ԵՐԵՎԱՆ-ՖԱԱ՛Ա, Թաիթի, Ֆրանսիական Պոլինեզիա – Անտոնի Չեքեմյանը (ծն. 1974, Վալանս, Ֆրանսիա) մարդկային աշխարհագրության, աշխարհաքաղաքականության, շրջակա միջավայրի գիտությունների, գյուղատնտեսության, քաղաքային եւ տարածաշրջանային ծրագրման մասնագետ է: Գրենոբլի Քաղաքային ծրագրման ինստիտուտում ստացել է բակալավրի եւ մագիստրոսի աստիճան ծրագրման եւ հետազոտության ոլորտում: Դոկտորական թեզը, որ քննում է Եվրոպական Միության միասնական ագրարային քաղաքականության ազդեցությունը Ֆրանսիայի գյուղական համայնքների վրա, 2010-ին պարգեւատրվել է Ֆրանսիայի Գյուղատնտեսական ակադեմիայի մեդալով: 2013-ից դասավանդում եւ հետազոտություններ է կատարում Ֆրանսիական Պոլինեզիայի համալսարանում: 2023-ին Ավինյոնի համալսարանից ստացել է հետդոկտորական որակավորման վկայագիր: Նույն թվականին հրատարակել է «Կլիպերտոն. Լա Պասիոնի մնացորդները. Հյուսիս-Արեւելյան Խաղաղ օվկիանոսի միակ ֆրանսիական մարջանակղզու հետաքննություն» գիրքը, որը նվիրված է քիչ ուսումնասիրված անմարդաբնակ Կլիպերտոն կամ Կրքերի կղզուն…
–Սիրելի՛ Անտոնի, ինչպե՞ս կբնորոշեք ձեր գիտական ուղին:
-Իմ գիտական ուղին որոշ չափով անսովոր է: Սկսել եմ մասնագիտական ուսումնասիրություններից՝ շրջակա միջավայրի բնագավառում, ապա անցել ծովային կենսաբանության ոլորտ: Համալսարանական կրթությունն ինձ հնարավորություն տվեց կենտրոնանալ «քաղաք-բնություն» հարաբերության վրա: Լոթարինգիայի համալսարանում չորս տարի դասավանդելուց հետո հաստատվեցի Ֆրանսիական Պոլինեզիայում: Այստեղ իմ հետազոտական աշխատանքն ինձ տվեց զգացական խորաթափանցություն, որը բացակա էր նախորդ գործունեությանս մեջ: Ինձ անհրաժեշտ էր զգալ տարբերություն, բայց միաժամանակ արմատավորված լինել ազգակցական մտերմիկ զգացումի մեջ: Ֆրանսիական Պոլինեզիան իր մշակույթով եւ արժեքներով ինձ համար ամենահարմար վայրն է, քանի որ կապ է ստեղծում իմ հայկական ծագման հետ:
–Կարծում եմ՝ շատ հետաքրքրական պիտի լինի արեւադարձային կղզում ապրել եւ այն ուսումնասիրել: Ի՞նչ հետազոտությունների մեջ եք ներգրավված:
-Իմ հետազոտությունը կենտրոնացած է արեւադարձային կղզային տարածքներում տարածքային եւ առողջապահական խնդիրների վրա: Վերլուծում եմ ագրոարդյունաբերական մոդելների եւ ավանդական պրակտիկաների միջեւ առկա լարվածությունը՝ առանձնացնելով տեղական լուծումներ, ինչպիսիք են համայնքային այգիները եւ կարճ սննդային շղթաները: Ուսումնասիրում եմ սննդի ինքնավարության, ինքնապաշարային գյուղատնտեսության, հանրային առողջապահական քաղաքականությունների եւ տեղական դինամիկայի կապը: Հետազոտությանս նպատակը լայն մտածողություն զարգացնելն է անցման փուլում գտնվող տարածքների վերաբերյալ, որոնք կանգնած են համաշխարհայնացման եւ կլիմայական փոփոխությունների առջեւ:
–Սպորտը կարծես ձեր կյանքի մեկ այլ հիմնարար կողմն է…
-Յոթ տարեկանից զբաղվել եմ ձյուդոյով՝ ներշնչվելով ֆրանսահայ մարզիկ Բեռնար Չուլույանի (1953-2019) օրինակից, որը 1981-ին դարձել է աշխարհի չեմպիոն: Փարիզում երկու անգամ մասնակցել եմ Ֆրանսիայի կորպորատիվ առաջնություններին, դարձել Ֆրանսիական Պոլինեզիայի ձյուդոյի փոխչեմպիոն 2021-ին եւ չեմպիոն՝ 2022-ին: 2023-2024 թթ. ներկայացրել եմ Պոլինեզիան Խաղաղօվկիանոսյան խաղերում: Ունեմ երկրորդ դանի սեւ գոտի: Եվ դեռ հիսուն տարեկանում շարունակում եմ զբաղվել այս սպորտով: Բայց արդյունքներից բացի, ձյուդոն ինձ համար եղել է ավելին, քան սպորտը. այն իմ կյանքի հավասարակշռությունն է, ինքնաճանաչման ճանապարհը, ինքնագնահատման միջոցը: Նրա բարոյական կոդը՝ մեծահոգություն, քաջություն, անկեղծություն, պատիվ, համեստություն, հարգանք, ինքնակառավարում, ընկերություն, դարձավ այն գործելակերպը, որը ես կիրառում եմ ընտանիքում, մասնագիտական ու անձնական կյանքում: Այն օգնեց ինձ դիմակայել դժվարություններին եւ պահպանել ուժեղ արժեքներ, հատկապես գիտական աշխարհում, որտեղ հաճախ առկա է ստոր ու նախանձալից վարվելակերպ: Նաեւ երկար տարիներ զբաղվել եմ կամավոր դասավանդմամբ՝ ակումբներում, դպրոցներում, տարբեր խմբերի հետ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների: Ձյուդոն փոխանցելը միայն տեխնիկայի փոխանցում չէ. դա կյանքի փիլիսոփայության ուսուցանում է:
Խաղացել եմ նաեւ ռեգբի, այս թիմային մարտարվեստը նույնպես գրավեց ինձ՝ «համարձակությամբ եւ իմաստությամբ», ինչպես ասված է դիպլոմում:
–Խնդրեմ պատմե՛ք ձեր հայ նախնիների մասին: Չեքեմյան ազգանունն էր կրում սփյուռքահայ գրող Արամ Հայկազը…
-Իմ պատմությունը սկսվում է Ֆրանսիայի Վալանս քաղաքից, որն ունի աչքի ընկնող հայկական համայնք: Ես իմ ընտանիքի արտագաղթի ու դիմակայության պատմության արդյունքն եմ, պատմություն, որն, իմ կարծիքով, արտացոլում է մեր ժողովրդի քաջությունը: Հայրական տատս՝ Աղավնի Կարապետյանը, ծնունդով Խարբերդից, Հայոց ցեղասպանության ժամանակ հայտնվել է մահվան եզրին, բայց հրաշքով նրան փրկել է իր հորաքույրը, եւ նա ի վերջո միացել է իր ընտանիքին Ֆրանսիայում: Պապս՝ Պետրոս Չեքեմյանը, ծնունդով Մալաթիայից, մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին որպես ֆրանսիացի՝ տակավին չլինելով քաղաքացի եւ գերության մեջ է եղել յոթ տարի:
Այս գոյատեւման եւ պայքարի պատմությունն իմ ինքնության հիմքն է, որը սնուցում է իմ մարդասիրական հանձնառությունը: Վալանսի Հայ մշակութային կենտրոն այցելելն ու մեր ազգանունն այնտեղ տեսնելը խորը տպավորություն է թողել ինձ վրա…
–Ա՛նտոնի, ասացիք, որ Պոլինեզիան արձագանքում է ձեր հայ ծագմանը: Կպարզաբանե՞ք:
-Պոլինեզիան ինձ համար հիշողության եւ դիմակայության երկիր է, որը կապ է ստեղծում իմ հայ արմատների հետ: Ես այդ մասին նույնիսկ նշել եմ «Արեւադարձային գյուղատնտեսություն կղզային միջավայրում՝ ավանդույթների եւ նորարարության միջեւ» գրքիս առաջաբանում: Ես մեծացել եմ մի ընտանիքում, որը մեծապես ազդվել է Ցեղասպանությունից, տանջանքներից, մահվան երթերի, ջարդերի, բռնաբարությունների ու ամենաանմարդկային սպանությունների հանդեպ կույր եւ խուլ պետություններից: Շատ վաղ հասկացա «արտագաղթ», «տառապանք», «վերականգնում» բառերի նշանակությունը, որոնք պետք է անծանոթ լինեին երեխաներին:
Հայոց լեզուն, որով խոսում էր հայրս եւ որ լսում էի տատիս՝ Արավնիի տանը, նրա ընկեուհիներից եւ Վարդուհի ու Ալիս հորաքույրերից՝ ինձ մանկուց տեղափոխում էին Հայաստան: Պոլինեզիան, որպես գաղթերի, ձուլման եւ վերածննդի երկիր, ինձ հարազատ է, արձագանքում է հայերի պատմությանը, մի ժողովրդի, որը ստիպված է եղել վերակազմավորվել սփյուռքում: Ապրելով այստեղ՝ ես վերաբացահայտեցի հողի եւ փոխանցման այն ուժը, որը կարեւոր է նաեւ իմ ինքնության համար:
Ես հպարտ եմ իմ ազգանվամբ, որը փոխանցեցի Թաիթիում ծնված երկու երեխաներիս, որոնց տվել եմ ֆրանսիական, հայկական եւ պոլինեզական անուններ՝ Անուկ-Աղավնի-Ատեա եւ Ակսել-Ազատ-Արոմա: Ես շեշտում եմ իմ ծագումը, քանի որ պատկանում եմ երրորդ սերնդին, որը տեսել է, թե ինչպես են իր պապերը եւ ծնողները ծանր աշխատել՝ ապրուստ վաստակելու համար «ստանձնելով առաջին պատահած թափուր աշխատանքը, ինչը հնարավոր էր անել անգամ իրենց օտար շեշտով», ինչպես ասել է մեծն Ազնավուրը: Լավ ինտեգրվել, աչքի չընկնել, ամեն գնով ցույց տալու, որ լավ ֆրանսիացի քաղաքացի ենք… Բայց հանուն ինչի՞: Ես բախվեցի ցեղային խտրականությանը դեռեւս դպրոցում՝ սոսկ ոչ ֆրանսիական ազգանվանս պատճառով: Ուստի շատ շուտ անցա անպաշտպանների, հաշմանդամների, օտարների, կարճ ասած՝ տարբերների եւ մերժվածների կողմը: Ծնողներիս համար կարեւոր էր ինձ տալ իմ այլությունը քողարկող անուն, մինչդեռ ես կուզեի կոչվել Ազատ՝ Անրի Վեռնյոյի «Մայրիկ» ֆիլմի հերոսի անվամբ: Ազատությունը թանկ է մի ժողովրդի համար, որը խոցվել է բոլորի աչքի առաջ, առանց որեւէ արձագանքի…
Ուստի ես այլեւս չեմ թաքնվում: Ես ապրում եմ, աշխատում, հաջողության եմ հասնում: Ամենը, ինչ անում եմ, ինչի հասնում եմ՝ ինձ համար է, շնորհակալություն հայտնելու համար ընտանիքիս՝ աջակցության եւ բարության համար, որպեսզի նրանք հպարտ լինեն ինձով, մեզնով, իրենցով…
– Ձեր երեխաների հայկական առաջին անուններից բացի, ընտանիքում կա՞ն այլ հայկական ազդեցություններ:
-Այո՛, շատ կան: Նախ՝ լեզուն: Հայրս խոսում էր հայերեն, եւ չնայած ես այն լիարժեք կերպով չեմ ժառանգել, հիշողությանս մեջ պահել եմ որոշ արտահայտություններ, որոնք ինքնություն են ձեւավորում: Ժամանակին նույնիսկ փորձեցի հայերեն սովորել մի ընկերակցության միջոցով, բայց մեկ տարին բավական չէր՝ այդ գեղեցիկ, հարուստ ու բարդ լեզուն ամբողջությամբ յուրացնելու համար:
Հետո՝ խոհանոցը, մի իրապես կենդանի եւ համեղ ժառանգություն: Ես մեծացել եմ սուրճի, ձիթապտղի, բաստուրմայի, սուջուղի, ծիրանի, խուրմայի բույրերով… Սիրում էի, երբ խոհանոցը զբաղեցնում էին տիկնայք՝ պատրաստելով տոլմա, բյորեկ եւ այլ դժվար պատրաստվող, բայց արագ սպառվող համադամներ: Տատիկս հիանալի խոհարար էր, որի ուտեստները համեմատելի չեն ցանկացած արեւելյան ռեստորաններում կամ անգամ Թուրքիայում՝ Մալաթիայում փորձածս ոչ մի կերակուրի հետ: Իմ ֆրանսուհի մայրն էլ սովորեց հայկական ճաշեր պատրաստել, իսկ հորաքույր Ալիսը մինչ այժմ շարունակում է այս ավանդույթը՝ ուրախացնելով ինձ հատուկ ուտեստներով եւ պարբերաբար Թաիթի ուղարկելով արեւելյան աղացած սուրճ, որն այստեղ չկա: Ամեն առավոտ մեր ընտանիքը որպես ծիսական արարողություն խմում է հայկական-թաիթյան սուրճ՝ պատրաստված տատիկիս պատկանած էմալապատ ջազվեում կամ սրճեփում (այս բառն Անտոնին ասաց հայերեն – Ա. Բ.): Հայրս ինձ ստիպում էր խմել այն, երբ ես երեխա էի եւ պատրաստվում էի ձյուդոյի մրցումներին: Այս պարզ արարողությունը հիշողությունը պահելու միջոց է:
Մեր ընտանիքում շատ կարեւոր էր նաեւ իմ հորեղբայր Ժիլբերը: Սիրահարված հայոց պատմությանն ու մշակույթին՝ նա տպավորիչ գիտելիքներ էր կուտակել մեր ժողովրդի ու նրա ճակատագրի մասին: Փախստականների ու վերապրածների համար միշտ հեշտ չէ այդ պատմության մեջ խորանալը: Հորեղբորս մասին սիրով ասում էինք, որ նա «ամենահայն» է Ֆրանսիայում: Նրա զրույցները, ընթերցումները (օրինակ, Վահե Քաչայի «Մի դաշույն այս պարտեզում» վեպը) ու վերլուծությունները սնեցին իմ երեւակայությունը եւ ամրապնդեցին պատմությանը պատկանելու զգացողությունը: Մի անգամ նա ինձ տարավ լսելու վերջերս վախճանված ֆրանսահայ աշխարհաքաղաքագետ եւ էսսեիստ Ժերար Շալիանի դասախոսությունը եւ նրանից նվեր ստացա «Իմ հիշողության հիշողությունը» հատորը, որն արագ «կլանեցի»: Դրանից տարիներ անց համարձակվեցի Ժերար Շալիանին խնդրել գրելու Կլիպերտոն կղզու մասին իմ գրքի նախաբանը: Նա սիրալիր համաձայնեց՝ նշելով, որ իր մայրը նույնպես Չեքեմյան էր: Չգիտեմ՝ որքանո՛վ հայ եմ ես, բայց թվում է, որ այն գերիշխում է իմ մեջ: Շատ եմ սիրում ձիավարել՝ պատկերացնելով ինձ դաշտերի մարտիկ, սիրում եմ նուռ ուտել, ձյուդո պարապել արեւելյան երկրների ազդեցությամբ, սիրում եմ հասմիկի, քիմիոնի բույրերը…
– Պոլինեզիայում հանդիպե՞լ եք ուրիշ հայազգիների: Տարիներ առաջ կապ էի հաստատել հայ-թաիթյան ծագումով Նատաշա Միրիմանոֆի հետ, իսկ անցյալ տարի հարցազրույց վարեցի Պապեետեից Վադիմ Թումանյանցի հետ…
-Հանդիպել եմ, դրանք հազվադեպ, բայց միշտ արժեքավոր են եղել: Ասում են՝ «որտեղ երկու հայ կա, նրանք անպայման կհանդիպեն իրար»: Վերջերս ստացա շատ սիրալիր հաղորդագրություն Վադիմ Թումանյանցից, որը պատմեց ձեր աշխատանքների մասին եւ արտահայտեց իր բարեհաճությունը: Այս ժեստը խորապես տպավորեց ինձ: Դեռ հնարավորություն չեմ ունեցել անձամբ հանդիպելու Վադիմին կամ Նատաշա Միրիմանոֆին, բայց ինձ հայտնի են նրանց անուններն ու ծագումը: Նրանց ներկայությունը Պոլինեզիայում վկայում է հայ սփյուռքի հանդարտ, բայց իրական գոյության մասին: Ամեն հանդիպում, նույնիսկ վիրտուալը, անմիջական համակրություն է ստեղծում:
–Երբեւէ եղե՞լ եք Հայաստանում:
-Տակավին՝ ոչ, բայց դա ինձ համար կենսական նախագիծ է: Մինչ այդ ես կմեծացնեմ զավակներիս՝ պատմելով նրանց հայ Սփյուռքի, իրենց նախնիների մասին եւ փոխանցելով այդ քաղաքակրթության, մշակույթի եւ հայկական ժառանգության որոշ գիտելիքներ: Կշարունակեմ խոսել այդ մասին, քանի դեռ անուշադրություն են տրվում հալածանքները: Դա պայքարի իմ ձեւն է: Իմ մասնագիտության շրջանակում, հատկապես աշխարհաքաղաքագիտության դասընթացներում, ես նաեւ փորձում եմ իրազեկել այդ երկրի մասին, բացատրել դրա բարդությունը եւ կարեւորությունը, ցույց տալ տարածաշրջանի հարստությունն ու փխրունությունը: Հակամարտությունների աշխարհագրության իմ դասախոսություններում միշտ բացատրում եմ, որ չնայած տարածված «Լեռնային Ղարաբաղ» անվանմանը՝ ես նախընտրում եմ հայերեն «Արցախը»: «Նագոռնո Ղարաբաղ» ռուսերեն-թուրքերեն-պարսկերեն բառակապակցությունը հայոց ցավի խտացումն է, որն իր մեջ ամփոփում է այդ երեք տերությունների լեզուները, որոնք գրավել, իշխել եւ հալածել են այդ տարածաշրջանի բնակիչներին:
Ուղեւորությունը Հայաստան ինձ համար կունենա կրկնակի նշանակություն, կապված կլինի ներկային եւ ապագային՝ որպես անհատական վերադարձ ընտանեկան արմատներին եւ զավակներիս կենդանի ժառանգություն փոխանցելու միջոց:
–Կուզեի՞ք ինչ-որ բան ավելացնել:
-Այո, մի քանի բան…
Ինձ խորապես տպավորում է Միսաք Մանուշյանի անձը եւ կյանքը, եւ ես ուրախ ու հպարտ եմ, որ նա վերջապես մտավ Պանթեոն՝ որպես ֆրանսիական Դիմադրության մարտիկ: Նրա քաջությունը, նվիրվածությունը եւ զոհաբերությունը մարմնավորում է մի ժողովրդի արժանապատվությունը, որը պայքարում է գոյության ու ազատության համար: Նրա հիշատակը սնուցում է ինձ, ինչպես նաեւ Սփյուռքի բազմաթիվ ժառանգների՝ հիշեցնելով, որ հնարավոր է հավատարիմ մնալ արժեքներին նույնիսկ ծայրահեղ դժվարությունների մեջ, առանց հնազանդվելու կամ չարի հետ համագործակցելու:
Ինձ նաեւ դաստիարակել են Շառլ Ազնավուրի ձայնն ու խոսքերը, որոնք ուղեկցել են իմ մանկությունը Վալանսում: Նրա երգերը՝ «Մամա», «Նրանք ընկան», «Ինքնակենսագրություն» եւ այլն, խոր կարոտախտով ինձ վերադարձնում են այդ ժամանակահատվածը: Հայրս դրանք բարձրաձայն երգում էր տանը, նա կարող էր լինել Շառլի կրկնակը: Հատկապես հիշում եմ տատիկիս նվերն իմ դոկտորականն ավարտելու առիթով՝ Ազնավուրի համերգը Կոնգրեսի պալատում: Ինձ համար նա տոմս էր գնել առաջին շարքերում, մինչդեռ իր համար՝ հետեւում: Այս ժեստը խորապես հուզեց եւ ցնցեց ինձ: Ես արտասվում էի համերգի սկզբից մինչեւ վերջը: Այստեղ՝ Թաիթիում, ես բացառիկ հնարավորություն ունեցա կրկին ներկա լինել Ազնավուրի համերգին եւ նույնիսկ ձեռք բերել նրա թաշկինակը, որ նա գործածում է «Բոհեմի» կատարման ժամանակ: Հայրս՝ Շառլի երդվյալ երկրպագուն, այդպիսի յոթ թաշկինակ ունի: Այդ առարկան, բացի պատմությունից, ինձ համար դարձել է խորհրդանշական գանձ, որը միավորում է մեծ արտիստին, իմ ընտանիքը, իմ հիշողությունը եւ իմ հայկական արցունքները…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Լուսանկարը՝ Դորիս Ռամզեյերի