Արցախյան խնդիրն արդեն ոչ ակտիվ, բայց եւ չհանգած հրաբուխ է մնում, որքան էլ ադրբեջանական ու, ցավոք, գուցե նաեւ հայաստանյան իշխանական ճամբարներում փորձեն այն մոռացության տալ:
Ռուսական լրատվամիջոցներում էլ շարունակվում են արձագանքներն այս թեմային եւ դրա հետ կապված իրադարձություններին, հայ–ադրբեջանական հարաբերությունների հին ու նոր մարտահրավերներին:
«Ռասուլզադեից մինչեւ Ալիեւ. Ադրբեջանը եւ Ղարաբաղի համար պայքարը»
«Եվրասիա դեյլի» լրատվական գործակալության կայքում այս վերնագրով հոդվածով է հանդես եկել ռուս միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Պյոտր Մակեդոնցեւը: 2020 թվականից, ասվում է հրապարակման սկզբում, նոյեմբերը հատուկ նշանակություն ունի Անդրկովկասի համար: Աշնան վերջին ամիսը տարածաշրջանի պատմության մեջ է մտել իբրեւ Արցախյան խնդրում հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքի կանխորոշման ժամանակը:
Հոդվածում արտասովոր օր է նկատվում նաեւ ներկա նոյեմբերի 8-ը՝ Ստեփանակերտում Ադրբեջանի անցկացրած զինվորական շքերթով, որի օրն էլ Բաքուն պատահական չէր ընտրել. 2020-ի նոյեմբերի 8-ին ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է անցել «Ղարաբաղի մարգարիտը»՝ Շուշին: Ցավոք, վերլուծաբանը ե՛ւ Ստեփանակերտ քաղաքանունն է նշել որպես նախկին, ե՛ւ հայկական Շուշին է կոչել ադրբեջանական աղավաղված հնչողությամբ, ինչը հիմնականում հատուկ է ռուսական լրատվամիջոցներին եւ ոչ միայն նրանց:
Թերեւս արժե հոդվածագրի օգնությամբ ծանոթանալ զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտասանած ճառի որոշ շեշտադրումներին:
«Հայաստանը չէր ուզում բարի կամքով հեռանալ մեր հողերից,- ասել է այդ երկրի ղեկավարը:- Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ ներգրավված միջնորդները փաստորեն ձգտում էին սառեցնել իրավիճակը: Նրանք կարծում էին, թե ադրբեջանական ժողովուրդը կհամակերպվի այդ իրավիճակին: Բայց ադրբեջանական ժողովուրդը երբեք էլ չի մտածել համակերպվել դրան…»:
Կարեւոր գործոն է եղել այդ հասարակության վերաբերմունքը հակամարտությանը: Ինչպես նշվում է, Ադրբեջանը եւ նրա սփյուռքը 2020 2023 թվականներին եղան Ղարաբաղի հարցում միասնական ու համախմբված: Դրա մի արտահայտությունն էր նաեւ ադրբեջանական ընդդիմության աջակցությունը Ղարաբաղի հարցում Ալիեւի քաղաքականությանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ:
Մյուսը, այնտեղ հաղթանակի դափնիների վրա չեն ննջում: «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո,- շարունակել է Ալիեւը,- մենք ոչ մի օր կանգ չենք առել, արագացրել ենք բանակաշինության գործընթացը…»: Ու… նոր «ռազմական գործողություններ», «ռազմավարական դիրքերի զգալի բարելավում» եւ այլն: Հայտարարել է, թե Ղարաբաղը, այսինքն Արցախը, իրենց հողն է, «մենք ենք թելադրում պայմաններն այստեղ, եւ դուք պետք է անհապաղ դուրս բերեք ձեր զինված ուժերը մեր հողերից»:
Ռազմաշունչ ճառ է, չէ՞, ասում է քաղաքագետն ու համեմատության համար մեջբերում անում մեկ այլ՝ Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության խորհրդարանի 1919 թ. ապրիլի 14-ի նիստի ժամանակ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Մամեդ Ռասուլզադեի ելույթից. «Մենք եւ մեր կառավարությունը համարում ենք, որ ղարաբաղյան հարց չկա: Ինչպես եւ չկա Բաքվի հարց: Այդ պատճառով էլ բոլոր հարցերը, կապված Ղարաբաղի հետ, հանում ենք»: Ինչպես տեսնում ենք, եզրակացնում է Մակեդոնցեւը, ավելի քան հարյուր տարվա ընթացքում ադրբեջանական հասարակության շրջանում Ղարաբաղին վերաբերող հարցում ոչինչ չի փոխվել:
Ի դեպ, 1918 թվականին էլ՝ Ռուսական կայսրության փլուզումից հետո, որի տիրապետության ներքո էր գտնվում երկրամասը, արցախահայերի առաջին համագումարը Լեռնային Ղարաբաղը հռչակել էր անկախ վարչաքաղաքական միավոր, եւ այդ 18-20 թվականներին էլ վերջինս ուներ պետականության բոլոր բաղադրիչները՝ ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները: Այս մասին մեջբերում անելով Հայաստանի ԱԳՆ-ի կայքից, վերլուծաբանը նաեւ նկատում է, թե 1988-2023-ի դեպքերն ընդամենը այդ տարիներից շարունակված հակամարտության ժամանակակից փուլն են… Նկատենք միայն, որ այդ ամբողջ ընթացքում արցախցին գոնե շարունակել էր ապրել իր հողում:
Իսկ Ալիեւն իր հիշյալ ելույթի վերջում հայտարարելով, թե իրենց նոր պատերազմ պետք չէ, իրենք հասել են նրան, ինչ ուզում էին, վերականգնել են «միջազգային իրավունքը», իրենց ազգային արժանապատվությունը եւ այլն, չի մոռացել կրկնել, որ միեւնույն ժամանակ բանակաշինության հետ կապված հարցերն այսուհետեւ էլ մնալու են իրենց առաջնահերթություններից մեկը:
Ռազմական հաջողություններն էլ ամրապնդվում են դիվանագիտական ոլորտում: Ադրբեջանի հետ ոչ իդեալական հարաբերություններ ունեցող մեր հարեւան Իրանն էլ ըստ էության ճանաչել է 2020-2023 թվականների իրադարձությունների արդյունքները եւ պատրաստակամություն է հայտնել այդ երկրին աջակցելու «Ղարաբաղի վերականգնման ու Ադրբեջանի զարգացման հարցում»:
«Ադրբեջանը ՌԴ-ին շնորհակալ-վարձահատույց է լինում Լեռնային Ղարաբաղի հարցում դիրքորոշման համար»
Սա էլ ռուսական մեկ այլ հրատարակության՝ «Պրավդա.ռու»-ի այս ամսվա սկզբի հոդվածներից մեկի վերնագիրն է: Ադրբեջանը, ինչպես նշվում է այս հրապարակման մեջ, հանդես է եկել այնպիսի նախաձեռնություններով, որոնք Ռուսաստանին թույլ կտան խուսափել նավթա-գազային ոլորտում պատժամիջոցներից:
Այդ երկիրը ՌԴ-ին առաջարկել է մուտք գործել իր նավթի և գազի շուկա: ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթի» շրջանակներում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ քննարկել է նավթա-գազային, էլեկտրաէներգետիկայի ոլորտներում երկու երկրների համագործակցության հարցեր: «Կան մի ամբողջ շարք նոր նախաձեռնություններ ադրբեջանական հզորությունների միջոցով ռուսական ածխաջրածինների տարանցման եւ վերամշակման ուղղությամբ: Խնդիրը մեր ջանքերը համախմբելն է»,- Նովակի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:
Ադրբեջանն առաջարկել է քննարկել նաեւ հետեւյալ հարցերը. իր տարածքում արդյունահանման նոր նախագծերին ռուսաստանյան նավթա-գազային ընկերությունների մասնակցություն, երկրում նրանց վառելիքի վաճառքի ընդլայնում,
Տիխորեցկ-Բաքու նավթամուղով երաշխավորված մատակարարումների ավելացում՝ հասցնելով մինչեւ 4 մլն տոննայի:
Քննարկվել են նաեւ ներմուծման փոխարինման՝ ներմուծվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու քաղաքականության շրջանակներում ռուսական եւ ադրբեջանական ընկերությունների միջեւ տեխնոլոգիական համագործակցության հաստատման հեռանկարները:
Այսինքն Ադրբեջանը Ռուսաստանին առաջարկել է պատժամիջոցները շրջանցելու հետեւյալ ուղիները՝ ռուսաստանյան նավթը կվաճառվի որպես ադրբեջանական, եւ դրան չեն վերաբերի գնային սահմանափակումները, նույնը եւ՝ դիզվառելիքի պարագայում. Ադրբեջանի տարածքով, ներմուծման փոխարինման աշխատանքների նպատակով ՌԴ կմատակարարվեն նավթա-գազային եւ էներգետիկ ճյուղերի համար անհրաժեշտ արեւմտյան տեխնոլոգիաներ ու համալրող մասեր. նավթի եւ գազի հանքավայրերի շահագործման ադրբեջանական նոր նախագծերում Ռուսաստանի Դաշնության ամուր դիրքերը թույլ կտան դրանց արդյունքը հանել պատժամիջոցներից, քանի որ ադրբեջանական նավթն ու գազն Արևմուտքը համարում է ռուսականին փոխարինող:
Հոդվածագիրը չի բացառում, որ ժամանակակից աշխարհի համար անսովոր այդ գործողություններով Բաքուն Ռուսաստանին շնորհակալությամբ վարձահատույց է լինում Արցախի խնդրի լուծման հարցում հանդես բերած դիրքորոշման, Լեռնային Ղարաբաղի ինքնավարության պաշտպանության առումով Հայաստանից առաջ չընկնելու համար:
Ասվում է նաեւ, որ դրա հետ կապված պատճառներով էլ ռուս խաղաղապահները երեւի կշարունակեն մնալ այս երկրում: Եվ որ Ադրբեջանի հետ համագործակցությունը ռազմավարական առումով ձեռնտու է ՌԴ-ին: Վերջինս Բաքվի դիրքորոշման շնորհիվ ընդլայնում է ազդեցությունը Հարավային Կովկասում, ամրապնդելով ՌԴ-Թուրքիա առանցքը:
Բաքուն «վագրի թռի՞չք» է պլանավորում
Բաքուն այսօր ասել ու ասում է, թե նոր պատերազմ չի ուզում: Բայց… Ախորժակն ուտելիս է բացվում, ճիշտ նկատել է «Պրավդա.ռու»-ն մեկ այլ հոդվածում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղը «վերադարձնելուց» եւ նրա ամայացած մայրաքաղաք Ստեփանակերտում ռազմավարով շքերթից հետո Հայաստանից եւս ութ բնակավայրեր ստանալու Ադրբեջանի պահանջին: Հղում անելով «ԹոփՈւոր» ռազմական տեսության կայքին, լրատվամիջոցն իր հոդվածում նշում է, թե չնայած Նիկոլ Փաշինյանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրմանը (երեւի ուզում է ասել՝ դրա պատրաստակամությանը)՝ ճանաչելով հնամենի Արցախն Ադրբեջանի մաս, «Բաքուն Երեւանից վերջնագրի տեսքով պահանջել է վերադարձնել սահմանամերձ գոտու ութ բնակավայրեր: Ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի պահանջների, այդ գյուղերը գտնվում են Ադրբեջանի տարածքում՝ գրավված Հայաստանի կողմից»:
Բաքուն նաեւ ավանդաբար Երեւանին մեղադրել է «տարածաշրջանում խաղաղ գործընթացին խոչընդոտելու» մեջ, իբր Հայաստանը շարունակում է զինված ուժեր պահել «ադրբեջանական հողում»:
Հրապարակման մեջ բերվում է «Թայմզ.ռու»-ի հաղորդումը, թե «Ադրբեջանի բանակի զինծառայողները մեսենջերներում հարազատներին գրում են, որ իրենց հետ քաղինֆորմացիաներ են անցկացնում Հայաստանի ներկա տարածքի մի մասը պատմականորեն Բաքվին պատկանելու մասին»: Ինչպես եւ, ըստ հետաքննողների վկայակոչվող տվյալների, ադրբեջանցի հրամանատարներն, իբր, կրտսեր սպաներին ոչ պաշտոնապես խորհուրդ են տալիս «բարելավել իրենց պատրաստականությունը» եւ պատրաստ լինել «վերցնել ու վերադարձնել» այդ տարածքները: Հեղինակները նույնիսկ նշում են հնարավոր ռազմագործողության անվանումը. իբր այն կկոչվի «վագրի ցատկ»:
Որպես մեկ այլ խնդիր հիշվում է նաեւ Ադրբեջանի պահանջած «Զանգեզուրի միջանցքը»:
Ի՞նչ կլինի կամ չի լինի: Իր մոտավորապես այս բովանդակությամբ հարցին հոդվածի հեղինակը պատասխանում է. «Ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունները չեն բացառում ոչ մի տարբերակ: Դժվար թե 2023 թվականի հոկտեմբերի 6-ին որևէ մեկը կանխատեսեր Մերձավոր Արևելքի պայթյունը Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմամբ, ինչպես մի փոքր ավելի վաղ Բաքվի «հատուկ ռազմական գործողությունը» Լեռնային Ղարաբաղում…»:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ