Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալեքսանդր Լիստենգորտ. «Հայերն ու հրեաները շատ բան ունեն միմյանցից սովորելու»

Արծվի Բախչինյան
12/12/2025
- 12 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
174
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՀԱՅՖԱ, Իսրայել – Գրող, լեզվաբան եւ հոգեւոր պրակտիկայով զբաղվող Ալեքսանդր Լիստենգորտը (ծն. 1993, Մոսկվա) ավարտել է Մոսկվայի Պետական Լեզվաբանական համալսարանը, որտեղ ուսումնասիրել է միջազգային լրագրություն եւ հասարակայնության հետ կապեր: Հետագայում Անկարայի համալսարանի Թյոմեր կենտրոնում ուսումնասիրել է թուրքերեն եւ թուրքական մշակույթ: Այնուհետեւ կամավոր ծառայել է Իսրայելի Պաշտպանական Բանակում: Աշխատել է Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը, Մոսկվայի «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունում եւ Թել-Ավիվի «Բեռլից» լեզվի դպրոցում: Երեւանում հիմնել է եբրայերեն սովորողների առաջին «Ուլպան» դասարանը: Հրատարակել է եբրայերենի դասագիրք, «Արթնացման նոր փուլ» եւ «Աստվածության օվկիանոս» գրքերը: Աշխատում է որպես թարգմանիչ եւ օտար լեզուների ուսուցիչ, նաեւ դասավանդում է յոգա, իրականացնում տիբեթյան երգեցիկ գավաթներով սեանսներ, մեդիտացիա եւ յոգական շնչառություն:

Բազմալեզվագետ Լիստենգորտը վարժ տիրապետում է ռուսերեն, հայերեն, եբրայերեն, անգլերեն, իսպաներեն եւ ադըղեերեն (չերքեզերեն) լեզուներին: Վարում է մի քանի Տելեգրամ ալիք՝ նվիրված եբրայերենին, հայերենին եւ ադըղեերենին՝ ունենալով 4000-ից ավելի հետեւորդ: Ունի նաեւ YouTube ալիք՝ 29000-ից ավելի բաժանորդներով:

–Ալեքսա՛նդր, դու մեծ սեր ունես լեզուների հանդեպ: Քո կարծիքով՝ ո՞րն է ամենակարեւորը նոր լեզու սովորելու հարցում՝ բանականությո՞ւնը, զգացմունքային կա՞պը, թե՞ մեկ այլ կարեւոր բան:

-Իմ կարծիքով՝ յուրաքանչյուրը կարող է տիրապետել օտար լեզվի, եթե պահի երեք հիմնական պայման՝ անկեղծ հետաքրքրություն, ուժեղ դրդապատճառ եւ սովորելու համապատասխան մեթոդ: Կարեւոր է նաեւ, որ լեզուն սովորեն ուրախությամբ. այլապես ուղեղը պարզապես չի ցանկանում այն ընդունել եւ որոշ իմաստով դիմադրում է: Ես նույնիսկ կասեի, որ լեզուները «ձեռք են բերվում», ոչ թե «սովորում» են՝ ինչպես բանաստեղծությունները կամ օրենքները: Լեզուն միայն նոր բառերի ու հնչյունների ամբողջություն չէ. այն մի լայն հոգեւոր ու մշակութային համակարգ է, որն ընդգրկում է տվյալ ժողովրդի մշակութային, հոգեբանական եւ մտածողության շերտերը: Այս առումով ես հատկապես հպարտ եմ եւ ինձ համար մեծ պատիվ է, որ կարողանում եմ խոսել ու կարդալ հայերեն, որն աշխարհի ամենահիասքանչ, խորքային եւ համընդհանուր լեզվական համակարգերից մեկն է:

–Քո մեծ պապերն ու տատերն արդեն թարգմանիչներ են եղել: Ի՞նչ ես կարծում, լեզուների հանդեպ սերն ու հետաքրքրությունը կարո՞ղ են ժառանգական լինել, թե՞ դա ավելի ինքնուրույն ձեւավորվող բան է:

-Իհարկե, ժառանգականությունը որոշակի դեր ունի: Սակայն եթե անգամ ձեր նախնիները որեւէ առնչություն չեն ունեցել օտար լեզուների հետ, դուք, միեւնույն է, ունենում եք այդ ավանդն ինքնուրույն սկսելու մեծ հնարավորություն: Իմ դեպքում նախապապս՝ Լեւը, պապիկս՝ Յուրին եւ տատիկս՝ Մարին, բոլորն էլ ավարտել էին նույն այն համալսարանը, որտեղ սովորել եմ ես: Հետաքրքիրն այն է, որ ես դա հայտնաբերել եմ իմ ուսման չորրորդ տարում:

-Մի անգամ ասել ես, որ յուրաքանչյուր լեզու ունի իր սեփական էներգիան: Ինչպե՞ս կբնութագրես հայերենի էներգիան:

-Ինձ համար հայոց լեզուն Հայաստանի քարքարոտ բնապատկերն է, նրա հիասքանչ լճերն ու մրգերի համերը: Այն բացառիկ հարուստ եւ հնչեղ լեզու է: Բացի այդ, հայերեն բառերում հնարավոր է նկատել սանսկրիտի, պարսկերենի, արամեերենի եւ, ամենից առաջ, հին հնդեվրոպական արմատներ, որոնք, բնականաբար, նրան տալիս են միանգամայն եզակի բնույթ: Աշխարհի որ կետում էլ լինեմ՝ հայերենը լսելիս սրտիս խորքում տաքություն եմ զգում եւ տան զգացողություն: Պետք է նշել, որ հայերենը զգալիորեն տարբեր է նույնիսկ Հայաստանի տարբեր մարզերում, եւ, իհարկե, Սփյուռքի համայնքներում:

–Հայերենն ուսումնասիրելիս հանդիպե՞լ ես բառերի կամ արտահայտությունների, որոնք դժվար են թարգմանվում այլ լեզուներով:

-Իհա՛րկե: Թերեւս «ցավդ տանեմ»-ը դժվար է թարգմանել ու բացատրել օտարին (սա շատ սովորական օրինակ է): Բայց մեկ այլ օրինակ բերեմ՝ «մեղրահամ» բառը: Ես նաեւ նմանություն եմ նկատել հայերենի եւ եբրայերենի միջեւ. օրինակ, հայերեն «գաղութ» եւ եբրայերեն galut՝ «նրանք, ովքեր ապրում են Իսրայելի սահմաններից դուրս»: Նույն պատմությունն է «երկիր» եւ Aretz բառերի հետ, որն ունի «Ավետյաց երկիր», եթե կուզեք՝ «Նախնիների երկիր» իմաստը: Թեպետ առօրյայում երկուսն էլ պարզապես նշանակում են «երկիր», «պետություն»:

–Դու ակտիվ թարգմանում ես հինգ լեզվից: Ի՞նչ թարգմանություններ ես կատարել հայերենից մինչ այժմ:

-Հավանաբար ամենահետաքրքիր փորձը 2018 թվականին էր, երբ ծառայում էի Իսրայելի Պաշտպանական Բանակում: Ժառանգության նախարարությունից պատվիրեցին երեք էջ թարգմանել արեւմտահայերենից եբրայերեն եւ անգլերեն: Այդ էջերը մի շատ հին գրքից էին, տպագրված 1918-ին, Բեյրութում, նվիրված մի հայ սպայի, որը Սուրբ երկրում կռվել էր թուրքերի եւ գերմանացիների դեմ՝ որպես ֆրանսիական բանակի հայկական լեգեոնի անդամ: Բավական երկար ժամանակ ես խանդավառ էի՝ գրելով ռուսերեն քնարական եւ էվրիթմիկ բանաստեղծություններ ու թարգմանելով հայ հայտնի հեղինակների՝ Ռուբեն Հախվերդյանի, Արթուր Մեսչյանի եւ Վահան Արծրունու երգերից: Սիրում եմ պարոն Արծրունու երգերը, հատկապես՝ «Ես ի՞նչ տամ քեզ, իմ սե՛ր», «Ճանապարհ» եւ «Երկիր Արմենիան». արդեն 12 տարի է, ինչ լսում եմ այս գլուխգործոցները: Իմ նպատակն այն էր, որ ռուսախոս լսարանը, նաեւ՝ հայերը, կարողանան գնահատել դրանց խորությունն ու թափը, եւ, անշուշտ, կատարելագործել իմ սեփական թարգմանական հմտությունները: Իսկ այսօր իմ ժամանակի մի մասը նվիրում եմ Հին Կտակարանի (Եբրայական Աստվածաշունչ) հայերեն թարգմանությունների համեմատությանը:

–Քո ատենախոսության վերնագիրն է՝ «Հոլոքոսթը եւ ադըղեների ցեղասպանությունն Իսրայելի ընկալման մեջ»: Իսկ կարելի՞ է նման համեմատական ուսումնասիրություն կատարել Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության միջեւ, թե՞ դա դեռեւս տաբու է Իսրայելում:

-Բացառիկ անկեղծությամբ ասեմ՝ ցավում եմ հայ ժողովրդի համար, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն Իսրայելում ամեն տարի օրակարգ է մտնում աշխարհաքաղաքական ճգնաժամերի ժամանակ, սակայն դեռ պաշտոնապես չի ճանաչվել: Բայց ուզում եմ, որ հայերն իմանան՝ իսրայելցի գիտնականները, լրագրողները եւ արվեստագետները հաճախ են բարձրացնում այս հարցը տեղական մամուլում եւ հաճախ էլ զարմանում են, թե ինչո՛ւ պետական մարմինները կարծես չեն լսում իրենց:

Անկասկած, լինելով փոքր պետություն՝ շրջապատված հզոր հարեւաններով եւ երկարատեւ հակամարտություններով, Իսրայելը նախ եւ առաջ ստիպված է ամեն ինչ անել սեփական անվտանգության ապահովման համար: Մի շարք մահմեդական մեծամասնություն ունեցող պետությունների հետ հարաբերությունների պահպանումը, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այժմ դիտվում է որպես այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ քայլ: Համեմատության համար ասեմ, որ ադըղեների վիճակն ավելի բարդ է: Նրանց ցեղասպանությունը ներառում էր Չերքեզիայի (Հյուսիսային Կովկաս) վրա ռուսական ներխուժման վերջին փուլերում բնակչության մոտ 95 տոկոսի հարկադիր տեղահանումը: Այս ցեղասպանությունը չի ճանաչել ոչ մի երկիր՝ Վրաստանից բացի: Դրա ճանաչումը նույնպես քաղաքական դրդապատճառ ունի: Այսօր պատմական Չերքեզիան բաժանված է Ռուսաստանի Դաշնության երեք ազգային հանրապետությունների միջեւ, իսկ չերքեզները, ինչպես հայերն ու հրեաները, սփռված են ամբողջ աշխարհում:

–Շատ հաճախ ասում են. «Չկա երկիր, որտեղ չլինեն հրեաներ, չկա երկիր, որտեղ չլինեն հայեր»: Մեր երկու ժողովուրդների միջեւ կարծես թե կա լուռ մրցակցություն, բայց չե՞ս կարծում, որ մենք ավելի շատ պատճառներ ունենք միասին լինելու:

-Ես սա միանշանակ տեսնում եմ որպես աստվածային ներկայության ապացույց աշխարհում եւ աստվածաշնչյան մարգարեությունների իրականացում: Չկա ազգ, որ ավելի մոտ լինի հրեաներին, քան հայերը՝ եւ հակառակը: Հպարտ եմ, որ իմ մեջ կրում եմ երկու ինքնություններն էլ: Վստահ եմ, որ հրեաների եւ հայերի ջերմ հարաբերություններն ի վերջո բերելու են Իսրայելի եւ Հայաստանի միջեւ նոր համաձայնությունների: Հրեաներն ու հայերը որպես ազգեր ունեն հատուկ հոգեւոր առաքելություն՝ ստեղծելու, կառուցելու, վերափոխելու եւ ուղղություն տալու շրջապատող աշխարհին: Ինչ վերաբերում է «մրցակցությանը», ապա, ցավոք, հայերն էլ, ինչպես հրեաները, հաճախ հակված են մրցելու ազգի ներսում, ո՛չ միմյանց հետ: Սա լուրջ խնդիր է, քանի որ միասնության պակասը երկու ժողովուրդների ներսում սպառնում է նրանց գոյատեւմանը եւ բարեկեցիկ զարգացմանը: Միասնության ճգնաժամը եւ հոգեւոր ուղղության կորուստն անխուսափելիորեն բերում են արտաքին ճգնաժամերի՝ պատերազմների, ստրեսի եւ այլ բացասական հետեւանքների:

–Ի՞նչ դասեր կարող են հայերն ու հրեաները քաղել միմյանցից այսօր, եւ ո՞րն է ձեր ամենամեծ տպավորությունը Հայաստանի եւ հայերի մասին:

-Ես այցելել եմ Հայաստան 2014, 2015, 2018 եւ 2022 թվականներին՝ այնտեղ անցկացնելով ամբողջությամբ յոթ ամիս, իսկ 2014-ին՝ նաեւ երեք օր Արցախում: Երբ 2014-ին առաջին անգամ եկա Հայաստան՝ որպես քսանամյա ուսանող (որը հավաքել էր իր բոլոր խնայած գումարներն այդ այցը հնարավոր դարձնելու համար), ինձ զգացի տանը: Զգացի, որ Հայաստանը, ինչպես եւ Իսրայելը, Ավետյաց երկիր է: Հայերն ու հրեաները երբեք չպետք է մոռանան իրենց հոգեւոր առաքելությունը եւ որպես ժողովուրդ միավորված մնալու կարեւորությունը: Հայաստանը Իսրայելից կարող է սովորել իր հետաքրքրություններն ու տարածքները պաշտպանել ավելի վճռականությամբ եւ հետեւողականորեն: Համաշխարհային տարբեր երկրներից երիտասարդ տղաներ ու աղջիկներ գալիս են Իսրայել՝ ծառայելու Իսրայելի Պաշտպանական Բանակում, որպեսզի հարգեն այն նախնիների հիշատակը, որոնք երբեւէ այդ հնարավորությունը չեն ունեցել, եւ պաշտպանեն Ավետյաց երկիրը: Հիանալի կլիներ, եթե նման մի բան լիներ նաեւ Հայաստանում: Իսրայելը կարող է սովորել Հայաստանից ավելի պարզությամբ, կարեկցանքով եւ ճկունությամբ մոտենալ աշխարհին՝ իր որոշումներում, ընկալումներում ու հարաբերություններում: Մենք չափազանց շատ բան ունենք սովորելու միմյանցից՝ ապագա սերունդների բարեկեցությունն ապահովելու համար: Բայց նախ եւ առաջ պետք է աշխատենք ինքներս մեզ վրա, որպեսզի դա հնարավոր դառնա:

–Ունե՞ս արդյոք Հայաստանին առնչվող նախագծեր մոտ ապագայում:

-Ես միշտ բաց եմ Հայաստանի հետ առնչվող ցանկացած ոգեշնչող նախագծի համար: Ներկայումս հիմնականում զբաղված եմ իմ առաջին ամուսնությունից ունեցած փոքրիկ որդուս մեծացնելով: Իմիջիայլոց, մենք միասին վեց ամիս ապրել ենք Հայաստանում՝ Կոտայքի հրաշալի Գետարգել (Բալահովիտ) գյուղում, երբ նա ընդամենը մեկուկես տարեկան էր: Աշխատում եմ իմ թեկնածուականի վրա, դասավանդում եմ ու թարգմանում: Նաեւ պատրաստում եմ հինգերորդ գիրքս՝ բանաստեղծությունների ժողովածուն, որի մեջ մի բաժին կազմում են հայերեն բանաստեղծությունները:

–Ուրեմն գերմանացի Յոնաթան Սփանգենբերգից եւ հունգարացի Բենեդեկ Ժիգմոնդից բացի դու երրորդ ոչ հայն ես, որ գրում է հայերեն բանաստեղծություններ…

-Իմ բանաստեղծությունների մեծ մասը ռուսերեն են: Մյուս լեզուներով գրածներիս մեջ մեծ մասը հայերեն է: Ունեմ նաեւ ադըղեերեն, անգլերեն, իսպաներեն, թուրքերեն եւ եբրայերեն բանաստեղծություններ: Բայց հենց հայերենն ու եբրայերենի էներգետիկան է, որ ինձ ներշնչում է գրել նաեւ այլ լեզուներով:

-Ճանաչում եմ ռուս հրեա մտավորականների, որոնք բնակվում են Երեւանում՝ ուկրաինական պատերազմի հետեւանքով…

-Ճիշտ է. հրեական ինքնությամբ բազմաթիվ տաղանդավոր ռուսներ տեղափոխվեցին Երեւան եւ որոշեցին մնալ այնտեղ՝ ապրելու ու զարգանալու: Հայաստանը երազանքի երկիր է ապրելու համար: Ես արտասվում էի, երբ 2022 թվականի օգոստոսին մեքենայով թողնում էի Հայաստանը՝ հատելով Բագրատաշենի հայ-վրացական սահմանը: Իմ ընտանիքի մասին հոգալով՝ ես միշտ ձգտում եմ նրա անդամների մեջ անկեղծ հարգանք սերմանել բոլոր ժողովուրդների, կրոնների եւ մշակույթների հանդեպ՝ առանձնահատուկ ուշադրությամբ հայերի նկատմամբ, որոնք խոր ազդեցություն են ունեցել իմ կյանքի վրա: Այս ամենը սկսվեց իմ հանդիպումից հայոց այբուբենին, եւ ես ամեն օր զգում եմ երախտագիտություն՝ Հայաստանի հետ իմ մշտական կապի համար…

Ալեքսանդր Լիստենգորտ

Հայերեն բանաստեղծություններ

***

Հիացնող այգեպան

Ես սիրում եմ քեզ, ի՛մ Հայաստան,

Քո լեզուն լսելուց չեմ հոգնի:

Ո՞վ է այս հիացնող այգեպանը

Որ ջրում է ոսկին լեռներիդ:  

Էլի կծաղկեն քո ազգի

Սիրո մեջ աճեցված օրերը

Ու քամով մեղրահամ դաշտերիդ

Հետ կգան քո ցրված ժառանգները:

Կոտայք, Գետարգել, 06/22

Եռագույն երազ

Կարմիր, կապույտ, ծիրանագույն.

Գույները հայ անկախության:

Երազ տեսա, որ ինքնուրույն

Նորից կլինի Հայաստան:

Որ կծաղկեն լիով նորից

Նրա դաշտերը ծաղկեվետ,

Ու կսկսվի ապրել սկզբից

Հայ ժողովուրդը իր բախտով:

Որ լաջվարդի երկնքի տակ

Մասիս վերջապես կժպտա

Որովհետեւ կապրի ազատ…

Արդյոք երա՞զ դա կմնա…

25.8.2018, Իսրայել

Հայաստանի Գարունը

Շատ ծաղկավետ են ծիրանի դաշտերը,

Շատ սեւաթույր են օրիորդի վարսերը,

Այդքան երազկոտ տղաները

Արեւոտ մի երկրից հեռացել են:

Եվ հիմա, հեռավոր մի երկրից,

Երազում դեպի տուն ձգտելով,

Իրենց եսը հանում են սրտից,

Մշուշում ցրված թափառելով:

12/2014, Մոսկվա

***

Արցախցինե՛ր, հերոսների՜ ազգ,

Քո վանքերի գմբեթներին

Նորից բռնկվեց պատերազմ

Ու նորից մանուկների լաց:

Սակայն ճշմարտությունն անհաղթ է,

Դարերով է բարգավաճում,

Հայաստանի վերևում բարձրագույն ուժ է,

Հայոց հավերժությունն՝ անկոտրում:

2020

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թոշակառուներ, առա՞ջ…

Հաջորդ գրառումը

Լատվիերեն նոր գիրք Հայաստանի եւ հայերի մասին

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Լատվիերեն նոր գիրք Հայաստանի եւ հայերի մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական