Բրիտանահայ Միություն (British Armenian Society) հասարակական կազմակերպության գործունեությունը միտված է տարբեր քայլերով բարձրացնել հասարակական գիտակցությունը Մեծ Բրիտանիայում՝ սեւեռելով ուշադրությունը Արցախում Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործություններին եւ մարդու իրավունքների խախտումներին:
Կազմակերպությունը նամակներ է հղում ՄԹ եւ՛ վարչապետին, եւ՛ արտաքին գործերի նախարարին՝ ներկայացնելով Արցախում օրեցօր խորացող հումանիտար աղետը եւ պահանջում է դադարեցնել համագործակցությունը պատերազմական հանցագործ Ադրբեջանի հետ՝ կանխելու համար ահագնացող ցեղասպանությունը Արցախում:
Այս աշխատանքներին զուգընթաց, Բրիտանահայ Միությունը շարունակաբար բողոքի ցույցեր է կազմակերպում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի առջեւ չորեքշաբթի օրերին, քանի որ այդ օրը Վարչապետի եւ կառավարության անդամների հարց ու պատասխանի օրն է, եւ խորհրդարանի ներսում ներկայացուցչությունը ամենաբազմամարդն է:
Չնայած որ ՄԹ խորհրդարանը ամառային դադարի/արձակուրդների մեջ է, սակայն Բրիտանահայ Միությունը շարունակում է ահազանգել Արցախի բնիկ հայ բնակչությանը սպառնացող վտանգի մասին, այժմ բողոքի ակցիա անցկացնելով Վարչապետի նստավայրի առջեւ, 10 Դաունինգ փողոցին կից: Նրանք միացել են ԱՄՆ-ի հայ համայնքի նախաձեռնած Միջազգային ցույցերին Լոս Անջելեսի, Բրյուսելի, Փարիզի, Պրահայի, Կոպենհագենի, Երուսաղեմի, Երեւանի ու Ստեփանակերտի հայության բողոքի կոչին:
Շաբաթ օրը, Սեպտեմբերի 2-ին, արդեն երրորդ շաբաթն է, որ Մեծ Բրիտանիայի հայ համանքը Բրիտանահայ Միության առաջնորդությամբ եւ կազմակերպությամբ գալիս է իր բողոքի խոսքը ասելու Կառավարւթյանը, ծածանելով Հայաստանի ու Արցախի դրոշները, պաստառներով ու թռուցիկներով ներգրավելով անցորդներին, տեղեկացնելով նրանց մեր հայրենակիցներին սպառնացող Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին:
Թեպետ այժմ արձակուրդներ են, ու շատերը այժմ երկրում չեն, բայց ուրախությամբ կարող ենք փաստել, որ այդ ցույցը մարդաշատ էր, տարբեր հայկական կազմակերպություներից անհատներ գաղափարական բազմազանությամբ միացել էին մեկ հարցի շուրջ – կանգնեցնել ցեղասպան գործողությունները Արցախում: Հետաքրքրական էր պաստառներին Ալիեվի ու Հիտլերի համեմատական պատկերները, ցույցի մասնակիցները վանկարկում էին «Ալիեւը պատերազմի հանցագործ է», «Վերջ բլոկադային», «Վերջ հայկական ցեղասպանությանը», «Խաղաղություն Արցախին», «Ադրբեջանին պատժամիջոցներ» եւ այլն:
Արցախի մեր հայրենակիցներին ուղղված իր ուղերձում մասնակիցներից Արա Թումանյանը հորդորում էր դիմանալ, քանի որ հայերը այդ վայրի բնիկ բնակիչներն են, ուրեմն տարածքը նրանց է պատկանում, որքան էլ որ Ալիեւը հոխորտա, թե իր տարածքային ամբողջականության մաս է Արցախը, այն վիճելի տարածք է ճանաչված միջազգային օրենքներով: «Այժմ ապագաղութացում է տեղի ունենում աշխարհի տարբեր անկյուններում, նրանք որ բնիկ տարածքի տերերն են, իրենց հնարավորություն է տրվում թոթափել գաղութացման կառավարումը եւ ինքնորոշվել: Հայերը հազարամյակներով ապրել են իրենց պապենական հողերում, նրանք կշարունակեն ապրել, կերտել իրենց պատմությունն ու ապագան: Հուսով ենք՝ այդ օրը հեռու չէ»:
«Այսօր շատ ցավալի իրադարձություն է, կրկին հայ ժողովրդի լինել-չլինելու հարցն է, 120 հազար մարդկանց, այդ թվում 30 հազար երեխաների ենթարկել բացարձակ շրջափակման, սովի սպառնալիքով ստիպել ընդունել ինտեգրում Ադրբեջանին, ուղղակի անհավատալի է տեսնել 21-րդ դարում այս ամենը, ինչ մենք տեսնում ենք Արցախում», նշում էր մաեստրոն Լոնդոնից, որը եկել էր, քանի որ «չէր կարող անտարբեր մնալ»:
Բրիտանահայ Միությունը կրկին նամակ ուղարկեց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլիին հետեւյալ պահանջներով՝
Աջակցել եւ քվեարկել Արցախում եւ Բերձորի միջանցքում ՄԱԿ ի մանդատով միջազգային խաղաղապահների տեղակայմանը՝ կանխելու համար խաղաղ բնակչության վերահաս ցեղասպանությունը եւ բռնի տեղահանումները,
Անհապաղ օդային ճանապարհով անհրաժեշտ օգնություն ուղարկել Միացյալ Թագավորությունից ուղիղ Ստեփանակերտի օդանավակայան, որպեսզի կանգնեցվի սովը եւ դրա հետեւանքով մահվան դեպքերը:
Ճնշում գործադրել Ադրբեջանի ապօրինի անցակետի ապամոնտաժման, Բերձորի միջանցքի վերաբացման եւ ապահով ու շարունակական երթեւեկության համար՝ ըստ Արդարադատության միջազգային դատարանի որոշման:
Քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների եւ այլ առեւանգված անհատների վերադարձի ուղղությամբ, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի բանտերում 2020-ից, ինչպես նաեւ վերջերս առեւանգված՝ ադրբեջանական ապօրինի անցակետից:
Դատապարտել եւ պատժամիջոցներ կիրառել նախագահ Իլհամ Ալիեւի ռեժիմի եւ Ադրբեջանի մյուս ղեկավարների հանդեպ, որոնք արհամարհում են ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումները եւ պատասխանատու են մարդու իրավունքների ոտնահարումների, պատերազմական հանցագործությունների եւ հայերի ցեղասպանության համար:
Միացյալ Թագավորության մեկ այլ քաղաքում, Մանչեստրում նույնպես մեր հայրենակիցները միացել էին բողոքի ակցիային քանի որ դժվար էր նրանց գալ Լոնդոն: Բողոքի եւ զորակցության գլխավոր ուղերձը մեկն էր՝ Արցախը չպետք է հանձնվի, Արցախը պիտի մնա տոկուն ու ուժեղ: Մենք պատրաստ ենք օր ու գիշեր պայքարել նրանց ինքորոշման եւ ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար: Իսկ այս պահին մեր Արցախի հայրենակիցների անվտանգությունը կարող են ապահովել ՄԱԿ խաղաղապահները, որքան շուտ նրանք գան Արցախ, այնքան արագ հայ ազգի անվտանգությունը հնարավոր կլինի ապահովել:
ԱԼԻՍ ՔԱՆԵՔԱՆՅԱՆ
Լոնդոն