Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Մեդալի հակառակ կողմը» սպորտային դրամայի պրեմիերան: Դերասանական կազմը խոսեց դժվարությունների, իրենց էմոցիաների եւ ֆիլմի նկարահանման ընթացքի մասին:
Ֆիլմը աշխարհահռչակ ծանրորդ Նազիկ Ավդալյանի կյանքի պատմությունն է, որը հիմնված է բացառապես իրական փաստերի վրա: Ֆիլմում ներկայացված է Նազիկ Ավդալյանի սպորտային ուղին, անցած դժվար ճանապարհը եւ այն անկոտրում կամքը, որը Նազիկին օգնեց դառնալ Եվրոպայի կրկնակի չեմպիոն՝ սարսափելի ավտովթարից հետո: Ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Աննա Հարությունյանը, մարմնավորում է հենց Նազիկի կերպարը, ում մոտ ֆիլմը ստեղծելու գաղափարը ծագել էր դեռեւս 2 տարի առաջ: Այս ֆիլմը սիրելու, հավատալու, չհանձնվելու եւ նվաճելու մասին է: Խոսելով իր ապրումների մասին՝ Աննան նշեց. «Իմ կյանքում ինչ-որ բան սկսելիս կասկածանքը տեղ չունի, եւ դա է օգնել ֆիլմի նկարահանման ժամանակ, եւ ընթացքում միայն աղոթում էի, որ հանկարծ ծունկս չվնասեմ կամ չստանամ այնպիսի վնասվածք, որը կխանգարի ֆիլմի նկարահանումներին»:
Հարկ է նշել, որ նկարահանումների ընթացքում Աննան ստացել է բազմաթիվ լուրջ վնասվածքներ եւ անցել է շատ փորձությունների միջով, սակայն այդ ամենը չի խանգարել նրան շարունակելու ֆիլմը: «Իմ անձական կյանքը միշտ եղել է փակ, բայց Աննային վստահեցի այն, եւ այսօր իմ կյանքի պատմությունը եւ անցած ուղին կհանձնենք ձեր դատին: Նաեւ շատ ուրախ կլինեմ, որ իմ անցած ճանապարհը օգտակար լինի շատերին»,- նշեց Նազիկ Ավդալյանը: Խոսելով սցենարի մասին Աննա Հարությունյանը նշեց, որ սցենարը գրել է բազմաթիվ դիտարկումներ եւ դերասանների հետ մանրակրկիտ զրույցներ ունենալուց հետո, որի արդյունքում ֆիլմում պահպանվել են բոլոր դեպքերը եւ կարեւոր իրադարձությունները:
Նազիկ Ավդալյանի մարզիչի դերը մարմնավորած Արտաշես Ալեքսանյանը նշեց, որ հանդիպել է Նազիկ Ավդալյանի մարզիչին: Արտաշես Ալեքսանյանը հարկ համարեց կարեւորել, որ կերպար կերտելուց առաջ պետք է ուսումնասիրել այդ անձին, նրա հոգեբանությունը, սովորույթները եւ ապրելակերպը:
Սոս Ջանիբեկյանը մարմնավորում է հերոսուհու ամուսնու կերպարը, որը ֆիլմի վերնագիրը կարդալուց հետո միանգամից հասկացել է, որ ֆիլմը նաեւ իր կերպարի հակառակ կողմի մասին է եւ սցենարը հենց սկզբից հետաքրքրել է նրան:
Ֆիլմում ներկայացված յուրաքանչյուր կերպար Նազիկի կյանքից է եւ իրական է: Չափազանցություններ ֆիլմում գրեթե չկան: Ամեն ինչ Նազիկինն է: Ֆիլմում կերպարներ են կերտել նաեւ Խորեն Լեւոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Հակոբյանը, Բաբկեն Չոբանյանը, Արուսիկ Գրիգորյանը, Կարեն Գիլոյանը:
Եզրափակելով Աննան շնորհակալություն հայտնեց դերասանական կազմին եւ նշեց, որ նրանց պրոֆեսիոնալիզմի արդյունքում է ֆիլմը համարում ստացված: Պրեմիերային ներկա էին շոու բիզնեսի, մշակույթի մի շարք ներկայացուցիչներ եւ հայկական սպորտի կարկառուն դեմքեր:
ԳՈՀԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Բրյուսովի անվ. պետ. համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի