ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումով Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից շրջափակելու հարցի քննարկման ժամանակ ՌԴ ներկայացուցչի ոչ միանշանակ խոսքից եւ ՄԱԿ-ի անդամ պետությունների՝ Ադրբեջանի պահվածքը դատապարտող եւ Լաչինի միջանցքը բացելու կոչերից հետո, մեր այս հրապարակումը պատրաստելու պահին Հայաստանը Ստեփանակերտին կապող ճանապարհը դեռ փակ էր։ Ադրբեջանի վրա ՄԱԿ-ի կոչերը փաստորեն չեն ազդում, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի պահվածքը եւս փաստորեն խրախուսում է Ադրբեջանին։ Միջազգային այլ խաղաղապահներով, որոնք կունենան նաեւ ուժ կիրառելու մանդատ, տարածքը համալրելու մեխանիզմը եւս դեռ չի ուրվագծվում, տարածք փաստահավաք միջազգային խումբ ուղարկելու վերաբերյալ Հայաստանի ղեկավարության դիրքորոշմանը դեռ առարկայական որեւէ արձագանք չկա։
Այս պահին ելքի որոնումը շարունակելը պարտադիր է, չարժե հիասթափվել մի բանից, որը պատմությամբ մի (ինչու չէ՝ նաեւ մեկից ավելի անգամներ) եղել է, իսկ հիմա կրկնվում է, չարժե մինչեւ վերջ հիասթափվել դաշնակցից, ինչ է, թե նա իր, ու ոչ թե մեր շահերն է սպասարկում, եւ անգլիացիների,ամերիկացիների եւ այլոց հետ ռուսների՛ եւս՝ մեր հանքերին տիրապետելու ցանկությունն ավելի վեր է, քան արցախցիների հումանիտար իրավունքը։ Այլապես Ռուսաստանի ներկայացուցիչը, բոլոր մյուս երկրների ներկայացուցիչների՝ Լաչինի միջանցքը բացելու հրամայականը մատնանշելու ֆոնին, ՄԱԿ-ում Հայաստանի դիմումի քննությանը տարօրինակ բացատրություն չէր տա, թե՝ Լաչինի միջանցքը մասամբ է փակ, ու հայերն ու ադրբեջանցիները հանքային վեճ ունեն։
Ռուսների հայտարարությունը պետք է նշանակի, որ միտում կա ճանապարհի վերահսկողությունը հանձնել ադրբեջանցիներին, Շուշիի տակ անցակետ դնել եւ ստուգել Արցախ գնացող ամեն մեկին, դրա անունը կդրվի բնապահպանական պահանջ, թե ոչ, դա էական չէ։ Թուրքիայի դեսպանի այցն էլ Լաչինի միջանցք ապացույց, որ Արցախը Հայաստանից կտրելու որոշումը իրենք իրենց տվյալ պահին տարածաշրջանը նայողներ կարգածների միացյալ որոշումն է։
Ես չեմ կիսում այն լավատեսությունը, թե ՄԱԿ-ի երկրները լավ դաս տվեցին Արդբեջանին, ու նա ստիպված կլինի բացել Լաչինի միջանցքը։ Եթե հոռետեսական սցենար լինի, ու Ադրբեջանը մինչեւ հունվարի առաջին տասնօրյակը ներառյալ փակի արցախցիների կյանքի ճանապարհը՝ այդպես փորձելով իր պահանջները կատարել տալ, դա շատ ծանր հետեւանքներ կունենանա Արցախի եւ արցախցիների վրա։
Այս վիճակում մենք ոչ թե պետք է նեղանանք այս կամ այն խաղացողից, ռուս դաշնակցից, այլ պետք է ելքերի բոլոր հնարավոր տարբերակները գույքագրենք։ Հայաստանը, ով էլ լիներ նրա ղեկավարը, միայն հրապարակային քաղաքականությամբ չպետք է փորձեր խնդիրները կարգավորել, որովհետեւ երբ նավթ-գազ-տնտեսական շահ ազդակների փակուղում ես, երբ Եվրոպան Ադրբեջանից այս պահին էլ գազ գնելու խնդիրն է լուծում, դու Եվրոպայի, ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ռուսների, էլ եսիմ ում օգնության հույսին մնալ չես կարող, դու պետք է պահեստային, անգամ ոչ ստանդարտ քայլերի համալիր ունենաս։ Նկատելի են Սփյուռքի հայկական կամակերպությունների ջանքերը, նկատելի էր Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ջանքը, նկատելի է առանձին քաղաքական-հանրային գործիչների ակտիվությունը, բայց դա շատ քիչ է։
Էն որ ասում են՝ խորքային պետություն, այ հենց մենք պետք է ալտերնատիվ այնպիսի կառույցներ ունենայինք, որոնք, երբ պետության գործիքներն արդյունքի չեն բերում, գործի կդնեին ստվերային գործիքներ։ Օրինակ՝ լինեն այնպիսի կառույցներ, կազմավորումներ, խմբեր, որոնք թեկուզ ծայրահեղական կոչեր հնչեցնեն՝ կառավարության քաղաքականության հետ անհամաձայնությունը նշելով, օրինակ՝ կսպառնան կազմակերպել Ադրբեջանի տարածքում գազամուղի կամ նավթամուղի պայթեցումը։ Պետությունն էլ ուսերը թոթվի՝ նշելով, որ չի կարող Հայաստանից դուրս ամեն կառույցի վերահսկել։ Տնտեսական վնասի վախը Ադրբեջանին էլ, մրսելու վտանգն առ աչք Եվրոպային էլ, մյուս խաղացողներին կստիպի սթափվել, եթե այդպիսի ռեալ վտանգ զգացվի։ Եթե 120 հազար մարդու ստիպում են սովել, բժշկական օգնությունից զրկվել, ռուսական խաղաղապահների մանդատը եւ նրանց բուն ցանկությունը չի տեղավորվում արագ կարգավորման տրամաբանության մեջ, ուրեմն ոչ ստանդարտ միջոցներ են պետք, արցախցին էլ, Արցախն էլ, նրա երաշխավոր Հայաստանն էլ, աշխարհասփյուռ հայությունն ու նրա կառույցներն էլ կարող են ինքնապաշտպանության բոլոր միջոցների մասին մտածել։
ՄԱԿ-ի անդամ պետությունների կոչերը Հայաստանի ներկայացրած դիմումը քննարկելիս հավասարապես ուղղված էին Ադրբեջանին ու Ռուսաստանին, քանի որ վերջինս ինչ-որ պարամետրերից խոսելով՝ որպես եռակողմ հայտարարության կողմ իր պարտականությունը չի կատարում՝ ինչպես թափանցիկ ակնարկ արեց ԱԺ նախագահը, կա՛մ՝ չի կարողանում, կա՛մ՝ չի ուզում, կա՛մ երկուսը միասին։ Ընդ որում՝ մի քանի երկիր՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Նորվեգիա, Իռլանդիա, ՄԱԿ-ում շատ հասցեական հայտարարություն արեցին, ու Ադրբեջանը, որ չի բացում դրանից հետո Լաչինի միջանցքը, հաստատ դրա համար ոչ թե միայն իր, այլ մի քանի շահագրգիռների միացյալ որոշում ունի։ Մեզ մնաց այն, որ Արցախի հարցը հնչեց ՄԱԿ-ի միջազգային հարթակում, ավելի շուտ՝ իր բոլոր պրոբլեմներով վերադարձավ միջազգային հարթակ, ի հեճուկս Ադրբեջանի, որն ասում է, թե Արցախի հարց չկա, այն լուծվել է, եւ դա շատ լավ է։
Ի՞նչ ելքեր կարող են լինել, շարունակենք մտմտալ.
-Եթե եռակողմ հայտարարության միայն մեկ կողմը՝ Հայաստանն է կատարում իր պարտավորությունը, մյուս երկուսը՝ չէ, ապա Հայաստանն էլ կարող է հետ կանգնել իր այն պարտավորությունից, որով հետ է քաշել իր զինուժը Լաչինի միջանցքից եւ կրկին մտնել այնտեղ՝ ռուսների հետ բանակցելով, խնդիրը լուծելուն նրան օգնելու պատճառաբանությամբ, այդ մասին ասում է, օրինակ, քաղաքագետ Ավետիք Չալաբյանը։
-Հայաստանը կարող է ուժ կիրառելով դուրս հրավիրել իր տարածքում հայտված եւ տեղավորված ադրբեջանցիներին՝ Սեւ լճի եւ մի երկու այլ հատվածներից՝ մաքրելով միջազգայնորեն ընդունված իր սահմանները, որը կարող է սառը ջրի ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա։ Մանավանդ՝ վարչապետը կառավարության նիստում ասում էր, որ Ադրբեջանին հետ ուղարկած հայկական առաջարկների մեջ է Հայաստանի ինքնիշխան տարածքների ապաօկուպացման պահանջը։ Իմիջիայոց նշենք, որ նա նաեւ կառավարության վերջին նիստին տեղեկացնում էր, թե խաղաղության (սահմանազատման եւ սահմանագծման) պայմանագրի առաջարկներն էլ հայկական կողից խմբագրվել եւ հետ են ուղարկվել, ու Հայաստանը, ըստ վարչապետի, դրանց ընդունելի լինելու պարագայում, պատրաստ է ստորագրել պայմանագիրը՝ Ադրբեջանից դրական արձագանքի է սպասում։ Արցա՛խը, Արցա՛խը մոռացաք, շրջափակման մեջ եղող Արցախը, ի՞նչ խաղաղության պայմանագիր, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը խաղաղության պայմանագրի մա՞ս է, ու երբ ասում եք՝ ռուսներն ու ադրբեջանցիք իրենց պարտավորությունները չեն կատարում՝ դո՛ւք էլ մի կատարեք…
-Անձամբ ես մեծ հույսեր չեմ կապում Արեւմուտքի հետ, ինչպես հայերի մի մասը, ընդ որում՝ իշխանական շրջանակների զգալի մասը եւս, արեւմուտքի տնտեսական շահերը հայերիս շահերի հետ տրամագծորեն հակառակն են, եւ պետք չէ խաբվել կեղծ խոստումներին՝ նրանք հերթական անգամ, ինչպես անցած դարասկզբին, թույլ են տալու, որ ռուսներն ու թուրքերը մեր եղած- չեղածի վրա առեւտուր անեն, իրենց շահն էլ այդ առեւտրում տեղավորելով։
-Խելք, մեծ խելք, ահա այն բոլորը, որ պետք է մեզ այս անելանելի վիճակից դուրս գալու համար, խնամքով մտածված դիվանագիտություն, խնամքով մտածված քայլերի հերթականություն։ Ումի՞ց պահանջել դա, երբ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներից առանձնապես մեծ հույս չկա, իսկ ընդդիմությունն էլ դա հնարավոր է համարում այս իշխանության հրաժարականից հետո, մինչդեռ հայկական արիալը ժամանակ չունի։ Իրոք՝ տարածաշրջանում մեծ պատերազմից հինգ րոպե է պակաս, բախվել են նախ Ռուսաստանի, ապա եւ՝ Թուրքիայի, Իրանի, Իսրայելի, դրանց հետեւում կանգնած, դրանց միջոցով աճպարարություն անող պետությունների շահերը։ Անվնաս պրծնելն այս վիճակից կարող է անհավանական թվալ, բայց ոչ անհնար։ Հայկական նշանակալից բոլոր կառույցները պետք է միավորեն ելքերի իրենց ռազմավարությունը՝ ահագնացող սպառնալիքի առաջ։ Եւ պետք է օրակարգ ներառել Արցախի անկախությունը ճանաչելու հարցը, մեռանք ասելով, հետո, ինչպես նախորդ իշխանությունները, դուք եւս զղջալու եք այդ սխալը գործելու համար։ Գործ արեք, Արցախը սովում է շրջափակման մեջ, պետական համակարգը խորն ընկղմվել է նախատոնական պարգեւավճարների նիրվանայի մեջ։
Հետաքրքրական զուգադիպությամբ հենց այս խառը իրավիճակում Հայաստանում ստեղծվում է արտաքին հետախուզական ծառայություն՝ ԱԺ-ն ընդունեց այդ կառույցը ստեղծելու մասին օրինագիծը։ Ընդ որում՝ նոր մարմինը, ինչպես եւ ուժային այլ կառույցներ, ենթակա են լինելու վարչապետին։ Տեսնես օրենք ընդունողները մտածո՞ւմ են այն մասին, որ իրենք հավերժ չեն լինելու ղեկավար եւ իրենցից հետո եկողին եւս ինչու են այս աստիճան կենտրոնաձիգ իշխանություն հանձնում Ով է լինելու արտաքին հետախուական ծառայության նոր ղեկավարը՝ արդյոք այդ ֆիգուրը եւս նկատի է առնված այսպիսի կառույցի պատկերը կառուցելիս, արեւմտամե՞տ է լինելու, թե կոնկրետ մի երկրի շահերը կրող (կներեք, որ չեմ հավատում ադեցություններից զերծ նոր կառույցի գոյությանը՝ տառապանքս փորձ ունի), ի՞նչ է նպատակը։ Մի ժամանակ մեր ԱԱԾը ՊԱԿ-ի մասնաճյուղ էր թվում, որն այդպես էլ չազատագրվեց ռուսական ազդեցությունից ու այդ առումով իրոք անվտանգության ինքնուրույն ծառայություն չդարձավ՝ ունենալով նաեւ իր մեղքի բաժինը քառասունչորսօրյա պատերազմի ելքում։ Տեսնես հիմա ո՞ր երկրի ազդեցությունն է կրելու այդ նոր ծառայությունը՝ եթե նկատի առնենք մեր ղեկավարների արեւմտամետ հակումները, եւ ի՞նչ վտանգներով է հղի լինելու այդպիսի ազդեցությունը մեր անվտանգության տեսակետից։
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ