Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այն համոզմանն է, որ Արցախի շրջափակման ու Լաչինի միջանցքը բացելու մասին հարցերը, նախեւառաջ, պետք է Հայաստանի կառավարությանն ուղղել:
«7 ամիս է Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիր ունեցող 120 հազար քաղաքացի շրջափակման մեջ են: Նրանք ո՛չ Չինաստանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ մեկ այլ երկրի քաղաքացի են, ինձ ու ձեզ նման ՀՀ քաղաքացիներ են, որ այսօր արդեն սովի են մատնվում, եւ այս հարցում ո՛չ չափազանցություն կա,ո՛չ՝ պատկերավարություն: Ալյուր չկա, որ մարդիկ հաց թխեն»,- «Ազգ»ի հետ զրույցում ասաց Վարդանյանը:
Տարբեր մարդիկ, տարբեր նախաձեռնություններ այժմ ամենատարբեր կառույցների, դեսպանատների առջեւ բողոքի ցույցեր են կազմակերպում, ձայն բարձրացնում, ինչը, միանշանակ, ողջունելի է, բայց ըստ պատգամավորի՝ բոլորից առաջ՝ հարցերը պետք է ՀՀ իշխանություններին ու կառավարությանն ուղղել: «Ներկա իրավիճակում ո՞վ ունի ամենալայն գործիքակազմը ստեղծված իրավիճակի վրա ազդելու, իհարկե՝ ՀՀ իշխանությունը: Մեր քաղաքացիներին պաշտպանելու լիազորությունն իշխանություններինն է, հետեւաբար առաջնային պահանջը նրա՛նց պետք է ուղղել: Այս իրավիճակը հետեւանքն է այն բանի, որ ՀՀ իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս»,- ամփոփեց մեր զրուցակիցը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ