«Ստեղծագործողի աչքը պետք է կարողանա տեսնել մարդկային հոգու թե՛ տիեզերքը, թե՛ հյուլեն»: Հայ թատրոնի ռահվիրա Վահրամ Փափազյանի խոսքերն են… Քչերին է տրված մարդկանց, ժողովրդի հավաքական սիրտն ու խիղճը «կարդալու» շնորհը: Տասնամյակներ շարունակ հայ թատրոնի պատմության մեջ գրվում է եւս մի «հատոր», որի հերոսը կոչումով արվեստագետ ու մանկավարժ Հերբերտ Գասպարյանն է: Նրա ստեղծած հեռուստաներկայացումներն ու բեմադրությունները Գեղեցիկի, Ճշմարիտի, Ազնիվի ու մտածող մարդու մասին են, որոնք դեռ բազում սերունդների առաջ բացելու են աշխարհաճանաչողության ու ազգային ինքնաճանաչողության դռները:

Հերբերտ Գասպարյանն այն արվեստագետներից է, որ իրապես իր ավանդն է ունեցել մեր՝ անկախության սերնդի մեջ ի՛ր ազգի մշակութային ժառանգության կրողը լինելու տեսակը ձեւավորելու գործում:
Երկարատեւ աշխատանքի արդյունքում լույս է տեսել իմ՝ «Այդ զարմանահրաշ հեռուստատեսությունը. Հերբերտ Գասպարյան» մենագրությունը, որը նվիրված է վաստակավոր գործչին, որը երկար տարիներ աշխատել է Հայկական հեռուստատեսությունում: 1973-2005թթ. աշխատել է որպես բեմադրող ռեժիսոր` ստեղծելով 40-ից ավելի հեռուստաներկայացումներ` անդրադառնալով հայ եւ համաշխարհային դրամատուրգիայի լավագույն ստեղծագործություններին: 1993-2005թթ. եղել է Հեռուստաթատրոնի գլխավոր ռեժիսոր: Նա մանկավարժական գործունեություն է ծավալել Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում` որպես Հեռուստառեժիսուրայի կուրսի ղեկավար, ինչպես նաեւ Երեւանի Թատրոնի եւ Կինոյի Պետական ինստիտուտում` որպես Հեռուստառեժիսուրայի կուրսի ղեկավար` կրթելով արվեստագետների սերունդներ:

Եթե ընթերցողը թերթելիս լինի վերոհիշյալ գիրքը, ապա կտեսնի, որ այստեղ ի մի են բերված ոչ միայն Հերբերտ Գասպարյանի ստեղծագործական ժառանգությունը՝ հեռուստաներկայացումների պատմություններն ու դրանց ռեժիսորական գաղտնիքների, գաղափարական շերտերի բացահայտումները, այդ հեռուստաներկայացումներում հանդես եկած մեծանուն հայ արտիստների մասին ուշագրավ պատմությունները, այլեւ զուգահեռ՝ Հայկական հեռուստատեսության ստեղծման պատմությունը եւ Հեռուստաթատրոնի ժառանգությունը:
Ո՞րն է Հերբերտ Գասպարյանին բնութագրող գծերից մեկը. նա չէր մոռանում իր արվեստակից ընկերներից եւ ոչ մեկին.
-Առանց իմ արվեստակից ընկերների, ես ոչինչ էլ չէի կարող ստեղծել…Նրանք բոլորն էլ հրաշք էին,- ասում է բեմադրող ռեժիսորը:

Իմ խորին համոզմամբ հենց սա՛ է եղել այն ստեղծագործական առողջ մթնոլորտը, որտեղ կարող էին ստեղծվել մնայուն արժեքներ: Ահա թե ինչու են Հերբերտ Գասպարյանի բոլոր ժամանակների ուսանողներն այդքան սիրել իրենց ուսուցչին… որովհետեւ նա գնահատում է իր գործընկերների մեծությունը, ճանապարհ հարթում նոր սերնդի համար…
Հեռուստաթատրոնի բազմաթիվ գանձեր, այդ թվում՝ Հերբերտ Գասպարյանի որոշ հեռուստաներկայացումները, ցավոք, չեն պահպանվել ժամանակի տեխնիկական միջոցների սղության պատճառով: Եվ դրանց պատմություններն ամբողջացնելու գործում վիթխարի է անվանի թատերագետ Վարսիկ Գրիգորյանի դերը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է հայ թատրոնի գանձերը սերունդների համար պեղելու եւ պահպանելու գործին:

Վարսիկ Գրիգորյանի հետադարձ հայացքի շնորհիվ է, որ մենք պատկերացում ենք կազմում, թե ինչպիսի՜ գործեր են եղել Հերբերտ Գասպարյանի չպահպանված հեռուստաներկայացումները… Նա հեռուստաներկայացման մասին խոսելիս բառացիորեն գծել է մի յուրօրինակ կտավ: Ահա թե ինչու գրքում ընդգրկել ենք Վարսիկ Գրիգորյան-թատերագետի անդրադարձները, որոնք արժեքավոր վավերագրեր են:
Հ. Գասպարյան-բեմադրող ռեժիսորի ստեղծագործական ժառանգության մեջ կարեւոր տեղ ունի նաեւ Ռադիոթատրոնը, որտեղ եւս թողել է անանց արժեքներ: Ինչպիսի ստեղծագործության էլ մոտեցել է Հ. Գասպարյանը՝ լինեն դրանք հայ եւ համաշխարհային դրամատուրգիայի դասական ու ժամանակակից գործեր, նա բերել է ի՛ր ազգային ձեռագիրն ու հայացքը:

Մեր ընթերցողը գրքում կտեսնի նաեւ արվեստագետների հետ հարցազրույցներ, որոնք մեզ օգնում են բացահայտելու հետաքրքրական մանրամասներ, թե ինչպես են ծնունդ առել Հ. Գասպարյանի հեռուստաներկայացումները: Եվ ես խորապես շնորհակալ եմ մեր կողքին ապրող ու արարող այդ արվեստագետներին:

Շնորհակալ եմ նաեւ գրքի ձեւավորող Դավիթ Մնացականյանին, որի բծախնդիր աշխատանքի շնորհիվ գիրքը ներկայանալի մատուցվեց ընթերցողին:
Ուզում եմ անդրադարձս ավարտել արվեստագետի՝ բոլորիս ուղղված հետեւյալ պատգամով.
-«Մենք պետք է տեր լինենք մեր ազգային ժառանգությանը, որ սերունդները չկորցնեն իրենց հոգու հենարանները: Ես իմ ուսանողներին միշտ ասել եմ ՝ պետք է լինել հայեցի, հայկական ոգին չպետք է ձեզ լքի: Միշտ մնացեք հավատարիմ մեր Պատմությանը…»:
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ սեպտեմբերի 5-ին Ավետիք Իսահակյանի գրադարանում կայացած գրքի շնորհանդեսից





