Եղիշե Չարենցը 1934 թվականի մարտի 14-ին օրագրային շատ հուզիչ, շատ ջերմ մի գրառում է արել.
«Մի տարի է մոտ, որ ես Գրական թանգարանից Խանջյանի կարգադրությամբ վերցրել եմ Վահան Տերյանի ձեռագրերը՝ նրա անտիպ երկերը հրատարակության համար պատրաստելու նպատակով: Ես սկսեցի արտագրել ձեռագրերը, որպեսզի միշտ ձեռքի տակ ունենամ եւ բնագրերը չփչանան հաճախակի թերթելուց: Բայց դեռ չեմ վերջացրել – եւ չեմ էլ շտապում: Մի զարմանալի քնքուշ եւ խնդագին զգացմունք եմ ունենում յուրաքանչյուր անգամ, երբ հիշում եմ, որ այնտեղ, գրասենյակիս դարակում, պահված են Տերյանի – հասկանո՞ւմ եք – իսկական նրա ձեռագրերը… նրա ձեռքով գրված այդ թերթիկները… Երբ անչափ տխուր եմ լինում – հանում եմ եւ՝ նայում… Կարծես արեգակն է պահված իմ գրասեղանի դարակում… Այդ մետաքսյա թերթիկները – ծածկված չինական սեւ մելանով, գրված չքնաղ, ազնվական գրերով… Զարմանալի մաքուր եւ գեղեցիկ ձեռագիր է ունեցել այդ մարդը: Ձեռագիրն անգամ նուրբ է, ինչպես նրա ողջ ստեղծագործությունը – նուրբ ու մաքուր: Իմ կյանքի ամենամեծ խնդությունն է դա – հանել մեկ-մեկ այդ ձեռագրերը եւ նայել…»:
Իմ գրադարանի մի դարակում Վահան Տերյանի մի անտիպ նամակն է պահված: Թող ներվի ասելը՝ ես ճիշտ նույն զգացումն ունեմ, ինչ մեծ բանաստեղծը. ես երկյուղածությամբ ու սրբազան դողով եմ մոտենում այդ դարակին: Պատկերացնո՞ւմ եք, Վահան Տերյանի ձեռագի՜րը… Տերյանի ձեռքով գրված մեկ բառն անգամ մեզ համար սրբազան մասունք է…
Բանն այսպես է:
Տարիներ առաջ ձեռնամուխ եղա կազմելու հանիրավի մոռացված եւ անտեսված սիմվոլիստ բանաստեղծ եւ թարգմանիչ Ոնոփրիոս Անոփյանի (1873-1934) երկերի մի ժողովածուն: Բանն այն է, որ Անոփյանի բանաստեղծություններն ու թարգմանությունները ցրված են մնացել ժամանակի մամուլի եւ զանազան հանդեսների ու ամսագրերի էջերում: Ինքը՝ բանաստեղծը որեւէ գիրք կամ ժողովածու չի հրատարակել: Հետմահու էլ Անոփյանի որեւէ գիրքը կամ նույնիսկ գրքույկը չի հրատարակվել: Միայն 1999 թվականին Դոնի Ռոստովում «Յուժնայա զվեզդա» (ռուս.- «Հարավային աստղ») ալմանախի «Դոնի պոեզիան» մատենաշարով, ընդամենը 300 օրինակ տպաքանակով, լույս է տեսել Ոնոփրիոս Անոփյանի ռուսերեն մի փոքրիկ ժողովածուն՝ «Իմ սիրո մարգարիտ» խորագրով: Ընդամենը 32 էջանոց ծոցատետրի չափ փոքրադիր այս ժողովածուն ունի փոքրիկ առաջաբան եւ պարունակում է Անոփյանի 15 բանաստեղծությունը, կարճառոտ հատվածներ նամակներից, բանաստեղծի մասին հիշողություններից եւ չորս լուսանկար:
Բոլորովին այլ նյութեր որոնելու եւ ուսումնասիրելու ընթացքում ես մամուլից հավաքել էի Անոփյանի բանաստեղծությունների եւ թարգմանությունների մի զգալի մասը: Հետո պատեհ հնարավորություն եղավ կապ հաստատելու Ոնոփրիոս Անոփյանի՝ Դոնի Ռոստովում բնակվող ժառանգների հետ, որոնցից ահագին թվով արխիվային նյութեր ստացա:
Ի վերջո, ես կազմեցի մի ստվար ժողովածու, որը, ցավոք սրտի, կազմողից անկախ պատճառներով լույս չտեսավ: Փոխարենը 2010 թվականին իմ կազմած ժողովածուի նյութերի զգալի մասի ընդգրկումով, լույս տեսավ մի ձախողված ժողովածու: Ենթադրվում էր, որ առաջին անգամ, գրության ժամանակներից հարյուր տարի անց, ընթերցողին առանձին գրքով ներկայացվող բանաստեղծությունների եւ թարգմանությունների ժողովածուն պետք է ունենար պատշաճ վերլուծական առաջաբան եւ բանաստեղծի գրական դիմանկարը, անհրաժեշտ ծանոթագրություններ եւ մատենագիտական տեղեկություններ… Հրատարակված գրքում ոչ միայն դրանք չկային, այլեւ նույնիսկ բովանդակության ցանկ չկար:
Տպագրված գրքում չկային Ոնոփրիոս Անոփյանի գրած կամ ստացած նամակները, մինչդեռ Ոնոփրիոս Անոփյանի նամականին հետաքրքրական եւ բովանդակալից նամականի է:
Ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացում Անոփյանին հասցեագրված մի քանի նամակ, որոնք հրատարակվում են առաջին անգամ:
Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ
***
Մեծարգոյ Անոփեան,(1)
Ձեր նամակի համաձայն ուղարկեցի Ձեզ իմ գրքից 10 օր[ինակ]: Ձեզ գրելիք ունեմ, սակայն գերադասում եմ նախ ստանալ Ձեր խոստացած նամակը եւ թարգմանութիւնները: Շատ ուրախ եմ որ համաձայն էք մեր հրատարակելիք Լերմոնտովին մասնակցելու: (2) Սպասում եմ նամակին եւ թարգմանութիւններին:
Ջերմ բարեւներով
Վահան Տէրեան
Ձեր թարգմանութիւնների մասին վաղուց եմ լսել: Խնդրեմ ուղարկէք: Ձեր նամակը ստանալուց կը գրեմ աւելի ընդարձակ:
Ես ենթադրում եմ, որ նամակս Ձեզ չի հասել եւ ուզում էի նորից գրել, բայց որոնում էի Ձեր հաստատ հասցէն՝ վախենալով որ նորից չի հասնի նամակս:
г. Симферополь
Фонтанная ул. д.
Онопрiосу Яковлевичу
Анопьяну
1. Վահան Տերյանը 1911 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայից նամակով դիմել է Ոնոփրիոս Անոփյանին՝ հրավիրելով նրան իր թարգմանություններով մասնակցելու Լերմոնտովի թարգմանությունների պատրաստվելիք ժողովածուին: Նամակը ստորագրել է նաեւ Պողոս Մակինցյանը: Նրանք նամակը ստորագրել են իբրեւ «Պանթեոն» հրատարակչական ընկերության խմբագիրներ:
2. Լերմոնտովի նախատեսված հայերեն այդ ժողովածուն լույս չի տեսել:
***
Սիրելի պ. Անոփեան!
Չէի՞ք ցանկանալ արդեօք շարունակելու Ձեր աշխատակցութիւնը «Գեղարուեստին»: IV-րդ գիրքն յանձնուած է տպագրութեան: Եթէ շուտով նիւթ ուղարկէք, սիրով կը հիւրընկալեմ այս համարում: Հաղորդեցէք նոյնպէս թէ «Գեղարուեստի» համարները Դուք ստացե՞լ էք, թէ ոչ:
Ողջոյններով
Գ. Լեւոնեան
1911 14/I
Симферополь
Онопрiосу Яковлевичу
г-ну Анопянъ
Գարեգին Լեւոնյան (1872-1947) – բանասեր, արվեստաբան եւ խմբագիր: 1908 թվականին Թիֆլիսում հիմնադրել է «Գեղարվեստ» գրական–գեղարվեստական ու երաժշտական պատկերազարդ հանդեսը եւ մինչեւ 1921 թվականը լույս է ընծայել յոթ գիրք: Գարեգին Լեւոնյանը իր նամակը գրել է «Գեղարվեստ»-ի եռալեզու հասցեանիշով բացիկի վրա:
1. Ոնոփրիոս Անոփյանը աշխատակցել է «Գեղարվեստ» հանդեսին: Նա «Գեղարվեստ» հանդեսում 1908 թվականին (No 1) տպագրել է «Լուսաբերի ոսկե գրկում» սկսվածքով բանաստեղծությունը, 1909-ին՝ (No 2) «Դու վեր ես կենում վաղ արշալուսին…» սկսվածքով բանաստեղծությունը:
***
Սեպտ[եմբեր] 28. 1911.
Սիրելի Ոնոփրիոս,
Շնորհակալութեամբ ստացայ ուղարկածդ նամակդ, որը եւ կարդացել էի սրանից մի տարի (համարեա՛) առաջ «Գարունի» խմբագրատանը: (1) Եթէ առաջին չորս տողը մշակւի (որը ես չեմ հաւանում), մնացած մասերը լաւ են. յուսով եմ չես վիրաւորւիլ պարզ արտայայտւելուս, որովհետեւ չափից դուրս շատ են տՏՊոՏՐ րսՏՉ, Չ ցքպՐո (2) էական տրամադրութեան: Սրա մասին մի ուրիշ անգամ: Յուսով եմ չես մոռանալ եւ մի քանի հատ գրւածքներ կուղարկես (Գէօթէ, Շիլլերական ոգով գրած) որ ինձ անչափ անհրաժեշտ են. միտքը լինի պարզ, կարճ եւ ամփոփ, անպայման կերաժշտականացնեմ:
Մնամ քո՝ Ռոմանոս Մելիքեան
P.S. Շուտով լոյս կտեսնեն իմ երկու երգերը առանձին հրատարակութեամբ, նւէր Մ. Եկմալեանի յիշատակին, շուտով կուղարկեմ: (3)
Екатерининскiй канал, д. 91, кв. 52
ЕВР
Онопрiосу Яковлевичу
г-ну Анопiану
Симферополь (Тавр. губ.)
Мыловаренный завод Вартанова
Ռոմանոս Մելիքյան (1883-1935) – կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական եւ հասարակական գործիչ:
1. «Գարուն» – գրական–քննադատական ալմանախ, տպագրվել է Մոսկվայում 1910-1912 թվականներին: Լույս է տեսել երեք գիրք՝ NoNo 1, 2 եւ 3: Խմբագիրներն էին Պողոս Մակինցյանը եւ Վահան Տերյանը:
Ոնոփրիոս Անոփյանը «Գարուն» ալմանախում տպագրել է մեկ բանաստեղծություն՝ «Berceuse» խորագրով, 1911 թվականի հատորում («Berceuse» ֆրանսերեն նշանակում է «Օրորոցային»):
Իր նամակում, որ գրված է 1911 թվականի սեպտեմբերի 28-ին, Ռոմանոս Մելիքյանը խոսում է մեկ տարի առաջ, ուրեմն 1910 թվականին, Անոփյանի գրած նամակի եւ բանաստեղծության մասին: Կարելի է ենթադրել, որ նամակում խոսքը վերաբերում է մի բանաստեղծության, որը չի տպագրվել «Գարուն»-ում:
2. Подбор слов в ущерб- ռուս.՝ բառերի ընտրությունը ի վնաս:
3. 1912 թվականին Պետերբուրգում տպագրվում է Ռոմանոս Մելիքյանի երկու երգը՝ հենց «Երկու երգ» խորագրով:
Այն հրատարակվել է Վարդես Սուրենյանցի ընտիր ձեւավորումով:
Եղել է երկու հրատարակություն, երկու պրակ: «Երկու երգ»-ի առաջին պրակը (op. No 1) բովանդակել է «Աշնան երգ» եւ «Վարդը» ռոմանսները: Այն լույս է տեսել 1911 թվականին:
Երկրորդ պրակը (op. No 2) բովանդակում է «Ուռենի» եւ «Անջատում» ռոմանսները:
***
1910 V/12
Ս[անկտ] Պ[ետեր]բ[ուրգ]
Յարգելի պ. Անոփեան.
Ձեր երկու նիւթն էլ ստացուած է: Գեղեցիկ բաներ են եւ անպատճառ կտպագրուին ժողովածուի մէջ: (1) Ժողովածուի տպագրութիւնն էլ ուշանում է նախ՝ տպարանական պատճառներով, ապա նիւթերն ուշ ստանալու պատճառով: Յոյս ունինք յունիսի կէսին անպատճառ յանձնել տպագրութեան, հաւանականաբար, Մոսկվայում: Եթէ այլեւս բան կամենաս ուղարկել – դեռ ժամանակ կայ:
Խարկովի ծանօթների միջոցով դիմել էինք եւ պ, Ս. Բաբիեանին, բայց ցայսօր պատասխան չունինք: Կասկածում ենք, նամակը տեղ չի հասած: Արդեօք բարի չէք լինի նրան հաղորդել մեր առաջարկութիւնը ժողովածուին մասնակցելու:
Գեղեցիկ գրականութիւնից նիւթեր արդէն ստացել ենք Ահարոնեանից, Ռ. Զարդարեանից, Յ. Միրզոյեանից, Ֆալեանից, Գ. Քալաշեանից եւ այլն: Օրէցօր սպասում ենք Աւ. Իսահակեանից, Վարուժանից, Զաբէլ Եսայեանից, Memento Moriից եւ այլն:
Գիտական մասը խմբագրւում է:
Ջերմ յարգանքներով՝
Ս. Վրացեան
Симферополь
Армянское училище
Захару Тер-Багдасаряну
յանձնել պ. Ո. Անոփեանին
Սիմոն Վրացյան (Գռուզյան, Գրուզինյան, 1882-1969) – քաղաքական եւ պետական գործիչ, գրող, խմբագիր:
1. 1910 թվականի սկզբներին Պետերբուրգում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության մի խումբ երիտասարդ անդամներ, որոնց թվում եւ Սիմոն Վրացյանը, որոշում են հրատարակել մի ժողովածու՝ նվիրված կուսակցական գործիչ, «Յառաջ» (Թիֆլիս, ապա՝ Կարին) եւ այլ թերթերի խմբագիր, դավադրաբար սպանված Եղիշե Թոփչյանի հիշատակին: Ժողովածուն պետք է կոչվեր «Պսակ»: Ժողովածուն տպագրվում է Մոսկվայում, 3000 տպաքանակով: Գրաքննությունը արգելք է դնում ժողովածուի վրա, եւ ժանդարմական վարչությունը բռնագրավում է ողջ տպաքանակը եւ այրում է:
2. Սիմեոն Բաբիյան (1878-1950) – բանաստեղծ, Ոնոփրիոս Անոփյանի մտերիմ ընկերը:
3. Ավետիս Ահարոնյան (1866-1948) – գրող, հասարակական եւ պետական գործիչ:
Ռուբեն Զարդարյան (1874-1915) – գրող, խմբագիր:
Հովսեփ Միրզոյան (՞ – 1925) – հասարակական գործիչ):
Ֆալյան – հնարավոր չեղավ անձը պարզել:
Գառնիկ Քալաշյան (1885-1921) – բանաստեղծ, մանկավարժ:
Ավետիք Իսահակյան (1875-1957) – բանաստեղծ:
Դանիել Վարուժան (1884-1915) – բանաստեղծ:
Զապել Եսայան (1878-1943) – գրող, հասարակական գործիչ:
Memento Mori (Լիպարիտ Նազարյան, 1874-1947) – խմբագիր, արվեստաբան, գրական-հասարակական գործիչ: