Արեւելահայ պատմաբանները, սկսած Լեոյից, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերող իրենց աշխատություններում ըստ արժանվույն չեն անդրադարձել Հայկական Կիլիկիայի պատմության վերջին՝ 1908-1921 ժամանակաշրջանի իրողություններին: Բացառությամբ, թերեւս, Ռուբեն Սահակյանի, որն անդրադարձել է դրանց՝ թուրք-ֆրանսիական հարաբերությունների համատեքստում: Մինչդեռ, Հայ դատի հետապնդման գործում երիտթուրքական ջարդարարական-ցեղասպանական քաղաքականության ամբողջական բացահայտումը առավել մերկապարանոց է երեւում հենց Կիլիկիայում թուրքերի իրականացրած գործողություններում: Նկատի ունենք 1908 թ.ի Սահմանադրությանը հետեւած հայ-թուրք «եղբայրության» հրապարակային տոնախմբություններին հաջորդած ջարդերը Ադանայում, հրկիզումները, ավերումները: Ցեղասպանություն՝ Ցեղասպանությունից առաջ:
Ահա այդ ջարդերին, թուրք հասարակական հոգեբանության մեջ այդ քաղաքականության ծննդի ու գործադրման տարբեր հանգամանքների ուսումնասիրությանը նվիրված անգլերեն աշխատություն է լույս տեսել ԱԱՆ-ում՝ The Horrors of Adana ընդհանուր վերնագրով, որի շուրջ խիստ շահեկան զրույց է տեղի ունեցել հեղինակի՝ պատմաբան Պետրոս Տեր Մաթոսյանի եւ գրող, գիտնական Արիս Ջանիկյանի միջեւ, որն արտատպում ենք այս եւ հաջորդ էջերում:
Հարգելի ընթերցող, ձեզ ենք ներկայացնում Պետրոս Տեր Մաթոսյանի «Ադանայի սարսափները» գրքի շուրջ Ֆրեզնոբնակ գրող, գիտնական Արիս Ջանիկյանի զրույցը: Զրույցը տպագրվել է Los Angeles review of books-ում, ապա արտատպվել Ֆրեզնոյի Հայկական թանգարանի կայքէջում :
Երբ խոսքը մարդկության դեմ հանցագործությունների մասին է, մենք պետք է ընդունենք, որ աշխարհաքաղաքականությունը եւ կայսրությունների ու նրանց պրոքսիների միջեւ տեղի ունեցող մեծ խաղերն են որոշում, թե ով կփրկվի, ով կմեղադրվի, ով կկարողանա պատշաճ կերպով թաղել իր մահացածներին, ում հիշատակը կպահպանվի, իսկ որոնցը՝ մոռացության կմատնվի.
Հիշատակի այս «ընտրովի» հավերժացումը անվիճելի է, եւ հայկական դեպքը թերեւս գլխավոր օրինակն է: 1890-ականների վերջից օսմանցիները սկսեցին կոտորածների շարք , որի գագաթնակետը աշխարհը ցնցած 1915 թվականի ցեղասպանությունն էր: Տասնամյակների ընթացքում աշխարհն ընկղմվեց կա՛մ անտարբերության, կա՛մ ժխտողականության մեջ: Թուրքիան չափազանց արժեքավոր պատվար էր կոմունիզմի դեմ, որպեսզի նրան նեղացնեին: ԱՄՆ-ում նախագահի թեկնածուները մեկը մյուսի հետեւից խոստանում էին ճանաչել ցեղասպանությունը: Բավական է ապահովեին հայերի քվեներն ու բարեհաջող կերպով զբաղեցնեին իրենց պաշտոնները եւ նրանք կա՛մ համրանում էին, կա՛մ կիրառում էին էվֆեմիզմներ՝ պաշտպանելու Թուրքիայի հետ Ամերիկայի հարաբերությունները: Այնուամենայնիվ, անցյալ տարի՝ ապրիլի 24-ին, նախագահ Բայդենը վերջապես արտասանեց իբրեւ թե աղետ հարուցող այդ արտահայտությունը՝ Հայոց ցեղասպանություն: Ե՛վ Թուրքիան եւ՛ ՆԱՏՕ-ն սովորականի պես գնացին իրենց գործին: Այս ընթացքում Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի պատմության ամբիոնի Մերձավոր Արեւելքի արդի պատմության դոցենտ Պետրոս Տեր Մաթոսյանի նման պատմաբանները համբերատարությամբ կատարում էին իրենց աշխատանքը: 1909-ի Ադանայի ջարդերը, որոնք գրեթե անհայտ են հայկական շրջանակներից դուրս, անգլերենով արված հատուկենտ ուսումնասիրությունների առարկա են եղել: «Ադանայի սարսափները. հեղափոխություն եւ բռնություն քսաներորդ դարասկզբում» գրքով Տեր Մաթոսյանը արտասովո՛ր գնահատական է տալիս պարանոյայի, թրիբալիզմի եւ բռնության այս արտասովո՛ր ժամանակաշրջանի մասին: Այս գիրքը, որը նրա նախորդ՝ «Հեղափոխության փշրված երազանքները. Ազատությունից՝ բռնություն ուշ Օսմանյան կայսրությունում» գրքի կարծես սահմռկեցուցիչ շարունակությունն է, խորացնում է մեր ըմբռնումը Հայաստանի 2500-ամյա պատմության ամենամութ 25 տարիների՝ 1896-ից 1921 թվականների մասին:
Տեր Մաթոսյանը նաեւ կոտորածների հմուտ ուսումնասիրություն է կատարել. ինչպես է նենգափոխվում պատմությունը, ինչպես է ապագան ներկայացվում վտանգավոր ու անորոշ. ինչպես են կենտրոնական իշխանությունները աչք փակում ՝ արտոնելով, որ փաստերը բացասական երանգավորմամբ ներկայացվեն: Նա ցույց է տալիս, թե ինչպես այս եւ ուրիշ այլ բաներ թույլ են տալիս, որպեսզի ատելությունը կուտակվի եւ առաջ բերի անհավատալի հետեւանքներ: Այս ամենը հաշվի առնելով էր, որ այս հարցազրույցի գաղափարը ունեցա, ինչն Տեր Մաթոսյանի հետ իրականացվեց երեք օրվա ընթացքում՝ էլ. փոստով:
Արիս Ջանիկյան- Ուզում եմ շնորհավորել ձեզ այսչափ լավ ուսումնասիրված, հստակ ձեւակերպված եւ որ ամենակարեւորն է, անգամ ինձ պես ոչ պատմաբանի համար, մեծ հետաքրքրությամբ ընթերցվող գրքի կապակցությամբ: Ձեր հետազոտությունը հարուստ է՝ ներառում է 15 արխիվներ եւ սկզբնաղբյուրներ 12 լեզուներով: Եվ, չնայած գիտականությանը, այն ընթերցվում է «թրիլլերի» պես. թե ինչպես եք ներկայացնում գործողությունների թատերաբեմը եւ աղետալիորեն ծավալվող դեպքերը: Գուցե անպատեհ համեմատություն արեցի, չէ՞ որ այն, ինչ ծավալվում է գրքի էջերին իրականություն է, այնքան բիրտ, դաժան, անմարդկային, որ ստիպված էի ժամանակ առ ժամանակ գիրքը մի կողմ դնել ուշքի գալու համար: Իբրեւ հայ մեր ժողովրդի պատմության այս տառապալի շրջան վերադառնալն ինչպե՞ս էր: Արդյո՞ք ցավը ստիպել է ձեզ, որպես պատմաբան, երբեմն դադար առնել:
Պետրոս Տեր Մաթոսյան– Ես միշտ ինձ համարել եմ նախ մարդ, ապա՝ պատմաբան, հետո՝ հայ: Բայց ես նաեւ հաստատապես հավատում եմ, որ ինքնությունները հեղհեղուկ են: Ծնված եւ մեծացած լինելով կոսմոպոլիտ քաղաքում, ինչպիսին Հին Երուսաղեմն է, ժամանակի ընթացքին ձեռք եմ բերել խառն ինքնություն: Կոտորածների եւ ցեղասպանությունների թեմաներով աշխատելը երբեք հեշտ չէ, հատկապես, երբ դու Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետնորդ ես եւ մեծացել ես՝ լսելով քո ազգի դեմ իրականացված սարսափելի բռնարարքների նկարագրությունները: Որպես ազգամիջյան հակամարտությունների եւ ցեղասպանության մասնագետ, կենտրոնացած լինելով հատկապես Հայոց ցեղասպանության վրա, ես միշտ ստիպված եմ եղել հավասարակշռելու անցյալին առերեսվելու հուզական ծանր ապրումները եւ, որպես ակադեմիական գիտնական, պատմությունը ներկայացնելու անհրաժեշտությունը:
– Թույլ տվեք մեկ քայլ հետ գնալ եւ մեր ընթերցողներին ընդհանուր պատկերացում տալ, թե որն էր Ադանայի կարեւորությունը, հատկապես հայերի համար: Ադանան գտնվում է ժամանակակից Թուրքիայի հարավային սահմանին՝ Միջերկրական ծովի եւ Մերսին նավահանգստային քաղաքի մոտ: Հայկական ներկայությունն այնտեղ թվագրվում է Ք.ա. 100 թվականից, սակայն 1071-ին սելջուկ թուրքերի կողմից Բյուզանդիայի գրավմամբ Ադանան հայերի համար դարձավ միգրացիայի վայր եւ, ժամանակի ընթացքին, Կիլիկիո հայկական թագավորանիստ քաղաք, որտեղ տեղակայված էր Կաթողիկոսի Սուրբ Աթոռը: Այն հայերի կրոնական կյանքի եւ իշխանության կենտրոնն էր, ինչպիսին Վատիկանն է կաթոլիկների համար: Ժամանակի հոլովույթում այդ տարածաշրջանը կառավարվել է օսմանցիների, եգիպտացիների եւ ֆեոդալների կողմից: Հայերի հետ հաճախ առճակատվող մահմեդական խաշնարած ցեղերը մեծ քանակով նստակյացության անցան այստեղ 19-րդ դարի երկրորդ կեսին: Սեզոնային աշխատողները եւս գալիս էին բամբակ հավաքելու, որը այս շրջանի հիմնական մշակաբույսն էր: Բամբակը մշակվում էր տեղում՝ օգտագործելով բարդ տեխնիկա, իսկ Մերսինի նավահանգստով տարածքը կապվում էր եվրոպական խոշոր շատ քաղաքների հետ: Ընդհանուր առմամբ, թվում է, թե տարածաշրջանը օժտված է եղել մեծ արդյունավետությամբ, եղել է կոսմոպոլիտ, 1909 թվականին՝ համարյա «ժամանակակից»: Բայցեւայնպես հայերը, տնտեսական առումով անկասկած չափազանց մեծ առավելություն են ունեցել, հատկապես մահմեդական բնակչության նկատմամբ: Ամփոփելով՝ կա՞ որեւէ բան, որը կուզեիք ավելացնել կամ շտկել ասածներիցս, նախքան առաջ անցնելը:
– Կուզենայի միայն ընդգծել, որ 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ Օսմանյան կայսրությունը ինտեգրվում էր համաշխարհային տնտեսական համակարգի մեջ, տարածաշրջանում նկատում ենք էթնոկրոնական լարվածության աճ: Ցեղերի՝ նստակյացությանն ուղղված օսմանյան բարեփոխումները(*), օսմանյան իշխանության կենտրոնացումը, ագրարային բարեփոխումները եւ հայաբնակ վայրերում մահմեդական փախստականների բնակեցումը, որոնք փախել էին Կովկասից ռուսական հալածանքների եւ 1878-88 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետեւանքով, կոտորածներին նպաստող հանգամանքներ էին:
– Ես, իհարկե, լսել էի Ադանայի ջարդերի մասին, բայց, անկեղծ ասած, նախքան ձեր գիրքը կարդալը, ես միայն տարտամ պատկերացում ունեի այն ամենի մասին, ինչ տեղի էր ունել 1909 թվականին: Ես մշտապես այն ընկալել եմ որպես 1890-ականների համիդյան ջարդերի եւ 1915-ի Ցեղասպանության միջեւ ընկած մի սոսկալի կամուրջ, բայց ձեր գիրքը որոշ չափով բարդացնում է այդ պատկերը:Դուք գրում եք, թե ինչպես է 1908 թվականի օսմանյան սահմանադրությունը հայերին առաջարկում ազատություններ, որոնք նրանք մինչ այդ երբեք չէին ունեցել: Նախկին իշխանության ազդեցիկ դեմքերն զգում էին, որ հայերը նոր ձեռք բերած ազատությամբ սպառնում են օսմանյան կայսրության շահերին եւ ամրապնդված իշխանությանը: Որպես խորամանկ հակազդում նրանք սադրեցին այն միտքը, որ հայերը ձգտում են անկախության, որպեսզի Ադանայում ստեղծեն հայկական նոր թագավորություն: Նրանք պնդում էին, թե իբր այս երեւակայական թագավորությունը հիմնվելու էր թուրքերի նկատմամբ հաղթության վրա: Եվ այդ ամենը՝ եվրոպական տերությունների հետ համաձայնեցված, մեծ հայկական ծրագրի մի մասն էր, որը մոտավորապես այսպես պետք է ընթանար. հայերը թուրքերի նկատմամբ դաժան սադրանք են կազմակերպում՝ ներկայացնելով, թե իրենք լինելով անօգնական, հարձակման են ենթարկվել, իսկ բրիտանացիները, ֆրանսիացիները, ԱՄՆ-ը, որոնց նավերը հենց ափի մոտ են նավարկում, շտապում են հայերին արնահեղությունից փրկելու, իսկ թուրքերին՝ կոտորելու:
Այժմ պարանոյիկ հեքիաթը կյանքի էր կոչվում. նախքան այդ ենթադրյալ ծրագիրը իրականություն կդառնար, թուրքերը պետք է հաղթեին հայերին: Իրականում, ծովեզերքին օտարերկրացիները անտարբերությամբ հայացքներն էին շեղում, մինչդեռ ավելի քան 20,000 հայեր էին կոտորվում երկու շաբաթվա ընթացքում: Ձեր գրքի կրկնաշապիկի դարձերեսից ես մեջբերում կանեմ՝ «Չնայած այս դեպքերի լրջությանը եւ բռնության ու ավերածությունների չափին, Ադանայի ջարդերը հաճախ դուրս են մնում պատմական նարրատիվներից: «Ադանայի սարսափները» գիրքը այս իրադարձությունների առաջին մանրակրկիտ ուսումնասիրություններից է, որ քննության է առել սոցիալ-քաղաքական եւ տնտեսական փոխակերպումները, որոնց գագաթնակետը աղետալի բռնությունն էր: Օսմանյան կենտրոնական վարչախումբը ձախողեց պատասխանատվության ենթարկել գլխավոր մեղավորներին. արդարադատական սխալ, որն իր հետեւանքները կունենա երկար ժամանակ»:
– Ինչպես յուրաքանչյուր հայ, ես նույնպես մեծացել եմ 1909-ի Ադանայի ջարդերի մասին ընդհանրական գիտելիքներով: Սակայն, ժամանակի ընթացքում սկսեցի առավել խորությամբ քննել, թե ինչու եւ ինչպես դա տեղի ունեցավ: Այդուհանդերձ ինձ համար իրական շրջադարձային պահը երկու տասնամյակ առաջ էր, Կոլումբիայի համալսարանում, որտեղ դոկտորական թեզ էի պաշտպանում եւ առաջին անգամ տեսա Ադանայի կոտորածների պատկերները Էռնստ Ջեքի աշխատություններում: Նկարներից մեկը ցնցեց եւ շաբաթներ շարունակ հանգիստ չթողեց ինձ: Դա ոչ թե դիակների կամ այրված թաղամասերի պատկեր էր, այլ մի երիտասարդ փրկված կնոջ, որը բուժում էր ստանում եղեռնից հետո հիմնադրված հիվանդանոցներից մեկում: Աղջիկը մինչեւ գոտկատեղ մերկ էր:
Նրա մարմինը հնարավոր չէր տեսնել, քանի որ մեծ մասն այրված էր, նա ահռելի վնասվածքներ ուներ: Թեպետ ֆիզիկական վերքերը ցնցող էին, նրա սեւեռուն հայացքն էր, որ գրավեց իմ ուշադրությունը: Այդ հայացքում հայերի հետ կատարվածի ողջ դաժանությունն էր : «Ո՞ւր է մարդկությունը»-, աղաղակում էր այդ հայացքը,-«Ինչո՞ւ է սա տեղի ունենում մեզ հետ: Ի՞նչ եմ արել ես սրան արժանանալու համար»: Մեռածները չեն կարող պատմել իրենց կրած տառապանքների մասին: Վերապրածներն են որ կարող են պատմել եղելությունը: Ինչեւէ, իր դեպքում նա ոչ մեռած էր, ոչ կենդանի: Նա խարխափում էր երկու աշխարհների միջեւ՝ մտավոր եւ ֆիզիկական ցնցումների մեջ:
-Այսպիսի ապրումների դեպքում որեւէ ապաքինում հնարավոր չէ: Նման ցնորամիտ եւ ոչնչով չարդարացված բռնության ենթարկված զոհի հոգեկան աշխարհի վերականգնումը որեւէ հոգեբույժի ուժերից վեր է: Հզոր կերպար է այս աղջիկը՝ դավաճանված, ցնցված եւ սարսափած:
– Նման պատկերներին առնչվելը այդուհանդերձ հեշտ գործ չէր: Իմ գիրքը Վերածննդի կամ գիտական հեղափոխության մասին չէ, դա մահվան, սպանությունների եւ կոտորածների մասին է: Այսպիսի նյութերը հետք են թողնում յուրաքանչյուր մարդու գիտակցության կամ ենթագիտակցության վրա, որ ուսումնասիրում է դրանք: Խնդիրն ավելի է բարդանում, երբ պարտավորված ես լինում մի կողմ թողնել զգացմունքներդ՝ «օբյեկտիվ» տոնը պահպանելու համար: Բայց իբրեւ մարդ արարած եւ իբրեւ հայ կարող ես սգալ մեկուսի՝ տարանջատելով քեզ պատմաբանից:
– Կցանկանայի ձեր գրքի «Հեղափոխությունը եւ բռնությունը քսաներորդ դարասկզբին» ենթավերնագիրը օգտագործել մի քանի ընդհանուր հարցեր ձեւակերպելու համար: Ըստ իս, թվում է թե տառապանքներին, մեծ ու փոքր կոտորածներին վերջ չկա: Կարծես մենք սպասում ենք, որ հիպնոսացնող ատելությունը իր կախարդանքը եւս մեկ անգամ մեզ վրա տարածի: Դուք գրում եք ա՛յս կոտորածի մասին, բայց քանի- քանի այսպիսի կոտորածներ են ջնջվել մեր հիշողությունից կամ երբեք էլ չեն արձանագրվել պատմության տարեգրության մեջ: Պատմաբանները հույս են տածում, թե մենք դասեր կքաղենք անցյալից, մեր սխալներից: Բայց մենք դա չենք անում: Ձեր գրքում Դուք նախանշում եք երկու պատճառ, թե ինչու են տեղի ունեցել այս եւ ուրիշ շատ կոտորածներ՝ պտտվող լուրերը եւ վախը: Մենք մտնում ենք հոգեբանության եւ սոցիոլոգիայի, գուցե եւ հոգեւոր տիրույթ: Արդյո՞ք անցյալը կրկնվում է, քանի որ մենք իբրեւ մարդիկ, կրկնում ենք ինքներս մեզ: Պատմության մութ ընթացքը փոխելու այլ տարբերակ կա՞, քան ինքնին փոխվելը:
– Մենք՝ մարդկային արարածներս, էությամբ չար չենք: Սակայն, որոշակի հանգամանքներում եւ սթրեսային գործոնների պարագային, մենք ունակ ենք բարբարոսական գործողություններ կատարել՝ անկախ մեր կրոնական եւ/կամ էթնիկ պատկանելությունից: Անցած տասնամյակների ընթացքում գիտնականները փորձել են պարզել, թե ինչու են սովորական տղամարդիկ եւ կանայք դառնում մարդասպաններ: Ինչո՞ւ են կողք-կողքի խաղաղ ապրող դրացիները հանկարծ իրար դեմ ելնում: Հսկայական գրականություն կա, որը փորձում է պատասխանել այս հարցերին: Վախն ու պտտվող լուրերը միակ գործոնները չեն, որոնք արագացնում են հասարակության գահավիժումը դեպի բռնության աղետալի հորձանուտ, բայց դրանք առանցքային են: Բնականաբար, որպես մարդ, մենք վախենում ենք ինքներս մեր, մեր ընտանիքների եւ մեր համայնքի անվտանգության համար: Բախվելով գոյութենական սպառնալիքի, մենք պատրաստ ենք աներեւակայելի արարքների:
– Բայց մենք չենք կարող դա անել առանց իշխանության կողմից ազդանշանի: Նրանք կա՛մ պետք է չնկատելու տան, բացեն հեղեղի առջեւ դարպասները, կա՛մ նույնիսկ հրահրեն մեզ մահաբեր ցասման մեջ ընկնելու: Ձեր գիրքն դա ակնհայտ է դարձնում:
– Անկասկած, ղեկավար դիրքերում գտնվող խմբերն ու անհատները հակված են խաղալ եւ/կամ շահարկել մարդկանց վախը՝ իրենց քաղաքական եւ նյութական շահին հասնելու համար: Խմբերի մոբիլիզացման եղանակներից մեկը լուրերի տարածումն է. «նրանք ծրագրում են ապստամբություն», «մեզ սպանելու են», «նրանց աջակցում են միջազգային ուժերը» կամ «նրանք կոտորած են պլանավորում»: Այս բոլոր խոսակցությունները տարածվեցին Ադանայի եղեռնի համար հիմք ստեղծելու նպատակով: Տարածվող լուրերը միայն պատմության էջերում չեն. դրանք մարդկային վարքի անքակտելի մասն են ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում: Դրանք ավելի մահաբեր են դառնում տարբեր խմբերի միջեւ լարվածության աճի պահերին:
Վերջը` հաջորդիվ
ԱՐԻՍ ՋԱՆԻԿՅԱՆ