆորիկ են, համալրում, լուսաբանում են նրա նկարները, եւ հակառակը:

Ասում են նաեւ, թե անունը մարդուն պատահականորեն չի տրվում: Խաչիկ Հարությունյանի պարագայում թերեւս պատահական չեն ո՛չ անունը, ո՛չ ազգանունը: Նա հայ մարդու, բոլոր իմաստներով հավատավոր արվեստագետի արժանապատվությամբ անտրտունջ կրում-տանում է իր խաչը եւ իր արվեստով իր նպաստն է բերում մարդու մաքրագործման եւ ազգի հարատեւության խորհուրդը կրող հարությանը…

Խաչիկ Հարությունյանի վերաբերյալ այս փոքրիկ խոսքից հետո կուզեի «Ազգ»ի ընթերցողին հաղորդակից դարձնել նաեւ նրա վերջին տարիների բանաստեղծությունների իմ քաղած փնջին.

***

Հազար անգամ հրաժեշտ եմ տվել

ու հազար անգամ վերադարձել մանկություն…

Ինձ մի՛ փնրեք այնտեղ, որտեղ չկամ.

ինչ շո՜ւտ ծերացավ մանկությունս…

***

Մանկության մեջ դողէրոցքով փորձում ենք

ճաշակել մեղքի համը:

Ճանապարհին առաջին իսկ պատահած արահետը

փրկության ուղի է թվում,

առաջին իսկ պատահած կինը՝ սեր…

Հետո պարզվում է, որ ամեն ինչ դառնահամ է…

***

Ուզեցի հոսել գետի ջրերի հետ.

գետը հունը փոխեց,

ծով չհասավ:

***

Լուռ հառաչանք կա

անձավներում մեր հոգու

ու մի արեւ.

մենք կապված ենք մի շղթայով…

***

Կյանքիս սարդոստայնում

լռությունը հիմա

արծաթ մորմոք է հյուսում…

***

Շալակած տանում եմ մի բեռ.

ո՛չ ծանր է, ո՛չ թեթեւ:

Տանում եմ ու չեմ հիշում՝

որտեղից այն վերցրի,

տանում եմ ու չեմ հասկանում.

գուցե ճանապարհը գիտի:
 

***

Օրվա ծիծաղը արտույտը տարավ.

մի փետուր մնաց

գիշերվա դիմաց…
 
***

Եթե քեզ թվում է,

թե թեւաթափ ես լինում,

ուրեմն ճամփան, որով քայլում ես,

տանում է դեպի սկիզբ…

ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ պատանի երաժիշտները մոսկովյան փառատոնում

Հաջորդ գրառումը

«Հայֆիլմի» առաջին հաստիքային դերասանուհին

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Հայֆիլմի» առաջին հաստիքային դերասանուհին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական