44-օրյա պատերազմից հետո Հայաստանը՝ որպես ինքնիշխան միջազգային սուբյեկտ, կիսատ-պռատ է գոյատեւում: Օդում մշտապես լարվածություն կա: Անընդհատ ցույցեր, հանրահավաքներ են: Երկրի տնտեսությունն ու քաղաքական դաշտը հեղհեղուկ է շատ, ծակ կտուրի նման անընհատ կաթում է եւ ամեն րոպե կարող է փլվել: Ու քաղաքական այս ավերակի վրա ծանոթ պատմությունն է ուրվագծվում՝ պայքար ավերակներին թագավորելու, ոչ թե ավերակները վերականգնելու համար: Օրեցօր էլ իշխանություն-ընդդիմություն հակադրությունը խորանում է, ավելի ու ավելի անզիջում դառնում:
Տպավորություն է, որ իշխանությունն ու փողոց ելած ընդդիմությունը նույն որակի են, կամ, եթե կուզեք, նույնչափ անորակ: Ինձ երբեմն թվում է, թե երկուսն էլ խուսափում են քաղաքական պատասխանատվությունից: Երկուսի դեպքում էլ գործողությունների ծրագիր չունենալը բարդվում կամ բաշխվում է ժողովրդի վրա: Մեկի գոյությունը մյուսի լինելիության երաշխիքն է: Չլիներ այս ընդդիմությունը, չէինք ունենա այս իշխանությունը եւ հակառակը:
Թվում է, թե արդեն բոլոր համակարգերն էլ արդեն փորձել ենք, եւ բոլորն էլ՝ անհաջող, բոլորն էլ անպետք են ներկայացել: Մեզ համար փաստորեն եվրոպական միջամտությունը եղավ ու մնաց պլատոնական, ամերիկյանը` շատ հեռու եւ անիրական, անգլիական նավերը՝ «լեռների վրա մագլցելու անկարող», ռուսական գրավումը՝ անգործադրելի, հայկական ռազմուժը սաստիկ թուլացած, ցույցերը՝ վնասակար, մեր պատրաստած ռումբերը՝ միայն մեզ համար սոսկալի եւ այլն: Այսուհետեւ որքան կրկնենք այս փորձերը, նույն արդյունքը պիտի ստանանք, որովհետեւ հստակ չենք պատկերացնում, թե որն է փրկության միջոցը: Հետո էլ, հասարակությանը ղեկավարող եւ առաջնորդող կարող ուժը` մտավոր, քաղաքական, տնտեսական էլիտան, որից է ակնկալվում լուծում գտնելու հնարը, այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չի անում, այլ ընդամենը սպասողական դիրք է գրավել: Ավելի ճիշտ կլինի ասել, որ մտածող, լուծումներ առաջարկող, գեներացնող ու ազգին առաջնորդող էլիտա՝ որպես խավ, Հայաստանում ազնվականության վերացումով X-XII դարերից սկսած չի եղել եւ այսօր էլ չկա: Չկա հատկապես անձնական պատասխանատվությունը: Այն հիմնական գաղափարն ու անկյունաքարը, որը Հայաստանի քաղաքական վերնախավը չունեցավ անկախության ողջ շրջանում:
Ցավով պիտի արձանագրենք, որ այսօր չունենք հոգեւոր, քաղաքական առաջնորդություն, չկան վարքագծային լիդերներ, որոնց հետեւից հասարակությունը պատրաստ է գնալ: Այսինքն` փաստորեն գրեթե պատմական նույն շրջանում ենք, ինչ նախորդ դարասկզբին: Ու քաղաքական, տնտեսական, մտավոր վերնախավի կամ, այլ կերպ ասած, «առաջնորդող դասակարգի» վարքն էլ լրիվ նույնն է: Իշխանությունը՝ հարյուր տարի առաջվա նման հասարակությանը համախմբող ու հասարակությանը զարգացման մղող լուծումներ չի առաջարկում, քանի որ չունի: «Ամեն ինչ կտանք, միայն թե մեզ հանգիստ թողնեն»: Սա է առաջարկվող փիլիսոփայությունը: Սթափվելու, ոտքի կանգնելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի կատարվում: Ընդդիմությունն էլ իր հերթին, Հայաստանի անվտանգության ու զարգացման ծրագիր չունենալով, կառչում է վարչախմբի արտաբերած մտքերից, այդ մտքերի ժխտումը դարձնում քաղաքական օրակարգ ու մարդկանց առաջարակում դուրս գալ փողոց: Կրկնօրինակելով 2018-ի սցենարը՝ գործողությունների ողջ զինանոցում մեկ մարդու դեմ պայքարն է, նրան հեռացնելու օրակարգը: Այսինքն` նախկինի նման տառացիորեն կրկնելով` առաջ է տարվում ընդդեմի եւ ոչ թե հանունի գաղափարը:
Պատերազմից հետո բոլոր առումներով հյուծված հասարակության հուսահատության հետ խաղալը, օբյեկտիվորեն զայրացած, հոգնած, նյարդային լարված վիճակում գտնվող մարդկանց փողոց հանելը՝ քաղաքացիական բախումներն աչքի առաջ ունենալով, կարծում եմ` վտանգավոր ու անպատասխանատու քայլ է: Հատկապես՝ առանց քաղաքական օրակարգի: Հատկապես՝ երբ զարգացման որեւէ իրատեսական ծրագիր չի առաջարկվում: Պայքարի գեներացիան միայն վարչապետի անձի ու նրան շատ մոտ գտնվող մի քանի մարդկանց հանդեպ ատելությունն է: Ու՝ միայն անձի: Ընդ որում, իշխանության քաղաքականության մասին քննադատությունն էլ բացառապես «ավելի լավ է լինել առողջ ու հարուստ, քան աղքատ ու հիվանդ» փիլիսոփայության շրջանակում է:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պատերազմում մեր կրած պարտությունը, մարդկային, տարածքային եւ ինքնիշխանության կորուստները շատ են ու անչափելի: Սակայն դրանց հետեւանքով առաջացած բարդագույն խնդիրներն ու մեզ նետված մարտահրավերներին լուծումներ առաջարկելու փոխարեն միակ առաջարկվող լուծումը մեկն է՝ հեռացնենք վարչապետին, իսկ մնացածը հետո կերեւա: Բայց դա, կարծում եմ, այնքան էլ հեռանկարային ռազմավարություն չէ: Ավելին, ուղղակի զարմանք է առաջացնում, թե ինչպես կարելի է քաղաքական ներկայության տասնամյակների փորձ ունենալ ու առաջարկած օրակարգը լինի մեկ քայլանո՞ց՝ վարչապետի հեռացու՞մը, իսկ իշխանափոխության գործողությունների քարտեզը՝ Փաշինյանի քայլելու պատմության պլագիա՞տը: Այնինչ, մեկ բան ավելի քան հստակ է. փողոց դուրս գալը, իշխանությունների հրաժարական պահանջելը, ինչ խոսք, լեգիտիմ օրակարգ է: Սակայն քաղաքական հավակնություն ունեցող ուժը պետք է նաեւ պարզ ու ըմբռնելի իր հաջորդ քայլերը ներկայացնի եւ դրանք առնվազն իրատեսական ու առարկայական լինեն, արտահայտեն հասարակության մեծամասնության ձգտումներն ու նպատակները, որպեսզի համոզեն մարդկանց: Թե չէ կրակոտ ճառեր ասելը ոչինչ չասելու համար, կարծում եմ հռետորիկայի անդաստանից են, դատարկ կրակոցներ:
Ո՞ւմ համար է գաղտնիք, որ ԱԺ ամբիոնը ամենահարմար քաղաքական հարթակն է՝ իշխող վարչախմբին ուղիղ, կոնկրետ, ցավեցնող հարցեր տալու ու նրա պատասխաններից հասարակական բողոքի, անհամաձայնության կարծիք ձեւավորելու համար: Սակայն, որքան նկատել եմ, մեր ընդդիմադիրներն աշխատում են ԱԺ-ում վարչապետի հետ փաստարկված առճակատման դուրս չգալ, խուսափում են ուղիղ հարցադրումներից, իսկ այնպիսի պարզունակ եւ արդեն հնացած «կապիտուլյանտ», «դավաճան» մեղադրանքներն ուղղակի հակադարձվում են: Ու օրակարգն սպառվում է «բա ձեր ժամանակ ոնց էր» հարցադրումով:
Արձանագրենք նաեւ, որ անկախության երեսուն տարիների ընթացքում գրեթե անընդհատ գեներացվել է պետության ինքնիշխանության կորուստը: Այսօրվա կառավարողներն ուղղակի ավելի արագ եւ ավելի տեսանելի են դա անում: Իսկ խուսափել քաղաքական անցյալից՝ հավակնելով քաղաքական ապագայի, պարզապես հնարավոր չէ: Աշխարհի քիչ թե շատ քաղաքակիրթ բոլոր երկրներում, երբ որեւէ գործառույթ ձախողում ես, պիտի տեղդ զիջես այդ գործառույթն ավելի լավ իրականացնողին: Բոլորին (բացի իհարկե իշխանության ընձեռած հնարավորություններից լիուլի օգտվողների) պարզ է, որ այս իշխանությունը տանուլ է տվել պատերազմը, ձախողել է կառավարումն ու պետք է հեռանա: Սա չափազանց ակնհայտ է: Սակայն պարզ է նաեւ, որ փողոցում հայտնված ընդդիմությունն ինչ-որ տեղ նաեւ երաշխավորն է դառնում ներկա իշխանության: Ինձ թվում է, որ խնդիրն ավելի շուտ անձնական դաշտում է…:
Հայտնի իրողություն է, որ անձնական պատասխանատվություն կրելուց խուսափելու ամենատարածված միջոցը անձնական պատասխանատվությունը բոլորի վրա բաշխելն է: Հենց այդպես էլ այսօր անում է վարչապետը՝ միայնակ կարեւորագույն որոշումներ է ընդունում եւ իր որոշումները ներկայացնում որպես իրեն վստահած քաղաքացիների որոշում: Քաղաքացիների աջակցությունը պետք է ձեռք բերել պրոֆեսիոնալ, տքնաջան ու ազնիվ աշխատանքով: Այդպիսի օրինակ ունենք, երբ կոնկրետ մարդը ստանձնում է կոնկրետ պատասխանատվություն ու իր գործն է անում: Գործի արդյունքը նրա շուրջ է համախմբում քաղաքացիներին: Ինչպես պատերազմի ժամանակ ու դրանից հետո Արցախի ու Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանները՝ Արտակ Բեգլարյանն ու Արման Թաթոյանը: Իսկ այսօր` պարտված պատերազմից հետո ակնկալել գործողությունների նույն ծրագիր, ինչ 2018-ին էր, նշանակում է քաղաքական մանկամտություն դրսեւորել:
2018-ին մեկ քայլանոց գործողության գինը չէինք պատկերացնում, ու դա չափազանց թանկ նստեց Հայաստանի վրա: Այսօր լրիվ այլ իրավիճակ է: Սակայն, ինչպես երեւում է, անդառնալի կորուստները չհասունացրեցին ո՜չ իշխանությանը, ո՜չ ընդդիմությանը: Եթե հաշվի առնենք աշխարահաքաղաքական այս վտանգավոր զարգացումներն ու տարածաշրջանում ստեղծված կացությունը, երբ սեղանին պետության, պետականության լինել-չլինելու հարցն է դրված, ապա միանշանակ կարելի ասել, որ Հայաստանի պետականության համար հակացուցված են թե՛ գործող իշխանությունները եւ թե՛ փողոց դուրս եկած ընդդիմությունը: Ներկա պահին մեզ խելացի, սրտացավ, հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի, պետականության, անհատի ու հասարակության մասին մտածող ընդունելի առաջնորդ եւ ապագային միտված իրատեսական ու հստակ ճանապարհային քարտեզ-ծրագիր է անհրաժեշտ: Իսկ թե որտեղ եւ ով է նա, չգիտեմ: Միայն վստահաբար կարող եմ ասել, որ դա ես չեմ: Եթե յուրաքանչյուրս առաջնորդվի այս իրատեսական ու օբյեկտիվ մոտեցման ու ինքնաբացասման սկզբունքով, հնարավոր է այդ ԱՆՁ-առաջնորդն ուրվագծվի, նկատելի դառնա եւ առաջնորդի ժողովրդին ու այս փոսից դուրս բերի երկիրը:
Այս դեպքում հնարավոր կլինի ոչ միայն Արցախի հիմնահարցով իրատեսական առաջարկ ներկայացնել, այլեւ արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսության եւ հոգեւոր ու մշակութային խնդիրներով: Վերափոխությունների ձգտող ընդդիմությունը, ցավոք, չունի անգամ իր Փաշինյանը, որ կպառկի ավտոբուսի տակ եւ կբարձրանա փշալարին, այսինքն` գործողին փոխարինող: Բավական է իրենցից մեկի անունը հնչի՝ մասնակիցների թիվը կտրուկ կնվազի, համախոհ կուսակցությունները կդառնան թշնամի: Վերջին օրերի գործընթացները ցույց են տալիս նաեւ, որ այդ առաջնորդի ու հստակ ծրագրված քայլերի բացակայությունը մի տեսակ շփոթեցրել է նաեւ հասարակությանը: Պակաս կարեւոր ու զգուշացնող չէ նաեւ ոչ վաղ անցյալի դառը փորձը, երբ անարդարություններից ու կարծրացած խաղի կանոններից հոգնած եւ փոփոխության ձգտող ժողովուրդը մեկ մարդու նման ոտքի կանգնեց, բայց… «ջրից ջրհեղեղի մեջ» հայտնվեց: Իսկ սովորաբար որեւէ իշխանություն հեռացնելը հավաքական ցանկություն կդառնա, եթե օրակարգում լինեն պարզ ու հասկանալի շարադրված հաջորդող առաջին, երկրորդ, երրորդ քայլերը՝ ճանապարհային քարտեզով եւ ընդհանուր գծերով նաեւ տեսանելի ապագան:
Կարեւոր մի դիտարկում էլ. բոլորովին կարիք չկա, որ ընդդիմության որեւէ ներկայացուցիչ կամ ցուցարար նախ` ներկայանա ավելի հայրենասերի ու փրկչի դիրքերից եւ դավաճան ու ազգուրաց որակի բոլոր նրանց, ովքեր կա՛մ չեն մասնակցում ցույցերին, կա՛մ` ավելի ցածր են բղավում: Այս դեպքում կորուստն ավելի կլինի: Հետո էլ` նման իրավիճակներում լինում են նաեւ չկողմնորոշվածներ, տատանվողներ, որոնց համոզել է պետք, ճշմարիտ եւ իսկապես ազգօգուտ գործ կատարելուն պատրաստ լինելն ինչ-որ ձեւով ապացուցելը: Հակառակ դեպքում այս ամենն աթոռակռվի տպավորություն կարող է թողնել:
Շատ եմ ցանկանում, որ բարին, ազնիվը, անկեղծն ու իսկապես ազգնպաստ գործը հաղթանակի, որ բոլորիս ուղեղներում արեւ ճառագի եւ համատարած նյութապաշտությանն ստվերի…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր