Անուշ Պետրոսյանը գրող է, այժմ բնակվում է Հայաստանում: Նա Լեռնային Ղարաբաղից է:
Լեռնային Ղարաբաղում ոչ վաղուցվա հակամարտությունը արդեն երկու անգամ մոռացված պատերազմ է: Անուշ Պետրոսյանը, որը երկու անգամ ստիպված է եղել այնտեղից փախչել, նկարագրում է այդ փորձը:
Այսպես է սկսում ներկայացնել մեր հայրենակցուհուն բրիտանական «Սիին ընդ անսիին» (Seen&Anseen) (Տեսնելով չտեսնվածը) ինտերնետ-հանդեսը, որտեղ տպագրվել է Պետրոսյանի պատմությունը 2020 եւ 2023 թթ. սեպտեմբերների մասին…
100 000 հայ-քրիստոնյաների էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղից, նկատում է հրատարակությունը, ամբողջ աշխարհի հայերին ստիպել է կասկածի ենթարկել այն աշխարհակարգը, որը բռնապետներին թույլ է տալիս անպատիժ հասնել իրենց ուզածին: 2020 թ. սեպեմբերի դաժան պատերազմից հետո, շարունակում է հանդեսը, Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվեց իր տարածքի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի անկլավի լիակատար շրջափակման: Ոչ մեծ հողատարածքում, որտեղ հայերը Սովետական Միության փլուզումից հետո պայքարում էին անկախության համար, առեւանգվում էին խաղաղ բնակիչներ, տարեց մարդիկ մահանում էին տարրական բուժօգնության բացակայության, իսկ դպրոցները փակվում էին ջեռուցման գազի բացակայության պատճառով: Արտաքին աշխարհի համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսում էր խաղաղության ու ինտեգրման մասին, տարածաշրջանի ներսում փորձագետները զգուշացնում էին սովի հարուցած ցեղասպանության մասին: 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանը վերջապես ստացավ այն, ինչ ուզում էր՝ Արցախի տարածքն առանց հայերի:
Այնուհետեւ խոսելով տեղի ունեցած հարձակման, հարյուրավոր մարդկանց զոհվելու ու դեպի Հայաստան մարդկանց փախուստի, իրենց տներն ու հայրենիքն ընդմիշտ թողնելու մասին, կայքը մանրամասնում է, որ Պետրոսյանը Շուշիից է, որի կորստից հետո տեղափոխվել եւ ապրել է Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում, սակայն այստեղից էլ ստիպված է եղել հեռանալ կատարված էթնիկ զտման պատճառով:
«2020 թվականի սեպտեմբերին,- պատմում է Անուշ Պետրոսյանը,- ես թողեցի իմ հայրենի քաղաք Շուշին Արցախում՝ հաստատ վստահությամբ, որ շուտով կվերադառնամ… 2023 թվականի սեպտեմբերին թողեցի Ստեփանակերտը՝ իմ նոր քաղաքը, միակ հույսով, որ ողջ մնամ»:
2020-ի սեպտեմբերին հայրը նրանց իրենց սեփական մեքենայով տեղափոխել է Երեւան: 2023-ի սեպտեմբերին արդեն հայրը չկար: Մարդակերտցի մի բարի մարդ, որին Անուշը նախկինում երբեք չէր հանդիպել, համաձայնել է նրան մոր հետ տեղափոխել Երեւան:
«2020 թվականի սեպտեմբերին,- երկու սեպտեմբերների իր պատմությունը շարունակում է մեր հայրենակցուհին,- ես մեկնեցի Շուշիից, երբ քաղաքում դեռ մարդիկ կային: 2023 թվականի սեպտեմբերին վերջիններից մեկը հեռացա Ստեփանակերտից: Այն հյուրանոցը, որտեղ մենք՝ Շուշիից փախստականներս բնակվում էինք վերջին երեք տարիներին, դատարկ էր: Ես երբեք չէի տեսել, որ Ստեփանակերտի փողոցներն այդքան հուսահատ տեսք ունենային: Այնտեղ անտուն շներն էին թափառում, իսկ մեքենա չունեցող մարդիկ սպասում էին, որ գան հասարակական ավտոբուսներն ու իրենց տարհանեն:
2020 թվին մենք մեզնից հետո թողեցինք հայրական այգու բերքն ու հարուստ կյանքը Շուշիում: 2023-ին Ստեփանակերտի հյուրանոցի համարում թողեցինք մի քանի կիլոգրամ հնդկաձավար, բրինձ եւ կարտոֆիլ: Մթերք, որը մեզ հաջողվել էր հայթայթել համարյա մեկ տարվա դաժան շրջափակման ժամանակ:
2020-ին ես Շուշիից հեռացա՝ սրտիս մեջ երազներով: Ես դեռ ընկճված չէի, անձնական կորուստներ չունեի եւ հավատացած էի, որ կվերադառնամ: 2023-ի սեպտեմբերին ես Ստեփանակերտից հեռացա՝ իմ կյանքի ու իմ ապագայի հանդեպ անվստահության զգացումով»:
Այս պատմության հերոսուհին, ինչպես ինքն է նշում, 2020-ի արցախյան պատերազմից հետո շատ է գրել Շուշիի մասին, որտեղ թողել է ամբողջ մի կյանք ու մանուշակների այգի: Բայց ոչ մի տող չի գրել Ստեփանակերտի մասին՝ բռնության ու էթնիկ զտման այս սեպտեմբերից հետո: Հնարավոր է՝ երբեւէ կգրի այդ «հարմարավետ քաղաքի» ու նրա հիանալի մարզադաշտի մասին, որտեղ դանդաղ վազքով կվազի ու հանգստության զգացում կգտնի:
2020-ի սեպտեմբերին նա կյանքում առաջին անգամ զգացել է՝ որքան մենակ ու անզոր կարող է լինել մարդը: 2023-ի սեպտեմբերին կյանքում երկրորդ անգամ է նույնը զգացել: Առաջին դեպքում սկսել է հասկանալ, որ ամեն անելանելի իրավիճակում մարդ պետք է հույսը դնի միայն իր եւ Աստծո վրա: Նույնը զգացել է նաեւ երկրորդ դեպքում:
«Ես երկու անգամ անցել եմ դժոխքի միջով կամ դժոխքի տարբեր փուլերով: Դժվար է ասել, թե որ դժոխքն էր ավելի վատ… Ես պարզապես վախենում եմ պատկերացնել, որ կան մարդիկ, որոնց դժոխքն ավելի դժոխք էր, քան իմը:
Բայց դժոխքի մեջ ես հանդիպեցի ամենակարեկից մարդկանց, որոնք ինձ թույլ տվեցին զգալ Աստծո ներկայությունը մեր այս անհեթեթ աշխարհում»,- գրել է Անուշ Պետրոսյանը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ