Լիտվական գրականության դասական Գաբրիելե Պյատկյավիչայտե-Բիտեն ծնվել է 1861 թ. մարտի 18-ին Լիտվայի Պանեւեժիսի շրջանի Պուզինիշկի գյուղում: Նրա գրչին են պատկանում «Մանրուքներ» պատմվածքների, «Վիլկենե», «Ի ցույց Աստծո» վիպակների, «Վաճառված երջանկություն» պիեսների ժողովածուները: Նա դպրոցական դասագրքերի հեղինակ է նաեւ: Դեռեւս երիտասարդ տարիներից զբաղվել է նաեւ քաղաքականությամբ` անդամագրվելով լիտվական քրիստոնյա–դեմոկրատական կուսակցությանը: 1920-ին ընտրվել է Լիտվայի Սեյմի նախագահ: 1924-ից հիվանդության պատճառով թողել է քաղաքականությունը եւ զբաղվել միայն ստեղծագործական աշխատանքով: Մահկանացուն կնքել է հայրենի Պանեւեժիսում` 1943-ի հունիսի 14-ին:
Տիգրան Երկաթ
Գաբրիելե Պյատկյավիչայտե-Բիտեի հոդվածը նվիրված է հայ տաղանդավոր լրագրող եւ քաղաքական գործիչ Տիգրան Երկաթի (Կարապետ Պիլեզիկճյան, 1870-1899) կյանքին եւ հայրենասիրական գործունեությանը:
Տիգրան Երկաթ. այս անունը մեզ՝ լիտվացիներիս, միանգամայն անծանոթ է: Սակայն որքա՜ն մոտ պետք է լինի այն մեզ: Մոտ եւ պատվելի, ինչպես յուրաքանչյուր ազնիվ անհատ, որ համարձակություն է ունեցել ձայնը բարձրացնելու այս աշխարհում տիրող անարդարությունների եւ անարգանքների դեմ: Սա մի հայ գրողի գրական կեղծանունն է: Նրա իսկական անուն-ազգանունը Կարապետ Պիլեզիկճյան է, սակայն մենք նրան կանվանենք աշխարհում հայտնի անվամբ, անվամբ՝ որը նրան թաքցնում էր իր իշխանություններից: Արդեն հենց այն, որ նա քողարկվում էր կեղծանվամբ, մեզնից յուրաքանչյուրին հիշեցնում է նրա իրական վիճակի մասին: Այնպես որ, Տիգրան Երկաթն էլ պատկանում է մի ժողովրդի, որը նույնպիսի, գուցե եւ ավելի ծանր շղթաներ է կրում, ինչպիսիք մենք:
Հայաստանը մի փոքրիկ երկիր է, որ գտնվում է Արեւմտյան Ասիայում` հանրահայտ Արարատ լեռան մոտ: Հին ժամանակներում հայերը ազատ եւ համեմատաբար ավելի զարգացած մշակույթ ունեցող ժողովուրդ էին: Արդեն 4-րդ դարում նրանց մեջ տարածվեց քրիստոնեությունը, ստեղծվեց ու ծաղկեց գիտական ու կրոնական գրականությունը: Այդ ժամանակներից հայերն արդեն կատարել էին Աստվածաշնչի թարգմանությունը: Սակայն արդեն 13-րդ դարում մենք հայերին ստրկացված ենք տեսնում: Հանգիստ չգտնելով հայրենիքում՝ նրանք սկսում են ցրվել օտար երկրներով, հիմնականում որպես վաճառականներ, եւ այդ վաճառականները օտարերկրացիների մեջ բարի անուն են վաստակում, ավելի լավ, քան հույներն ու հրեաները: 13-րդ դարում նրանց արդեն հանդիպում ենք Լեհաստանում: Մեր Յոգայլոն հաստատում է այն արտոնությունների մասին, որոնք նրանց էին շնորհվել Պիաստների տոհմի վերջին թագավորների կողմից: Հայկական երկու գունդ Գրյունվալդի ճակատամարտին խիզախորեն մարտնչում են մեր կողմում եւ օգնում հաղթել խաչակիրներին: Ընդհանրապես հայերը, ուր էլ որ նրանց ճակատագիրը քշի, բարի անուն են վաստակում, ամենուր հատկապես հայտնի են իրենց քաջությամբ: Բավական է հիշել հերոս Բագրատիոնին կամ թեկուզ նախարար Լորիս-Մելիքովին:
Եվ չնայած նրանց հերոսների անունները երբեմն բարձր են հնչում ողջ աշխարհում, սակայն նրանց հայրենիքը տառապում է ծանր լծի տակ: Այսօր Հայաստանն ունի երեք միլիոն բնակչություն, որոնցից մեկ միլիոնը ռուսների, մնացածը պարսիկների ու թուրքերի տիրապետության տակ են: Վերջիններիս լուծը պարզապես սպանում է դժբախտ ժողովրդին: Այդ պատճառով զարմանալի չէ, որ նրա գրականությունն անկում է ապրել, լեզուն գրեթե մոռացվել, չնայած այն վերածնելու փորձը միշտ էլ ավելի քան մեծ է եղել:
Արդեն 1565 թվականին Վենետիկում հիմնադրված ենք տեսնում հայկական մի տպագրատուն, սակայն գործնականում այն տպագրելու ոչինչ չուներ: Դրա բացվելուց հարյուր տարի հետո գտնվեց հայրենիքն իսկապես սիրող մի մարդ՝ Մխիթար անունով, որը միաբանություն հիմնեց ժողովրդի ընկճված ոգին բարձրացնելու համար: Այդ միաբանության շնորհիվ աշխատանքն սկսվեց, հայտնվեցին ոչ միայն եվրոպացի գրողների կարեւորագույն աշխատությունների թարգմանությունները, այլեւ՝ սեփական երկրի պատմական հուշակոթողների մասին յուրատիպ գիտական աշխատանքներ եւ հետազոտություններ:
Մոռացության չմատնվեց նաեւ ազգային ոգով երիտասարդության դաստիարակությունը: Ճիշտ է, պահանջվեց ավելի քան հարյուր տարի, մինչեւ այդ սերմերը սկսեցին հասունանալ ի շահ ժողովրդի, քանզի հայերի իրական կյանքն ու գործունեությունն սկսվեց միայն 19-րդ դարում: Արդեն 1888 թվականին հայերը Կոստանդնուպոլսում եւ Թիֆլիսում հրատարակում են 40 թերթ: Այդ ժամանակ ծաղկում է նրանց գրականությունը, ավելի շատ են ի հայտ գալիս իրենց տառապյալ երկիրն իրապես սիրող եւ իրենց գործունեությունն ու կյանքը հայրենիքի երջանկությանը նվիրաբերող երիտասարդ մարդիկ: Նրանց մեջ ամենապատվավոր տեղը պատկանում է անցած տարի վախճանված Տիգրան Երկաթին: Նա հենց Հայաստանի մարմնավորումն է՝ ամենքի կողմից լքված եւ վիրավորված: Հայերը երբեք չեն մոռանա նրա գործունեությունը թե՛ որպես հայրենասերի եւ թե՛ որպես գրողի: Այդ նա էր, որ ողջ աշխարհին ծանոթացրեց Հայաստանի պատմությանն ու գրականությանը: Նա միակն էր, որ նույնիսկ ծանրագույն դժբախտությունների ժամանակներում չհրաժարվեց իր մայր հայրենիքը ազատ տեսնելու երազանքից:
Տիգրան Երկաթը ծնվել է Կոստանդնուպոլսում` հարուստ ընտանիքում: Փոքր ժամանակ նրան բոլորը գովում եւ սիրում էին: Չորս տարեկանում կորցնելով հորը` նա հայտնվեց իր մորական պապի տանը: Վերջինս բարձրակիրթ անձնավորություն էր, պատմության եւ արվեստի գիտակ: Տիգրան Երկաթն իր պատմությունն ուսումնասիրում էր կենդանի աղբյուրներով՝ պապի հետ Կոստանդնուպոլսի պալատներով զբոսնելիս: Պապն էլ չէր մոռանում երեխային տանել ծով, քաղաքից դուրս՝ այդպիսով նրա մեջ բնության հանդեպ սեր արթնացնելով:
Տիգրան Երկաթն առաջին գիտելիքները ձեռք բերեց հայոց լեզվով, որով նրան սովորեցնում էին թանկ գնահատել հայրենիքի գաղափարները: Երբ լրացավ նրա տասը տարին, մայրը որդուն տարավ Ֆրանսիա, որտեղ նա ավարտեց ուսումը՝ փորձելով հնարավորինս լավ յուրացնել իր համար օտար լեզուն, որպեսզի կարողանար դրանով նկարագրել իր հայրենիքի բոլոր դժվարությունները եւ այդ մասին տեղեկացնել ողջ աշխարհին:
Ուսումնառության վերջին տարիներին հիմնականում զբաղվում էր փիլիսոփայությամբ, սոցիոլոգիայով եւ քաղաքականությամբ: Սիրեց Ռենանի գործերը, խորությամբ ընկալեց Բեկոնին, Սպենսերին, Նովիկովին, Տենին, Ստենդալին: Այս հեղինակներից յուրաքանչյուրին շաբաթական մեկ օր էր նվիրում, իսկ տպավորությունները ջանադրաբար գրի էր առնում: Ահա մի հատված այդ գրառումներից.
«Չորեքշաբթի: Նովիկով: Ինտելեկտուալ պայքար: Նրա մտավոր զարգացման կենդանի ապացույցը՝ ժողովրդի լեզուն: Զարգացման բարձրագույն աստիճանի է հասել այն լեզուն, որը փափուկ է, բայց միեւնույն ժամանակ հնչեղ, որը կարող է համառոտ բառերով շատ գաղափարներ արտահայտել: Իսկ ես պետք է մշտապես ինձ հիշեցնեմ, որ ես, ապրելով Աստծո այս աշխարհում, պետք է յուրացնեմ օտար լեզուն: Այն պետք է ինձ օգտակար լինի ոչ միայն առօրյա կյանքում, այլեւ պետք է զարդարի երկերում ու զրույցներում արտահայտած իմ մտքերը: Ուստի ես պետք է մշտապես հոգ տանեմ դրա մասին, ամեն օր վերընթերցեմ Ռասին ու Վոլտեր եւ ժամեր նշանակեմ այդ լեզվով գրելու համար: Միայն այդ կերպ ես կարող եմ այն յուրացնել գինու եւ մսի նման, որ ամեն օր խմում եւ ուտում եմ»:
Դեռ նոր էր Տիգրան Երկաթը բոլորել տասնութ տարին, երբ սկսեց հոդվածներ գրել ֆրանսիական թերթերում հայերի եւ թուրքերի կյանքի մասին: Այդ հոդվածները շուտով ընթերցողի ուշադրությունը գրավեցին երիտասարդ գրողի կողմը: Փարիզում գտնվող Միջազգային ինստիտուտը 23-ամյա երիտասարդին հրավիրում է դասախոսություններով հանդես գալու թուրքերի կյանքի պայմանների մասին: Մարդկանց բազմությունները ժամերով լսում են Թուրքիայի պատմական եւ բարոյական էվոլյուցիայի մասին արտահայտիչ պատմությունները: Այդպիսի ընթերցումներից հետո շատ ֆրանսիացիներ եւ ընդհանրապես լուրջ գործիչներ փորձում են ծանոթանալ իրենց համար հեռավոր եւ օտար երկրի այդ արտասովոր գիտակի հետ:
Բայց այդ նույն ժամանակ, երբ Տիգրան Երկաթ անունը հայտնի է դառնում, նա կորցնում է իր կարողությունը, որը պայմանավորված էր Թուրքիայի տնտեսական հեղաշրջմամբ: Այդ ժամանակվանից երիտասարդը, որ մեծացել էր ոսկեզօծ օրորոցում, դաժանագույն կարիքի մեջ էր հայտնվելու, ինչն էլ անմիջապես քայքայում է նրա առողջությունը: Նյութական ծանր վիճակի պատճառով նա պետք է թողներ Փարիզը, որտեղ նրան հրաշալի հաջողվում էր աշխատել ի շահ հայրենիքի: Թերթերը տպագրում էին նրա բոլոր հոդվածները, որոնցում երիտասարդ հերոսը իմացության ու սրտի ամենայն ճիգերով ջանում էր աշխարհի համակրանքը շահել մերձավորների հանդեպ:
Կոստանդնուպոլսում նրան` որպես հայտնի գրողի, բարեկամաբար են դիմավորում թուրքերն ու քրիստոնյաները: Նա ոչ մեծ պաշտոն է ստանում քաղաքային վարչությունում եւ, բացի այդ, նաեւ թուրքական մի դպրոցում պատմություն է դասավանդում:
Ապրելով Կոստանդնուպոլսում՝ նա կարողանում է օգտագործել իր ծանոթությունները թուրք գրողների, ուլեմների[1], դերվիշների հետ: Կարդում է Ղուրանը՝ մեկնաբանությամբ, եւ հրաշալի հոդվածներ է ուղարկում Ֆրանսիա թուրքական եւ հայկական գրականության մասին: Միեւնույն ժամանակ սկսում է տպագրվել «Հայրենիք» հայկական թերթում, որը հրատարակվում էր Կոստանդնուպոլսում, սակայն հետո արգելվում է սուլթանի կողմից: Տիգրան Երկաթը, հասկանալով, որ ազգի վերածնունդը ավելի արագ է կատարվում բարոյապես մաքուր եւ իր պարտականություններն իմացող երիտասարդության դաստիարակման միջոցով, գրում է «Մանկան հոգին» հրաշալի հոդվածը, որը հոգեբանական խոր ըմբռնում է արտահայտում: Այդ շարադրանքում նա հզոր խոսքով արտահայտել է սերը բարոյականության եւ հոգեւոր դաստիարակության հանդեպ եւ իր ժողովրդին մատնանշել ազատ ու ազնիվ որդիներ դաստիարակելու ուղիները: Այդ աշխատանքով է սկսվում երիտասարդ գրողի սխրագործությունը, որին նա նվիրաբերեց իր կյանքը:
Նա միշտ խորապես համոզված է եղել, որ իր ժողովրդի ապագան երջանիկ է լինելու:
Հենց այդ ժամանակ Փոքր Ասիայում հայերի ահավոր կոտորածի մասին լուրը հասնում է Կոստանդնուպոլիս: Այդ իրադարձություններից խորապես ազդված՝ նա՝ «Իմ երկերը կգործեն ականների պես» խոսքերով, տենդագին ձեռքն է վերցնում գրիչը: Եվ այդժամից իր համար ընտրում հայտնի կեղծանունը: Տիգրանը հին հայերի մի խիզախ թագավորի անունն է, Երկաթ՝ հայերեն համանուն մետաղի անվանումը: Իսկապես, այդ ժամանակվանից, արդեն չվախենալով ո՛չ Թուրքիայում կիրառվող սարսափելի խոշտանգումներից, ո՛չ մահից, իրեն ամբողջովին նվիրում է ժողովրդի կարիքներին:
1896 թվականին ֆրանսիական «Revue des Revues» թերթում կարդում ենք նրա հետեւյալ միտքը.
«Հայ գրականությունը միահյուսված է ողջ ժողովրդի ճակատագրին: Խեղդված մեզ համար օտար երեք իշխանությունների ճիրաններում, որոնք ջանում են ճնշել ոտքի ելնելու մեր նույնիսկ ամենափոքր փորձերը, մենք չենք կարող գոյատեւել առանց պայքարի: Հայերի համար դեռ կգան ողբերգական օրեր: Ես չեմ կասկածում, որ աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում կան անհատներ, ովքեր համակրում են մեզ եւ կարեկից են մեր դժբախտություններին: Մենք նրանց չենք մոռանա եւ, հավանաբար, հանուն նրանց ապագայում կներենք բոլոր նրանց, ովքեր արհամարհել են մեր ազգային ինքնագիտակցությունը եւ ում ոսկով են վճարել մեր արյան յուրաքանչյուր կաթիլի համար: Արծրունիների եւ Գամար Քաթիպայի որդիներ. ոչ թե օտարների, այլ մեր մեջ ուժեր կփնտրենք: Հայաստանը ճնշված է սարսափելի կոտորածով եւ նյութական ավերածությամբ, որը հնարավոր չէ հաղթահարել նույնիսկ 20 տարվա աշխատանքով: Ամբողջ վեց ամիս մեռյալների եւ ողջերի համար միակ ծածկոցը կլինի պաղ ձյան շերտը: Սա մեր պատմության ամենաահավոր էջերից մեկն է… Սթափվենք: Միայն մեկմեկու հանդեպ մեծ սիրով, միայն միմյանց հետ մտերմանալով եւ օտարներից հեռանալով, միայն մեր մեղքերի համար զղջալով, միայն Եվրոպայի ինտելեկտուալ շարժումը յուրացնելով եւ դրան հետեւելով, միայն մեր թշնամի-բարբարոսների ոգին լավ ճանաչելով ձեռք կբերենք մեզ անհրաժեշտ ուժը: Այդ դեպքում, եթե նույնիսկ վտանգն ահագնանա, մենք կկարողանանք այն հաղթահարել մեր ձեռքերի ճկունությամբ եւ մեր ոգու զորությամբ»:
1895 թվականի աշնանը նորից հեղվեց հայերի արյունը: Մի խումբ կտրիճներ որոշեցին խնդրանքով դիմել սուլթանին, որպեսզի նա կատարեր այն խոստումները, որ տվել էր 1877 թվականին Բեռլինյան վեհաժողովի ժամանակ: Թուրքերը խնդրողներին պատասխանեցին ոչ թե բառերով, այլ՝ սրով: Կոստանդնուպոլսում սկսված կոտորածը ավելի ուշ տարածվեց նաեւ պետության մյուս քաղաքներում:
Տիգրան Երկաթն այս անգամ իր հայրենիքի ցավերի մասին աշխարհին սկսեց տեղեկացնել անգլիական «Times» թերթի միջոցով` նկատի առնելով դրա լայն տարածումը: Նաեւ տեղեկացնում էր բոլոր դեսպաններին, որոնք հյուրընկալվում էին Կոստանդնուպոլսում: Նա նաեւ երազում էր մի մեկուսի անկյունում հայրենի օջախ ստեղծելու մասին, որը ամենքին կստիպեր համախմբվել հանուն վերածննդի: Հուսով էր օտարների մեջ ազնիվ այրեր գտնել, որոնք` որպես ազատության իսկական առաքյալներ, ձեռք կմեկնեին ստրկացված ժողովրդին:
Սակայն հայրենակիցների մի մասը, որ ավելի տաքարյուն էր, օգուտ չտեսնելով այդպիսի դանդաղ գործունեության մեջ` 1896 թվականին պայթուցիկով ներխուժեց թուրքական բանկ, սպանեց նախագահին եւ սպառնաց պայթեցնել ամբողջ շենքը, հասավ ընդհուպ սուլթանին եւ օտար պետությունների դեսպաններին ու պահանջեց նրանցից կատարել իրենց ցանկությունները, այսինքն՝ վերադարձնել հայերին արժանի եւ խոստացված իրավունքները: Վախեցած իշխանությունները համաձայնում են բոլոր պահանջներին, սակայն հենց որ նրանք ցրվում են, հենց Կոստանդնուպոլսում ավելի սարսափելի ջարդով են պատասխանում: Միայն նրանք, ում մոտ պայթուցիկներով ականներ կային, կարողացան մի քանի ժամ պաշտպանվել թշնամական ավազակախմբերից:
Այդ օրը Տիգրան Երկաթի եղբայրն աշխատում էր բանկում, իսկ ինքը՝ Տիգրան Երկաթը, դասախոսում էր թուրքական դպրոցում եւ իրարանցումից առաջ հազիվ հասցրեց վերադառնալ : Կարելի է հասկանալ, թե ինչ ծանր սրտով էր նա երեք երկար օրեր դիտում իր եղբայրների կոտորածը: Հիվանդանալով եւ զգալով, որ իրեն բոլոր կողմերից լրտեսներ են շրջապատում, նա փախչում է Գերմանիա: Այրում է իր ձեռագրերից շատերը: Հնարավոր եղավ Փարիզ ուղարկել դրանց միայն մի փոքր մասը:
Փարիզում Տիգրան Երկաթն ամբողջ ժամանակը նվիրում է իր հայրենակիցների դժբախտությունների նկարագրությանը: Այդ ժամանակ նրա գրչին պատկանող շատ հոդվածներ են լույս տեսնում: Ամենակարեւորներն էին՝ «Պայքար Կրետեի համար», «Պայքար Մակեդոնիայի համար», «Մեր օրերի հունական Արիստոֆանը», «Հունաստանի միլիոնատերերը» եւ այլն:
Հենց այդ ժամանակ էլ Փարիզում ապրող ամերիկացիները մտերմացան երիտասարդ գրողի հետ եւ նվաճեցին նրա համակրանքը: Նրանք մեկ անգամ չէ, որ նրան հնարավորություն են տալիս հրապարակայնորեն հանդես գալու եւ կենդանի, ոգեշունչ խոսքով սրտեր նվաճելու՝ ի զորակցություն անարդարացիորեն վիրավորված իր եղբայրների:
Այստեղ նա կրկին հանդիպում է Կլարա Բարտոնին՝ Ամերիկյան Կարմիր խաչի ընկերության նախագահին, ում դեռեւս ավելի վաղ ծանոթ էր Կոստանդնուպոլսից: Այդ բարձր բարոյականության եւ անսովոր խիզախության տեր կինը եկել էր օգնելու կոտորածից եւ կողոպուտներից հետո ողջ մնացած հայերին: Այդ ժամանակ նա այդ դժբախտներին 300000 դոլար բաժանեց եւ այդպիսով կարողացավ տուժածների մեջ աշխատելու եւ իրենց բարեկեցության մասին հոգ տանելու ցանկություն արթնացնել:
Նրա ուժերը հալվում էին օրեցօր, եւ նա համաձայնեց գնալ Եգիպտոս, իր եղբայրների մոտ: Հուսով էր այնտեղ ամրապնդվել: Մեկնումից անմիջապես առաջ նաեւ լուր ստացավ, որ Հունաստանի թագավորը պատրաստվում է իրեն այցելել:
Տիգրան Երկաթը խնդրեց նորին գերազանցությանը իրեն այդ պատվին չարժանացնել, քանի որ ինքը հիվանդ էր եւ չափազանց տկար: Դա միայն միջոց էր խուսափելու թագավորական ողորմածությունից: Տիգրան Երկաթը վախենում էր, որ թագավորի անձը կարող էր իր վրա ուժեղ տպավորություն թողնել, իսկ ինքը պատրաստվում էր քննադատել նրան իր երկերում: Շուտով լույս տեսան նրա երկու հոդվածները՝ «Աթենքի գերեզմանները» եւ «Ինչպես խաբվեցին հույները»: Այդ աշխատանքները հստակ կերպով ողջ աշխարհին մատնանշում են հույների պարտության իրական պատճառները: 1897 թվականի աշնանը Տիգրան Երկաթը լքեց Հունաստանը: Նրան հայրենիքից ուղարկված ծաղիկներով ճանապարհեցին իր հայրենակիցները:
Ալեքսանդրիայում նրան նույնպիսի հանդիսավոր ընդունելություն էր սպասվում: Բոլորը պատվի էին արժանացնում նրան այն խիզախ ոգու համար, որն այդպես ցայտուն զգացվում է նրա երկերում, եւ որը ի զորու եղավ վերածնել ճնշված հայրենակիցների սրտերը: Եվ հիմա, երբ նրա հոգին աստիճանաբար հեռանում էր մարմնից, նրա ազդեցությունը մարդկանց վրա միայն աճում էր:
Մահից անմիջապես առաջ եւս մեկ անգամ նայում է ծովին եւ երկնի հեռավոր եզերքին: Սակայն նրա մտքերը հեռվում էին: Երեք անգամ հիշատակեց հեռվում գտնվող սիրելի օրիորդի անունը: Հետո, ծանր հառաչելով, արտաբերեց. «Ֆրանսիա: Ֆրանսիա: Աթենք: Աթենք»,- եւ այլեւս չկար այն գեղեցիկ, ուժեղ հոգին: Մոր ձեռքերում հանգչում էր միայն նրա սառը մարինը:
Դա տեղի ունեցավ 1899 թվականի դեկտեմբերի 1-ին: Ամբողջ աշխարհի թերթերը հիշատակեցին նրա անունը, ահա եւ մենք՝ լիտվացիներս, թեկուզեւ ուշացումով, նրա գերեզմանին այս փոքրիկ նվերն ենք դնում: Եվ թող քո մասին հիշողությունները, ազատությա՛ն հերոս, ապրեն հեռավոր, գուցեեւ քեզ միանգամայն անհայտ ժողովրդի մեջ:
«Վարպաս» («Զանգ») հանդես, 1902 թ., 3-4
Լիտվերենից թարգմանեց ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ
[1] Ուլեմ – գիտական աստիճան, որի բառացի իմաստը՝ գիտուն, արաբերեն: