Չորեքշաբթի, Հուլիսի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գարեգին Երկրորդը 1979-ից հետո երեք անգամ այցելել է Գերմանիա

Անահիտ Հովսեփյան
04/07/2025
- 4 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
213
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանահայոց առաջնորդ Սերովբե եպս. Իսախանյանը հունիսի 29-ի մեր զրույցում հաստատեց, որ «Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցելությամբ Գերմանիայում չի եղել»: Ո՞րն է դրա պատճառը, մեր հարցին ի պատասխան Գերմանահայոց առաջնորդը պարզաբանեց, թե «երկու անգամ` 2005 եւ 2010 -ին նախատեսված են եղել այցելություններ, սակայն կազմակերպչական պատճառներով հետաձգվել են: Ինչպես հարկն է, Առաջնորդարանից համապատասխան դիմումներ են եղել Գերմանիայի դաշնային նախագահի եւ կանցլերի հետ հանդիպումներ ունենալու խնդրանքով, որոնք սակայն տեղի չեն ունեցել՝ թվականների անհամապատասխանության պատճառով: Առաջարկվել են այլ թվականներ, սակայն դեռեւս նախապատրաստական փուլում այցելությունները հետաձգվել են: 2017 թվականին Գարեգին Վեհափառն ընդառաջել է Գերմանիայի Ավետարանական եկեղեցու պաշտոնական հրավերին եւ այցելել ու մասնակցել է Ռեֆորմացիայի 500-ամյակի միջոցառումներին` Արեւելյան Ուղղափառ մյուս եկեղեցապետերի հետ: Վեհափառը հանդես է եկել նաեւ գերմաներեն լեզվով բանախոսությամբ: Այցի շրջանակներում տեղի է ունեցել եկեղեցապետերի հանդիպում Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հետ, որին ներկա եմ եղել: Բեռլինի Լուիզըն եկեղեցում, որտեղ հայկական պատարագ է մատուցվում, այցի ընթացքում տեղի է ունեցել Հրաշափառի արարողություն՝ ի պատիվ Վեհափառ հայրապետի: Վեհափառին դիմավորել են աղ ու հացով, եւ նա իր օրհնության խոսքն է ուղղել եկեղեցում հավաքված՝ շուրջ երկու հարյուր հայորդիներին: Վեհափառ հայրապետն այցելել եւ ծաղկեպսակ է զետեղել Բեռլինի Հեդվիգ կաթողիկե մայր տաճարի հարեւանությամբ կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարին, որտեղ նույնպես իր խոսքն. է ուղղել ներկա բազմատասնյակ հայորդիներին»:

Սերովբե սրբազանից ճշտեցինք՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է Գարեգին Երկրորդի նախկին գավազանակրի՝ կարգալույծ եղած հոգեորական Խորեն, ավազանի անունով՝ Նշան Հովհաննիսյանի Հ1-ի հունիսի 27-ի եթերում հնչեցրած այն պնդումը, թե 2017 թվականին Բեռլինում հայ համայնքը բողոքի պաստառներով է դիմավորել Ամենայն հայոց կաթողիկոսին:

«Բողոքի որեւէ ցույց կամ ակցիա ընդդեմ Վեհափառ հայրապետի չի կազմակերպվել, չի եղել: Բեռլինի Մայր տաճարում տեղի ունեցած միջեկեղեցական արարողության ընթացքում մի հայուհի պաստառ է պարզել՝ «Ի պաշտպանություն Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների» մակագրությամբ»:

2017 թվականի հոկտեմբերի 23-ի epress.am-ի «Բեռլին այցելած Գարեգին Բ­-ին հիշեցրել են Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին» վերնագրյալ հրապարակումը, ինչպես նաեւYouTube-ում պահպանված տեսանյութը փաստում են, որ  ցուցարարը մեկն է եղել՝ ակցիայի հեղինակ Բավարիայից Բեռլին ժամանած Լուսինե Մհերյանը, որ ցանկացել է ուշադրություն հրավիրել ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության եւ երկրում մարդու իրավունքների ոտնահարման վրա: Տեսանյութից երեւում է, որ պաստառը բարձրացնելուց րոպեներ անց, կնոջն են մոտեցել տեղի անվտանգության աշխատակիցները՝ պաստառը իջեցնելու պահանջով ուղեկցել են եկեղեցուց դուրս գալ:

Սերովբե սրբազանին հարց ուղղեցինք՝ տարիներ ի վեր Առաջնորդարանի ջանադիր ցանկությանն ընդառաջ այդուհանդերձ Գարեգին Բ-ի հովվապետական այցը չի կայացել, գերմանական այն հաստատությունները, որոնց դիմել եք, ինչպե՞ս են պատճառաբանել: «Ընդհանրապես Վեհափառի պաշտոնական հովվապետական այցելությունների ժամակացույցը հստակեցվում է Ամենայն հայոց հայապետի հետ, որից հետո կազմվում է այցելության ծրագիրն ու նաեւ միջեկեղեցական, հնարավորության պարագայում պետական հանդիպումների նպատակահարմարությունն է քննարկվում: Մանավանդ պետական հանդիպումները տեղի են ունենում, երբ մեր առաջարկած թվականները տեղավորվում են պետական պաշտոնյաների ժամանակացույցի մեջ: ԳԴՀ-ում ընդունված ձեւ է, որ բարձրաստիճան կրոնապետները հանդիպեն նախագահի հետ: Թեեւ բացառված չէ նաեւ կանցլերի հետ հանդիպումը: Օրինակ`Գարեգին Ա Վեհափառ հայրապետը 1998­-ի հովվապետական այցելության ընթացքում Բոննում հանդիպեց նաեւ դաշնային կանցլեր Քոհլի հետ», պարզաբանում է Գերմանահայոց առաջնորդը:

«Քյոլնում Վեհափառի պաշտոնավարման տարիների մասին արխիվային նյութեր, այդ թվում՝ լուսանկարներ կա՞ն Առաջնորդարանում», հարցնում ենք:                                                  

«Կարծում եմ, որոշ արխիվային նյութ կլինի, բայց քանի որ այդ ժամանակ թեմ ու Առաջնորդարան չի եղել, այդ տեղեկությունները ցրված կլինեն եկեղեցական տարբեր համայնքների արխիվներում: Չեմ կարող ասել, թե այդ արխիվները որքան պահպանված կլինեն», հաղորդեց Գերմանահայոց առաջնորդը:
 
«Սիրած էինք իրեն՝  մեզի եկեղեցական երաժշտություն, երգեցողություն կդասավանդեր»: Կարգալույծ եղած նախկին հոգեւորականը Հ1-ի եթերում նշում է, որ «Գերմանիայի հարյուր հազարից ավելի հայ ունեցող թեմին կաթողիկոսը չի այցելել երբեք»: Նախ առաջին անգամ ենք լսում գերմանահայոց թվի մասին նման պնդում: Վիճակագրության ո՞ր աղբյուրն է հիմք ծառայել, ո՞վ է հաշվել: Հստակ թիվ չկա, սակայն Գերմանահայոց առաջնորադարանի տվյալներով, այժմ ԳԴՀ-ում բնակվում է շուրջ 80 հազար հայ:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը ելույթ է ունենում Ռեֆորմացիայի 500-ամյակի հանդիսությանը:

Գերմանահայ ներկա համայնքը ձեւավորվել է 1960-ականների սկզբին, երբ Թուրքիայից, Պոլսից թուրք աշխատուժի (գասթարբայթեր) հետ այդ երկրի քաղաքացի հայերն էլ Գերմանիա եկան, հաստատվեցին տարբեր քաղաքներում: 13 տարեկանում Քյոլն եկած, 1966-ից ի վեր այդ քաղաքում բնակվող պոլսահայ Սերովբե Օդաբաշյանը, որ աչքի է ընկնում եկեղեցասեր գործունեությամբ, հայ համայնքի ակտիվ անդամ է, մեզ պատմում է, որ «Գերմանահայոց համայնքը մեջտեղ բերած է Գարեգին աբեղան՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը»: Օդաբաշյանի պատմելով, ամենառաջին հայկական պատարագը Բոննում է մատուցվել, իսկ հետո 1966-ին կամ 67-ին՝ հայկական պատարագ հնչել է Քյոլնի Մարիա Աբլասս մատուռի մեջ: «Մի քանի հայ ՝ 30-40 հոգով քով-քովի գալով համայնք էին ստեղծել, տարիներ հետո անհամաձայնություն եղավ մեջերնին՝ Սիրիայեն կային, Հունաստանեն, նույնիսկ մեկ հայաստանցի՝ Դավիդյանը կար, թուրքահայերը վախ ունեին, թե իրենց ընտանիքի անդամներին կհետապնդեն Թուրքիայում, եւ համայնքը 1968-ին երկու մասի բաժնվեցավ: Թուրքահայերն իրենց առանձին տեղն ունեցան, իսկ երկրորդ խումբը՝ Քլջյան եղբայրներն ու նրանց հետեւորդներն իրենց օրինավոր համայնքը կազմած էին: Ամենայն հայոց կաթողիկոսի՝ 1975-79 թվականներին Քյոլնում, այլ քաղաքներում հայ համայնքին հոգեւոր ծառայություն մատուցած Գարեգին վրդ. Ներսիսյանի մասին իր հիշողությունները Օդաբաշյանն այսպես է շարադրում: Երկու միություն կար՝ պոլսեցի, թուրքահայերի մշակութային եւ եկեղեցական միությունները, Գարեգին Բեքչյանը Մարսել էր մեկնել հոգեւոր ծառայության: Գարեգին վրդ. Ներսիսյանը աբեղա ըլլալով՝ եկավ Քյոլն եւ ոչ թե միայն եկեղեցական համայնք կուգար, այլ նաեւ պոլսահայերու միություն: Ամեն շաբաթ կհավաքվեինք, լավ օրեր կանցընեինք: Գարեգին վրդ. Ներսիսյանը կուգար, կսիրեր մանավանդ երիտասարդներու հետ զբաղվիլը: Սիրած էինք իրեն, որովհետեւ շատ մոտ էր  երիտասարդներուն, կխոսեր, նույնիսկ շաբաթական մեկ անգամ մեզի եկեղեցական երաժշտություն, երգեցողություն կդասավանդեր: Քյոլնի մեջ բնակարան մը ուներ: Կերթայինք միշտ քովը, կզրուցեինք: Տաք մթնոլորտ մըն էր: Լսած եմ, սակայն չեմ կրնար փաստել, թե եկեղեցական միության հետ անհամաձայնություն ունեցավ: Կըսեին, թե գարեջրատուն կերթա»: Սերովբե Օդաբաշյանին հարբած չեմ տեսել, ուստի նրան հարց ուղղեցի՝ Դուք էլ նկատե՞լ էիք, որ երիտասարդ հոգեւորականը խմիչքի նկատմամբ հակում ունի: «Նա մեզի հետ պտույտի կերթար, ջուրի եզերքը, բայց գինետուն, գարեջրատուն՝ լսած եմ միայն, չեմ նկատած, չեմ տեսած: Հետո լսեցինք, որ ետ պիտի երթա, բայց որ կառավարությունը նրան ետ ղրկե գործակալ ըլլալու համար, չենք լսած: Արտաքսվեցավ բառն ալ քիչ մը ծանր կթվի, որովհետեւ իր կամքով գնաց, ոչ թե պոլսահայերը, այլ մյուս համայնքը չէր ուզեր»: «Մյուս համայնքեն ո՞վ կա, որ կարող եմ խոսել» հարցիս Օդաբաշյանն ասաց՝ դժբախտաբար՝ ոչ մեկը՝ տարեց էին, մահացել են:

«Կըսեն, թե Գերմանիա չէ եկած. Սխալ է, քանի որ երեք անգամ եկած է»

Սերովբե Օդաբաշյանը շարունակում է՝ կարեւոր փաստ հիշատակելով. «Բայց հետո, դեռ կաթողիկոս չեղած, 92-93-ին կամ դրանից հետո երկու անգամ եկած է Քյոլն, մեր համայնքի սրահին մեջ հանդիպած ենք: «Սերոբ, դուն քովս եկուր», ըսավ այն ատեն՝ ինծի հիշելով»: Օդաբաշյանի նկարագրածից ենթադրում ենք, որ Գարեգին Ներսիսյանը 2 անգամ Քյոլն է եկել, երբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդն էր: Մեկ անգամ նրա ուղեկիցը՝ «ամերիակաբնակ բարերարուհին» պիտի որ Լուիզ Սիմոն-Մանուկյանը եղած լինի: «Համայնքի սրահը լեցուն էր, հանդիպում եղավ», պատմում է Սերովբե Օդաբաշյանը՝ մեկ անգամ էլ ամփոփում՝ սխալ է, երբ կըսեն, թե Գերմանիա չէ եկած՝ երկու անգամ կաթողիկոս դեռ չեղած ատենը, մեկ անգամ՝ արդեն կաթողիկոսի պաշտոնում»: Օդաբաշյանը կուսակրոնության ուխտը խախտելու՝ այսօր թափ առած բանավեճը նկատի առնելով, ասում է, թե կրոնավորի անձնական կյանքով չի հետաքրքրվում:

2017-ին Բեռլինի հայ համայնքի հոգեւոր հովիվը Գնել քահանա Գաբրիելյանն է եղել: Հուլիսի 2-ին նրանից ճշտեցինք Գարեգին Երկրորդ կաթողիկոսի՝ Բեռլինի հայ համայնք այցի մանրամասները: Տեր Գնելն էլ նույնը պատմեց, թե Վեհափառը եկեղեցում Հրաշափառի արարողությանն է մասնակցել, այնուհետ ժողովրդի հետ կարճատեւ ջերմ շփում է եղել: Բողոքի պաստառներ, քննադատական խոսք չի՞ նկատել, հնարավո՞ր է, որ եկեղեցուց դուրս հայերի մի խումբ այդպես դիմավորած լինի Ամենայն հայոց կաթողիկոսին: Տեր Գնելը հաստատեց նույնը, ինչ նույն օրը մեզ փոխանցեց նաեւ Բեռլինի հայ համայնքի միջեկեղեցական հարաբերությունների հանձնակատար Սոնա Այբերը, որ ներկա է եղել Գարեգին Երկրորդի՝ բեռլինահայերի հետ այդ հանդիպմանը եւ տեր Գնելի նման հերքում է բողոքի փաստը: «Եկեղեցում մեր կաթողիկոսին աղուհացով դիմավորեցին, մթնոլորտը շատ գեղեցիկ էր, ի՞նչ ցույց: Ուրիշներն էլ կրնան հաստատել», ասաց տիկին Այբերը՝ շեշտելով, թե որեւէ բացասական բան չի եղել: Ես կհարցնեմ ուրիշներից էլ», ասաց Սոնա Այբերը, օրվա վերջում զանգահարեց եւ հաստատեց իր պնդումը՝ նման բան անշուշտ չէ եղած»:

2010 թվականից գերմանահայ համայնքում ծառայող Գնել քահանան պատմեց, որ Հանաու քաղաքում տարեցներից, հատկապես պոլսահայերից շատ դրական արձագանք է լսել Գարեգին Երկրորդի՝ գերմանահայ համայնքում ծառայության մասին: Մեր հարցին, թե հատկապես ի՞նչն է տպավորել, տեր Գնելը շեշտեց Հանաուի հայերի ասածը՝ «Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Որեւէ հարցից չէր խուսափում»: Տեր Գնելի ներկայացմամբ, Ամենայն հայոց հայրապետի հետ շփված գերմանացի եւ հույն հոգեւորականներից էլ միայն դրական կարծիք է լսել Գարեգին Բ-ի մասին, մի անգամ նույնիսկ գերմաներենի իմացությունն են ընդգծել, պատմել են՝ թարգմանչի սխալը կաթողիկոսն ուղղել է:

Գարեգին Երկրորդի գերմանական կրթությունը

Ամենայն հայոց հայրապետի կենսագրականից հայտնի է, որ նա աստվածաբանություն է ուսանել նախ Վիեննայում, ապա՝ Բոննում: Ավստրիական pro- oriente կայքը 2024-ի հոկտեմբերի 31-ին անդրադարձել է Գարեգին Երկրորդի պաշտոնավարման 25-ամյակին՝ դրական տպավորություն փոխանցելով: Հրապարակման մեջ ընդգծվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը լավ հարաբերություններ է պահպանում Ավստրիայի, նաեւ հիշյալ կազմակերպության հետ: Անդրադարձ կա նաեւ Վիեննայում ուսումնառության շրջանին: «Նա աստվածաբանական կրթության մի մասը ստացել է Վիեննայում, եղել է Վիեննայի այն ժամանակվա Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Մեսրոպ Գրիգորյանի սանը: Ավստրիայի եպիսկոպոսական համաժողովի կրթաթոշակով Ներսեսյանը (ազգանվան այս ձեւն է գրված-Ան. Հ.) ապրել է Վիեննայի կաթոլիկ ճեմարանում: Կաթողիկոսի համակուրսեցիներից մեկն այժմ Ավստրիայի Սուրբ Պյոլտենի եպիսկոպոս Ալոիս Շվարցն է: Հետագայում Գարեգին վրդ. Ներսեսյանը շարունակել է ուսումը Ռեգենսբուրգի Արեւելյան եկեղեցիների ինստիտուտում, այնուհետ որպես հոգեւոր հովիվ ծառայել Գերմանիայում: Նա գերազանց խոսում է գերմաներեն»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Գլխավոր լուսանկարում՝ Բեռլինում Հայոց ցեղասպանության զոհերի խաչքարի առջեւ 2017 թ. հոկտեմբերի 2

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կանցլեր Մերկելի անունը շահարկողները նրան չեն ճանաչում

Հաջորդ գրառումը

Իրանի նախագահ Փեզեշքիանը Ստեփանակերտում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե մի օր Դու՛ք էլ հայտնվեք մեղադրյալի աթոռին, կուզեիք Ձեր դատավորը Ռշտունի՞ն լիներ, թե Արմեն Դանիելյանը կամ Մասիս Մելքոնյանը կամ Մնացական Մարտիրոսյանը

30/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ իրականանա հայադավ եռյակի համատեղ ծրագրած այս նենգ սցենարը, ուրեմն իրոք մենք արժանի ենք և՛ այս վիճակին, և՛ ազգակործան պատուհասի վարչապետությանը

29/07/2025
Հրապարակախոսություն

Ֆեստիվառի շեմուշկեն ու մոդայիկ դարձած կրթվելու հետևանքը

29/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքական ու բրիտանական լրատվամիջոցները Մեծամորի ԱԷԿ-ը որակում են որպես «նոր հնարավոր Չեռնոբիլ»

29/07/2025
Հաջորդ գրառումը

Իրանի նախագահ Փեզեշքիանը Ստեփանակերտում

Արխիվ

Loading...
«Հուլիսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« ՀունիսիՕգոստոսի »

Վերջին լուրեր

Նորություններ

470 մլն դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

30/07/2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի...

ԿարդալDetails

Միջնորդություն ենք ներկայացրել, որ թույլ տան հրապարակել մեզ հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը. փաստաբան

30/07/2025

Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան

30/07/2025

Ապօրինի գույք. ԱԻՆ նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր, շուրջ 200 մլն դրամ

30/07/2025

Վահան Կոստանյանը և Պաղեստինի Պետության պետնախարարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում գործընթացների վերաբերյալ

30/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական