Հունիսի 9-ին Երեւանում կայացած ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը լրագրողներից մեկի՝ Փառուխի վերաբերյալ հարցին ի պատասխան ուշագրավ հայտարարություն արեց, ինչը ֆբ-յան գրառմամբ հետեւյալ կերպ մեկնաբանեց իրավաբան, ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը։ «Արցախի Փառուխ գյուղի հետ կապված խնդիրը կլուծվի դելիմիտացիայի արդյունքում։ Եթե սա լեզվի սայթաքում կամ բնակավայրերի շփոթություն չէր, ապա առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ։ Հաշվի առնելով այն փաստը, որ Փառուխն Արցախում է, ենթադրելի է, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի դելիմիտացիա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլեւ՝ Արցախը։ Իսկ դա նշանակում է, որ Լավրովի պնդմամբ, Արցախը Ադրբեջանի հետ պետք է ունենա դելիմիտացված սահման, ինչի արդյունքում կլուծվի ոչ միայն Փառուխից, այլեւ՝ Շուշիից, Հադրութից եւ հայկական այլ բնակավայրերից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը»։ Հեղինակին խնդրեցինք վերահաստատել իր մեկնաբանության հիմնավորումը։ Ղազինյանը հիշատակեց ՌԴ նախագահ Պուտինի՝ ավելի վաղ հնչեցրածը, թե Հայաստանի եւ Արցախի սահմանները պիտի դեմարկացվեն, դելիմիտացվեն։
Ան.Հ.Գերմանիա