Արեւմտահայ գրող, անվանի մտավորական Արշակ Չոպանյանի ստեղծագործությամբ Վաչագան Ավագյանը հետաքրքրված է եղել դեռ 35 տարի առաջ, երբ գիտական ատենախոսություն է գրել:
Արշակ Չոպանյանի 150 ամյակին նվիրված մի միջոցոռման ժամանակ, որը կազմակերպել էր «Թեքեյան» կենտրոնը, Վաչագան Ավագյանը զեկուցում է կարդացել ու այդտեղ էլ մտահղացել ավելի ծավալուն անդրադառնալ Չոպանյանի՝ «Անահիտ» հանդեսի հրատարակության երկրորդ շրջանին: Առաջին շրջանի մասին գրականագետ Յուրի Ավետիսյանն արդեն գիրք գրել էր:

«Թեքեյան» մշակութային միությունը կազմակերպել էրՎաչագան Ավագյանի «Արշակ Չոպանյանը եւ վերածնված «Անահիտ» հանդեսը» գրքի շնորհանդեսը: Հեղինակն անդրադարձել է մշակութային, գրականագիտական հարցերի:

Գրականագետ Արշալույս Գալստյանը նկատում է, որ վաղուց ժամանակն էր, որպեսզի Վաչագան Ավագյանը Արշակ Չոպանյանին վերաբերող իր բազմաթիվ հոդվածներն ամբողջացներ եւ գիրք դարձներ:

1936 թվականին, երբ ԽՍՀՄ սահմանադրությունը նախաձեռնվեց, որտեղ անդրադարձ կար Անդրկովկասյան միության լուծարմանը եւ Խորհրդային 3 հանրապետությունների ստեղծմանը, ասվում էր, որ Արցախը, Ախալքալաքը եւ Նախիջեւանը պետք է անցնեն Վրաստանին եւ Ադրբեջանին:

Չոպանյանն այնքան համարձակ է եղել, որ նամակ է ուղարկել Բերիային՝ խնդրելով չանել այդպիսի բան, քանի որ դա հետագայում դառնալու է ազգամիջյան լարվածության լուրջ պատճառ, այդ պատմական հողերը թողնել Հայաստանին: Ու 1936-ին Արշակ Չոպանյանի առջեւ Խորհրդային Միությունը պատնեշ դրեց: Մեծ մտավորականի գրական-ստեղծագործական, ազգային, քաղաքական գործունեությունը երկար տարիներ մնացել է նվազ ուսումնասիրված, մինչեւ որ հայտնի մտավորական, պետական գործիչ, հետագայում Սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Կառլեն Դալլաքյանը գրել է իր կոթողային աշխատությունը Չոպանյանի մասին: Սակայն այսօր էլ հետազոտական հսկայական նյութ կա. Արշակ Չոպանյանի ժառանգության լիարժեք գնահատականը դեռ տրված չէ:
Գլխավոր լուսանկարը՝ Սուքիաս Թորոսյան, յուղանկար





