Զրույց դաշնակահարուհի Արուս Աճեմյանի հետ
Դաշնամուրային նվագի բազմաշերտությունն անհատի համար խրթին ճանապարհ է, որ ենթադրում է տաղանդի, արտիստիզմի եւ նվիրումի անսահման ներդրում: Այդպիսին է երիտասարդ սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Արուս Աճեմյանը:
Նրա նվագը թափանցում է ունկնկդրի սիրտը հենց առաջին հնչյուններից, հուզում մե՛րթ հուզումնառատ, մե՛րթ մտերմիկ, ջերմ զրույցով: Հստակ է նրա հնչյունարտաբերումը եւ երաժշտական մտքի արտահայտումը, իսկ ստեղծագործությունների մեկնաբանումներն աչքի են ընկնում բոլոր դետալների խորը կազմակերպվածությամբ, եւ դրանցով հանդերձ գեղարվեստական կերպարի ամբողջական, մասշտաբային արտացոլմամբ, կանացի քնքշության հետ զարմանալիորեն համադրվող թափի, հաստատուն կամքի դրսեւորմամբ:
Արուս Աճեմյանը հանդիսանում է հայ կոմպոզիտորների, այդ թվում հոր՝ անվանի կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի դաշնամուրային ստեղծագործությունների անզուգական կատարող եւ մեկնաբան:
Առաջիկայում նախատեսված ծրագրերի եւ հայ դաշնամուրային կատարողական արվեստի տարբեր հարցերի շուրջ զրուցել ենք երիտասարդ դաշնակահուհու հետ: Ներկայացնում ենք ստորեւ:
Ծնվել է 1983 թվականի մայիսի 16-ին, Երեւանում:
2000 թ. ավարտել է Երեւանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը, 2004-ին` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, 2005-ին բուհի ասպիրանտուրան՝ Ռոզա Թանդիլյանի ղեկավարությամբ:
1996-ից հանդես է եկել մենահամերգներով Հայաստանում եւ արտերկրում: 1997-ից ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տարբեր դիրիժորների ղեկավարությամբ` կատարելով Սեն-Սանսի (թիվ 2), Պրոկոֆեւի (թիվ 1), Ռավելի (թիվ 1), Ռախմանինովի (թիվ 2) եւ Մոցարտի (թիվ 20) կոնցերտները: 1998թ. արժանացել է «Շնորհալիներ» մրցույթի 1-ին մրցանակին: 1999թ. ԱՄՆ-ումմասնակցել է Շոպենի մահվան 150-ամյակին նվիրված դաշնակահարների միջազգային համաժողովին` ստանալով «Լավագույն մենակատար» դիպլոմը: 2000թ. արժանացել է Ա.Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթի 1-ին եւ հատուկ մրցանակներին: Հանդիսացել է Վ.Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի, International Cultural Exchange Fund-ի, Օրբելյան հիմնադրամի կրթաթոշակառու:
2001թ. մասնակցել է Կոլմարի միջազգային փառատոնին (Ֆրանսիա) եւ Օքսֆորդի միջազգային երրորդ փառատոնին (Անգլիա): 2002թ. արժանացել է International Cultural Exchange Fund-ի 1-ին մրցանակին:
Մասնակցել է Դ.Պոլակի, Ն.Պետրովի, Գ.Չեռնի-Ստեֆանսկայայի, Մ.Վոսկրեսենսկու, Ն.Յուժանինի, Օ.Յաբլոնսկայայի, Մ.Պրոսլերի եւ Ն.Սվետլանովայի վարպետության դասընթացներին: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հունաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Չինաստանում, Կանադայում, Գերմանիայում, Լեհաստանում եւ Շվեյցարիայում:
2003թ. Մոսկվայի կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան) 6 համերգ է ներկայացրել Բրազիլիայում եւ Ուրուգվայում` ծրագրում ունենալով Շոստակովիչի թիվ 1 եւ Հայդնի ռե-մաժոր կոնցերտները: 2008թ. AMC ընկերությունը թողարկել է դաշնակահարի ստեղծագործություններով «Romantic Fire» ձայնասկավառակը: 2009թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին, 2014թ.-ից ՀՀ վաստակավոր արտիստ է:
–Արո՛ւս, կխնդրեմ ներկայացնեք ձեր մասնագիտական ընթացքի սկիզբը, ե՞րբ եւ ինչպե՞ս կայացավ ձեր ընտրությունը, ուսումնառության ընթացքը:
-Գաղտնիք չէ, որ սերում եմ արվեստագետների ընտանիքից, ծնվել եւ մեծացել եմ ողողված երաժշտությամբ եւ անվանի մարդկանց շրջապատում: Ծնողներս ինձ ուղղորդեցին երաժշտական դպրոց, եւ 5 տարեկանից ես սկսեցի սովորել վաստակավոր մանկավարժ Ռոզա Թանդիլյանի մոտ, որին անչափ երախտապարտ եմ: Բայց կարող եմ ասել, որ ծնողներս չեն որոշել իմ փոխարեն, այլ միայն զարգացրել են իմ ունակությունները, իսկ ընտրությունը թողել ինձ: Այնպես ստացվեց, որ արդեն 10-12 տարեկանից ունեի բուռն համերգային կյանք, եւ ուղղակի մի օր ես հասկացա, որ այլընտրանք չկա, եւ իմ կյանքն անմնացորդ կապված է այս գործունեության հետ: Կարելի է ասել, որ դրանից հետո նաեւ ծնողներս մի կողմ թողնելով իրենց կյանքը¬ փորձեցին ինձ կայացնել, իրագործել իմ երազանքները: Եթե հիմա ասեմ, որ շնորհակալ եմ իրենց, դա շատ աղքատիկ կհնչի, միայն համարում եմ, որ այսօր արդեն քիչ են այն ծնողները, որոնք այդպես կարող են նվիրվել իրենց երեխաներին. մայրս, որ արդեն մեզ հետ չէ, ցավոք, եւ «ամենահայրս», որի առջեւ գլուխս եմ խոնարհում, որ այդպես կարող է նվիրվել թե՛ արվեստին, թե՛ ընտանիքին, թե՛ մարդկանց: Շնորհակալ եմ նաեւ իմ ճակատագրին, որ բախտ եմ ունեցել ուսանել Նիկոլայ Պետրովի, Յուժանինի, Վեսկրեսենսկու, Գալինա Չեռնի-Ստեֆանսկայաի, Մայքլ Պրեսլերի, Նատալյա Տրուլի եւ շատ ուրիշների մոտ: Հանդես եմ եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, համարձակություն եմ ունեցել կատարել նրանց իսկ առջեւ:
–Ի՞նչն եք համարում ձեր արվեստում ավանդական, այսինքն, որ փոխառել եք ձեր ուսուցչից եւ ի՞նչն է, որ համարում եք ձեր առանձին ձեռքբերումը կատարողական արվեստի մեջ:
-Լինելով Ռոզա Թանդիլյանի ուսանողը, որն, ի դեպ, եղել է Առնո Բաբաջանյանի միակ ուսանողը, իսկ Բաբաջանյանը սովորել է ժամանակի հանրահայտ մանկավարժ Կ. Իգումնովի մոտ, ես ինձ համարում եմ այդ դպրոցի շառավիղը: Դասական այդ դպրոցի ավանդույթներն ինձ փոխանցել է Ռոզա Թանդիլյանը, որի հետ մենք ոչ թե աշակերտ-դասատու սուբորդինացիայի մեջ էինք, այլ նա անձնվեր աշխատանք էր տանում ինձ հետ: Ես նրա մոտ դասի էի լինում ամեն օր, քանի որ տեսնելով ինձանից կատարող ստեղծելու հնարավորությունը, նա ամեն օր երկարատեւ պարապմունքներ էր անցկացնում ինձ հետ: Այդ տարիներին իմ տիրույթում որեւէ ուրիշ բան չկար, ես ապրում ու շնչում էի այդ մթնոլորտով: Ինչ վերաբերում է կատարողական տեխնիկային, չեմ կարող ասել, թե ես դրան առանձնահատուկ ժամանակ էի հատկացնում, բայց քանի որ վաղ տարիքում նվագում էի այնպիսի ստեղծագործություններ, որոնք լիարժեք համերգային եւ բարդ գործեր են, մեծ ճանապարհ եմ անցել իմ ձայնահնչեցման եւ սեփական գունապնակը գտնելու աշխատանքի մեջ: Դաշնամուրը հարվածային-ստեղնաշարային գործիք է, եւ նրա ձայնը հնչում է այնպես, ինչպես վերցրիր, մյուս գործիքների նման հնարավորություն չկա շտկել այդ պահին, եւ դա ամենամեծ վարպետությունն է դաշնակահարի համար: Ես հատկապես իմ ձեռքբերումներից եմ համարում, որ նույնիսկ անվանի երաժիշտները, ինչպիսին Վոսկրեսենսկին է, հատուկ շեշտել են իմ ձայնահնչեցման, գունապնակի որակը, դա մեծ պատասխանատվություն է եւ պետք է ձգտես լինել է՛լ ավելի լավը: Ես ունեմ այդ տեսաձայնագրությունը, որն ինձ համար ամենօրյա ուղեցույց է եւ աշխատում եմ դրանով, քանի որ արվեստում չկան սահմաններ, միշտ տեղ կա առաջ գնալու: Երբեք չեմ ունեցել զգացողություն, որ հասել եմ ինչ-որ կետի, իմ ամենօրյա պարապմունքն ինձ համար ձեռքբերում է: Ես ինքս իմ ամենամեծ քննադատն եմ:
–Ըստ ձեզ, ի՞նչ մարդկային եւ մասնագիտական որակներ պետք է ունենա համերգային կատարողը:
-Իմ կարծիքով այդ որակները ծնվում են մարդու հետ եւ եթե ի սկզբանե դա չկա, այն հնարավոր չէ զարգացնել: Արվեստում ամեն ինչ կարելի է զարգացնել, եթե դրա նախադրյալները կան, բայց եթե ոչ՝ ուրեմն ո՛չ: Ամուր կամք եւ նյարդեր են պետք բեմի համար, պիտի լինել մարտիկի պես, պետք է սիրես բեմը, հիվանդ լինես բեմով, եւ ես համոզված եմ, որ բեմն է ընտրում կատարողին: Պիտի սիրես ետնաբեմից փչող այդ սառը քամին, սիրես վերջին նստարանին նստած հանդիսատեսին: Բեմում պետք է խորանաս մինչեւ արմատը, ակունքը, որպեսզի համոզես հանդիսատեսին, կտրես նրան իրականությունից եւ քոնը դարձնես: Իհարկե, դրան օգնում է նաեւ փորձը, բայց բեմելը միշտ քայլ է դեպի բաց տարածություն, մեծ ռիսկ եւ սթրես է, պիտի սիրես եւ ոգեշնչվես ծափահարություններից: Այլ կերպ ասած¬ դաշնամուրը քեզ ուղղակի պիտի կուլ տա, պետք է կարողանաս անէանալ բեմում, կերպարանափոխվես թե՛ ժանրից ժանր, թե՛ գործից գործ:
Ինչը որ կարող եմ հաստատ ասել, ես երբեք իմ հանդիսատեսին անտարբեր չեմ թողել, ինձ կա՛մ սիրել են, կա՛մ չեն ընդունել: Դա էլ ինձ համար շատ կարեւոր է, լսել քննադատություն, քայլել այդ բարակ թելի վրայով: Բեմ դուրս գալն ինձ համար մեծ քայլ է, ամեն անգամ մեռնում եւ վերածնվում եմ: Շատ զգացմունքային լինելով՝ բեմում պետք է գլուխդ միշտ սառը լինի, իսկ սիրտդ եռա տաքությունից, պետք է այս երկուսի ճիշտ համադրությունը լինի: Բեմելը երբեք ինձ համար առօրեական չի դառնա, միշտ մնում եմ այն 13-ամյա աղջնակը, որ առաջին անգամ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ բեմ դուրս եկավ:
–Մի փոքր խոսենք ձեր մանկավարժական գործունեությունից. ի՞նչպես եք համատեղում համերգայինի հետ:
-Ես մանկավարժական աշխատանքով շատ ծանրաբեռնված չեմ եղել, բայց միշտ կարեւորել եմ փորձի փոխանակումը, փոխանցումը երիտասարդ սերնդին: Մենք պետք է նաեւ վաղվա մեր կատարողական դպրոցի դիմագիծը ստեղծենք, բայց ցավով պետք է նշեմ, որ հենց նույն կոնսերվատորիայում այսօր դասավանդում են մարդիկ, որ երբեւէ բեմ դուրս չեն եկել, չեն նվագել: Չէ՞ որ մենք արտիստ ենք կրթում, որոնք պետք է տեսնեն հեղինակություններ, իսկ այսօր փշրում են մեր ավանդույթները: Ես պարբերաբար բարձրաձայնում եմ այս մասին, եւ շատերն ինձ հետ համակարծիք են, սակայն ինչ-ինչ պատճառներով գերադասում են լռել:
Ես կուզենայի, որ իսկապես, մեր երկրում լինի ուշադրություն դեպի այն արվեստագետը, որը չի լքել հայրենիքը, որը հաճախ ստվերում է մնում: Իհարկե, ողջունելի եմ համարում տարբեր փառատոները, որոնց ընթացքում հանդես են գալիս դրսի երաժիշտներ, բայց դրա հետ մեկտեղ կարելի է առաջ բերել նաեւ մեր արվեստագետին, դա էլ հայանպաստ նշանակություն ունի: Կարող եմ ասել, որ այս հարցերում էլ կարծես չափը չենք ճանաչում, եւ ինչպես Պարացելսն է ասում¬ չափաբաժինն է դեղը թույն դարձնում:
Այս առիթով նաեւ ուզում եմ հայտնել, որ վերջերս հայրս՝ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը, ավարտել է «Տրդատ III» երեք գործողությամբ օպերան, հսկայական մի աշխատանք, որն ուղղված է դեպի մեր կրոնի, մեր ազգային դիմագծի պահպանությունը, եւ հուսով եմ, որ կգտնվեն հովանավորներ, որոնք կաջակցեն այս հայանպաստ ձեռնարկի կայացմանը:
–Արո՛ւս, երբեւէ ունեցե՞լ եք Հայաստանը լքելու եւ արտասահմանում գործունեությունը շարունակելու մտքեր կամ հնարավորություններ:
-Շատ անգամ եմ ունեցել հնարավորություն մնալ արտերկրում, նույնիսկ ընդունվեցի Ռոյալ ակադեմիա Անգլիայում, բայց խիտ համերգային գրաֆիկի հետ համատեղել հնարավոր չեղավ, ուստի հրաժարվեցի դրանից եւ նախըտրեցի շարունակել համերգային գործունեությունս: Սակայն նաեւ միշտ մտածել եմ. եթե բոլորս մեկնենք, ինչպե՞ս կլինի, ես ուզում եմ ծառայել մեր մշակույթին եւ միշտ ծանր եմ տարել նման մտքերը:
–Մի փոքր էլ խոսենք առաջիկա ձեր պլանների եւ նախագծերի մասին:
-Հիմա ես մեծ իրադարձության շեմին եմ իմ կարիերայում, չեմ ուզում դեռ փակագծերը շատ բացել, բայց մի հեղինակավոր եվրոպական ձայնագրման ընկերությունից ստացել եմ հրավեր, մեկնել եւ ձայնագրություններ ունենալ իրենց ստուդիայում, իրենց լեյբլի անվան տակ: Ինձ համար սա իսկապես մեծ հաջողություն եւ ձեռքբերում է¬ որպես կատարող ձայնագրվել մի ստուդիայում, որտեղ մեծ երաժիշտներն են ձայնագրվում: Մի քանի ամսից մեկնելու եմ եւ իրականացնելու եմ այդ նախագիծը, որը տրամպլին կլինի ինձ համար, եւ կարծում եմ, դրանից հետո այլ հարթության վրա կընթանա գործունեությունս: Առաջարկը շատ անսպասելի էր ինձ համար, բայց ես կձգտեմ լավագույնս ներկայացնել հայ կատարողական արվեստը:
Շնորհակալ եմ նաեւ իմ հանդիսատեսին եւ սպասում եմ նրան իմ առաջիկա ելույթներին:
-Սիրելի՛ Արուս, շնորհակալ եմ այս անկեղծ զույցի համար, իսկ ինձ մնում է միայն բարեհաջող իրականացում մաղթել ձեր բոլոր նախաձեռնություններին եւ հուսալ, որ այսուհետ հայաստանյան հանդիսատեսն ավելի հաճախ կտեսնի ձեզ բեմահարթակներում եւ կվայելի ձեր անզուգական կատարումները նաեւ ձայնագրությունների միջոցով:
ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ
Երաժշտագետ