Մի անգամ Կայենը դիպվածաբար սպանել է եղբորը՝ Աբելին: Բայց այլեւս Աբելին սպանել հնարավոր չէ: Բնության օրենքն է այդպիսին:
Տարիներ անց, կամ միգուցե դարեր ու հազարամյակներ հետո, Գալիլայի կառավարիչ Հերովդեսի խորթ դուստր Սաղովմեի նյութած դավադրությամբ ընդամենը մի անգամ գլխատվել է Հովհաննես Մկրտիչը: Բայց հետայսու ո՛չ Սաղովմեի, ո՛չ էլ մեկ ուրիշի դավերով Հովհաննես Մկրտիչը չի կարող գլխատվել, բացառվում է:
Հետագայում՝ տակավին արգանդի մեջ Տիրոջ օրհնանքն ստացած Երեմիա մարգարեն մի անգամ մեղանչել է ու սպանել բաբելոնյան փոխարքա Հեդալիոսին, ու վերջ: Այլեւս փոխարքային ոչ մի վտանգ, ոչ մի մահ չի կարող սպառնալ: Հեդալիոսը վերջնականապես է սպանված:
Մի անգամ էլ, Հայաստանում Քրիստոնեության ընդունումից 268 տարի առաջ, մարդկության գործած մեղքերի համար խաչվել է Հիսուս Նազովրեցին: Բայց այլեւս մեր Փրկչին խաչել հնարավոր չէ: Քանզի Նա վճարել է մեր մեղքերի գինն ու հաղթել մահվանը:
Պատմիչները նաեւ վկայում են, որ Պապ թագավորը Քրիստոսի խաչելիությունից 320 տարի անց, դեռ չծնված՝ անձնատուր է եղել դեւերին, հետեւաբար տղայությունից ի վեր լի էր դեւերով, որի համար էլ գահակալը միշտ չարքերի կամքն էր կատարում եւ չէր կամենում բժշկվել, եւ հենց դա էր պատճառը, որ գահ բարձրանալով՝ սպանեց Հայոց աշխարհի Ներսես Հայրապետին: Բայց այլեւս Պապը չի կարող սպանել Հայրապետին, քանզի Հայաստան Աշխարհի վարած անկախ քաղաքականության պատճառով մեկ անգամ արդեն Պապ թագավորն սպանվել է հռոմեական կայազորի հրամանատար Տրայանոսնի հրահանգով:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ