Սեպտեմբեր-հոկտեմբերյան Երեւանն ամենասիրելին է: Ոչ միայն իր բարեխառն եղանակով, այլեւ աշխուժացող մշակութային ու գիտական կյանքով: Հաճախ մեկ օրվա մեջ այնքան հետաքրքրական ու հիանալի միջոցառումներ են կատարվում, որ մարդ ափսոսում է, որ ստիպված է հրաժարվել մեկից կամ մյուսից…
Երկու տարի է, ինչ մեր սրտամտահոգին (փոխառում եմ արձակագիր Լուսինե Վայաչյանի արտահայտությունը) վիրավոր ու մռայլ է, սակայն տեւական ու արժանապատիվ խաղաղության սպասումով փորձում ենք առաջ գնալ՝ անդադար հետեւելով խրամատ դարձած մեր երկրի վիճակին ու հոգեկան սնունդ ստանալ չլռող մուսաներից…
Նորից՝ «Բախը եւ գազանը»
Սեպտեմբերի 12-ի երեկոյան Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ ելույթ էր ունենում Սերգեյ Խաչատրյանը: Քանի՛ցս լսել եմ մեր այս մեծատաղանդ ջութակահարին, նաեւ՝ ԱՄՆ-ում, հրեաների (հե՛նց նրանց) կազմակերպած մի մենահամերգում ու ամեն անգամ ապրել հոգեցունց պահեր, արվեստի գագաթի գագաթին հասած լինելու զգացողություն: Ջութակն այդ բարալիկ երիտասարդին ասես սերտաճած լինի՝ համաշխարհային երաժշտության անմեռ նմուշները հնչեցնելով այնքա՜ն բնական, առանց նվագագույն ճիգի՝ բերկրանքի մաքրագործող արցունքներ հոսեցնելով շատերիս աչքերից…
Համերգից հետո հիշեցի, թե ինչպես մի անգամ, 1990-ականների սկզբին, Օհան Դուրյանի ղեկավարած հերթական փայլուն համերգից հետո երջանկահիշատակ արձակագիր Հրաչյա Մաթեւոսյանը, դիմելով մորս եւ ինձ՝ ասաց.
-Ու էսպիսի ժողովրդի վերջն ուզում են տալ…
Երեսունից ավելի տարի է անցել, եւ ավելի ու ավելի ուզում են մեր վերջը տալ… Նույն օրվա գիշերը լուրերն արդեն գուժեցին հարեւան արհեստածին պետության նոր հարձակումների մասին… հաջորդող օրերին սկսեցին շրջանառվել մեր հայրենակիցների հանդեպ կատարված հերթական վայրագությունների մասին սահմռկեցուցիչ մանրամասներ…
Այդ օրերին մտաբերում էի իր արդիականությունը երբեք չկորցնող Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպի հերոսի դատողությունները. «Ես գնում եմ – թող այս տարօրինակ չթուի – պաշտպանելու համար Բախեան ոգին տաճիկներից եւ ուրիշ թշնամիներից…. Մեր կռիւը արդա՛ր, անհրաժե՛շտ, սրբազա՛ն կռիւ է… Մեր կռիւը համայն մարդկութեան պատկանող, նրա կեանքի թագը կազմող արժէքների պաշտպանութեան կռիւ է…. Բախը եւ գազանը… կռիվը նրանց մէջն է…»:
Երեսուն տարի մեր Բախյան ոգին հավատարիմ է մնացել իրեն եւ ծնել ու դեռ կծնի նոր Սերգեյ Խաչատրյաններ: Գազանն էլ հավատարիմ է մնացել ու կմնա իր ոգուն… Բայց մի՞թե երեսուն տարին քիչ ժամանակ էր՝ հասկանալու այդ ճշմարտությունը եւ կիսատ-պռատ անկախության պայմաններում լուծումներ գտնելու մեր ֆիզիկական ու հոգեկան պաշտպանությունն ապահովելու համար: Թշնամուդ թերագնահատող «քիլդիմներ» նկարահանելու ու սահմանները թիթեղյա տուփերով «պաշտպանելու» փոխարեն…
Գիտաժողովի սիրտ եւ զորակոչվող գրողը
Առանց այդ էլ մթագնած կյանքն ավելի մթագնեց: Շատերի մեջ վախճանաբանական տրամադրություններ են, իսկ սոցցանցերում մարդիկ ասես մրցում են իրար հետ՝ ո՛վ ավելի մռայլ սցենար կներկայացնի…
Բայց գիտության մշակը պիտի կարդա իր զեկուցումը գիտաժողովում, որքան էլ կարծիք հնչի, թե «դեռ մարդիկ գիտաժողովի սի՞րտ ունեն»… Չէ՛, չունենք, բայց նաեւ միտք չունի ամիսներ առաջ ծրագրված միջոցառումը չեղարկելը, եթե քո գործը չէ զենքը ձեռքիդ սահմանը պաշտպանելը… Սոցցանցերում չստուգված տեղեկություններ կարդալու ու դառնագին կամ զայրալից ստատուսներ գրելու փոխարեն շատ ավելի նախընտրելի է եւս մեկ բարի գործ «տիեզերք ուղարկելը»…
Միայն այս աշուն ինը գիտաժողով եւ զեկուցում ունեմ: Սանկտ Պետերբուրգում կայանալիք գիտաժողովին մասնակցելու եմ հեռավար՝ Ռուսաստանում տիրող իրավիճակի պատճառով: Հիմա էլ՝ այդ երկրում մասնակի զորակոչ եւ փախեփախ այն երիտասարդ տղամարդկանց, որոնք, իրենց խոստովանությամբ, չեն ուզում մասնակից լինել եղբայրասպան պատերազմի… Ծանոթներիցս մեկը՝ մի երիտասարդ հայազգի ռուսագիր գրող, տեղեկացրեց, որ ինքը նույնպես զորակոչվել է եւ այլեւս չի կարող լքել բնակավայրը… Սիրտս ճմլվեց, երբ նշեց, որ եթե ռազմաճակատից չվերադառնա, խնդրում է կապվել իր գրական գործակալի հետ ու հիշեցնել, որ գոնե հետմահու հրատարակել տա իր երկրորդ անտիպ վեպը… Շաբաթներ անց նույն երիտասարդն ինձ գրեց. «Մարդկանց հիմարի տեղ են դնում: Բոլորին հերթով զինկոմիսարիատ են կանչում, որտեղ էլ ծանուցագիր են տալիս իբրեւ թե կամավոր զինվորագրվելու մասին…»:
Զորակցություն եւ սպեղանի՝ արվեստով
Եվ անգամ նորոգված վերքերով ու վաղվա օրվա հանդեպ անանց տագնապը սրտում, մարդ ուզում է ստանալ իր բաժին հոգեկան սնունդը, որքան էլ բանաստեղծն ասի՝ «Ներկա օրերում այլ ի՞նչ սեւ քնար»…
Դրսի աշխարհից մեր օազիսը հասնող ցանկացած սատարում սպեղանի է մեր վերքին: Սեպտեմբերի վերջին Փարիզի 8-րդ համալսարանի «Սոլի-տուտտի» վոկալ համույթը «Հայաստանի հետ, Հայաստանի կողքին» վերտառությամբ անվճար համերգներով հանդես եկավ ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում՝ որպես զորակցություն Հայաստանին: Արդի երգահանների ստեղծագործություններ եւ տարբեր ժողովուրդների երգեր կատարող այս երգչախմբի ֆրանսիացի ղեկավարը (Դենիս Գոտեյր) ոչ միայն ներկայացրեց նաեւ նորովի մշակումներով հայկական երգեր, այլեւ հանդիսատեսին իր խոսքն ուղղեց հայոց լեզվով: Տասներկու պրոֆեսիոնալ երգիչներից կազմված երգչախումբը պարզապես ցնցեց իր երկացանկի հարստությամբ, տարբեր լեզուների մեղեդիները մատուցելու հմտությամբ, կատարողների վոկալ հնարավորություններով: Հանդիսատեսը հպարտացավ՝ հրաշալի տասներկուսի մեջ հայտնաբերելով հայրենակցի՝ հզոր բամբ ձայնով օժտված երիտասարդ ֆրանսահայ երգիչ Առնո Խաչերյանին (որն, ի դեպ, Վենետիկի հայագիտական դասընթացի մեր ուսանողներից էր), որին, հուսանք, փայլուն ապագա է սպասվում վոկալ արվեստի ասպարեզում…
Ցավի ու տագնապի աշնանային օրերին սպեղանի եղավ նաեւ Սունդուկյան թատրոնի բեմում երկու անգամ Բորիս Էյֆմանի բալետային խմբի ներկայացրած «Ռոդեն. Նրա հավերժական կուռքը» ներկայացումը: Երկրորդ անգամ էր պետերբուրգյան այս բարձրարվեստ բալետը ներկայանում երեւանցի հանդիսականին (թեեւ, պիտի խոստովանեմ, նախորդ բեմադրությունը՝ նվիրված Դոստոեւսկուն, ինձ համար ավելի տպավորիչ էր): Օգյուստ Ռոդենի եւ Կամիլ Կլոդելի սիրո հակասական պատմությանը նվիրված այս բալետում խորեոգրաֆիկ տարբեր անսպասելի լուծումներ էր ստանում այնպիսի զուտ նյութական գործողություն, ինչպիսին է արձանների կերտումը: Սեն-Սանսի, Դեբյուսիի, Ռավելի եւ Մասնեի երաժշտությամբ ոգի եւ մարմին էր առնում 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի փարիզյան իրականությունն իր գեղարվեստի աշխարհով, իր սրճարաններով ու մարդկային հարաբերություններով (թեեւ խմբապարերն ավելի ռուսական շնչով էին, որ հիշեցնում էին Միխայիլ Ֆոկինի՝ դասական դարձած «Սրբազան գարունի» պարադրումը…):
Ներկայացման ընդմիջմանը, ասես իներցիայով, նորից հեռախոսով աչքի եմ անցկացնում լուրերն ու… միանգամից պղտորվում:
«Էրդողանն անելու է այն, ինչ միշտ է արել»՝ ազդարարում է յություբյան հերթական տեսանյութը, իսկ կանադական «Դըվուար» ֆրանսալեզու պարբերականում կանադացի հեղինակն ազդարարում է «Հայաստանի լռին անհետացումը»…
Կանհետանանք, եթե ազգի ղեկավարները անհատական շահը դարձյալ ստորադասեն գերագույնին ու չկարեւորեն մեր լույս տղաների արյամբ պահպանվող ամեն մի թիզ հողը, եթե շարունակենք չսիրել ու չսատարել միմյանց, չսովորել մեր սխալներից, կառչած մնանք մեր դարավոր մոլորություններին ու չփորձենք ճիշտ կողմնորոշվել մերօրյա խաղի կանոնների մեջ…
Հարություն Դելլալյան՝ հավերժ արդիականը
Այս տարի Հարություն Դելլալյանի 85-ամյակն է: Անսահման սեր եւ խոնարհում նրա տաղանդավոր երաժիշտ գեղեցկուհի դուստրերին՝ Մարինա եւ Նարինե Դելլալյաններին, որոնք արտերկրում ապրելով հանդերձ՝ հայրենիքում պարբերաբար հիշեցնում են իրենց հանճարեղ (չեմ վախենում այս բառից) հոր մասին…
Հոկտեմբերի 5-ին Կամերային երաժշտության տանը կայացած համերգն այդ հիշեցումներից թերեւս ամենաամբողջականն էր: Ողջ կյանքը միջազգային երաժշտական աշխարհին հետեւող, տարբեր երկրներում ապրած ու վերջերս Հայաստանում հաստատված մի մտերիմ տիկին համերգից հետո բացականչեց հիացած՝
-Եվ ինչպե՞ս է, որ ես մինչեւ օրս անծանոթ էի մնացել այս երաժշտությանը…
Անծանոթ է մնացել, քանի որ այդպես էլ չունեցանք մշակութային խելամիտ, ուղղորդված քաղաքականություն՝ ինքներս մեզ եւ աշխարհին ներկայանալու նախ եւ առաջ Դելլալյանով ու մեր մյուս մեծություններով, քանի որ մեր ֆինանսները, երկրի սահմանները պաշտպանելու ու աշխարհով մեկ հայ մշակույթ հանրահռչակելու փոխարեն անցած տարիներին հիմնականում շռայլորեն ծախսվեցին բազում անարժեք նախագծերի վրա: Ու դեռ կծախսվեն՝ Քրիստոսի մեծարձանով աշխարհին «զարմացնելու» համար…
Մինչդեռ Հարություն Դելլալյանի երաժշտությունը՝ իր ժամանակից շա՜տ առաջ գնացած, հավերժ կմնա արդիական: Ու կապշեցնի, թե ինչպես խորհրդային ժամանակներում հնարավոր էր նման կարգի երաժշտական մտածողություն: Թե ինչպես ընդամենը 52 տարի ապրած մեծ տաղանդը, երաժշտության այբն ու բենը սերտելով հասուն տարիքում, երեք տասնյակի չհասնող իր ստեղծագործություններով իրեն անմահություն է ապահովել: Մեկը մյուսից փայլուն մենակատարների՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի, ջութակահար Անուշ Նիկողոսյանի, թավջութակահար Սեւակ Ավանեսյանի, կլառնետահար Մարտին Ուլիխանյանի եւ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած Հայաստանի պետական կամերային երգչախմբի միայն կանանց կազմի կատարումներն ունկնդիրը լսեց շունչը պահած՝ զարմանալով ու հիանալով մեկը մյուսին չկրկնող, սակայն դելլալյանական ուրույն դրոշմը կրող գլուխգործոցներով: Դրանք մե՛րթ մինիմալիստական բնույթի մանրակերտեր են, մե՛րթ կազմակերպված երաժշտական քաոս, որտեղ համադրվում եւ ներդաշնակորեն գոյակցում են մեղեդային գիծը, խոսքն ու այնպիսի հնչյուններ, ինչպիսիք են հեւոցը եւ սվվոցը… Սիրված դերասան Սամվել Թոփալյանը ներկայացնում է Դելլալյանի կյանքն ու նրա մասին կարծիքներ, էկրանին երգահանի մասին իրենց խոսքն են հայտնում հավերժության գիրկն անցած Էդուարդ Միրզոյանն ու Արամ Ղարաբեկյանը: Իսկ մեր սիրելի Տիգրան Մանսուրյանը եւ Հասմիկ Պապյանն իրենց բովանդակալից խոսքով ամբողջացնում են զարմանահրաշ հնչյունների տիրակալի մարդկային եւ ստեղծագործական դիմանկարը…
Եվ հիանալի է, որ անցյալ տարվանից Երեւանի կոնսերվատորիայում գործում է երիտասարդ կոմպոզիտոր ուսանողների միջեւ անցկացվող Հարություն Դելլալյանի անվան մրցույթը…
Մտավորականի ու արվեստագետի խոսքն ու լռությունը
Նայում եմ դահլիճում նստածներին… մեծ մասամբ սիրելի, անգամ՝ հարազատ դեմքեր, իրենց ասպարեզներում կայացած մտավորականներ ու արվեստագետներ՝ հանրային առավել կամ պակաս ակտիվությամբ: Հիշեցի մի ծանոթուհու խոսքը. «Մենք մտավորականի խոսքի ենք սպասում մեր իրավիճակի մասին, իսկ մտավորականները լռում են»: Բայց նկատենք, որ մեր հայրենակիցները մտավորականից ակնկալում են միայն իրենց քաղաքական համոզումներին հաճելի խոսքեր: Պատրա՞ստ է արդյոք տեղեկատվության հորձանուտում խճճված, անդադար հարվածներից ուշքի չեկող, դառնացած ու շատ առումներով վհատված մեր հանրությունն ականջալուր լինել իր մտավորականի եւ արվեստագետի՝ իր համոզմունքներին դեմ գնացող կարծիքներին: Իսկ միգուցե ոչ մի խոսք էլ պե՞տք չի ասի այդ մտավորականն ու արվեստագետը, այլ լռին շարունակի իր գործը՝ ասպարեզը թողնելով կուսակցականությունից վեր կանգնած ու պետության խոսափողը չեղող մասնագետ վերլուծաբաններին, եթե այդպիսիք, իհարկե, կան…
…Այս տարի ծննդյան 150-ամյակը լրացրած մեր մեծ գրող ու հանրային գործիչ Արշակ Չոպանյանը համիդյան կոտորածներից հետո եկավ այն համոզման, որ գրականության զարգացմամբ զբաղվելը տվյալ պայմաններում ոչ միայն անիմաստ, այլեւ «գրեթէ անազնիւ բան» է…
Ոչ բոլորն են կարող Չոպանյանի պես նվիրվել ազգօգուտ հանրային գործունեության… Բայց այսօր բոլորս ենք պարտավոր անել մեր ուժերի ու հնարավորությունների առավելագույնը՝ մեր երկրի ֆիզիկական ու հոգեւոր վերքերը դարմանելու եւ մեր ժողովրդին խաղաղ եւ արժանապատիվ նոր հանգրվաններ առաջնորդելու ուղղությամբ…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ