Որեւէ երկրի նպատակն է իրականացնել տնտեսական աճ: Դրան կարելի է հասնել արտադրողականության աճով: Գիտակ, կրթված, զարգացած մասնագետները, տիրապետելով համապատասխան գիտելիքների ու ցուցաբերելով ստեղծարարություն եւ նոր մոտեցումներ, կարող են բացել ներդրումային միջավայրի համար նոր հնարավորություններ:
Վերջին տարիների ընթացքում երկրում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք, բացի քաղաքական ու տնտեսականից, հիմնարար փոփոխություններ են առաջացրել բնակչության գիտակցության մեջ: Յուրաքանչյուր երկրի կրթված բնակչությունն է երաշխիք հանդիսանում ազգային խնդիրների, անվտանգության եւ զարգացման ապահովման համար: Հետեւաբար, կայուն զարգացման հիմքում պետք է դրվի գիտակ մասնագետների պատրաստումը եւ ներդրումային միջավայրի զարգացումը:
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում մեծ ծավալի գիտական հետազոտություններ են կատարվում տնտեսագիտության տարբեր ոլորտների զարգացման համար: Մասնավորապես, «Աշխատանքի շուկան՝ որպես գործարար միջավայրի բարգավաճման քաղաքականություն» թեմայի շրջանակներում (ղեկավար՝ տնտեսագիտության թեկնածու Փարսադանյան Տաթեւիկ, կատարողներ՝ Մանուկյան Գրիգոր, Ըռքոյան Արսեն) ուսումնասիրվում են կրթական համակարգի օբյեկտիվ չափանիշները, տնտեսական գործոնները, լավագույն փորձը, բացահայտել բացթողումները եւ առաջարկել մեխանիզմներ՝Հայաստանի առաջխաղացման համար:
«Համաշխարհային հանրության վերափոխման ժամանակակից պայմաններում առանձնահատուկ ուշադրության է արժանի աշխատանքի շուկան:Ժամանակակից շուկայատնտեսական պայմաններում աշխատանքի շուկայի ներկայացուցիչները պետք է ցուցաբերեն ստեղծարարություն եւ նորարարական մտածելակերպ, որը հանդիսանում է մրցակցային առավելություններից մեկը: Այդ իսկ պատճառով աշխատանքի շուկայում տնտեսության պահանջարկին համապատասխան մասնագետների ապահովումը չպետք է դիտարկել միայն բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման տեսանկյունից, այլ պետք է նաեւ ճիշտ համադրել մասնագետի անձնային ու մասնագիտական որակները գոյություն ունեցող շուկայական պայմաններին», զրույցի ժամանակ ասաց Տաթեւիկ Փարսադանյանը:
Անտարակույս, գործընթացի ճիշտ կազմակերպումը եւ իրականացումը հնարավորություն կտա մարդկանց աշխատանքային ճիշտ տեղում գտնվել, որն էլ կապահովի բարձր արտադրողականություն:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ