Նիկոլ Փաշինյանի ու նրա ենթակաների օրումեջ հայտարարությունները, թե Հայաստանը տնտեսական աննախադեպ առաջընթաց է ապրում, ՀՀ շարքային քաղաքացիներն ամեն օր իրենց մաշկի վրա են զգում, օրինակ՝ դեղատներում, 60 տոկոսով թանկացած դեղերի կամ խանութներում՝ 100-200 տոկոսով թանկացած սննդամթերքի ֆոնին: Էլ չասենք, որ ողնաշարով ենք զգում,թե ինչ մոտ է Աջափնյակի ու Փեթակի մետրոներով երթեւեկելու հաճույքն ու հարմարավետությունը:
25 տոկոս տնտեսական աճ՝ 5 տարում, այսինքն՝ եղել է 6 միլիարդ դոլարի աճ, բայց դրա համար ծախսվել է 26 միլիարդ դոլար:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն, իհարկե, սոցիալական հարթակներում ու հարցազրույցներում միշտ ներկայացնում է Հայաստանի տնտեսական այլայլված պատկերը՝ իշխանական խոսափողերից հնչող թվերից ու տվյալներից խիստ տարբեր: Ով ուզում է առերեսվել դաժան իրականությանը, նա լսում է Բագրատյանին, ով նախընտրում է իրականությունից կտրված, ականջահաճո ստերը, լսում է Փաշինյանին ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ԿԲ նախագահին:
26 միլիարդ դոլարը մսխում են, որ 6 միլիարդի գլուխ գովեն
«Այսպիսի թանկ տնտեսական աճ Հայաստանը երբեւէ չի ունեցել: Ծախսում ես մեկ դոլար,որպեսզի ունենաս 18 ցենտի աճ: Ավելանում է ոչ միայն պետական պարտքը,այլեւ բանկերի տոկոսները: Անցյալ տարի մենք 5 միլիարդ 200 միլիոն դոլարի տրանսվերտ ենք ստացել ու քոռուփուչ արել՝ դրամն արժևորելով: Գնաճը դրամով կազմել է 9 տոկոս, իսկ դոլարով՝ 38 տոկոս: Եվ Կենտրոնական բանկի նախագահը մինչեւ հիմա աշխատանքից չի ազատվել: Կենսաթոշակը 40 հազար դրամից դարձել է 46 հազար դրամ, իսկ գնաճը 23,9 տոկոս է կազմել: Ո՞վ պետք է սրա համար պատասխան տա»,- ոչ հռետորական հարց է ուղղում տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:
Իսկ Էկոնոմիկայի նախարարը դեմքի գոհ արտահայտությամբ միայն տնտեսական աճի թվերն է ասում՝ մանիպուլացնելով հանրությանը: Իսկ հանրությունը տնտեսագիտական վերլուծություն, բնականաբար, չի անում՝ պարզելու, թե երբ իշխանությունները 25 տոկոս տնտեսական աճից են խոսում, դրա համար քանի՞ հազարապատիկն են ծախսում պետբյուջեի, հարկատուների հաշվին: Եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ: Իսկը «Սուտլիկ որսկանի» պատմությունն է. Փաշինյանն էլ, կարծես Թումանյան շատ է սիրում, շուտ-շուտ մեջբերումներ է անում նրանից: «Բադն ու բրինձը անտակ կաթսայում եփեցինք, եփեցինք, ոչ աչքներս բան տեսավ,ոչ բերաններս բան մտավ»: 25 տոկոս տնտեսական աճ եք թմբկահարում, 46 հազար դրամը թոշակառուից վերցնենք, տանք միջին վիճակագրական չինովնիկին: Տեսնենք՝ քանի՞ օր կապրի:
Տնտեսական կապիտուլյանտիզմ
Իշխանական շրջանակներում վախենում են տնտեսագիտական վերլուծություն անել ու հրապարակային ներկայացնել, բացատրել ժողովրդին, թե «տնտեսական աննախադեպ աճերի» հրճվալից հայտարարությունների տակ իրականում ինչ խայտառակ, կործանարար, տապալված պատկեր է թաքնված: «Տնտեսական հեղափոխության» հետ կարելի է, չէ,՞ համեմատականներ անց կացնել նախորդ հնգամյակների, օրինակ՝ 2003-2008 թվականների «տնտեսական Չհեղափոխությունների» հետ, որպեսզի Նիկոլի իշխանավարման «հրաշքներն» ու «կատարելությունն» ավելի ճչացող ու ակնբախ լինի:
Բայց չէ, ոչ մի վերլուծություն էլ չի արվում, որովհետեւ Նիկոլից առաջ Հայաստանում կյանք չի եղել, ոչ էլ տնտեսություն է եղել, Նիկոլից առաջ Հայաստանը չոլ ու անապատ է եղել:
«Տնտեսության ոլորտում անհաջողությունները նույնքան ակնառու են, որքան Հայաստանի ու Արցախի տարածքային կորուստները: Նույն կապիտուլյանտիզմը տնտեսության մեջ է»,- համոզված է Հրանտ Բագրատյանը:
Փաշինյանը, ռուսներից ազատվելով, վերացնում է նոյեմբերի 9-ի վկաներին
«Չեմ կարող ասել, որ մենք այսօր մեր երկրի անվտանգության երաշխավորն ենք: …Հայերը կլինեն, բայց պետականություն գուցե չլինի: …Նստել եմ մեքենայի ղեկին ու քշում եմ, մեկ էլ պագրիշկեն վրից թռնում ա»,- ասաց Փաշինյանը գերմանահայ համայնքի հետ հանդիպմանը: Նա նաեւ «սառույցին գրեց» Գերմանիայի կանցլերի հայտարարությունը, թե պետք է հարգվի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Փաշինյանը բացահայտ ասաց՝ ի՞նչ Արցախ, ի՞նչ ինքնորոշման իրավունք, դուք մտածեք, որ կարող է Հայաստանն ընդհանրապես չլինի:
Արցախը ոչնչացրեց, հիմա էլ Հայաստանի հետեւից է ընկել, որ չունենք պետականություն, երկիր: Իսկ ինչո՞ւ:
«Ինչո՞ւ չունենք երկիր ու պետականություն, ամեն ինչ անում ես, որ Հայաստանում քեզնից հետո իշխանություն չլինի, որովհետեւ գիտես՝ քեզնից հետո եկողը քեզ դատի է տալու: Ինչո՞ւ ես ռուսների դեմ թշնամացել, երբ անգամ Արեւմուտքն է ասում՝ ՀԱՊԿ-ից դուրս մի արի: Ռուսատյացության պատճառն այն է, որ գիտես՝ ռուսները գալու են ու պատմելու են, թե նոյեմբերի 9-ին իրականում ինչ է տեղի ունեցել»,- փաշինյանական խորամանկությունը մեկնաբանում է Բագրատյանը:
Ռուսաստանն իրեն թշնամացողներին չի ներում
Երկու թշնամի՝ Ադրբեջան, Թուրքիա, արդեն կան. Փաշինյանը 3-րդ թշնամուն «վասատակելու» գործին է լծվել՝ Ռուսաստան, ընդ որում՝ փոխարենը Հայաստանը ոչ մի պաշտպան դեռ չունի:
ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում անցկացնելու առաջարկը Փաշինյանն ինչո՞ւ մերժեց: Չէ՞ որ Ռուսաստանը զորավարժության անվան տակ զենք ու զորք էր բերելու այստեղ՝ ցույց տալու, որ Հայաստանի կողքին կանգնած է:
«Ռուսաստանի հետ բարեկամությունը նրա համար է, որ Ռուսաստանը մեր թշնամին չդառնա: Իսկ երբ Ռուսաստանին ասում ենք՝ գնա, նա դառնում է մեր թշնամին, չէ՞: Ռուսաստանն ավելի շուտ կհամաձայնի, որ Հայաստանն ու Արցախն ամբողջությամբ լինեն թուրքական տիրապետության տակ, քան այստեղ գան Ֆրանսիան կամ ԱՄՆ-ն եւ Իրանի ճանապարհը փակեն: Ռուսաստանը հայտարարեց, որ իրենց համար Ադրբեջանն ու Հայաստանը հավասարազոր են: Դրանից ավելին մենք Ռուսաստանից պահանջել չենք կարող: Ու ի՞նչ, Ռուսաստանից հրաժարվես, որ գնաս Գերմանիա, հայտարարես, թե Հայաստանն էլ կարող է չլինե՞լ:
Այս տարածաշրջանը միշտ հետաքրքրել է Ռուսաստանին ու Թուրքիային: Թուրքիան ուզում է, որ Հայաստանը չլինի, Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը լինի, որ Թուրքիան Հայաստանի հետ միշտ խնդիր ունենա»,-պարզ բացատրում է Հրանտ Բագրատյանը:
Ալիեւից սարսափած
Մինչեւ մեր օրեր հասած ու այսօր էլ արդիական-պատմական ճշմարտությունն այն է, որ ո՛չ ռուսները կարող են հայերից բացի, ռազմավարական այլ դաշնակից ունենալ, ո՛չ էլ հայերը կարող են ռուսներից բացի, ռազմավարան այլ դաշնակից ունենալ:
Հայաստանի՝ դարերով եկած անվտանգության համակարգը ՀՀ իշխանությունը ոչնչացնում է՝ ՀԱՊԿ չկա, Ռուսաստան չկա, գնում է Գերմանիա ու հայտարարում՝ ոնց որ թե մենք անվտանգություն չունենք:
«Ո՞վ ոչնչացրեց Հայաստանի անվտանգությունը: Դո՛ւ: Բանակը, գեներալներին, մեր պաշտպանության գոտիները ոչնչացրիր, հիմա էլ ռուսներին ես խաղից հանում ու նպատակ ունես նաեւ Իրանից հրաժարվել: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարում է՝ պետք լինի, գազին փոխարինող էլ կգտնենք: Դու ո՞վ ես, որ այդպիսի հայտարարություն անես»,- իր ու բոլորիս անունից հարցնում է Հրանտ Բագրատյանը:
Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե 1990-ականներին Հայաստանից դուրս եկած ադրբեջանցիները վերադառնալու են ու ապրեն իրենց տներում: Նրանք հատկապես շեշտում են Սյունիքը, որտեղ մոտավորապես 180 հազար ադրբեջանցի է ապրել:
Շատ լավ, այդ դեպքում Բաքվում, Սումգայիթում, Նախիջեւանում, Գանձակում 580 հազար հայ է ապրել, Բաքվի կենտրոնում եղել է հայկական թաղամաս: Ուրեմն 1990-ականներին բռնագաղթած հայերն էլ պետք է վերադառնան իրենց տները: Կհամաձայնի՞ Ադրբեջանը: Հայտնի չէ, որովհետեւ Հայաստանի իշխանություններից ոչ ոք չի համարձակվում Ալիեւին ասել նաեւ բռնագաղթած հայերի իրավունքների, հայերի վերադարձի մասին:
Խոսում են անկլավների՞ց, շատ լավ, Ադրբեջանի օկուպացրած հայկական Արծվաշենը 40 քկմ է, իսկ այսպես կոչված՝ ադրբեջանական անկլավները բոլորը միասին 40 քկմ չեն կազմում: Ադրբեջանը կփոխարինի՞ Արծվաշենը: Դարձյալ հայտնի չէ, քանի որ ՀՀ իշխանությունը զբաղեցրածները չեն համարձակվում Ալիեւին նաեւ սրա մասին ասել:
ՆԱԻՐ ՅԱՆ