Հայ ժողովուրդը հպարտության արժանի բազմաթիվ զավակներ ունի, որոնք ապրելով ու աշխատելով հայրենիքից հեռու՝ իրենց արժանապատիվ կերպարով եւ ազնիվ գործերով բարձր են պահում հայի անունը։ Այդպիսի անվանի հայորդիներից է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ճանաչված վիրաբույժ Գեորգի Մելքոնյանը, որն արդեն երեք տասնամյակ է բնակվում եւ գործում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։
Նրա մասնագիտական ուղին հագեցած է նվիրումով ու ձեռքբերումներով, որոնք այսօր բարձր գնահատանքի են արժանանում թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում եւ աշխարհում։
Գեորգի Մելքոնյանի անցած մեծ ճանապարհի սկիզբը դրվեց հայրենիքում. նա 1997 թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը, բուժական ֆակուլտետը։
1999 թ. ավարտել է ՌԴ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Ռուսաստանի բժշկական ակադեմիայի կլինիկական օրդինատուրան՝ «Վիրաբուժություն» մասնագիտությամբ։ 1999–2002 թթ. սովորել է նույն ակադեմիայի ասպիրանտուրայում՝ լազերային եւ էնդոսկոպիկ վիրաբուժության կուրսով։
2003 թ. պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուի ատենախոսություն «Դեղնախտի մեխանիկական ձեւի դեպքում լեղուղիների դրենավորման մեթոդի ընտրությունը՝ պայմանավորված ընդհանուր լեղածորանի քարերով» թեմայով։

2015 թ. պաշտպանել է բժշկական գիտությունների դոկտորի ատենախոսություն «Լեղաքարային հիվանդության եւ դրա բարդությունների վիրաբուժական բուժումը» թեմայով։
Անցել է մասնագիտական վերապատրաստում հետեւյալ մասնագիտություններով։ «Առողջապահության կազմակերպում եւ հասարակական առողջություն», «Օնկոլոգիա», «Էնդոսկոպիա»։
2018 թ. Մոսկվայի քաղաքային կառավարման համալսարանում ստացել է պետական եւ տեղական կառավարման մասնագետի որակավորում՝ Master of Public Administration։
Ունի մասնագետի վկայականներ հետեւյալ ուղղություններով․ «Առողջապահության կազմակերպում եւ հասարակական առողջություն», «Վիրաբուժություն», «Օնկոլոգիա»։
Անցել է որակավորման բարձրացման դասընթացներ․ քաղաքացիական պաշտպանության կազմակերպում եւ արտակարգ իրավիճակների կանխարգելում ու վերացում, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեության կազմակերպում, առողջապահության ոլորտի կառավարում, ժամանակավոր անաշխատունակության եւ բժշկական օգնության որակի փորձաքննություն։
Գեորգի Մելքոնյանն անցել է Միջազգային հետեւյալ փորձառությունները․ 2014 թ. դեկտեմբեր՝ Բունդան հիվանդանոց, Սեուլ (Հարավային Կորեա), 2015 թ. դեկտեմբեր՝ Ստոկհոլմ (Շվեդիա), 2017 թ. նոյեմբեր՝ Սինգապուր, 2018 թ. մայիս՝ Բարսելոնա (Իսպանիա), 2018 թ. դեկտեմբեր՝ Բունդան հիվանդանոց, Սեուլ (Հարավային Կորեա)։
Հեղինակ է 213 գիտական աշխատությունների։
2013 թվականին Մոսկվայի Ս.Պ. Բոտկինի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցում նշանակվեց լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության բաժանմունքի վարիչ։ Այնուհետեւ շուրջ հինգ տարի գլխավորեց Մոսկվայի հանրահայտ 4-րդ կլինիկական՝ Պավլովյան հիվանդանոցը։ Իսկ 2021-ին, երբ կորոնավիրուսի վտանգավոր համաճարակը պատեց Մոսկվան, Ռուսաստանի առողջապահության նախարարի հանձնարարությամբ Գեորգի Մելքոնյանը ստանձնեց Պատերազմների վետերանների թիվ 3 մոսկովյան հոսպիտալի գլխավոր բժշկի պաշտոնը։ Նրա առաջին ձեռնարկումը նշանավորվեց բացառիկ կազմակերպչական կարողություններով. ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում հոսպիտալը վերակազմավորվեց, ստեղծվեց հատուկ բաժանմունք եւ սկսեց սպասարկել նաեւ կորոնավիրուսով հիվանդներին։
Հոսպիտալը, որը ղեկավարում է Գեորգի Մելքոնյանը, քաղաքային ենթակայության բազմապրոֆիլային բժշկական հաստատություն է։ Այստեղ բուժանձնակազմը սպասարկում է հիմնականում 60 եւ ավելի տարիք ունեցող անձանց։ Կան նաեւ վճարովի ծառայություններ մատչելի գներով։ Հոսպիտալն ունի ախտորոշման ու բուժման բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները եւ բազմաթիվ բաժանմունքներ՝ ընդհանուր վիրաբուժության, թարախային վիրաբուժության, անոթային վիրաբուժության, օրթոպեդիայի, ուրոլոգիայի, նյարդաբանական, սրտաբանական եւ այլ ուղղություններով։ Այստեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ։ Բացի այդ, հոսպիտալում տեղակայված են նաեւ Մոսկվայի երկու առաջատար բժշկական համալսարանների ամբիոններ՝ Սեչենովի անվան առաջին եւ Պիրոգովի անվան երկրորդ պետական բժշկական համալսարաններից, որոնցում պրակտիկա են անցնում ապագա բժիշկները։
Գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանը, ինչպես իր բոլոր նախորդ աշխատավայրերում, այնպես էլ այստեղ, շարունակում է անձամբ վիրահատել։ Նրա համոզմամբ՝ առաջին հերթին ինքը վիրաբույժ է, հետո միայն՝ ադմինիստրատոր։ Վիրահատարանում նա ոչ միայն մասնագիտական գոհունակություն է ապրում, այլեւ հոգեպես հանգստանում է վարչական ծանրաբեռնվածությունից։ Տիրապետում է որովայնի խոռոչի եւ հետորովայնային տարածության օրգանների տարբեր օնկոլոգիական եւ վիրաբուժական հիվանդությունների հետազոտման ու բուժման մեթոդներին, ինչպես նաեւ վիրաբուժական վարակներին։ Կատարում է շտապ եւ պլանային, այդ թվում՝ էնդովիդեովիրաբուժական միջամտություններ։
Գեորգի Մելքոնյանն անընդհատ կատարելագործում է իր մասնագիտական գիտելիքները, քայլում է ժամանակակից բժշկությանը համաքայլ։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե հնարավո՞ր է արհեստական բանականությունը մի օր փոխարինի բժիշկներին, Մելքոնյանը նշել է, որ դրա զարգացումը անխուսափելի է եւ արդեն իսկ կիրառվում է բժշկության մեջ, մասնավորապես՝ համավարակի օրերին։ Սակայն, նրա համոզմամբ, արհեստական բանականությունը միայն օգնական գործիք է, որը կթեթեւացնի բժիշկների աշխատանքը եւ կօգնի ավելի արագ ու ճիշտ որոշումներ կայացնել։ Բայց վերջնական որոշումը՝ վիրահատություն կատարե՞լ, թե՞ ոչ եւ ի՞նչ ծավալով, միշտ պետք է մնա մարդու՝ բժշկի ձեռքում։

«Մոսկվայի բժիշկ» բարձր կոչմանն արժանացած Գեորգի Մելքոնյանը մեծ հեղինակություն ունի Ռուսաստանի եւ նրա սահմաններից դուրս գործող մի շարք գիտական ու մասնագիտական ընկերակցություններում։ Նա բազմիցս պարգեւատրվել է Ռուսաստանի Դաշնության իշխանությունների եւ պետական գերատեսչությունների կողմից։ Ունի «Հանրապետության վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչումը (Հարավային Օսեթիա)։ Պարգեւատրվել է Պիրոգովի շքանշանով՝ կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարում նշանակալի ներդրման, ցուցաբերած անձնվիրության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար։
Սակայն մեծ եռանդի եւ աշխատասիրության տեր այս անչափ հետաքրքրական մարդու գործն ու առաքելությունը չեն սահմանափակվում միայն բժշկությամբ։ Նա մարդկային արժեքները բարձր գնահատող, մեծ հումանիստ եւ լավատես մարդ է։ Պատահական չէ, որ իր խիստ հագեցած ու բազմազբաղ առօրյայից զատ, նա ժամանակ է գտնում նաեւ բարեգործության համար։ Տարիներ շարունակ Գեորգի Մելքոնյանը եւ իր գործընկերները Մոսկվայի հայկական եկեղեցում կազմակերպել են «բաց դռների օրեր»՝ այցելուներին անվճար հետազոտություններ ու խորհրդատվություններ տրամադրելով։
Նրա բարեգործական ծրագրերում առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում Հայաստանը եւ… Արցախը։ Բժշկական օգնության ու խնամքի կարոտ հայրենակիցները մշտապես գտնվել են Մելքոնյանի ուշադրության կենտրոնում։ Նա եւ իր գործընկերները նշանակալի դեր են ունեցել 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ստեղծված «Վիվա» («ВИВА. Врачи и волонтеры Армении») հիմնադրամի աշխատանքներում՝ աջակցելով հայկական բանակին ու զինվորներին։ Մելքոնյանը այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Նույն ձեւով օգնությունը շարունակվեց նաեւ 44-օրյա պատերազմի օրերին։
2020 թվականին Գեորգի Մելքոնյանի նախաձեռնությամբ եւ կազմակերպչական ջանքերով Մոսկվայից Երեւան հատուկ չարտերային չվերթով ժամանեց ռուսաստանցի բժիշկների խումբ՝ աջակցելու հայ գործընկերներին կորոնավիրուսի դեմ պայքարում։
Գեորգի Մելքոնյանը մեծ հայրենասեր է։ Տարիներ շարունակ, անգամ իր կարճատեւ արձակուրդների ընթացքում, երբեք բաց չի թողնում հայրենիքի հետ կապը՝ այցելելով Հայաստան իր ընտանիքի՝ հայուհի կնոջ, երկու որդիների եւ դստեր հետ։
Գեորգին մշտապես հպարտանում է իր Հայրենիքով՝ Հայաստանով, իր արմատներով ու իր նշանավոր հոր կերպարով, որ, ցավոք, վաղաժամ հեռացել է կյանքից։
Նրա հայրը՝ խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր եւ դերասան Գենադի Մելքոնյանը, ծնվել է 1944 թ. Երեւանում, 1962-ից աշխատել է «Հայֆիլմում», սկզբում որպես նկարահանման հրապարակի լուսային սարքավորումների պատասխանատո, հետո՝ ռեժիսորի օգնական, երկրորդ ռեժիսոր, ապա՝ բեմադրող ռեժիսոր։ 1969-ին ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ Նրա ստեղծագործական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հանրահայտ «Թթենի» ֆիլմը։ Նկարահանել է նաեւ «Մոր տունը», «Մեր երեքը» եւ այլ ֆիլմեր, որոնք հայտնի են հատկապես հայ հանդիսատեսին։ Կան նաեւ ֆիլմեր, որոնք ցուցադրվում էին համամիութենական էկրանին։ Ֆիլմերից մեկը՝ «Нежданно-негаданно» («Անսպասելի ու անսպառ») հայրը նկարել էր «Մոսֆիլմում»։ Դա երիտասարդ դերասանուհի Տատյանա Դոգիլեւայի առաջին լուրջ դերն էր, որից հետո նա դարձավ հայտնի աստղ։
Ցավոք, Գենադի Մելքոնյանը կյանքից հեռացավ 2002 թ., 57 տարեկան հասակում։
Հայրիկի հիշատակին հուշատախտակ են տեղադրել Երեւանի Արամի փողոցի 64 հասցեում, որտեղ անցել էին նրա մանկությունն ու պատանեկությունը։ Հուշատախտակի հեղինակն է քանդակագործ Տիգրան Արզումանյանը։ Գենադի Մելքոնյանին հիշում են որպես բացառիկ մարդու եւ արվեստագետի, որի անունը կապվում է մի ամբողջ սերնդի մշակութային հիշողության հետ։
Գեորգին հաճախ է հիշում իր հորը․ «Հայրս միշտ երազում էր բժիշկ դառնալ։ Երբ ես ու եղբայրս ընդունվեցինք բժշկական համալսարան, նա շատ ուրախացավ եւ ասաց՝ վերջապես դուք կկատարեք իմ չիրականացած երազանքը»։
Գեորգի Մելքոնյանի մասնագիտական եւ մարդկային կերպարը վկայում է, որ հաջողությունը միայն անձնական նվաճում չէ, այլ նաեւ պարտք ու նվիրում։ Նրա անցած ճանապարհը խոսում է այն մասին, որ հայի անունը կարելի է բարձր պահել ամենուր՝ թե՛ վիրահատական սենյակում, թե՛ դասախոսական ամբիոնում, թե՛ բարեգործական նախաձեռնություններում։ Իսկ հոր թողած մշակութային ժառանգությունն ու որդու մարդասիրական առաքելությունը ասես միավորվում են՝ դառնալով լուսավոր օրինակ, թե ինչպես կարելի է հավատարիմ մնալ սեփական արմատներին ու ծառայել ինչպես հայրենիքին, այնպես էլ ողջ մարդկությանը։
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ
ՌԴ–ում «Ազգի» հատուկ թղթակից