Հայ մամուլի աշխարհում ահա մի քանի տասնամյակ ուրույն ու պատվելի ներկայություն է «Էջմիածին» կրոնագիտական եւ հայագիտական ամսագիրը՝ պաշտոնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի: Գալիս է այն հեռավոր 1944-ից՝ նպատակ ունենալով եկեղեցու խոսքն ու ազգի մտավոր բանումի երախայրիքը մատուցել դրա կարիքն ունեցողներին:
Գեւորգ Զ Վեհափառի որակների ու ջանքերի շնորհիվ հիմնված պարբերականում, որ կոչված էր Հայ եկեղեցու պաշտոնական ձայնափողը լինել, որի էջերը պիտի խոսեին Հայ եկեղեցու կյանքի մասին, սկզբնական շրջանում կրոնաեկեղեցական նյութերին գրեթե տեղ չի տրվում. ժամանակի ճնշիչ պահանջն էր այդ: Քիչ ուշ՝ 60-ականներին, երբ ազատության հովեր են թափանցում հսկայածավալ կարմիր տերություն, ամսագիրը հնարավորություն է ստանում սկսելու իր բուն հերկը. հայ հոգու ու մտքի ջահասրահում արդեն լիարժեքորեն սկսում է վառվել մի նոր ջահ՝ իր բաժին լույսը բերելով այդ ջահասրահից ճառագող մեծ լուսավորմանը՝ ինչպես իր հզոր նախորդը՝ «Արարատ»-ը՝ ժամանակին:
Հետագա տարիներին մայր եկեղեցական պարբերականը լինում է մշտատեւ հոգածության եւ ուշադրության առարկա. առանձին գրասենյակ՝ ամսագրի խմբագրությանը՝ Սուրբ Էջմիածնում, Մայր Աթոռի հրատարակչի պարտականությունների ստանձնում, տպարանի կահավորում համապատասխան սարքավորումներով, Մայր Աթոռի տպարանի վերաբացում 1961-ին. մինչ այդ «Էջմիածին»-ը տպագրվում էր Երեւանում, խմբագրական խորհրդի ստեղծում: 2018 թ.-ից սկսած, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, «Էջմիածին»-ի խմբագրության աշխատանքները համակարգում է Մայր Աթոռի հրատարակչական բաժինը (տնօրեն՝ Տեր Արարատ քահանա Պողոսյան): Ամսագրի տպյալ օրինակներն առաքվում են Հայաստանի եւ արտերկրի մի շարք գրքապահ օջախներ, թվային տարբերակները՝ տեղադրվում համացանցային համապատասխան կայքերում, առցանց շտեմարաններում:
Եթե զրույցի բռնվենք 80-ամյա պարբերականի հետ, նա մեզ կպատմի շատ ու շատ ուշագրավ դրվագներ Հայ եկեղեցու, ընդհանրապես հայ ժողովրդի կյանքից ու կհրամցնի գիտական կերտումների մի լիառատ նշխարանոց, քանզի նրա էջերով դեպի անմահություն են գնացել տողեր հայ եկեղեցական ու աշխարհիկ կյանքի ու հայագիտական խմորումների վերաբերյալ:
էջմիածնական պարբերականը նաեւ մի յուրատեսակ գանձանակ է, որի մեջ իրար հաջորդելով գալիս եւ իրենց մտքի հնոցից ստացված արծաթն ու ոսկին են գցում հայագետների տարբեր սերունդներ. նրանց շարքում՝ եւ ասպարեզի հսկաներ: Այդ գանձանակում պահվում են նաեւ այլ կարգի նշխարներ՝ արխիվային նյութեր, հուշեր, նամակներ, ձեռագրացուցակներ, անտիպ գործեր, հուշարձանների արձանագրություններ, հայ մատենագրությանը սերտորեն առնչվող այլալեզու աշխատանքներ՝ թարգմանաբար, արտատպություններ՝ նախորդ շրջանի հանդեսներից, Հայ եկեղեցու ականավոր դեմքերի քարոզների վերատպություններ, հայ եւ օտարազգի հայագետների կյանքին ու գիտական վաստակին նվիրված հոդվածներ, նրանց գիտական աշխատանքների մատենագիտություններ եւ այն:
«Արարատ» եւ «Էջմիածին» մտավոր նշխարանոցներում պետք եղած նշխարները դյուրությամբ գտնելու համար «Էջմիածին»-ը 1968-ին ի լույս է բերում «Արարատ»-ի 100-ամյակին ձոնված մեծաբովանդակ համար, իսկ 1968-1970 եւ 1973-1974 թթ. պարբերականի էջերով ասպարեզ են գալիս «Արարատ» ամսագրի 50 եւ «էջմիածին» ամսագրի 30 տարվա նյութերի մանրակրկիտ մատենագիտությունները: Հետագայում հետազոտողները իբրեւ առանձին հրատարակություններ ունենում են «Արարատ» եւ «Էջմիածին» ամսագրերի մատենագիտությունները: Մեր երկրի անկախացումից հետո պարբերականի պատմաբանասիրական բնույթն ավելի ընդգծուն է դառնում:
1956 թ.-ից սկսած «էջմիածին»-ի խմբագրությունն է պատրաստել եւ հայագիտական համայնքին ընծայաբերել կրոնական, եկեղեցագիտական, ճանապարհորդագրական, պատմաբանասիրական բնույթի տասնյականուն գրքեր:
«Էջմիածին» ամսագրի ստեղծման, կայացման, զարգացման ու հարատեւման գործում մեծ է եղել եւ է խմբագիրների վաստակը: Աոաջին խմբագիրը Առաքել Առաքելյանն էր: Մինչ օրս հոբելյար պարբերականն ունեցել է մոտ մեկուկես տասնյակ խմբագիր ու խմբագրի պաշտոնակատար: Ներկայիս գլխավոր խմբագիրն է Գեւորգ Մադոյանը:
Եվ այսպես ամսեամիս, լուսաբաշխումից լուսաբաշխում, եկեղեցական կյանքի ու հայագիտության հասկաքաղն ու հասկաբաշխը մատուցում է մեզ գիտելիք ու խոհ, ինչպես նաեւ իր բաժին մեծ ջանքը գործադրում Հայրենիքն ու Սփյուռքը մեկ կուռ ամբողջություն պահելու ուղղությամբ:
Ահա ութսուն տարի է՝ հայ մամուլի աշխարհում՝ 1794-ից գցված արքայական պողոտայով քայլում է ծերունազարդ էջմիածնական պարբերականը: Հայ եկեղեցու տարեգիրներից մեկը եղավ այն, այլեւ՝ հայոց մեջ, ընդհարապես քրիստոնյա աշխարհում տեղի ունցող անցքերի մասնակիցներից, դրանց իմաստն ու արժեքը վերհանողներից եւ բացահայտողներից, հայ ժողովրդի քրիստոնեական նկարագիրը պահպանողներից, խավարը ցրողներից ու լույսի իշխանությունը հաստատողներից մեկը: Եղավ նաեւ հայ մտավոր բարիքների ու գանձերի մշտնջենական ու անկողոպտելի պահելավայրերից մեկը, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակաշրջանի հայագիտական կյանքը: Եվ այս ամենով դարձավ գանձահարուստ մի շտեմարան՝ ժամանակի հարահոս շղթայում մտային որոնումների ու վերհանումների իրենց հերթափոխն ստացած գալիքի սպասավորների համար:
Այսօր հոբելյար գրո նշխարանոցը մեզ ներկայանում է տասնամյակների անընդհատական տքնումի շնորհիվ իրեն տրված անունը երիցս արդարացրած եւ ափեափ լի իմացական շտեմարանի կարգավիճակի հասած, որպես զորեղ տապան՝ այն ութ տասնամյակ նավարկում է հայ գրավոր խոսքի անծիր օվկիանոսում՝ թողնելով մեծարժեք կոհակումներ:
ԲԱՐՁՐՅԱԼԻ ամենակարող աջի ներքո թող շարունակվի այդ նավարկումը դեպի հայ մտքի նոր հանգրվաններ, նոր հորիզոններ, նոր գագաթներ:
Եղիցի:
ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)