Մայիսի 29- ից մինչեւ հունիսի 15-ը Փարիզի 15- րդ թաղամասի 78, Av. De Sufren (Village Suisse) հայտնի տարածքում բազմաթիվ հայեր ու ֆրանսիացիներ, ինչպես նաեւ օտար այցելուներ հաղորդակից եղան մի աննախադեպ ցուցահանդեսի, որի հեղինակը բոլորիս կողմից ճանաչված ու սիրված գեղանկարիչ Հովհաննես Հարությունյանն է:
Ցուցահանդեսի բացման օրը առաջին այցելուն 15- րդ թաղամասի քաղաքապետ Ֆիլիպ Գուժոնն էր: Ջերմ զրույց ունենալով Հովհաննես Հարությունյանի հետ, նա ասաց, որ ուրախ է, որ մի քանի օր շարունակ իր թաղամասի բնակիչները պիտի վայելեն հայկական արվեստը, որն արդեն համաշխարհային ճանաչում ունի:

Ցուցասրահում բազմաթիվ մարդկանց ուշադրությունը գրավեց Նորվան Սրբազանի անակնկալ այցելությունը: Շնորհավորելով ու բարձր գնահատելով Հովհաննես Հարությունյանի բազմաժանր նկարները՝ Սրբազանը կարեւորեց «Դեր ԶՈՐ» նկարը, համարելով, որ Հայոց ցեղասպանության փաստը պաստառներին տեսնելը շատ տպավորիչ է, մանավանդ օտարների համար:

Ներկաները համակ ուշադրությամբ երկար կանգնում էին յուրաքանչյուր նկարի առջեւ, կարծես փորձում թափանցել նկարչի աշխարհը՝ ըմբռնելու նրա հոգեկերտվածքը, որը նա փորձել է վերարտադրել կտավին:
«Anthurium», «Bord de mer a՛ midi», «Clarte՛», «Deux femmes», «Խtretat», «Jeunesse», «Femme allonge՛ au turban», «Hommage a՛ Paul Cezanne», «L՛arbre rose», «La sieste», «Place du Bateau-Lavoir a՛ Monmartre», «Sur le balcon» եւ այսպես, նկարների երկար շարք:
Ցուցասրահի մուտքի մոտ ուշագրավ տեղ էր հատկացվել ֆրանսիացի բանաստեղծ Լորանս Հերոնի «Ձմեռվանից հետո» (Laurence He՛rault «Apre՛s l hiver») երկլեզու՝ ֆրանսերեն ու հայերեն (թարգմանությունը՝ գրող, բանաստեղծ Շանթ Մկրտչյանի) գիրքը, շապիկի նկարները՝ Հովհաննես Հարությունյանի:

Հայաստանն ու Արցախը սիրելու եւ բանաստեղծություններ գրելու ցանկությունը Լորանս Հերոնի մոտ արթնացել է Հովհաննես Հարությունյանին հանդիպելով: «Հանուն Արցախի», «Հանուն Հայաստանի» վերնագիրը կրող բանաստեղծություններով, Լորանս Հերոնն իր ձայնը փորձում է հասանելի դարձնել անտարբեր աշխարհին՝ «Ռումբեր են թափվում երկնքից», միաժամանակ ոգեշնչելով՝ «Ես այնքան կուզեի սատար լինել Արցախի մեր եղբայրներին»:
Ի դեպ, այս պատկերասրահում Հովհաննես Հարությունյանը բազմիցս ցուցադրել է իր նկարները: Տնօրենը՝ Ժորժ Լեվին (Georges Le՛vy) ասաց, որ իր համար մեծ պատիվ է նման տաղանդավոր, մեծանուն նկարչի նկարները ցուցադրելը:
Հովհաննես Հարությունյանը ծնվել է 1950թ, սեպտեմբերի 30-ին Երեւանում: Դեռեւս վեց տարեկանից տարվել է նկարչությամբ: 12 տարեկանում մասնակցելով Հնդկաստանում պատանիների ցուցահանդեսին արժանացել է մեծ մրցանակի: Սովորել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում, այնուհետեւ՝ Գեղարվեստաթատերական ինստիտուտում: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: 1982 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է: 1990 թվականին գործուղվում է Փարիզ՝ ստեղծագործական աշխատանքի: Նույն թվականին Փարիզի արվեստների միջազգային կենտրոնում (Cite՛ internationale des arts ) բացվում է Հովհաննես Հարությունյանի առաջին անհատական ցուցահանդեսը, այսպես՝ գեղանկարչի համար լայն հորիզոն է բացվում: Նախաձեռնում է Արվեստների միջազգային կենտրոնում ունենալ Հայաստանի նկարիչների արվեստանոց:

Տեղին է նշել, որ երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը 1988թ., որոշում է ընդունում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, Հովհաննես Հարությունյանը մեծադիր կտավի վրա պատկերում է թուրք ասկյարներից մազապուրծ մի կնոջ, որն իր նորածին մանկանը գրկած դիակների միջով ահասարսուռ փախչում է դեպի անապատները: Այս «24 ապրիլ 1915թ.» նկարը նույն տարում ցուցադրվում է Փարիզի «Աշնանային սալոնում»: Մեկ տարի անց, ֆրանսահայ համայնքի եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան կողմից, ի նշան երախտագիտության նույն նկարը նվիրվում է Ֆրանսիայի Ազգային ժողովին:
Հովհաննես Հարությունյանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել մի շարք երկրներում, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, արժանացել տասնյակ պարգեւների:
Ամեն տարի Փարիզի «Grand Palais»-ում, «Salon des Artistes inde՛pendants» շարքում ցուցադրության են արժանացել նաեւ իր նկարները:
Հովհաննես Հարությունյանին ճանաչում եմ ստեղծագործել սկսելու տարիներից: 1992թ. Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ հաղորդում էի պատրաստել իր մասին:
Տաղանդաշատ մեր հայրենակցին մաղթենք առողջություն ու ստեղծագործական նորանոր վերելքներ:
Գույնը՝ դա մաքուր լույս է: Հովհաննես Հարությունյանի կտավները թող լույս սփռեն Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնութայնը: Լույսը թող մեզ դարձնի հզոր եւ անկոտրում:
ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Փարիզ
Գլխավոր լուսանկարը՝ Ժորժ Լեվի- Հովհաննես Հարությունյան- աղջիկը՝ Սոնա-Ֆիլիպ Գուժոն