Նոյեմբերյան առաջին օրերին Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում ցուցադրվեցին ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի ստեղծագործությունները: Ա. Պապյանի 100-ամյակին նվիրված «Ժառանգություն» խորագրով հետահայաց ցուցահանդեսը կազմակերպել էր նկարչի դուստրը՝ Մարիամ Պապյանը: Այն ոչ միան տուրք է հանրահայտ նկարչի հիշատակին, այլ նաև մի յուրօրինակ ուղևորություն, որ ցույց տվեց նկարչի կայացման ուղին: Ցուցահանդեսի բացմանը ներկա արվեստագետների մեծ մասը եղել են Անատոլի Պապյանի աշակերտները, արվեստակից ընկերները, և նրանցից շատերն իրենց խոսքն ունեին Ա. Պապյան մարդու և արվեստագետի մասին՝ նշելով այն երախտագիտության զգացումը, որ կրում են իրենց հոգիներում ուսուցչի, ընկերոջ ու խորհրդատուի հանդեպ: 90-ականների ցուրտ ու մութ տարիներին անգամ Անատոլի Պապյանը դժվարությամբ, բայց ճշտապահորեն ներկայանում էր Գեղարվեստի ակադեմիայի դասերին, թեկուզ իմանալով, որ միայն մի ուսանող է տվյալ պահին ներկա: Չէր զլանում իր առաքելությունը կատարելիս, չէր կոտրվում…
Արվեստի կրակը բոցկլտաց նրա մեջ մինչև իր մահ, և ահա իր վախճանից շուրջ տասնյոթ տարի հետո բացված այս ցուցահանդեսում Պապյանի դիմանկարներն ու կոմպոզիցիաներն էին, որոնք մասնագետների գնահատմամբ աչքի էին ընկնում անմիջականությամբ, իր ապրած ժամանակների անհատի ապրումները, նաև հասարակական գեղագիտական ըմբռնումներն արտահայտելու շեշտված միտումով: Գունանկարներին բնորոշ էին կուռ կառուցվածքը, զուսպ միջոցներով մեծ գեղարվեստականության հասնելու վարպետությունը:
Ցուցադրված գործերում տեսա պրոֆեսիոնալիզմ, գույնի ու գծի գործածման ճշգրիտ- անպաճույճ արտահայտչականություն, դիմանկարներում՝ մարդկային բնութագրի խորքայնություն և խորատեսություն, գծանկարներում և էսքիզներում՝ Վարպետի ձեռագրի հստակությունը, նաև, ինչը ևս կարևոր եմ համարում, գաղափարայնությունը:
Տեղին է հիշել գեղանկարիչ Էդուարդ Վարդանյանի խոսքը, որ ժամանակին ասել է իր ուսուցչի՝ Անատոլի Պապյանի մասին: Այս մեջբերումը լավագույնս բնութագրում է նկարչին.«Մեր ժողովուրդը հարուստ է մեծերով, որոնք գնում են՝ մնալու համար պատմության մեջ՝ թողնելով հիշատակ, որով հպարտանալու ենք մենք և եկող սերունդները: Այդ մեծերից մեկն է Անատոլի Պապյանը: Իմ կյանքի լավագույն տարիներն եմ համարում այն ժամանակահատվածը, որ շփվել եմ իր հետ: Որովհետև ամեն օր սովորելու, վերցնելու առիթը կար, և ոչ միայն որպես նկարիչ, այլ որպես մարդ, քաղաքացի, հայրենասեր… Այսինքն մարդ՝ որի արժեքը շատ մեծ է: Եվ նրա թողած ժառանգությունը հավասարազոր է այն ճարտարապետական կոթողներին, որոնք արժևորում են մեր մշակութային պատմությունը: Անատոլի Պապյանի թողած ժառանգությունն այդպիսի հարստություն է մեզ համար: Ինչպես Գառնու տաճարը, եկեղեցիները, որ պահպանվում են: Նման պահպանություն պիտի լինի նաև նմանատիպ նկարիչների արվեստի հանդեպ: Ես բախտ եմ ունեցել ներկա լինելու նրա ստեղծագործական պոռթկումներին: Նկարիչների միության անդամների երևի հիսուն տոկոսն աշակերտել է Ա. Պապյանին: Նա մեր մշակույթում թողել է իր ոսկե էջը, և այդ ոսկե էջը փոխել չի լինի: Նրա ցուցահանդեսները վկայում են, որ արժեքը կա, բայց գնահատանքը դեռ բավարար չէ»:
«Ժառանգություն» ցուցահանդեսին ներկայացված էին նկարչի շուրջ վեց տասնյակ աշխատանքներ: Ա. Պապյանի մի քանի խոշորածավալ գործեր իրենց մեծածավալության պատճառով հնարավոր չէ տեղափոխել և ցուցադրել: Մոնումենտալ նշանակության այդ գործերը պետք է որ իրենց արժանի տեղը գտնեն հատուկ սրահերում, ձեռք բերվելով պետության կամ անհատների կողմից՝ մշտապես ցուցադրվեն՝ հասու դառնալով արվեստասեր հանրությանը:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ