Այն պահին, երբ գրում եմ այս տողերը, նոյեմբերի 6-ն է, եւ ես մարմնով զգում եմ քո կռիվը Շուշիի մատույցներում 2020 թվականի ճիշտ այս օրը, երբ դու երեք անգամ վիրավորվելով, ինքդ քեզ ցավազրկեցիր, որ ադրբեջանական խաժամուժի դեմ հայոց մարտը կիսատ չթողնես… որ քո Շուշին անառիկ՝ թշնամուն չմնա…թշնամին անառիկն առել էր, արդեն ներսում էր, երեւի գիտեիր, բայց դու հանձնվել բառը չէիր ճանաչում, դու որոշել էիր, որ թուրքը մեր տուն չի՛ մտնելու…
Ես քո պատգամը գետնով չեմ տա՝ թուրքը մեր տուն չի՛ մտնելու, թեկուզ գառան մորթով, խաղաղության դրոշով գա…
Նոյեմբերի 7-ին՝ քո անմահանալու օրը քեզ մոտ Ստեփանակերտի հիվանդանոց չհասանք, անհնար էր… ու քեզ բերեցին: Քո լուսաճակատ, արծվենի դեմքի վրա մաքառելու որեւէ ճիգ չէր քարացել, դու կռիվ էիր տվել գիտակցված, ամուր ոգով ու հպարտ էիր, ու հպարտ էինք, որ 23 տարեկանում կամքդ այնպես էիր դարբնել, որ քո բաժին անձնազոհությունը ընկալում էիր Արցախին, հայրենիքին ուղղված անսահման սիրո դրսեւորում:
Ու մինչ Արցախից քեզ Երեւան էին բերում, դու ճամփին սիրո դրոշմ էիր ստանում՝ բոլոր սարերը փաթաթվում էին քեզ, ընկուզենիների, նռնենիների, թզենիների ճյուղերը քսվում էին քո չպարտված մարմնին, քամին երգեհոն էր նվագում… Երեւան հասար Արցախի սիրո փոշով օծված: Երբ մտաբերում եմ հայացքդ, որ հնարավոր էր տեսնել վերջին օրը նույնիսկ փակ կոպերիդ տակից, մխիթարվում եմ մի պահ՝ Արցախի սերը միշտ քեզ է հետ է եղել, եւ միջնորդ է դարձել, որ մեր ընտանիքը հավերժ պահի Արցախի հանդեպ հավատարմությունը: Մեր այս հուդայաշատ ժամանակներում մատնիչները, զրպարտողները, կեղծավորները, երեսպաշտները, բարոյազուրկները բացահայտվում են, կարծում են, թե դու երկրում չես, չես իմանա՝ առանց ընկալելու, որ երկնաբնակ քո անվերջությամբ դու նրանց փորձությունն ես…
Երեւանի սուրբ Աննա եկեղեցում այսօր երեկոյան 18.30-ին սկսվող ժամերգությամբ քեզ մոտ կգանք մի ճանապարհով, որն անխզելիորեն շարունակվում է՝ երկիր-երկինք լուսեղեն մի աստիճանով, որ վերջ չունի՝ բարձրանում ու բարձրանում ես:
Հայոց առաքելական սուրբ եկեղեցին բարձրացնում է մեզ:
Գեւորգ ջան, խորին խոնարհումով, քո պատգամին հավատարիմ՝ մորաքույրդ՝
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարում՝ Պահեստազորի սպա ավագ լեյտենանտ Գեւորգ Արշակյանը Մատաղիսում, 2020թ.





