Ստեղծագործական անհատականությունը ենթադրում է արվեստի ու աշխարհի հանդեպ ինքնատիպ հայացքներ, մոտեցումներ ու լուծումներ, որոնց միջոցով արվեստագետը ձգտում է վերափոխել ոչ միայն իր, այլեւ դիտողների աշխարհընկալումը եւ ի վերջո` շրջապատող միջավայրը: Ծնված լինելով ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) ու մանկաբույժ, արվեստի մեծ սիրահար Եվգինե Մինասյանի ընտանիքում՝ նկարիչ, ձեւավորող Հռիփսիմե Մարգարյանը սեփական ձեռագիրն ու մաներան ունեցող արվեստագետ է, որի աշխատանքները յուրօրինակ են, հեշտ ճանաչելի: Դրանց հատուկ է պատկերվող տարրերի փոխպայմանավորվածությունը, տարածության եւ ռիթմի զգացողությունը, գաղափարի, զգացմունքների եւ ձեւի համոզիչ համադրությունը, ընդգծված հույզը, ջերմությունը եւ շարժումը, որոնք դիտողի մոտ առաջացնում են ասոցիատիվ շարքեր:
Անդրադառնալով Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքներում գույների բարձրաճաշակ ընտրությանը՝ գեղագետ, արվեստաբան Լեւոն Լաճիկյանը նշել է. «Նրա ստեղծագործության գլխավոր հայտանիշը ճաշակն է, որ ճառագում է նրա՝ անխտիր բոլոր գործերից: Այնքա՜ն ներդաշնակություն կա դրանց մեջ, այնքա՜ն սեր ու խաղաղություն»: Հաճախ օգտագործելով մեղմ գույներ՝ նկարչուհին նախապատվությունը տալիս է դրանց նուրբ զուգադրությանը:
Նկարչուհու աշխատանքները հիմնականում չափերով մեծ չեն, նախատեսված են մոտիկից, առանձնակի ուշադիր զննության համար, քանի որ հեղինակն էլ կարեւորում է մանրամասները եւ հատկապես՝ ուրվագծերը, դրանք ներկայացնում մանրանկարի ճշգրտությամբ: Բնույթով ինտուիտիվ (ներըմբռնողական) են Մարգարյանի աշխատանքները, որոնցում նրա համար գծերը միտքն են, իսկ գույները՝ զգացմունքները: Կերպարվեստի գործեր լինելուց բացի՝ դրանք աղերսներ ունեն ե՛ւ պոեզիայի, ե՛ւ երաժշտության հետ: Իզուր չէ, որ նկարչուհին ուսանել է երաժշտություն ու բանաստեղծություններ է գրում: Պոետիկ է նրա նկարչությունը ու գունազարդ՝ պոեզիան.
Դեղինի շուրթից պոկված մի ժպիտ,
Տերեւի փոշուց համեմված համբույր,
Արեւի լույսից ջերմացած թռիչք,
Թովիչ աշունի մի մեծ սեր մաքուր…
Ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի խոսքերով՝ «Հռիփսիմեի արվեստը գունագեղ արտացոլումներ են մարդկային հոգու երազների ու քնքշանքի: Վառ երեւակայությունը, գույնի յուրահատուկ զգացումը միահյուսված են երկրաչափական ձեւերի հետ: Երիտասարդ նկարչուհին ստեղծում է էքսպրեսիվ արվեստ, որը լի է ռոմանտիզմով եւ լավատեսությամբ»:
Տարբեր տարիներին արված աշխատանքները դիտելիս դրանցում նկատվում է տրամաբանական որոշակի զարգացում. եթե նախորդ շրջանում նկարներն ընդգծված էքսպրեսիոնիստական են՝ շեշտված պայմանականությամբ ու գունային լուծումներով հագեցած, ապա ներկայումս գերիշխում են համեմատաբար ավելի հստակ վրձնահարվածները, լուսավոր խորքը, ռեալիստական ակնարկները: Եվ բոլոր դեպքերում գերակա են մնում արվեստի ժամանակակից ընկալումները:
Միշտ փնտրելով գեղեցիկը՝ Հռիփսիմե Մարգարյանը ձգտում է գույնի ու գծերի ներդաշնակության, երանգային նրբին տրամադրությունների: Եթե արվեստագետը ազատ է ստեղծագործելիս, այդ ազատության արտահայտությունը կարելի է գտնել նրա ավարտուն աշխատանքում, այն հաղորդվում է դիտողին: Հռիփսիմե Մարգարյանի նկարչության հիմքում էլ ոգեղեն սլացքը, տրամադրությունները, զգացողությունները, հիշողություններն են:
Նկարչուհին կիրառում է տարբեր տեխնիկաներ, բայց նախընտրում է ջրաներկը եւ ակրիլը:
Անշուշտ, արվեստը միշտ ներկա է եղել նրա կյանքում: Գերազանցությամբ ավարտել է Երեւանի գեղարվեստի ակադեմիան. սեփական խոստովանությամբ՝ իր միջի գրաֆիկը եւ դիզայները միշտ իրար լրացրել են: 1998 թվականից Դիզայներների միջազգային միության, 1999-ից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ է, իսկ 2000 թվականից՝ Նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ: 2001 թվականին «Մեկական աշխատանքի հանրապետական ցուցահանդեսում» լավագույն աշխատանքի համար նկարչուհին արժանացել է Հայաստանի նկարիչների միության պատվոգրի: Տասնյակ ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում (Հայաստան, ԱՄՆ, Ռումինիա, Բելգիա, Ֆրանսիա, Բահրեյն, Գերմանիա, ԱՄԷ, Կանադա եւ այլն), որոնցից կուզեինք առանձնացնել 2018 թ. Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում (Ստրասբուրգ) «Կանայք արվեստում՝ հանուն խաղաղության» ցուցահանդեսը, որը հետագայում ներկայացվել է նաեւ Բահրեյնում, Բրյուսելում եւ Բուխարեստում:
Հռիփսիմե Մարգարյանը հանդիսանում է «Վալմար» արվեստի սրահի տնօրենը, որտեղ արվեստասերների դատին են ներկայացված նրա եւ բազմավաստակ հոր աշխատանքները: Նկարչուհու ստեղծագործությունները պահվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում: 2015 թվականից Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի եւ քանդակի ամբիոնի դասախոս է:
2008-2009 թթ. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրականացված ինտերիերի դիզայնի աշխատանքները, ինչպես եւ դիզայներական պատի վիտրաժ-ժամացույցները, ապակու վրա արված նկարները միշտ կրում են հեղինակային ձեռագիրը ու լի են կենսահաստատուն էմոցիաներով: Հռիփսիմե Մարգարյանը կատարել է նաեւ հրատարակչական ձեւավորումներ. մասնավորապես՝ Ալան Հովհաննեսի՝ 2014 թվականին լույս տեսած Piano Works սկավառակը ձեւավորվել է նկարչուհու աշխատանքներով:
Գերված լինելով բնության տարերքներով՝ Հռիփսիմե Մարգարյանը նախընտրում է պատկերել դրանց ներքին արտահայտությունները, որոնց միջոցով էլ կարելի է փորձել կռահել պատկերվողի արտաքին կերպը: Նա ասես գեղարվեստական ուսումնասիրության է ենթարկում ձեւը, ֆակտուրան, ծավալը, գուներանգները՝ դրանք ամփոփելով թղթե, կտավե կամ ապակյա հիմնանյութերի վրա: Իսկ ի՞նչ է արվեստը, եթե ոչ ձերբազատում կյանքի պայմանականություններից եւ սեփական, նախընտրելի, թո՛ղ որ երազային աշխարհի արարում…
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ