Դոկտ. Արտեմ Փաթափությանը նյարդաբան է «Scripps Research» ինստիտուտում: 2021-ին նրան է շնորհվել ֆիզիոլոգիայի գծով Նոբելյան բարձրագույն մրցանակը:
Որպես պատանի հասակ առնելով պատերազմներից ուժասպառ Լիբանանում, մտքովս երբեք չէի կարող անցկացնել, որ Ամերիկա տեղափոխվելս կառաջնորդի ինձ ամբողջովին նվիրվելու գիտության ասպարեզին: Մեծացել եմ Լիբանանի քաղաքացիական պատերազմի թոհուբոհի մեջ, որտեղ ընտանիքս ապաստան էր գտել` փախչելով Հայոց ցեղասպանության օրերին Օսմանյան թուրքերի հետապնդումներից: Լիբանանում մեր օրերը անորոշությամբ եւ բռնությամբ առլեցուն էին, եւ կար այն մշտական գիտակցությունը, թե մեկ վայրկյանում կյանքը կարող էր արմատապես փոխվել:
Երբ հասա Մ. Նահանգներ, որպես երիտասարդ ներգաղթող, ես ոտք դրեցի մի երկիր, որը ոչ միայն ապահովություն եւ անվտանգություն էր պարգեւում ինձ, այլեւ անսահման հնարավորություն կրթական եւ գիտական հետազոտություններ կատարելու եւ գործընկերների հետ գաղափարներն ազատ փոխանակելու: Այս երկիրը հնարավորություն տվեց ինձ առաջ գնալու կենսաբանական գիտությունների ասպարեզում եւ համագործակցելու համաշխարհային մակարդակի նվիրյալ հետազոտողների հետ, որոնք ինձ նման ապաստան էին գտել Մ. Նահանգներում: Իրականում ես այստեղ երեւի չլինեի, եթե որպես քոլեջի ուսանողի ֆեդերալ կառավարությունը ինձ չհատկացներ «Pell» կրթաթոշակը:
Այսօր ես խորը տխրությամբ ականատես եմ լինում, թե ինչպես է Մ. Նահանգների գիտական այդ նշանակալի հաստատությունը, որն արդյունք է սերունդների տքնաջան աշխատանքների եւ ազգային ներդրումների, համաձայնեցված կերպով մասնատման է ենթարկվում ներկա վարչակազմի կողմից: Ամերիկյան գիտությունը միշտ էլ աշխարհի նախանձն է շարժել, բայց այս գլոբալ կառույցն այժմ վտանգված է ֆեդերալ կառավարության նյութական հսկայական օժանդակությունների դրակոնյան կրճատումների հետեւանքում:
Սա աղետալի հետեւանքներ է ունենալու Ամերիկայի կենսաբանական հետազոտությունների ոլորտի համար, զրկելով հաջորդ սերունդը գիտական ուսումաասիրություններ կատարելու հնարավորությունից եւ մրցունակ դառնալու ներկա ժամանակներում, երբ այլ երկրներ ջանք չեն խնայում, որ առաջ անցնեն մեզանից: Ինչպես շատ գիտնականների, այնպես էլ Առողջապահության ազգային ինստիտուտների ֆինանսական օժանդակություններն ինձ համար վճռորոշ դեր են կատարել: Ֆեդերալ նպաստները մեծապես աջակցել են մեր լաբորատորիայում փորձարկումների կատարմանը եւ արդյունքում բացահայտվել են մարմնի զգայական արձագանքը հպումի եւ ջերմության նկատմամբ: Այս բացահայտումները օգնել են մեզ հասկանալու, թե ինչպես ենք մենք զգում սիրելիի ողջագուրումը կամ փշոտ վարդի ծակոցը:
Այն ինչ սկսվեց որպես պարզ հետաքրքրական հարց, թե «ի՞նչ ես զգում», շատ ավելի լայն կիրառություն ունեցավ, որն էլ մեզ առաջնորդեց ցավի եւ այլ հիվանդությունների հաղթահարման նոր հորիզոններ բացելու:
ետազոտությունների այս ընթացքը հետաձգվում է մինչ լաբորատորիաս սպասում է այն վճռորոշ ֆինանսական օժանդակությանը, որ պետք էր փետրվարին մեզ տրամադրվեր:
Իրականում ամեն մի բժշկական առաջընթաց, որին վստահում ենք, այսօր գոյություն չէր կարող ունենալ առանց հետաքրքրասեր ուսումնասիրողների, որոնց Ազգային առողջապահության կառույցը եւ այլ գործակալություններ հովանավորում են, որպեսզի ամբողջ երկրով մեկ հետազոտությունները շարունակվեն համալսարաններում եւ շահ չհետապնդող կառույցներում: Լինեն քաղցկեղը հաղթահարելու միջոցները, թե MRI-ի արդեն առօրեական դարձած մեթոդները, այդ ֆեդերալ օժանդակությունների միջոցներով խորապես վերաձեւավորել են արդի բժշկությունը եւ փրկել անթիվ-անհամար կյանքեր: Խոսքը նաեւ այլ բնագավառների, օրինակ` օզոնային շերտի քայքայման եւ բնապահպանական այլ խնդիրների մասին է:
Պատմությունը ցույց է տվել, որ գիտությունը հսկայական տնտեսական օգուտներ է բերում մարդկությանը: Ներդրումների հոսքը այդ բնագավառում ապշեցուցիչ է: Յուրաքանչյուր դոլար առաջացնում է մոտավորապես 2,56 դոլարի տնտեսական աճ, ըստ «Միավորվենք հանուն բժշկական հետազոտությունների» հրապարակած զեկույցի: Այդ ուսումնասիրություններում ընդգրկված են ավելի քան 450 հազար գիտնականներ եւ աշխատավայրեր, որոնք տարեկան մոտ 95 միլիարդ դոլար են փոխանցում երկրի տնտեսությանը: Կրճատել այդ ներդրումները՝ բնավ էլ գումար խնայել չի նշանակում: Այն միայն աղքատացնում է մեր ապագան, զոհաբերելով մեր տասնամյակների ձեռք բերած առաջընթացը:
Ավելին, գիտության ներդրումների շարունակական կրճատումները մեծապես բացասական ազդեցություն է ունենում ապագա երիտասարդ գիտնականների պատրաստման մեր ջանքերի վրա: Շրջանավարտների ներգրավվածությունը զգալիորեն նվազել է եւ մեր հաջորդ սերունդը դրսում է փնտրում նոր հնարավորությունների բացահայտումը: Սա սպառնում է մեր ապագա մրցունակությանը: Այս կենսա-տեխնիկական շուկան, որ Մ. Նահանգները այժմ տիրապետում է, նախատեսում էր 3,9 տրիլիոն դոլարի աճ արձանագրել ներկա տասնամյակի ավարտին:
Մրցակցությունը այս բնագավառում խիստ թեժանում է: Չինաստանն ու այլ երկրներ ջանք չեն խնայում տիրանալու մեր հարստությանը եւ մեզանից առաջ անցնելու:
Ներկայի սխալ քաղաքականությունը սկուտեղի վրա Չինաստանին է մատուցում այն, ինչ նա ձգտում է ունենալ:
Իրականում ինձ էլ են դիմել լաբորատորիաս Չինաստան տեղափոխելու առաջարկով` խոստանալով հետագա քսան տարիների ընթացքում կանոնավոր ֆինանսական օժանդակություն ցուցաբերել: Մինչ ես Ամերիկան թողնելու ցանկություն չունեմ, փաստը ինքնին գրավիչ է եւ անմիջական ահազանգ հնչեցնելու պարտավորվածություն է զգացվում:
Այսպիսով, հարցնում եմ ձեզ. «Ո՞նց եք զգում: Ո՞նց եք գլոբալ գիտական առաջընթացից հետ ընկնելու գաղափարը ընդունելու, երբ տնտեսական անորոշությունը աճ է արձանագրում եւ վտանգ ներկայացնում Ամերիկայի տարբեր համայնքների անդամների առողջությանը, եւ երբ հիվանդները զրկվում են կլինիկաների փորձառությունից»:
Ես զայրացած եմ եւ ակնկալում եմ, որ ուրիշներն էլ գիտակցեն, թե ինչն է վտանգի տակ դրվում եւ զգան գիտությունը պաշտպանելու անհրաժեշտությունը:
Ես սիրում եմ Ամերիկան, որն ինձ որդեգրել է եւ հսկայական հնարավորություններ ընծայել ինձ: Որպես Մ. Նահանգների քաղաքացի պարտավոր եմ բարձրաձայն պահանջել, որ շարունակվեն գիտությանը տրամադրված ներդրումները, որոնք մեր հաջողությունների գլխավոր բանալիներն են եղել տասնամյակներ շարունակ, բարելավել մեր առողջությունը, ստեղծել բազմաթիվ աշխատատեղեր եւ ապահովել տնտեսական ահռելի մեծ եկամուտներ:
Գիտնականների համայնքը դեմ չէ քննարկելու, թե ինչպես են օգտագործվում հարկատուների գումարները: Ընդհակառակը, մենք ողջունում ենք արդյունավետությունը բարելավելու եւ ամերիկացիներին եւ ամերիկաբնակներին ավելի որակով սպասարկելու ջանքերը: Բայց այն, ինչ կատարվում է ներկայիս, ոչ մի առնչություն չունի արդյունավետության հետ: Գիտության դեմ մղված այս գործողությունները անսկզբունքային են եւ միտված են իրական, հեռահաս վնաս պատճառելու:
Հասարակությունը, կառավարության մեր ընտրած պատգամավորները պարտավոր են իրազեկ դառնալ նման քաղաքականության հետեւանքներին: Մենք մասնավորապես Հանրապետական կուսակցության ղեկավարներից պահանջում ենք միանալ մեզ` վերահաստատելու այն միտքը, որ գիտությունը պետք է շարունակի մնալ անկուսակցական առաջնահերթություն:
Ամերիկացիներից յուրաքանչյուրը քաղցկեղով կամ սրտի արատի հիվանդություններով տառապող մեկին ճանաչում են եւ սխալ կամ թյուր տեղեկությունը չպետք է տեղ զբաղեցնի գիտության կամ դեղագործության ոլորտներում: Ժամանակն է, որ բոլորս արձագանքենք, բարձրաձայնենք եւ պաշտպանենք ամերիկյան գիտությունը, որովհետեւ դրանով մենք պաշտպանած կլինենք մեր ապագա հարստությունը:
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)