Հայաստան-Արցախ ճանապարհի վրա անցակետի տեղադրումը, անգամ այն տարբերակով, որն առաջ է տանում ռուսական կողմը, առանց հայերի մասնակցության բանակցելով ադրբեջանցիների հետ (սկաների տեղադրում, որով ռուս խաղաապահները կստուգեն Արցախ ուղեւորվող հայկական մեքենաները, իսկ ադրբեջանցիք այդ բոլորին կհետեւեն առցանց), մեզ վերադարձնում է խորհրդային ժամանակների ԼՂԻմ, երբ ռուս իրավապահները, ադրբեջանցի իրավապահների հետ ձեռք-ձեռքի, նվաստացումների էին ենթարկում Ղարաբաղի ժողովրդին, ղարաբաղցիների հանդեպ բազմաթիվ անարդարություններ կիրառում: Ու դրանց մասին ես առաջին ձեռքից լսում էի ուսանողական շրջանի իմ արցախցի ընկերներից, ի վերջո այդ պատճառով տեղի ունեցավ Արցախյան շարժումը:
Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետի տեղադրման օրը Հայաստանի Ազգային ժողովում արտահերթ նիստ էր: Սպասեցինք, որ որեւէ պատգամավոր կխոսի այդ մասին, սակայն ի զարմանս լրագրողների (բայց ո՛չ՝ տողերիս հեղինակի)՝ պատգամավորները հանգիստ քննարկում էին զենքի մասին օրենքը, անվրդով ելույթ ունենում, իսկ թեմայից շեղվող իշխանական մի պատգամավորուհու մտքով էլ անցել էր ոչ ավել, ոչ պակաս՝ Միքայել արք. Աջապահյանին դաս տալ եւ սովորեցնել: Եւ միայն օրվա վերջում, երեքժամյա ընդմիջումից հետո գումարված նոր արտահերթ նիստին, երբ ոչ մի լրագրող չէր մնացել ԱԺ շենքում, «Հայաստան» դաշիքից Արթուր Խաչատրյանը անցակետի հետ կապված ելույթ ունեցավ, որն այդպես էլ աննկատ անցավ: Ճիշտ է, խորհրդարանի լացի պատի մոտ լրագրողները բերման ենթարկեցին «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանին եւ էլի մեկ-երկուսին՝ այդ թեմայով խոսեցնելով, բայց այլ բան է լացի պատը (ընդդիմադիրների միջանցքը), այլ բան՝ խորհրդարանի ամբիոնը, որը դարձավ անցակետի թեմայով լուռ համաձայնության վկան: Զարմանալին մի ուրիշ բան էլ էր՝ երբ դրա հաջորդ օրը իշխանական պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանն էր պատասխանում այդ թեմայի վերաբերյալ հարցերին եւ ի պատասխան մեր այն հարցի, որ Հայաստանը դիտորդի կարգավիճակն է ստանձնել, նա պատասխանել էր, թե դիտորդի կարգավիճակում չպետք է լինենք, մեկ այլ լրագրողի հարցին ի պատասխան էլ չորել էր՝ կրակեն- կրակելու ենք, Քոչարյանի այս մոտեցումները այդպես էլ չհայտնվեցին Հայաստանի իշխանությունների թիվ մեկ խոսափող Հ1-ի լուրերում: Արդեն իրենք իրե՞նց են գրաքննում:
Ոչինչ չհաջորդեց անգամ այն բանին, երբ ադրբեջանցիները հանդիսավոր կերպով իրենց դրոշը տեղադրեցին Բերձորի ճանապարհի հենց սկզբում, այն ճանապարհի, որը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ նոյեմբերիննյան թղթով տրվել է ռուսներին, նրա՛նք են այդ բոլորի պատասխանատուն: Եկեք չհամաձայնենք Գրիգորյանի հետ (որքան էլ նա Շպունտիկի դեմքով իր վերադասներին հարմար թեզեր դնի շրջանառության մեջ).՝ նախ որ այդ թուղթը ստորագրած Հայաստանի կրավորական կեցվածքը ոչ մի կերպ չի արդարացվում՝ հայկական տարածքների շուրջ բազարին անտարբեր նայելու առումով եւ սեփական խնդիրները վերահասցեագրելով ռուսներին: Եւ երկրորդ՝ Արցախից հնչող ձայներն էլ ավելի իրականությանը մոտ են՝ մասնավորապես Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի այն բնորոշումը, որ տեղի ունեցողն արդեն ոչ թե ռուս խաղաղապահների տիրույթում է, այլ աշխարհաքաղաքական հարց, ու նա ռուսների հետ մեկտեղ՝ Երեւանի, Վաշինգտոնի, Փարիզի մասնակցությունն է ակնկալում բանակցություններին: Ավելացնենք նաեւ, որ վերջին ճեպազրույցում նույնիսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր անցակետի տեղադրման հետ կապված սկզբունքի էր գցում Հայաստանին , թե՝ «մենք սկբունքորեն կարեւոր ենք համարում, որ պաշտոնական Երեւանն իր ներդրումն ունենա փոխադարձ ընդունելի լուծումների հարցում»:
Լռությունը, պարզվեց, մինչեւ հինգշաբթի կայացած կառավարության նիստն էր, Փաշինյանի՝ այդ թեմայով եւ Զախարովային զուգահեռ բարձրաձայնումները. միայն նա երեւի իրավունք ունի, փաստորեն, նոր պարզաբանումներ անելու: Նա նշեց, որ Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղադրմամբ իրավիճակն ավելի է սրվում, քանի որ պարզ չէ, թե որքանո՞վ է Ադրբեջանն իրեն պարտավորված զգում կատարել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները:
«Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղադրումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Առիթ ունեցել եմ ասելու, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության բոլոր կետերը: Այս ամենի արձանագրումը, սակայն, պետք է բերի կոնկրետ եզրակացությունների: Ուզում եմ ներկայացնել մեր պատկերացումները իրադրության ընդհանուր կարգվորման վերաբերյալ. ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանքը՝ այսպիսով ապահովելով միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն բացի ՌԴ-ից՝ որեւէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի: Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթեւեկությունը: Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», – ասաց Փաշինյանը:
Հա՞, վա՞տ է երեւում, որ Ադրբեջանը ոչ մի պարտավորություն հակված չէ կատարել, շրջափակել է Արցախը, անցակետ ու դրոշ է տեղադրում, Հայաստան է մտել: Այդքանից հետո ի՞նչ խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային երաշխիքներից եւ վեճերի լուծման հասկանալի ու գործուն, էսկալացիան բացառող համակարգի ներդրումից է խոսում վարչապետը՝ ԼՂՀ իրավունքներն ու անվտանգությունը Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ բանակցություններին հասցեագրելով: Իսկ Հայաստանն այդ դեպքում ինչո՞ւ է ստորագրել նոյեմբերիննյան թուղթը ու քաշվել մի կողմ, ո՞ւմ է ասվում, թե Արցախը հայության կառափնարանի վերածելու Ադրբեջանի ջանքերը պետք է կասեցվեն, ո՞վ է կասեցնելու, միջազգային ապահով նստավայրերից դատարկ կոչ անողնե՞րը. «Հայաստանը շարունակելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը, բայց այդ ջանքերին զուգահեռ՝ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը: Ադրբեջանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն ու սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում: Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ է Լաչինի միջանցք ու ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել»:
Արդյո՞ք նման մտքեր հայտնելիս վարչապետն ու մյուս իշխանականները հավատում են իրենց ասածին, թե պարտիա է՝ խաղում են, Զախարովայով, միջազգայիններով-բանով, մինչեւ տեսնեն՝ ոնց է վերաբաժանվում աշխարհը, այդ թվում՝ ո՞նց են բզկտվում մեր կենսական տարածքները:
Արդյոք ժամանակը չէ՞, որ մեր ժողովուրդը փոքրով ու մեծով ոտքի կանգնի՝ պաշտպանելու եւ պարտադրելու իր իրավունքները: Արդյոք մեր միջից, անգամ զինվորական դասից, չե՞ն առաջանալու այն մարդիկ, որոնք տարածաշրջանային շահեր ունեցողներից որեւէ բեւեռի հետ պայմանավորվածության մեջ չեն եւ կաշկանդված չեն դրանցով՝ ժողովրդին ոտքի հանելու եւ մեր տարածքների, մեր անվտանգության խնդիրները արժանապատվորեն լուծելու համար, եթե ներկա իշխանությունն ու ընդդիմությունը ինչ-ինչ պատճառներով կամ դիվանագիտական էտիկետով կաշկանդված են դա անել:
Քաղաքապետի, թե՞ իշխանության իրավահաջորդի ընտրություն
Դատելով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության մտադրություն ունեցողների եւ նրանց հետեւում կանգնած քաղաքական ուժերի խայտաբղետ ցուցակից՝ կանխապես կարելի է եզրակացնել, որ հնարավոր մասնակիցները սեպտեմբերին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկում են որպես քաղաքական մրցակցության ռեալ հարթակ, անգամ իշխանափոխության տեսակետից մոտենալով դրանց: Իշխանության մեջ եղածների մի մասը այդ հնարավորությամբ վերստին կստուգեն իշխանության վարկանիշը, որն անշուշտ, Արցախի եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցողի ֆոնին՝ ավելի ու ավելի նվազում:
Իշխանության թեկնածու համարվող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին հավանաբար իշխանության ներսում, այնուամենայնիվ, ոչ բոորն են հակված տեսնել քաղաքապետի, եւ ինչու չէ՝ վարչապետական հնարավոր հավակնությունների ծիրում՝ իշխանության մեջ կան ավինյանական եւ հակաավինյանական թեւեր, եւ դա շատ շուտով կարտացոլվի, քանի որ կուլիսներում խոսվում է այն մասին, որ ՔՊ պատգամավոր եւ համատեղությամբ մեծահարուստ Խաչատուր Սուքիասյանը բոլորովին այլ թեկնածուի է աջակցելու:
Հայտնի է, որ ընդդիմությունը, չնայած դեռ վերջնական որոշումներ չունենալուն, մտադրություն ունի մասնակցել ընտրություններին. Հավանաբար ՀՀԿ-ն եւ նրան մերձ խորհրդարանական խմբակցությունն, ի դեմս Տարոն Մարգարյանի կամ Արթուր Վանեցյանի, քոչարյանամերձ շրջանակները հանրությանը դեռեւս անհայտ իրենց թեկնածուները կունենան, ՀՅԴ-ն միգուցե առանձին թեկնածուով հանդես գա: Դեռ ոչինչ պարզ չէ, անգամ այն, թե սեպտեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ըստ ժամկետի անցկացվե՞լ, թե՞առաջ գցվել ու նշանակվել ավելի վաղ, որպես արտահերթ ընտրություններ, եթե իշխանության մեջ հասկանան, որ այս երեք ամիսը իշխանական թեկնածուի վարկանիշը բարձրացնելու փոխարեն՝ նվազեցնելու է:
Ճիշտն ասած՝ այն հանրահայտ սխեմաները, որոնք անցյալում էլ կային եւ հիմա էլ հաջողությամբ կիրառվում են, այն է՝ նշանակել վարչակազմերի ժամանակավոր ղեկավար (Երեւանն այժմ փաստացի ղեկավարում է փոխքաղաքապետ Ավինյանը, քաղաքապետարանն էլ մարդիկ հումորով անվանում են փոխքաղաքապետարան՝ ժամանակավոր պաշտոնակատարի առկայությամբ թեկուզ), օժտել նրան վարչական լծակներով եւ հետո իբր ընտրությամբ դարձնել ղեկավար, սա միշտ է աշխատել եւ հիմա էլ կաշխատի. բա վերելակ են փոխում, նոր ավտոբուսներ բերում, մետրոյի կառուցման խոստումներ շռայլում, Երեւանը վերածել են մեծ շինհրապարակի՝ շենք է, որ կառուցում են, այդ բոլորը հո իզո՞ւր չեն: Որ Տարոն Մարգարյանն է (կամ Վանեցյանը՝ դեռ որոշելու են) մասնակցելու ընտրացուցակ գլխավորելով, Ռուբեն Վարդանյանն՝ ի դեմս Մանե Թանդիլյանի, Կենտրոնի նախկին թաղապետը, շուտով նոր թեկնածուների անուններ եւս կլսենք, իշխանությունն էլ իր ողջ վարչական ռեսուրսն է մարտի նետել՝ նշանակում է Երեւանով իշխանություն վերցնելու տարբերակը ե՛ւ իշխանականներն են ռեալ համարում, ե՛ւ ընդդիմադիրները: Թե Արցախն ինչ օրի է՝ ո՞ւմ է հետաքրքրում, բոլորը փորձելու են իշխանության ամենամեծ տորթից՝ մայրաքաղաքում իշխելուց մաս ձեռք գցել, քանի որ ողջ փողը, տնտեսական լծակների առյուծի բաժինը հենց Երեւանում են:
Ի դեպ՝ Ավինյանի քաղաքապետ դառնալով՝ իշխանությունն ընդգծված երկբեւեռ է դառնալու՝ մինչեւ նրանցից մեկի հեռացում, համենայնդեպս՝ Տիգրան Ավինյանն իր հետագա պլաններում այդպիսի սցենար կարող է գծած լինել: Այնպես որ՝ դատելով Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր առիթներով ի հայտ եկած ընդգծված ինքնապաշտանական բնազդից, կարելի է կանխատեսել, որ Ավինյանին կարող են էս գլխից խանգարել: Եթե , իհարկե, տարածաշրջանային սցենարների համատեքստում հենց նախատեսված չէ ինչ-որ թղթերի ստորագրումն ու վարչապետի՝ իշխանության հանձնումն իր իրավահաջորդին: Սակայն նկատի ունեցեք, որ իրավահաջորդին միշտ էլ կարելի է փոխարինել սկզբից, ընթացքում եւ հետո՝ խժդժություններով կամ առանց դրանց: Պատկերը պարզ կլինի, երբ ուրվագծվի քաղաքային իշխանության համար պայքարողների ողջ քարտեզը, իշխանական մեծահարուստ պատգամավորի աջակցությունը ստացող ենթադրյալ թեկնածուն ներառյալ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ