Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անվերջ հրապուրող Իրանը

Արծվի Բախչինյան
30/05/2025
- 30 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
178
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Նորի՞ց Իրան»,– հարցնում էին շրջապատում՝ իմանալով, որ պատրաստվում եմ չորրորդ անգամ գնալ Իրան եւ երրորդ անգամ՝ Երեւանի «Կասկադ» իրանական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ։

Այո՛, նորից՝ եւ մեծագույն հաճույքով։ Ինձ համար մեր հարեւան երկիրն ասես մի անսպառ գանձարան լինի՝ անսպառ ու զարմանալի։ Նրա հարստագույն պատմությունն ու մշակութային բազմազան շերտերը, շունչ կտրող տեսարանները եւ ջերմ հյուրընկալությունը շարունակ ձգում են ինձ…

Չնայած շարունակվող պատժամիջոցներին եւ որոշ շրջանակներում տարածված բացասական պատկերացումներին՝ իրականում Իրանն այն երկրներից է, որն այցելելն անհրաժեշտ է պատմությամբ եւ մշակույթով հետաքրքրվող յուրաքանչյուր անհատի համար։ Պատահական չէ, որ այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ամենաշատ հուշարձաններ ունեցող երկրների շարքում։ Իրանն անսահման է իր գույներով, հարստությամբ եւ այցելուների հանդեպ առատաձեռնությամբ։

Այս անգամ նա ինձ ավելի ազատ թվաց՝ շատ վայրերում հիջաբի պարտադիր վերահսկումը մեղմացել է (հանգչի՛ր խաղաղությամբ, Մահսա՛ Ամինի….)։ (Ի դեպ, վերջերս Իրանի խորհրդարանում քննարկվել է կանանց՝ հանրային վայրերում գլխաշոր չկրելու վերաբերյալ օրինագիծը։ Այն, սակայն, չի հավաքել բավարար ձայներ. դրան դեմ է քվեարկել նաեւ հայ համայնքը ներկայացնող դաշնակցական պատգամավորը, ինչն արդարացի հիասթափություն է առաջացրել Իրանի ազատամիտ շրջանակներում, որոնք հիջաբի ավանդույթ չունեցող հայից էին սպասում՝ կողմ լինել այդ սահմանափակումը հանելուն)։

Ճանապարհորդությունը սկսվեց Իրանի հյուսիսից՝ Արեւելյան Ատրպատական նահանգի հայկական ժառանգության վայրերով։ Սուրբ Ստեփանոսի եւ Սուրբ Թադեի վանքերը, ինչպես նաեւ Հովվի մատուռը պատմական Պարսկահայք նահանգի ճարտարապետական գլուխգործոցներից են։ Այլեւս չգործելով որպես կրոնական կենտրոններ՝ դրանք այցելուներին դիմավորում են հայ հոգեւոր երաժշտության ձայնագրություններով։ Իրանական կողմից տեսանելի է Նախիջեւանը՝ բոլշեւիկյան Ռուսաստանի պարգեւն արհեստածին Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ Արցախի հետ միասին։ Արաքս գետի մյուս ափին տեսանելի է Ջուղայի ավերված խաչքարերի տեղանքը… Կրկին հիշենք, որ մինչ Հայաստանի արեւելյան հարեւանը համակարգված կերպով ջնջում է հայ մշակութային հետքերը եւ թշնամանք սերմանում հայերի նկատմամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունը պետականորեն պահպանում է հայկական հուշարձանները։ Դրանցից է նաեւ Խոջա Նազարի գեղատեսիլ քարավանատունը՝ Արաքսի ափին, կառուցված 17-րդ դարում՝ հայ վաճառականի միջոցներով։

Տղմուտ գետը, որի ափին ենթադրյալ Ավարայրի դաշտն է, բնության զարմանահրաշ երեւույթ է. իրոք պղտոր, տղամխառն գետակը միախառնվում է մաքուր Արաքսին՝ տեսանելի գծով բաժանելով երկու ջրերը։

Մեր ավտոբուսն արագ սլանում է մեծ մասամբ անապատային բնապատկերներով, որոնց հաջորդում են քաղաքներ՝ մեկը մյուսից տարբեր։

Առաջինը Քաշանն է՝ հայտնի Ֆինի պատմական այգով եւ բաղնիքով, Պատմության թանգարանով, Սիրո ամրոցով, ձեռագործերով եւ վարդաջրի, վարդի յուղի ու այլ բուրավետ նյութերով հարուստ շուկայով։ Մեր հասած օրն Իրանում նշվում էր վարդի տոնը,  ամեն քայլափոխի իրանցի գեղեցկուհիներ են՝ վարդի գլխապսակներով։

Ապա Յազդը՝ յուրահատուկ ու գրավիչ ճարտարապետությամբ մի զարմանալի քաղաք։ Նրա հին մասում, թվում է, թե ժամանակը կանգ է առել։ Կավե կառույցներ՝ օդափոխման հինավուրց համակարգերով, որ անվրեպ գործում են մինչ այժմ, անապատային շոգից պատսպարող նեղ փողոցներ, որոնցում տեղադրված թախտերի վրա կարող են հանգստանալ անցորդները։ Դրանց մեջ կան «քուչեյե աշթիքոնան»՝ հաշտեցման փողոցներ, որոնցում մարդիկ դիտմամբ առերեսում են միմյանցից նեղացածների՝ դրդելով հաշտվել… Այցելուները ոգեղենության պահեր են ապրում զրադաշտական մեհյանում՝ ի տես անշեջ կրակի, Ավեստայի հատվածների ձայնագրված ընթերցանության եւ զրադաշտականության սկզբունքներին հաղորդակցվելով։ Իսկ Լռության աշտարակը, որի վրա ընդամենը 70 տարի առաջ զրադաշտականներն իրենց ննջեցյալներին հանձնում էին անգղերին, ստեղծում է խորհրդավոր տրամադրություն եւ գոյաբանական խոհեր…

Շիրազ տանող ճանապարհին այց Պերսեպոլիս՝ Աքեմենյան կայսրության փառահեղ մայրաքաղաքը։ Հսկայական տարածք ընդգրկող այդ հնավայրը մեծ կարևորություն ունի մի շարք ժողովուրդների, նաեւ հայերիս պատմության համար։ Պերսեպոլիսի խոշոր պատերը զարդարված են պատկերաքանդակներով, որոնց մեջ առկա են հայոց նախնիները նույնպես, որոնք գինի եւ նժույգներ են մատուցում պարսից ամենազոր Դարեհ արքային։

Բանաստեղծական Շիրազը հմայում է համայն Արեւելքի մեծ բանաստեղծ Հաֆեզի դամբարանով, որտեղ շատ այցելուներ ընթերցում են նրա ստեղծագործությունները, Նարենջաստանի այգով, որի մեջ գտնվում է մի մեծահարուստի պատկանած եւ թանգարանի վերածված մի շքեղ պալատ, երկու ճարտարապետական գոհարներով՝ Նասիր ալ-Մուլք մզկիթն իր գունավոր ապակիներով, որոնց շնորհիվ շինության հատակը պատվում է արեւալույսի գունագեղ խաղերով եւ Շահ Չերաղ մզկիթը՝ ոսկեջրած դռնով, հայելապատ պատերով եւ առաստաղներով, որոնք ողջ ինտերիերը դարձնում են մի հսկա շողշողացող ադամանդ։

Մեկ այլ գոհար էլ Սպահանն է՝ Սեֆյան Պարսկաստանի երբեմնի մայրաքաղաքը, այժմ՝ թեթեւ եվրոպական շնչով քաղաք։ Շահ Աբասի պալատները (Չեհել Սոթուն եւ Ալի Ղափու), իր մեծությամբ աշխարհում երկրորդ Նաղշ-է Ջահան հրապարակը, Մեծ մզկիթը եւ պատմական շուկան, 33 կամարից բաղկացած Սիոսեփոլ կամուրջը պատկերացում են տալիս նախկին կայսերական մայրաքաղաքի շքեղության մասին։ Բայց մեզ՝ հայերիս համար, առանձնահատուկ նշանակություն ունի Սպահանի Նոր Ջուղա թաղամասը՝ Սուրբ Ամենափրկիչ եւ մյուս վանքերով, երկու թանգարաններով, որոնք ներկայացնում են իրանահայերի պատմությունը եւ հայերի ներդրումը Իրանի պատմության եւ մշակույթի մեջ։ Հայկական շունչը զգալի է, երեւում են հայատառ ցուցանակներ («Ախթամար» խանութ, «Կարեն» վարսավիրանոց), հայկական դպրոցի դարպասին Մաշտոցի եւ Րաֆֆու նկարներն են, իսկ փողոցներում ստեպ-ստեպ լսվում է հայոց լեզուն՝ իրանահայոց ծորուն բարբառը։ Հայերին պատկանող հին շենքերն իրանական կառավարությունը տալիս է վարձով՝ վարձակալների կողմից այն չփոփոխելու, սակայն նոր կյանք տալու պայմանով։ Մի փոքր հրապարակում կրկին ողջունում եմ ծանոթիս՝ երջանկահիշատակ կինոքննադատ Զավեն Ղուկասյանի կիսանդրին։ Իրանը գիտի խորապես հարգել իր արժանավոր զավակներին՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից…

Այլեւս հայեր չկան Համադանում՝ հայտնի երգիչներ Հովհաննես Բադալյանի եւ «իրանական փոփի սուլթան» Վիգեն Տերտերյանի ծննդավայրերում, սակայն կանգուն են հայկական դպրոցի եւ երկու եկեղեցիների շենքերը։ Հայկական հետքերը պահպանվում են Համադանի շրջակա հնավայրերում՝ Բեհիսթուն ժայռի՝ Դարեհ արքայի եռալեզու արձանագրություններում (որտեղ, ի դեպ, Ուրարտուն հիշվում է որպես Արմենիայի հոմանիշ) եւ նույն լեռների մի հատվածում, որն ըստ պարսիկ մեծ բանաստեղծ Նիզամու՝ փորել է պարսիկ Ֆարհադը՝ արժանանալու համար հայուհի Շիրինի սիրուն։ Անզուգական են Համադանի, Քերմանշահի ու շրջակայքի մյուս հնավայրերը նույնպես՝ գինու գավաթ բռնած Հերակլեսի ժայռաքանդակը, Անահիտա աստվածուհու տաճարի վիթխարի ավերակները եւ նրա նրբաշուք կիսանդրին, երբեմնի Մարաստանի մայրաքաղաք Էկբատանի հետքերը՝ հսկայական ծածկով հոգատարորեն պաշտպանված (տարոսն Էրեբունի ամրոցին), Թաղ Բոսթանի այգում Սասանյան թագավորներ Արդեշիրին եւ Շապուհին պատկերող հսկա ժայռաքանդակները՝ հրեշտակների կերպարների հարեւանությամբ…

Խեցեգործության կենտրոն Լալեջին քաղաքում տեղացի վարպետները ստեղծում են կավե մեծաքանակ աշխատանքներ ողջ աշխարհի համար։ Մեկ այլ հրաշալիք է Ալի-Սադր ստորերկրյա ջրային քարանձավը՝ նավակով շրջագայությամբ երազային, մոգական ջրերի եւ լուսավորված պատերի միջով…

Երբեմնի հայաշատ Թավրիզը դիմավորում է իր հսկայական՝ չորս կիլոմետր երկարությամբ գերառատ, բազմագույն, բազմաբույր, ողջ Իրանի պես անսպառ ու շռայլ շուկայով։ Ճանապարհորդությունն ավարտվում է եւս մեկ հրաշքով՝ Քանդովան քարանձավային գյուղով, որի բնակիչներն այժմ ապրում են բոլոր հարմարություններով օժտված ժայռափոր տներում…

Իրանի ժողովուրդը հետաքրքրասեր եւ բարեհաճ է այցելուների հանդեպ։ Քանի որ երկրում զբոսաշրջիկները համեմատաբար քիչ են, տեղի բնակիչները շփման կարիք ունեն։ Փողոցներում մեր երգ ու պարին նրանք անմիջապես միանում են ուրախությամբ։ Տարբեր տարիքի մարդիկ բազմիցս մեզ մոտենում ու հարցնում էին կոտրված անգլերենով՝ «Վերար յուֆրո՞մ» (որտեղի՞ց եք) եւ ուրախությամբ ավելացնում՝ «Վելքոմ թու Իրան» (բարի գալուստ Իրան)։ Շատ հաճախ՝ միայն այդքանը, բայց դա էլ բավարար է։ Նաեւ ուրախանում ենք՝ հաճախ լսելով հայերի հանդեպ հարգանքի խոսքեր։ Իրանցին քաջ գիտի իր երկրի պատմության մեջ հայերի մեծ ներդրումը, շատերն էլ եղել են Երեւանում. մի քանիսից մասնավորապես լսեցինք հիացական խոսքեր մեր «մեյդանե ջոմհուրիի» (Հանրապետության հրապարակ) մասին։ Մի մարդ, իմանալով մեր հայ լինելը, մոտեցավ եւ ասաց, որ շատ է հարգում հայերին եւ հույս ունի, որ Հայաստանը շուտով կդառնա Եվրոպական միության անդամ։ Դե ի՛նչ, Իրանին նույնպես պետք է Եվրոմիության անդամ հարեւան ունենալը…

Նշված հրաշքները թերի կլինեին առանց ուղեկիցների ուրախ ընկերակցության, մարդկանց, որոնք ուղեւորության սկզբում լինելով միմյանց անծանոթ՝ արագ ընկերանում են՝ ավտոբուսում անընդմեջ սփռելով անեկդոտներ, երգեր, պատմություններ, խաղեր։ Ավելացնենք համեղ իրանական ուտեստներն ու հատկապես քաղցրավենիքը՝ եւ պատկերը կամբողջանա։

Այս ուղեւորությունների կազմակերպիչը, շարժիչ ուժը, ոգեշնչողը, զբոսաշրջիկներին Իրանին համակողմանի կերպով ծանոթացնողը, նրան հայերեն եւ պարսկերեն երգեր երգել տվողը հայաստանաբնակ իրանահայ, Երեւանի պետական համալսարանում ուսանած, լրագրող, թարգմանիչ, արձակագիր Ժորժ Աբրահամյանն է, որը վերջին 15 տարիներին տարեկան առնվազն ութ ավտոբուսային շրջագայություն է կազմակերպում դեպի Իրան։ Այսինքն, նրա շնորհիվ շուրջ 3000 մարդ Հայաստանից (այլ երկրներից եւս), իրենց համար բացահայտել են Իրանը։ Եվ շատերն ինձ պես Իրան են այցելում կրկին ու կրկին՝ չկարողանալով դիմակայել անվերջ հրապուրող այդ երկրի կանչին…

Արծվի Բախչինյան

Լուսանկարները՝ Սուրեն Մանուկյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձախորդ օրերը կուգան ու…

Հաջորդ գրառումը

Էներգետիկ անվտանգության խնդիրները Սյունիքի մարզում

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Էներգետիկ անվտանգության խնդիրները Սյունիքի մարզում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025

Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հողերը վերադառնալու իրավունքը։ Սա անհրաժեշտ պայման է տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների...

ԿարդալDetails

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025

Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարությամբ է հանդես եկել

18/06/2025

Դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել Հայաստանի սկզբունքային և անվախ որդիներին, Սամվել Կարապետյան

18/06/2025

Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է. Վարդան Ոսկանյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական