«Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»: Օրերս լրատվամիջոցների համար հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ, ինչին, ի դեպ, մոտ 70 լրատվամիջոց բոյկոտել ու Փաշինյանին հարցեր չեն ուղարկել, հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո եւ Սուս գյուղերն անցնելո՞ւ են արդյոք Ադրբեջանին:
«Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով: Ըստ էության, Լաչինում այսօր, նաեւ Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք, ընտանիքներ չեն ապրում, Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն, Սուսի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություններ չունեմ», – հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Բերձորի ու Աղավնոյի հարցին երեկ՝ հունիսի 30-ին, նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ՝ Արցախի Ազգային ժողովի նիստի ժամանակ: «Երթուղու հետ կապված մենք եւ՛ Ադրբեջանի կողմի, եւ՛ ՌԴ-ի կողմից ունեցել ենք մի քանի առաջարկություն, որոնք սակայն մերժվել են: Գործող մայրուղին, ավելի ճիշտ՝ առաջարկվողը, քննարկվել է մի քանի անգամ՝ Անվտանգության խորհրդում, որին մասնակցել են ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը: Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը: Կան գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել: Ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով անվտանգային հետագա մեր խնդիրը: Ճանապարհն ավարտվելուց հետո, մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն ասելու՝ որակի առումով համապատասխանո՞ւմ է այն ստանդարտներին, որը մենք ենք ուզում, արդյոք լինելո՞ւ է անվտանգ, իսկ իմ կարծիքով՝ շատ ավելի անվտանգ է լինելու»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Բերձորի ու Աղավնոյի հայաթափմանը, ապա Արայիկ Հարությունյանն ասաց. «2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում գրված է, որ մենք պետք է Բերձոր քաղաքից դուրս գանք: Իսկ Աղավնոյի մասով՝ ԱՀ իշխանությունները բանակցությունները շարունակում են տանել»:
Հարցի առնչությամբ «Ազգ»ը փորձեց Ազգային ժողովի «Քղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների տեսակետը լսել, բայց ձայն բարբառո հանապատի: Սյունեցի պատգամավոր Դավիթ Դաբելյանը, հղում անելով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, նշեց, որ Փաշինյանն արդեն իսկ մանրամասնորեն ներկայացրել է ամբողջ գործընթացը, ինչին ավելացնելու ոչինչ չունի: Հարցին՝ գործընթացն ինչպե՞ս է պատկերացնում, այսպես պատասխանեց. «Երկարատեւ գործընթաց է, ինչով պետք է զբաղվեն այն մարմինները, ովքեր ունեն դրա լիազորությունը: Այլ մեկնաբանություններից այս պահին զերծ կմնամ»: Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նույնպես նմանատիպ պատասխան տվեց. «Ինչ-որ ասել է վարչապետը, դրան այլ բան հավելել չեմ կարող»: Ի տարբերություն երիտասարդ գործընկերների՝ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը հարցին շատ ավելի լակոնիկ պատասխանեց. «Չեմ մեկնաբանում»:
Իշխանական պատգամավորների լռությունը թերեւս մեկ բանի մասին կարող է վկայել. նրանք «վերեւներից» հրահանգ ունեն՝ չխոսել այդ մասին: Փորձը ցույց է տվել, որ նմանատիպ հայտարարությունները մեկնաբանելով ու մեկը մյուսից «էքստրաօրիգինալ» դատողություններ ներկայացնլով՝ ՔՊ-ական պատգամավորներն է՛լ ավելի են բորբորքում կրքերը, խաղում մարդկանց զգացմունքների ու հույզերի հետ:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ