ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»-ի Երեւանի Աշխատակից
Կայացաւ ՌԱԿ-ի Համադրուած Մամուլի 20-րդ Լսարանը
ՌԱԿ-ի Համադրուած Մամուլի առցանց լսարանների շարքը կը շարունակուի: Արդարեւ, 23 Փետրուար 2022-ին կայացաւ սոյն շարքին 20-րդ լսարանը, որի թեման այս անգամ Ազրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնն ու մարդու իրաւունքների շարունակուող խախտումներն էին։ Բանախօսը ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանն էր։ Առցանց լսարանը համընկաւ Արման Թաթոյեանի՝ ՄԻՊ պաշտօնում իր առաքելութեան աւարտի վերջին օրուայ հետ։
Առցանց լսարանը վարեց Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Յակոբեանն, ով իր խօսքի սկզբում ներկայացրեց Արման Թաթոյեանի հարուստ կենսագրականից որոշ մանրամասներ, ապա խօսքը տրամադրեց բանախօսին։
Արման Թաթոյեանը, նախ շնորհակալութիւն յայտնեց Սփիւռքի տարբեր համայնքների եւ Հայաստանի ներկայացուցիչներին մասնակցութեան համար, ապա խօսեց Ազրպէյճանական հայատեաց քաղաքականութեան եւ մարդու իրաւունքների շարունակական ոտնահարումների դէպքերի մասին։ Արման Թաթոյեանը ի պաշտօնէ այդ թեմայով բաւական ուսումնասիրութիւններ կատարել է, փաստահաւաք առաքելութիւններ իրականացրել Հայաստանի սահմանային բնակավայրերում, որոնք ապացոյցն են Ազրպէյճանի հայատեաց քաղաքականութեան։
Թաթոյեանի խօսքով՝ չնայած այն հանգամանքին, որ իր պաշտօնավարման ժամկէտն աւարտւում է Մարդու իրաւունքների պաշտպանի պաշտօնում, դա չի նշանակում, որ անելիքներ չկան։ «Ես յայտարարել եմ, որ մտադիր եմ շարունակել այս ոլորտում իմ հանրային գործունութիւնը։ Ես գիտեմ, որ Ազրպէյճանական իշխանութիւնները չափից շատ ուշադիր են հետեւում իմ գործունէութեանը։ Իրենք ուրախացել էին, որ իմ գործունութիւնը դադարում է որպէս ՄԻՊ, բայց իրենց մի քիչ հիասթափեցնում եմ։ Երեւանում գտնուող Ազրպէյճանցի պատուիրակները լաւ կանեն այս տեղեկութիւնը իրենց հետ տանեն»,- ասաց Արման Թաթոյեանը։
Բանախօսը նշեց, որ իրենք խորքային հետազօտութիւններ են իրականացրել 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ Ազրպէյճանական ատելութեան տարածման քաղաքականութեան վերաբերեալ։
«Մենք փաստերով զեկոյց ենք ներկայացրել, որն ակնյայտ ցոյց է տալիս, որ Ազրպէյճանում ատելութեան քաղաքականութեան տարածման առումով որեւէ բան չի փոխուել, այլ հակառակը՝ աւելացել են՝ թիրախաւորելով հայ մարդկանց։ Դա ունի երկու հիմնական հիմք՝ ազգային եւ կրօնական պատկանելութիւն։ Ի դէպ՝ կրօնականը շատ աւելի ուժեղացել է։ Կրօնականը յատկապէս ուժեղացել է, երբ պատերազմի տարում՝ սեպտեմբերի 27-ին Ազրպէյճանի նախագահը կոչով դիմեց մուսուլմանական աշխարհին, ըստ էութեան, վրէժխնդրութեան կոչ անելով եւ հայերին մեղադրելով իսլամաֆոպիայի մէջ։ Սա իհարկէ կեղծ է։ Ես զեկոյցում անգամ մէջբերել եմ դեռեւս 7-րդ դարում եւ դրանից առաջ փաստեր, թէ հայերն ինչ տեղ են զբաղեցրել արաբական աշխարհում, ինչ յարգանք ունեն մինչ այսօր։ Անգամ Երեւանում մզկիթ կա գործող։ Ի դէպ՝ ուշադիր եղել էք, երբ Ազրպէյճանցի պատգամաւորները Երեւանում էին, գնացել էին Կապոյտ մզկիթ եւ գրառում արել, որ իրենք եկել են իրենց պատմական հողի վրայ գտնուող մզկիթ ու յոյս ունեն, որ մի օր այդ մզկիթի իրական տէրերը կգան։ Բայց, բոլորս գիտենք, որ դա իրանական մզկիթ է եւ մենք պահպանել ենք այն մինչ այսօր։ Մէկ այլ բան ասեմ՝ Շուշիում եւս կան մզկիթներ, որոնք մենք վերանորոգել ենք մշտապէս, բայց, օրինակ Պաքւում հայ առաքելական եկեղեցին ամբողջութեամբ պղծուած է։ Հիմա էլ շարունակում են նոյնն անել»,- մանրամասնեց Արման Թաթոյեանը։
Նա ներկաների ուշադրութիւնը հրաւիրեց մէկ կարեւոր հանգամանքի վրայ, որ Ազրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը միայն հռետորաբանութիւն չէ։ «Նրանց մօտ ատելութեան քաղաքականութիւնը տարիներով եկող է երեւոյթ է՝ կրթութիւն, գիտութիւն, մշակոյթ, սփորթ։ Բոլոր ոլորտներում կարմիր թելի նման անցնում է։ Ազրպէյճանական իշխանութեան համար հայատեացութիւնը քաղաքական կեանքի աղբիւր է, իրենց իշխանութիւնը պահպանելու գլխաւոր միջոցներից մէկն է։ Այսինքն՝ արտաքին թշնամու կերպարի միջոցով քո ժողովրդին հեռու ես պահում կարեւոր իրադարձութիւններից ու շեղում երկրում առկայ խնդիրներից։ Մենք թելեկրամեան փակ ալիք ենք գտել, որտեղ Ազրպէյճանցիները բողոքում են հենց այս քաղաքականութեան դէմ, ասելով՝ բաւական է ատելութիւն տարածել, երկրում աւելի լուրջ խնդիրներ կան եւ այլն»,- կարեւորեց Արման Թաթոյեանը։
Վերջինիս խօսքով՝ շատ կարեւոր է աշխարհի այլ երկրներին ցոյց տալ, որ նման ատելութեան քաղաքականութիւնը վտանգաւոր է նաեւ իրենց իսկ երկրների համար, որովհետեւ հայերը, Ազրպէյճանցիները, թուրքերը իրար կողք կողքի ապրում են աշխարհի տարբեր երկրներում։ «Մենք տեսանք պատերազմի ժամանակ Ազրպէյճանաթուրքական տարբեր խմբերը ինչպէս էին յարձակումներ գործում հայերի վրայ, հայկական տարբեր կառոյցների վրայ։ Ես տարբեր երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ մշտապէս ասում եմ, որ Ազրպէյճանաթուրքական խմբերը ցանկացած ժամանակ կարող են անկայունութիւն ստեղծել իրենց երկրներում»,- ընդգծեց բանախօսը։
Ազրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը շարունակւում է նաեւ Հայաստանի ու Արցախի սահմանների հետ կապուած, ցաւով նշում է Արման Թաթոյեանը։ «Ես մի քանի օր առաջ Արցախում էի։ Պէտք է ասեմ, որ այնտեղ այդ ատելութեան քաղաքականութիւնն իր բնոյթով աւելի ակրեսիւ է։ Ցաւօք սրտի, կրակոցներ են լինում։ Հայաստանում ունենք գիւղեր, որտեղ մարդիկ ջուր չունեն Ազրպէյճանցի զինուորականների պատճառով։ Պատկերացրէք՝ 21-րդ դարում մարդիկ դոյլերով գնում են կողքի գիւղից ջուր են բերում։ Շատ դէպքերում Ազրպէյճանցի զինուորականները մեր հայրենակիցների տների մէջ են, հողերի մէջ են, զաւթել են արօտավայրերը։ Անգամ տեղեր կան, որ տեսախցիկներով դիտարկում են խաղաղ բնակչութեան տները, նրանց շարժը։ Ահա այսպիսի իրավիճակ է տիրում»,- ներկայացրեց Արման Թաթոյեանը։
Նրա գնահատմամբ՝ ՀՀ իշխանութիւնների քաղաքականութիւնն այս համաթեսթում սխալ է ընթանում․ «Մենք պէտք է ունենանք մեր իրաւունքների երաշխիքները։ Ես չեմ ասում մեկուսացած ապրենք, բայց պէտք է հասկանանք՝ հաղորդակցութիւնները բացելուց յետոյ մեր իրաւունքների երաշխիքները ո՞րոնք են։ Այս թշնամանքի պայմաններում ինչպէ՞ս են մարդիկ ապրելու։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չունենք։ Նաեւ ասեմ, որ ես շատ խիստ քննադատել եմ այն հայ պաշտօնեաներին, ովքեր յայտարարել են, որ դրանք Ազրպէյճանի տարածքներն են։ Ես դա համարում եմ անթոյլատրելի։ Մենք պէտք է անհանգստանանք մեր ժողովրդի անվտանգութեան համար»։
Իր խօսքի վերջում Արման Թաթոյեանը, շնորհակալութիւն յայտնելով ներկաներին, կարեւորեց Սփիւռքի եւ Հայաստանի անխափան կապը, որը տարբեր ժամանակներում իր արդիւնաւետութիւնը ցոյց տուել է։
Դոկտոր Կէօնճեան գանատայից երախտագիտութիւն յայտնեց Արման Թաթոյեանին այս տարիներին կատարած աշխատանքի համար, ապա յայտնեց, Ռամկավար ազատական կուսակցութեան օրկանները, ի մասնաւորի անգլիալեզու The Armenian Mirror-Spectator թերթը որպէս տեղեկատւութեան տարածման հարթակ, իրենց տրամադրութեան տակ է ու սիրով պատրաստ են պարբերականի միջոցով պահել կապը Հայաստանի ու Սփիւռքի միջեւ։ Նա հարց ուղղեց Թաթոյեանին՝ ինչպէ՞ս անել, որ աշխարհը իմանայ ու տեսնի Ազրպէյճանի նման քաղաքականութիւնն ու հասկանայ, որ այդ երկիրը մարդուն իրաւունքները խախտող երկիր է։ Երկիր, որտեղ վերացւում ու պղծւում են պատմամշակութային կոթողները։
«Ցաւօք սրտի 44-օրեայ պատերազմը շատ բան փոխեց։ Մարդու իրաւունքների մասով հիմա աւելի ցածր մակարդակ ունենք։ Բայց մենք չպէտք է թոյլ տանք, որ այն էլ աւելի իջնի։ Ազրպէյճանի նպատակը հենց դա է՝ ամեն ինչ վերացնել, գոլորշիացնել։ Մենք չպէտք է թոյլ տանք, որ միջազգային հարթակներում այս թեմայի արդիականութիւնը նուազի։ Հիմա գիտէ՞ք հետազօտութիւններով իշխանութիւններն ինչ են անում։ Աշխարհում ստեղծում են կարծրատիպ, որ Արցախի հարցը հայերի ու Ազրպէյճանցիների միջեւ ինչ-որ ներքին խնդիր է ու վերջ։ Բայց դա բոլորովին այդ հարթութիւնում չէ։ Հիմա ժամանակը մեր դէմ է աշխատում։ Ազրպէյճանական իշխանութիւններն ամեն օր աւելի են ամրանում, նոր ընկերութիւններ ստեղծում եւ մենք պէտք է այդ ուղղութեամբ աշխատենք։ Այստեղ Սփիւռքի դերը անգնահատելի է։ Իսկ մշակութային ժառանգութեան նկատմամբ այս վերաբերմունքը Ազրպէյճանի ցեղասպան քաղաքականութեան մասն է կազմում։ Իրենք վիճարկում ու ջնջում են հայկականութիւնը։ Նրանց նպատակը հայկականութեան հետքը ջնջելն է ու այդ առումով շատ արագ են աշխատում։ Ոչ մի բանի առաջ չեն կանգնելու։ Սա համաշխարհային մակարդակով մենք պէտք է ներկայացնենք։ Իմ զեկոյցում մշակութային ժառանգութեան ու կրօնական պատկանելիութեան մասին յատուկ խօսում եմ»,- պատասխանեց Արման Թաթոյեանը, ապա ներկայացրեց մի քանի սահմռկեցուցիչ փաստ, թէ ինչպէս է կրօնական թշնամանքը արտայայտւում Ազրպէյճանցիների կողմից։
«Օրինակ, երբ մեր գերիների ձեռքին խաչի տեսքով դաջուածք է եղել, իրենք այրել են դա։ Այն զինուորները, ովքեր մկրտուած են եղել, աւելի դաժան կտտանքների են ենթարկուել։ Մենք մի դէպք ունենք, երբ զինուորի ոտքը այրել են ու ստիպել իսլամութիւն ընդունել։ Սրանք ցոյց են տալիս, որ այն, ինչ հրապարակաւ խօսում են, իրականութիւն են դարձնում։ Դրա համար մենք պէտք է այս փաստերը ներկայացնենք աշխարհին»,- պատմեց ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը։
Ներկաներից մէկը պարոն Թաթոյեանից հետաքրքրուեց հայ գերիների յստակ թուի մասին, քանի որ իրենք անընդհատ հակասական թուեր են լսում եւ կարդում։ Թաթոյեանը պատասխանելով հարցին, նշեց՝ Ազրպէյճանը գերիներին քաղաքական առեւտուրի համար է օգտագործում՝ Հայաստանից ինչ-որ բան ստանալու նպատակով։ «Մարդկանց քաղաքական առեւտուր է կատարւում Ազրպէյճանի կողմից։ Բացի դա, իրենք չեն հրապարակում գերիների յստակ թիւը, որը տառապանք ու լարուածութիւն է առաջացնում մեր երկրում։ Գերիների յստակ թուի մասով կարող եմ ասել, որ մեր տուեալներով 36-38 գերի ունենք գերի, որը Ազրպէյճանական կողմից հաստատուել է։ Բայց իմ կարծիքով գերիներն աւելի շատ են, բայց չեմ կարող յստակ ասել, ոչ ոք չգիտի։ Պատերազմի ժամանակ մեծ թուով գերիներ են եղել»,- պատասխանեց բանախօսը։
Արման Թաթոյեանի կարծիքով՝ հայկական կողմը պէտք է անընդհատ աշխատանք տանի միջազգային հարթակներում, չպէտք է թոյլ տալ, որ այս հարցը որեւէ կերպ դուրս մղուի օրակարգից։
Սեւակ Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց Արման Թաթոյեանին ժամանակ յատկացնելու եւ այս կարեւոր հարցի մասին խօսելու համար եւ յաջողութիւններ մաղթեց վերջինիս յետագայ գործունէութեան ընթացքում։