Ո՛չ ադրբեջանաթուրքական ապրանքներին
Դեկտեմբերի 18-ին, երբ Բաքվի դատարանում պետական մեղադրողը պահանջում էր Ռուբեն Վարդանյանի ցմահ ազատազրկումը, X-ում դրա մասին չծանուցեց Բեռլինում Բաքվի դեսպան Աղաեւը: Նույն օրը նա վերահրապարակեց հայրենի լրատվականներից մեկի՝ AnewZ հեռուստաընկերության տեղեկատվությունը՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «Ադրբեջանն առաջին անգամ երկաթուղով վառելիք է մատակարարել Հայաստան՝ խաղաղության գործընթացը հստակ քայլով նշանավորելով եւ տնտեսական սերտ համագործակցության համար դուռ բացելով»:
«Ազերթաջը» նույն օրվա լրահոսում մի քանի ժամվա տարբերությամբ ծանուցել էր նախ Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկման մասին լուրը, ապա խաղաղության ջատագովի փաթեթավորմամբ հետեւյալը՝
«Ադրբեջանի Հանրապետության նավթային պետական ընկերությունը՝ SOCAR-ը առաջին անգամ տեղական արտադրության նավթամթերք է առաքում Հայաստան: Ադրբեջանի երկաթուղիների բեռնատար գնացքով Բաքվի տերմինալից Բոյուկ Քեսիկ կայարան է տեղափոխվում ընդհանուր առմամբ 1220 տոննա AI-95 բենզին, որ բեռնված է երկաթուղային 22 վագոնների մեջ: Այնուհետեւ բեռը Վրաստանի տարածքով կուղարկվի Հայաստան»:
Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը, որ անցյալ շաբաթ բեռլինյան լսարանում գովերգում էր Ադրբեջանի խաղաղասիրական մղումը, գերմանացիների մոտ գլուխ գովում, թե ֆրանս- գերմանական հաշտության համար 18 տարի է պահանջվել, իսկ հայ-ադրբեջանական հաշտությունը 5 տարի անց է իրականանում, քաջ գիտե, որ առանց Նյուրնբերգյան դատավարության հաշտություն չէր կարող կնքվել: Դրա մասին գիտեն նաեւ գերմանացիները, ողջ աշխարհը, հետեւաբար նաեւ մենք, որքան էլ պատմությունը, փաստերը մոռանալու հրահանգ տան ժողովրդավարության անունից, քրիստոնեական ներելու, հաշտվելու վեհ գաղափարը շահարկողները: Երբ Ռուսաստան- Ուկրաինա պատերազմը սկսվեց, գերմանացի քաղաքական գործիչները հանրության հետ հանդիպումների ժամանակ շեշտում էին՝ «ձմռանը կսառչենք, բայց չենք ջեռուցի մեր բնակարանները ռուսական գազով, կհրաժարվենք տաք ջրով լոգանքից անգամ, չենք հանդուրժի ագրեսորի հետ առեւտրական գործարքը, մեր արժանապատվությունը չենք վաճառում»:
2023-ին Ադրբեջանը վառելիք տրամադրեց Ստեփանակերտին, որ հայերն իրենց բնօրրանից հեռանան: Մեծ ողբերգության՝ բռնկված հրդեհի, զոհերի մասին ծանուցեցին նաեւ միջազգային լրատվամիջոցները, որ Բաքվի դավադրության մասին կասկածը չհերքեցին նաեւ:
Չենք կարող արտոնել, որ «Սոքարի» հրդեհը մեր տուն հասնի: Զենքը չի կրակում, բայց պատերազմը շարունակվում է, երբ Ադրբեջանի նախագահն իր ժողովրդին վստահեցնում է, թե ավտոմեքենայով են վերադառնալու՝ իրենց «Արեւմտյան Ադրբեջան»:
Սուրբ Ծննդյան տոնին սպասողներիս համար խաղաղություն հաստատելու առաջին ցուցիչը հայ պատանդներին, գերիներին ազատ արձակելու, Հայաստան վերադարձնելու լուրն է:
Այդ Ավետիսին ենք սպասում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ





