1991 թվականին մաեստրո Լորիս Ճգնավորյանը Սբ. Էջմիածնից եւ քաղաքամայր Երեւանից քայլերթով հասավ Կումայրի-Գյումրի ու հոգեւոր Լույս բերեց երկրաշարժի վերքերից համրացած քաղաքիս: 2018-ին Նիկոլ Փաշինյանն իր խմբով եկավ Գյումրիից քայլելով հասավ Երեւան ու նվաճելով երկրիս իշխանության բարձունքը, տարեցտարի սկսեց մարել մեր հոգու լույսը… Եվ արդեն այսօրվա հայացքով այնքան խորհրդանշական էր, որ այն ժամանակ իր նորաստեղծ կառավարության երեւի առաջին քայլն այս քաղաքում եղավ՝ Ճգնավորյանի ինչպիսի՜ գուրգուրանքով հիմնած, արդեն հանրային դարձած «Շիրակ» հեռուստատեսությունն ու նրան միացված 80-ամյա ռադիոն փակելը…
Այս երկու քայլերթերի միջեւ ու հետո մեր հասարակության մեջ տեղի ունեցած արմատական փոփոխությունների մի պարզ տրամաբանական հետեւանքը կարելի է համարել Գյումրիում մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունն իր սպասվող արդյունքով: Որի մի կողմում 2026-ի համապետական ընտրություններից առաջ այստեղ իր թիկունքն ապահովել փորձող ՔՊ իշխանությունն էր եւ դա թույլ չտալու, քաղաքում իրենք իշխանության հասնելու ձգտող ընդդիմադիր մրցակիցները, մյուս կողմում՝ բուն քաղաքն իր բազում հոգսերով ու խնդիրներով:
Անկախության արշալույսին մեր երկրում տնտեսակարգի ու ներքին իրավահարաբերությունների բնույթի թափ առած փոփոխությունները, կապիտալի, նյութականի գերիշխանության հաստատումն ու ազգային հարստության բաժանումը քիչ թվով մարդկանց միջեւ, ուղեկցվելով տնտեսության փլուզմամբ եւ ժողովրդի աղքատացմամբ, այլ բացասական գործընթացներով, խիստ շերտավորեցին ու փոխեցին մեր հասարակության դիմագիծը: Խարխլվեց, խաթարվեց գաղափարական համեմատական միասնականությունը: Գլուխ բարձրացրին ընդհանուր սոցիալական չարությունը, բարոյական խեղումներն ու անհատապաշտական մղումները, նեղ խմբակային շահագրգռությունները: Հասարակության պառակտմանն ու դեգրադացմանը ծառայեցին հարյուրից ավելի իբր քաղաքական կուսակցությունների, իրականում ավելի շատ՝ ազգը բաժան-բաժան անող մանր շահախնդիր խմբերի, «դրսից» սնվող հաճախ կասկածելի ծագմամբ ու առաքելությամբ հասարակական եւ այլ կազմակերպությունների, կառույցների ստեղծումը եւ գործունեությունը, ազգային, կրոնական, բարոյական քայքայիչ աղանդների մուտքը: Կրթական համակարգի եւ ժողովրդի կրթվածության մակարդակի ընդհանուր անկումը, արժեքների, երեւույթների եւ անձանց գնահատման չափանիշների փոփոխությունը: Եվ այլն, եւ այլն: Առողջ մրցակցության փոխարեն հանրային անառողջ թշնամանքի տարածմանն է ծառայում նաեւ գործող ընտրական կարգը:
Եվ մեր շատ անհաջողություններ, թվում է, պայմանավորված են նաեւ նրանով, որ մասնավորապես իշխանություն ձեւավորելիս շատ դեպքերում վերջին հաշվով քվեարկում ենք ոչ թե «հանուն» սկզբունքով, այլ «ընդդեմ», «ի հեճուկս»: 1990-ականների սկզբներին Լենինականում քննարկում եւ ոչ պաշտոնական ստորագրահավաք եղավ, ընդունելի համարվեց ու սկսեց գործածվել քաղաքի ԿՈՒՄԱՅՐԻ սկզբնական անաղարտ անունը: Բայց քաղաքային խորհրդի նստաշրջանում (կար այդպիսի մարմին՝ իր պատգամավորներով) ոմանք քաղխորհրդի նախագահին հակադրվելու համար դեմ արտահայտվեցին եւ պահանջելով հասան նրան, որ հանրաքվե եղավ եւ կասկածելի կերպով անց կացվեց բնակավայրի մի որոշակի պատմական ժամանակաշրջանը ներկայացրած թրքահունչ Գյումրի տարբերակը, կարծես իբրեւ անեծք մնալով քաղաքիս վրա…
Այդպես 2018-ին ՀՀԿ իշխանությունից ժողովրդական դժգոհության ալիքի վրա խորհրդարանական քվեարկությամբ իշխանության բերվեց Փաշինյանն իր խմբով: Այդպես անգամ արցախյան 44-օրյա պատերազմում դաժան պարտությունից հետո, 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում կրկին նրա՝ այդ պարտության համար պատասխանատու իշխանությանը տրված ձայները ակնհայտորեն շատ դեպքերում տրվել էին ընդդեմ եւ ի հեճուկս վերադառնալ փորձող Ռոբերտ Քոչարյանի, նրա իշխանության հնարավոր վերադարձի:
Ահա այդպես էլ Գյումրիում այս արտահերթ ընտրությանը մասնակցած 9 քաղաքական ուժերից ու դաշինքներից 8-ի ընտրապայքարի եւ հետընտրական հայտարարված պայմանավորվածությունների գերխնդիրն ընդամենը այն էր, որ ՔՊ-ական իշխանության թեկուզ ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն չդառնա քաղաքապետ: Եվ արդյունքը հայտնի է: Այստեղ, իհարկե, խնդիրը նաեւ ընտրողների որոշակի մասի կողմնորոշումների հետ է կապված: Չգիտեմ՝ այս դեպքում տեղի՞ն է ասելը, թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ընտրյալին: Երբ մանավանդ ընտրություն կատարելու առանձնապես մեծ հնարավորություն էլ չի տեսնում:
Սոցիալական հարթակներում հայաստանյան հանրությունից (եւ ոչ միայն) ոմանք դրվատում են Գյումրու ընտրողին՝ քաղաքում ՔՊ-ի իշխանությունը թույլ չտալու համար, ոմանք էլ ամոթանք ու թուքումուր են տալիս՝ նկատի ունենալով քաղաքապետի պաշտոնին Վարդան Ղուկասյանի ուրվագծվող վերադարձի հանգամանքը: Ինչպես հայտնի է, նոր ավագանու առաջին նիստում նրան ձայն տալ են խոստացել այնտեղ անցած ուժերից երեքը:
«Վերադարձ դեպի անցյալը. Գյումրին 20 տարով հետ գնաց»,- այս կապակցությամբ գրում է Դիմագրքի օգտատերերից մեկը:
«Մեղավորը հիմար օրենքն էր, որի միջոցով չընտրվածները միավորվեցին եւ դարձան ընտրվածներ»,- ասվում է մեկ այլ գրառման մեջ:
Իրականում օրենքի այս սկզբունքը ընտրողի հանդեպ մի տեսակ անարդար է ստացվում: Նրան կարծես ասում են՝ դու ինձ քո ձայնը տուր, հետո ես կորոշեմ՝ այն ինչ անել: Եվ այստեղ ընդհուպ կարող է նաեւ մոռացվել՝ ինչի համար էր ընտրությունը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ