Անցյալ շաբաթ գերմանալեզու ԶԼՄ-ները չփարատեցին դյուրահավատ կամ խաղաղության կարոտ ընթերցողի այն հույսը, որ օրումեջ փորձում են հաստատել Վաշինգտոնից, Բրյուսելից, Մոսկվայից թելադրված. Անընդմեջ կարդում ես լրահոսում՝ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, մոտ են խաղաղության հաստատման…բայց՝ վերնագրի տակ զետեղված տեքստի բովանդակությունը ցրում է խաբկանքը, թե խաղաղություն լինելու է, քանի որ «վերջապես Հայաստանն առաջին անգամ հրաժարվում է Արցախից…»
Ուշագրավն այն է, որ վերջին շրջանում գերմանագիր հեղինակները նախընտրում են Հայաստանի դիրքորոշման մասին ծանուցել ոչ թե իրենց երկրում կամ Մոսկվայի իրենց գրասենյակում գտնվելով, այլ նախընտրում են Հայաստանում լինել, տեսածն ու լսածը շարադրել: Գերմանական ռադիոն՝ Deutschlandfunk-ը, հունիսի 12-ին մոտավորապես 7 րոպեանոց ռեպորտաժ է պատրաստել Գորիսում՝ տարբեր մարդկանց հետ զրույցից պատառիկներ քաղելով: Հեղինակ Թոմաս Ֆրանկեն (Thomas Franke) Հայաստանի եւ Ադրբեջանի մերձեցման մասին ակնարկն այսպես է վերնագրել՝ «Մերձեցում՝ ԼՂ հայերի հաշվի՞ն»: Ռեպորտաժում գերիշխող է այն մտայնությունը, թե Հայաստանի՝ Արցախի երաշխավոր լինելու փաստից հրաժարվելը նոր հոգս է կուտակել 120 հազար բնակիչ ունեցող Արցախում, 20 հազարից ավելի բնակչություն ունեցող Գորիսում, Հայաստանում: Մալինցյանների հյուրանոցը դեկտեմբերի 12-ից՝ Բերձորի արգելափակումից հետո, դարձել է արցախցիների սպասակայան. այստեղ հանգրվանածները մի բան են երազում՝ բացվի ճանապարհը, տուն գնան: Իսկ տուն հասնել կարող են ԼՂ-ում միակ միջազգային կազմակերպության՝ Կարմիր խաչի միջոցով: Սպասարանում է Միքայել Պողոսյանը, որ Արցախի բանակի թոշակառու սպա է, ակնաբույժի կարիք ունի: «Փոխանցեք ձեր կառավարությանը, որ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ ճանապարհը բացի, տաքսի նստենք, տուն գնանք, գերմանացի լրագրողին է դիմում Պողոսյանը: Իսկ նրա պահանջը վերացական չէ: Չէ՞ որ հունիսին կանցլեր Շոլցն էլ Ալիեւ-Փաշինյանի բանակցային միջնորդներից էր: Իսկ բանակցությունները արցախցու տեսանկյունի՞ց են, նրա՞ շահն արտահայտող: Անշուշտ՝ ոչ: ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ զրույցից մի հատված է ներկայացնում ռադիոռեպորտաժի հեղինակը, որ վստահեցնում է, թե Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը մտահոգում է Հայաստանին, միջազգային հանրությանը պատվիրակել են արծարծել դրա հրատապությունը: Բայց, Արցախի ԱԳՆ-ի ղեկավարի խոսքը փոխանցելով, Թոմաս Ֆրանկը նկատել է տալիս, որ չճանաչված հանրապետության համար հնարավորությունները մեղմ ասած շատ համեստ են: Իհարկե փորձում են բարձրաձայնել երկյուղների մասին, այն, որ ցեղասպանության վտանգն առկա է»: Արցախը պիտի հայկական մնա, ռազմագերիներին պիտի ազատի Ադրբեջանը, սկզբում Բերձորի ճանապարհը պիտի բացի, դրանից հետո՝ մյուս հարցերի մասին, առաջնահերթությունների մասին է հիշատակում Գորիսի հյուրանոցի տիրուհին՝ այսպես եզրափակելով՝ մեր իշխանությունները պիտի պաշտպանեն մեր երկիրը:
Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգի» հունիսի 12-ի հրապարակումը Երեւանից է գրված: Անդրեաս Ռյուշը (Andreas Rüesch) ծավալուն վերլուծություն է մատուցել՝ չափազանց խոսուն վերնագրով՝ «Երբ աշխարհագրությունը մղձավանջ է. Հայաստանը պատերազմի եւ կապիտուլացիայի՝ հանձնվելու ընտրանքի առջեւ»: Հոդվածագիրը Հայաստանի աշխարհագրական դիրքը համեմատում է Շվեյցարիայի հետ՝ երկու երկրներն էլ ելք չունեն դեպի ծով, հյուսիսից, հարավից, արեւմուտքից, արեւելքից շրջապատված են մեծ երկրներով…այստեղ համեմատականի զուգահեռը սպառվում է՝ «երկու երկրի հետ դրացի ենք քարտեզով միայն, ներսուդուրս անել չենք կարող» քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքն է փոխանցում շվեյցարացի լրագրողը: Հարավում Իրանը, հյուսիսում Վրաստանը մեծ նշանակություն են ստանում Հայաստանի համար, սակայն աշխարհաքաղաքականության դերը չի նվազում՝ իրանցի իսլամիստների հետ յուրաքանչյուր գործարք՝ էլեկտրաէներգիայի արտահանում, գազի ներմուծում, ԱՄՆ-ի խոժոռ հայացքին է արժանանում: Ռուսաստանը մատն է բարձրացնում, երբ Հայաստանը ձգտում է Վրաստանի հետ սերտացնել համագործակցությունը: Աշխարհի գերտերություններին ամեն անգամ պիտի քարտեզը ցույց տալ ու բացատրել, որ Հայաստանը դրացիներին ընտրել չի կարող», Իսկանդարյանի մեկնաբանությունն է փոխանցում «Նոյե ցյուրխեր ցայթունգը»՝ կրկնելով՝ Հայաստանի աշխարհագրական դիրքը մղձավանջի է նման:
«Հայաստանը վերջապես ուզում է մեկուսացումից ազատագրվել, սակայն դա հաջողվի, եթե ոխերիմ թշնամիների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բնականոն դարձնի հարաբերությունները, անհրաժեշտության դեպքում՝ ցավալի զիջումների միջոցով: Հայաստանի կառավարությունը պարտավորված է համարում զիջել ռազմական գերազանցություն ունեցող Ադրբեջանին: Սակայն ընդդիմությունը « հանձնվելու հանգեցնող խաղաղությանը դեմ է», ընդդիմանում է», գրում է հոդվածագիրը նախաբանում: Ծավալուն հոդվածում այնուհետ որեւէ տող չգտանք, որ ընդդիմադիրների գործողությունների, նրանց ծրագրի մասին կծանուցեր: Տեղին է հիշատակել, որ գերմանալեզու լրատվամիջոցներում անընդհատ ընդգծվում է, որ Հայաստանի՝ Արցախից հրապարակավ, պաշտոնապես հրաժարվելու կրկնվող տեսակետը հնչելուն պես ակնկալվում էր, որ հայ հանրության մեջ դժգոհության ալիք կստեղծվի, բողոքի ալիք կկուտակվի, փողոց դուրս կգան: Սակայն նույն հոդվածում էլ ճիշտ փոխանցվել է, թե Հայաստանի ընդդիմությունը թույլ է:
«Վերջին զարգացումները հույս են ներշնչում լավատեսներին: Փաշինյանն ու Ալիեւը հունիսի սկզբին արդեն երկրորդ անգամ են հանդիպել, Փաշինյանը Էրդողանի վերընտրությանը հաջորդած հանդիսավոր երդմնակալության արարողությանն է մասնակցել, սակայն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտը ԼՂ-ն է, գրում է շվեյցարական լրատուն: Ղարաբաղը գայթաքար է: Ադրբեջանը կամենում է իր լիակատար գերիշխանությունը հաստատել, մայր Հայաստանը՝ չի կարող արդյունավետ պաշտպանություն առաջարկել, քանզի վտանգված է տեսնում ի՛ր գոյը: Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ կանոնավոր ռազմական առաջխաղացումները ընդգծում են այդ վտանգը: Հետեւաբար վարչապետ Փաշինյանն ինքնիրեն պարտավորված է համարում ամբողջովին ընդունել Բաքվի՝ ԼՂ-ի հանդեպ տարածքային պահանջները: 2018-ին իշխանության եկած ժողովրդի տրիբունի համար, որ ընդամենը մի քանի տարի առաջ «Ղարաբաղը Հայաստան է» կարգախոսն էր ավետում, սա դրամատիկ շրջադարձ է, ամբողջացնում է շվեյցարացի հոդվածագիրը:
«Փաշինյանի միակ պայմանն այն է, որ Ղարաբաղի շուրջ 120 հազար բնակիչների համար անվտանգության, մարդու իրավունքների պահպանման երաշխիքներ լինեն: Սակայն այստեղ էլ Ալիեւը կոշտ դիրքորոշում ունի՝ ղարաբաղցի հայերը իրավունք չունեն պահանջելու հատուկ կարգավիճակ: Ընտրության հնարավորություն կա՝ կա՛մ ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը, կա՛մ՝ հեռանալ տարածքից: Վերջինը՝ զանգվածային արտագաղթը, անկլավի ամբողջական էթնիկ զտումը միանգամայն իրատեսական սցենար» է, գրում է «ՆՑՑ»-ի մեկնաբանը՝ ընդգծելով՝ Հայաստանում չես հանդիպի մեկին, որ կարող է Ալիեւի ղեկավարած բռնատիրական պետության մեջ իր կյանքը պատկերացնել: Անցյալի եղեռնագործության հիշողությունն անջնջելի է, նույնիսկ այսօր Ադրբեջանում էթնիկ հայերը պաշտպանված չեն բռնի հարձակումներից»:
Հայաստանի իշխանությունները դեռ հույս ունեն, որ օտարերկրյա միջնորդների սատարմամբ կստեղծվի Ղարաբաղի հայերին պաշտպանելու մեխանիզմ, գրում է թերթը: Դրա հնարավորությունները նվազ են թվում, քանզի Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններից, չի ընդունում որեւէ միջազգային միջնորդություն այս հարցում: Բաքվի համար բանակցությունների վերջին փուլը բոլորովին այլ ուղղվածություն ուներ՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հայկական տարածքով տրանսպորտային միջանցքի բացումը, նկատել է տալիս «Նոյե ցյուրխեր ցայթունգի» մեկնաբանը:
«Ինչ դեր կարող են ունենալ մեծ տերությունները: Ուկրաինական պատերազմն էլ ավելի է բարդացնում իրավիճակը՝ Արևմուտքն ու Ռուսաստանը տարբեր շահեր են հետապնդում: Ռուսաստանը, որի հետ Հայաստանը թղթով ռազմական դաշնակից է, կարող է խաղալ պաշտպանի իր ավանդական դերը՝ միայն սահմանափակ ձեւով: Ղարաբաղում տեղակայված ռուսական «խաղաղապահ զորքերը» ոչինչ չեն ձեռնարկել Ադրբեջանի կողմից կրկնվող ռազմական հարձակումներին հակազդելու համար, ինչպես նաև հանդուրժում են Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը», գրում է շվեյցարական թերթը: «Հայաստանը ուկրաինացիներից հետո, ուկրաինական պատերազմի ամենամեծ զոհն է, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի դիտարկումն է փոխանցում «ՆՑՑ»-ը: «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Սուքիասյանի ներկայացմամբ՝ «Ռուսաստանը ներկայիս տկարության պատճառով ստիպված է ավելի շատ ուշադրություն դարձնել Թուրքիայի և Ադրբեջանի շահերին՝ ի հաշիվ Հայաստանի, որը շատ ավելի քիչ բան ունի առաջարկելու Մոսկվային: Անկարան և Բաքուն, մյուս կողմից, մեծ օգնություն են ցուցաբերում Ռուսաստանին՝ շրջանցելու արևմտյան տնտեսական պատժամիջոցները: Բաքուն գնում է ռուսական գազը, ինչը թույլ է տալիս ավելի շատ սեփական գազ արտահանել Եվրոպա:
Վերլուծականն անդրադառնում է Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցությանը: Սուքիասյանի խոսքով, Ռուսաստանի վարկանիշը Հայաստանում ահռելի տուժել է ղարաբաղյան հարցում աջակցության բացակայության պատճառով: Հայաստանի կառավարությունը վերջերս բազմիցս սպառնացել է դուրս գալ ՀԱՊԿ-ից, չեղարկել է զորավարժությունը: Մոսկվայի զայրույթն է շարժում փետրվարից Հայաստանում հյուրընկալված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը:
Այդուհանդերձ Հայաստանը տնտեսական և ռազմական առումով այնքան կախված է Մոսկվայից, որ չի կարող պարզապես արևմտյան ճամբար անցնել, այլ՝ պետք է ուշադիր հավասարակշռի հետագայում էլ: «ՆՑՑ»-ի հոդվածագիրը նկատել է տալիս, որ Փաշինյանը վերջերս նշել է, որ Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ: Բայց, շարունակում է շվեյցարացի հեղինակը, Հայաստանը միշտ ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմը դատապարտող բանաձեւերին, ինչն Արեւմուտքը չի ողջունում: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն և ԵՄ-ն վերջին շաբաթներին նկատելիորեն ուժեղացրել են իրենց միջնորդական ջանքերը Հարավային Կովկասում: Նրանք Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչներին սեղանի շուրջ են բերել Վաշինգտոնի արվարձաններից մեկում, Բրյուսելում, Մոլդովայում:
«Արևմուտքը կրկնակի հնարավորություն է տեսնում, ասում է քաղաքագետ Սուքիասյանը. մի կողմից՝ նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, մյուս կողմից՝ որպես խաղաղ կարգավորման բաղադրիչ, ապաշրջափակել Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիները, որ տասնամյակներ ի վեր արգելափակված են եղել: Արեւմտյան միջնորդները Ղարաբաղի ապագայի վերաբերյալ համոզիչ առաջարկով դեռ հանդես չեն եկել: Չնայած Վաշինգտոնում, Բրյուսելում և նույնիսկ Մոսկվայում խաղաղության կոչերին, տարածաշրջանում բռնության էսկալացիայի վտանգը դեռ սուր է: Եւ վտանգ կա, որ Ղարաբաղի հայերի շահերն անտեսվելու են», եզրափակում է «Նոյե ցյուրխեր ցայթունգը»:
Իսկ մենք դա արտոնելո՞ւ ենք: Ո՞ր իրավունքով:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա