Իրաքում լույս տեսնող քրդական «Իրաքի եղբայրություն» արաբալեզու թերթում լրագրող Աթթա Դարգհամին տպագրել է 8 էջանոց հարցազրույց երեւանցի երիտասարդ լրագրող եւ բանաստեղծուհի Աշխեն Քեշիշյանի հետ՝ նաեւ արաբերեն թարգմանությամբ ներկայացնելով նրա «Ճանապարհները երբեմն իրենք սկսում են քայլել» եւ «Երբեմն հրեշտակն ընկնում է իմ ուսերից» բանաստեղծությունները: Դարգհամին Քեշիշյանի պոեզիային ծանոթացել է «Գրանիշ» առցանց գրական կայքէջում: Հարցազրույցում Քեշիշյանը պատմել է իր նախիների մասին, նշել, որ տատիկն արմատներով եղել է Ադանայից, խոսել ժամանակակից հայ պոեզիայի, իր գրական գործունեության մասին:
Աշխեն Քեշիշյանը (ծնված 1982-ին) որպես լրագրող աշխատել է «Իրավունք», «Հրապարակ» թերթերում, kinoashkharh.am կայքէջում՝ հիմնականում լուսաբանելով Հայաստանի մշակութային կյանքը: 2007-ին լույս է տեսել նրա «Տես» բանաստեղծությունների ժողովածուն:
Մինչ այս մի քանի ամիս առաջ Աշխեն Քեշիշյանի «Այս հողը, որ հոսում է մեր ձեռքերի ափերից» բանաստեղծությունը Սեվիեր Մետչերիլի թարգմանությամբ լույս է տեսել Հնդկաստանի մալայամ լեզվով:
Ա. Բ.