Վերջին տարիներին Հայաստանը պատուհասած ողբերգություններն ու տարատեսակ բարդությունները կոտրել են մեր ցանկությունը խոսել թեմաներից, որոնք, թվում է, ուղղակիորեն չեն առնչվում օրախնդիր հարցերին: Մենք դադարել ենք մտահոգվել կամ անհարմար ենք զգում խոսել այնպիսի թեմաներով, որոնք անվտանգային եւ գոյաբանական հարցերի համեմատությամբ երկրորդական ենք համարում: Օրինակ` ժամանակակից գրականության մասին:
Խոսելուց էլ այնքան քիչ ենք անկեղծ, որ երբեմն թվում է, թե հայ ժամանակակից գրականությունը հանգուցյալ է, որի մասին պետք է ասել կա՛մ լավը, կա՛մ ոչինչ:
Վերջին տարիներին գրահրատարակչության ոլորտի մի քանի լուրջ խաղացողների ջանքերով Հայաստանում մեծ քանակությամբ տեղական եւ թարգմանական գրականություն է տպագրվում: Նույն մարդկանց ջանքերով այդ գրականությունը սկսել է համեմատաբար լավ վաճառվել: Սա հիանալի քայլ է, գնահատելի: Այն նման է սովի օրերին հանկարծակի բացված ճոխ սեղանի, որտեղ կա ուտելու ամեն ինչ, ամեն մի ճաշակի եւ քիմքի համար: Սակայն այդ սեղանին մոտեցած մարդուն երբեմն այնքան էլ չի հետաքրքրում սնունդի որակը, թույլատրելի քանակը, որից ավելին ցանկալի չէ ուտել անպատրաստ եւ սոված ստամոքսով, նաեւ այն, թե այդ սնունդը ինչպես պետք է ընդունել, որը որից հետո, որպեսզի ստամոքսը պատրաստ լինի մարսել, ինչ արագությամբ, ինչքան մանրամասն ծամելով եւ այլն:
Հնդկական միջին գյուղից մի փոքր ավելի բնակչություն ունեցող Հայաստանում բոլոր գրողները, գրաքննադատներն ու լրագրողները ճանաչում են միմյանց, հետեւաբար հակված չեն իրար նեղացնելու: Եվ ստացվում է այնպես, որ ամեն բան՝ հանճարեղ կամ միջակ եւ անգամ միջակից էլ ցածր որակի, որ գրվում ու հրատարակվում է գրքով կամ սոցցանցերում, նույն չափով արժանանում է համքարության մյուս անդամների համերաշխ ծափահարություններին, գովեստներին, քանի որ հակառակ դեպքում քեզ կհամարեն կա՛մ գրականությունից չհասկացող, կա՛մ մեծամիտ, կա՛մ, որ ավելի հավանական է՝ նախանձոտ:
Ու ստացվում է այնպես, որ իրար չնեղացնելու մղումով մենք տասնամյակներ շարունակ դոփում ենք նույն տեղում. այսինքն ստեղծում, տարածում եւ կարդում ենք անորակ թարգմանություններ, անորակ ու ծանծաղ գրականություն՝ կեղծ, անհետաքրքիր, հնաբույր կամ արտաքուստ մոդեռնիստական, սակայն առանց ներքին խորությունների եւ ուղղակի ձեւական, ինքներս մեզանից չբարձրացող, ոչ մի տեղ չտանող ստեղծագործություններ: Առավել տխուր է, որ գրականության այս հոսքում, համատարած ճոռոմ գովեստների մեջ կորում ու աննկատ են անցնում իսկապես որակյալ, իսկապես հաջող գրողներն ու գրական ստեղծագործությունները:
Ինչով է սա վտանգավոր
Մինչեւ այստեղ հասած ընթերցողը հիմա կմտածի. ժամանա՜կ եք գտել գրականության մասին խոսելու, չէ՞ որ ամեն պահի մեզ գոյաբանական խնդիրներ են դարանակալում: Համաձայն եմ, ավելին՝ երբ այս հոդվածաշարի միտքը ծագեց, ինքս ինձ էլ էի տալիս այս հարցը ու փորձում հասկանալ՝ տեղի՞ն է այս պահին այս թեմայով գրել:
Եվ ընթացքում հասկացա, որ ոչ միայն տեղին է, այլեւ անհրաժեշտ: Բանն այն է, որ մենք սխալմամբ կարծում ենք, թե գրականությունը զուտ իրականության արտացոլումն ու նկարագրությունն է: Մինչդեռ գրականությունը նաեւ ստեղծո՛ւմ է այդ իրականությունը: Եվ խնդիրը շատ ավելի խորն է:
Բառը, որն «ի սկզբանե էր», ձեւավորում է այն, ինչ մենք դառնում ենք ի վերջո, այն կյանքը, որի մեջ մենք ապրելու ենք հընթացս:
Օրինակ, երբեմն մտածում եմ, թե ինչո՞ւ մենք այդպես էլ որեւէ արժեքավոր գրական գործ չունեցանք արցախյան առաջին՝ հաղթական պատերազմի մասին: Ինչո՞ւ չձեւակերպեցինք այն, չամրագրեցինք բառերով: Իհարկե, միամտություն կլինի կարծելը, որ եթե ձեւակերպեինք, ապա այն ի վերջո չէր ավարտվի այնպես, ինչպես ավարտվեց: Ամեն դեպքում, մեր իրականությունը հսկայական քանակությամբ հանճարեղ վեպեր, անգամ էպիկական ստեղծագործություններ գրելու նյութ է տալիս՝ սկսած արցախյան պատերազմից մինչեւ վերջին հեղափոխությունը: Ինչո՞ւ ենք մենք թաքնվում մեր նեղ անձնական, կենցաղային, ոչ համամարդկային, գավառական նյութի հետեւում: Համաձայն եմ, այդ նեղ անձնականն էլ կարելի է գրել շատ որակով, դրանով բարձրանալով համամարդկային մակարդակի, սակայն այդպիսի հանճարեղ օրինակներ էլ, համաձայնեք, այսօր չունենք:
Այնպես որ, կարծում եմ սխալ մտայնություն է, «թող ինչ ուզում է կարդա, միայն կարդա» գաղափարախոսությունը: Երբեմն շատ ավելի գերադասելի է ընդանրապես չկարդալ, «չսպառել սնունդ», որն անորակ է, հատկապես եթե ֆիզիոլոգիական ինչ-ինչ առանձնահատկություններից ելնելով (կարդա՝ ոչ բավարար պատրաստականության պատճառով) ի վիճակի չես լինելու նորմալ մարսել ընդունածդ սնունդը (կարդա՝ լավը վատից տարբերել):
Մոտ մեկ տասնամյակ հոդվածաշարով անդրադարձել եմ այն հեռուստաբովանդակության, որ սպառում ենք ազգովին զանազան քրեական սերիալների ու կիսաբաց լուսամուտների տեսքով: Խոսել եմ այն մասին, որ դրանցով մեծացած քաղաքացուն ապագայում շատ հեշտ է լինելու մանիպուլացնել, ճնշել, ծաղրել ու դարձնել այն հեշտ իշխելի մասսան, որն այսօր ունենք: Իշխանությունները, որոնք համոզված էին, որ հավերժորեն, «ապագա 50 տարին», ինչպես արտահայտվեց նրանցից մեկը, շարունակելու են մնալ իշխանության ղեկին, կարծում էին, որ այդ կոնտենտի վրա մեծացած քաղաքացուն հեշտությամբ կարողանալու են կառավարել եւ այդպիսով իրենց ազատելու են մեծ գլխացավից: Իսկ ստացվեց այնպես, որ այսօր ընդդիմադիր դիրքերում հայտնված այդ նույն իշխանավորները նեղսրտում են կիսագրագետ մասսայից, որին հեշտությամբ կարողանում է մանիպուլացնել արդեն ուրիշ իշխանություն, այսօրվա՛ իշխանությունը, շատ հաճախ՝ ընդդեմ իրենց, իրենք էլ չեն հաջողում բացատրել այդ հասարակությանը, որ ո՛չ ամեն ինչում են մեղավոր «նախկինները», եւ միակ բանը որ կարողանում են անել, այդ մասսային տարատեսակ մականուններ կպցնելն է, մոռանալով, որ իրենք են ձեւել ու ստեղծել այդ ժողովրդին այդ հեռուստաբովանդակության պատկերով եւ նմանությամբ, որը տարածում էին: Իրենք են «արտադրել» հասարակությանը, որը պատրաստ է դիտել ու հավատալ զանազան պերֆեկտ թիվիների:
Այսօր նույն մտայնությամբ համարում են, որ միայն թե կարդան, կարեւոր չէ, թե ինչ կկարդան: Շատ կարեւոր է: Իրականում շա՛տ կարեւոր է: Այն գրաքննադատը, որը հանճարեղ է կոչում միջակ բանաստեղծությունը, դեգրադացնում է հասարակությանը: Այն հրատարակիչը, որը ինչ-ինչ համոզմունքներից կամ բիզնես շահերից ելնելով հրատարակում եւ տարածում է անորակ գրականություն, դեգրադացնում է հասարակությանը: Այն թարգմանիչը, որը վատ եւ անհարթ թարգմանություններով կոտրում է առաջին անգամ գիրքը ձեռքը վերցրած պատանու կարդալու ցանկությունը, դեգրադացնում է հասարակությանը: Եվ հայտնի չէ, թե ապագայում այդ դեգրադացված հասարակությունը ինչպես եւ ինչ հետեւանքներ կունենա նույն այդ գրականագետի, հրատարակչի ու թարգմանչի համար:
Հոդվածների շարքով ուզում եմ՝ սկսենք խոսել այս թեմաներից, խոսենք ազնվորեն, առանց մեկս մեկիս խաբելու, առանց միմյանց հաճոյանալու, առանց կեղծ գովասանքների, լավին լավ ասելով, միջակին՝ միջակ, իսկ խոտանին ազնվորեն կոչելով խոտան: Եվ ամենակարեւորը՝ առանց իրարից նեղանալու: Հոդվածները չեն լինելու բարդ գրականագիտական վերլուծություններ, որոնք հետաքրքրական չեն սովորական ընթերցողին եւ խճողված են գիտական տերմիններով, չեն հավակնելու վերջին ատյանի ճշմարտության տիտղոսին, այլ լինելու են ընթերցողի, գուցե մի քիչ ավելի շատ կարդացած ընթեցողի կարծիք, որի հետ ազատ կարող եք վիճել, փորձել տարհամոզել եւ բացատրել ձեր տեսակետը: Այսպիսի երկխոսությունը իրականում անգամ ցանկալի է: Այսինքն, եթե գրողը կամ թարգմանիչը համաձայն չէ հոդվածում հնչող մտքերին, ազատ կարող է պատասխանել եւ փորձել ներկայացնել իր տեսակետը:
Գաղափարն իրականացնելու վերաբերյալ կասկածներս նաեւ այն պատճառով էին, որ ես հասկանում էի, որ ինչպես յուրաքանչյուր ծնողի համար իր երեխան բոլորից խելացին ու բոլորից գեղեցիկն է, այնպես էլ ստեղծագործողի համար իր ստեղծածը հանճարեղության գագաթնակետն է թվում: Բայց նաեւ կարծում եմ, որ ստեղծագործողը պետք է պատրաստ լինի լսելու իր տեսակետից տարբերվող տեսակետներ եւ անելու հետեւություններ: Ամեն դեպքում դրա արդյունքում հաղթելու է գրականությունը, հրատարակիչը եւ, ամենակարեւո՛րը՝ ընթերցողը:
Կարծում եմ, որ մենք այս խոսակցության կարիքն ունենք այսօր, եւ այն պետք չէ հետաձգել կամ սպասել ավելի բարենպաստ ժամանակների: Քանի որ սպասելու դեպքում այդ բարենպաստ ժամանակները կարող են եւ չգալ:
ՌՈՒԶԱՆՆԱ ԱԶԻԶՅԱՆ