ԵՐԵՎԱՆ-ԲՈՒԽԱՐԵՍՏ – Ռումինական թատրոնի եւ կինոյի դերասան, ռեժիսոր, դերաբաշխման (քասթինգի) տնօրեն, գրող Ֆլորին Գեւորգյանը ծնվել է 1970 թվականին, Բուխարեստում: Դերասանական վարպետություն է սովորել ծննդավայրի Կարաջալեի անվան թատրոնի եւ կինոյի ազգային համալսարանում, որտեղ դասախոսում է այժմ: Մոտ 20 ֆիլմի քասթինգ-տնօրեն է, 15-ից ավելի կինոնկարների դերակատար եւ յոթ ֆիլմի բեմադրիչ: Նկարահանվել է «Կծկված քաղաքը», «Կյանքի գնացքը» (1998), «Ամեն» (2002), «Փոփոխության քամին» (2013), «Պիոներների պալատը» (2015), «Անիծյալների հյուրանոցը» (2016), «Ուսումնասիրություն անհանգստության մասին» (2016), «Լիլիթ» (2019), «Ադրենալին» (2022) եւ այլ շարժանկարներում: Հրատարակել է մեկ վեպ («Իմ սեր… Իզաբելա») եւ մի շարք հոդվածներ թատրոնի մասին:
–Սիրելի՛ Ֆլորին, ինչո՞ւ մի օր դերասանը դարձավ քասթինգի տնօրեն:
-Ինձ այդ աշխատանքը 1999-ին առաջարկեց կինոբեմադրիչ Իրինա Կիրիցըն, որը նաեւ Ռումինիայի երկու ամենամեծ կինոստուդիաների՝ «Կաստել ֆիլմի» եւ «Մեդիա պրո փիքչըրսի» գործադիր արտադրիչն է: Նրա հետ համագործակցել եմ Ռադու Միհըյլեանուի «Կյանքի գնացք» ֆիլմում՝ որպես բեմադրիչի օգնական եւ լրացուցիչ համակարգող: Այդ կինոնկարում ծնվեց կինոարտադրության եւ ռեժիսուրայի բոլոր ոլորտների գործիչների մի նոր թիմ: Երիտասարդ էինք, սիրահարված էինք կինոյին, եռանդուն հետեւում էինք ռումինական ֆիլմադարանի միջոցառումներին ու լի էինք մասնագիտորեն ու կինոմշակույթի բարձր մակարդակով ինքնահաստատվելու ցանկությամբ: Բոլորս մնացինք լավ ընկերներ եւ գործընկերներ՝ տարիների ընթացքում վերամիավորվելով բազմաթիվ նախագծերում:
Հաջորդ քայլը եղավ այն, որ որպես քասթինգի տնօրեն համագործակցեցի աշխարհահռչակ օսքարակիր բեմադրիչ Կոստա-Գավրասի հետ: Նրա «Ամեն» կինոնկարում 125 կերպար կա, որոնցից 77-ը կատարեցին ռումինացի դերասաններ: Հետեւաբար, եթե յուրաքանչյուր դերի համար ունենանք նվազագույնը չորս առաջարկ, իմ մտքում այդ պահին 300 ռումինացի դերասաններ կային: Իզուր չէր, որ գիշերները մղձավանջներ էի տեսնում՝ ռումինացի դերասանների պատկերներով, որոնք խաղացել են այս ֆիլմում ու եւս 30 կինոնկարներում, որոնց դերաբաշխման իրականացնողն եմ եղել: Այնուհետեւ ինձ բախտ վիճակվեց որպես քասթինգի տնօրեն աշխատելու մեծանուն Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ՝ նրա «Երիտասարդությունն առանց երիտասարդության» ֆիլմում, որտեղ նորից հանդիպեցի ռումինացի եւ եվրոպացի դերասանների, ինչպես նաեւ «Մատանիների տիրակալի» դիմահարդար Ջերեմի Վուդհեդի եւ ֆիլմի սցենարի ղեկավար ու գործադիր արտադրիչ Անահիտ Նազարյանի հետ: Եթե թվարկեմ իմ հանդիպած բոլոր անհատներին, կպատասխանեմ միայն մեկ հարցի, բայց մյուսները չեմ ուզում բաց թողնել: Դերասանից քասթինգի տնօրեն անցումը կատարվում է բնականորեն՝ ելնելով դերասանների հանդեպ սիրուց, երբ ցանկանում ես տալ նրանց այն, ինչ ինքդ կցանկանայիր ստանալ: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ուշադրություն, կերպարը փնտրելու ու բացահայտելու եւ լավագույն փոխարինողին գտնելու համբերություն, հաջորդականության համար որոշիչ մանրամասների ճշտման կարողություն, նկարահանման տարածքի կազմակերպում, դերասանի համար նախատեսված առարկաների, զգեստների, դեկորների որոնում եւ այլն: Քասթինգը միայն «Եղբա՛յր, արագ դերասա՛ն գտիր, պայմանագիրը ստորագրի՛ր, վերջանա-գնա»-ն չէ: Քասթինգը, ինչպես Բիլի Ուայլդերն էր ասում, ֆիլմի արժեքի 85 տոկոսն է:
–Ես հիշում եմ քո «Ծնունդ» ֆիլմը 2004 թվականի առաջին «Ոսկե ծիրան» փառատոնում, որտեղ մարդու ծննդյան պրոզայիկ, «արյունոտ» գործընթացը վերածվում է բանաստեղծական ինչ-որ բանի: Արդեն 1929 թվականին Ձիգա Վերտովն իր հայտնի «Կինոխցիկով մարդը» ֆիլմում շարժանկարել էր մարդու ծնունդը: Ուրեմն ինչո՞ւ նորից ու նորից նկարահանել այս շատ ինտիմ (թեեւ միստիկ) տեսարանը…
-Իմ «Ծնունդ» ֆիլմով ես գրեթե ձախողեցի ռեժիսուրայի քննությունս, քանի որ իմ կինոուսուցիչները քննադատեցին վիրահատված եւ արյունոտ արգանդի, ինչպես նաեւ պորտալարը կտրված երեխայի ու նրա առաջին շնչառության մանրակրկիտ նկարահանումը: Նրանք վերստին գնահատեցին ինձ, երբ նրանց հիշեցրի, որ տեսախցիկի միջոցով ես դա պատճենել եմ սեւ ու սպիտակով՝ խուսափելով արյունոտ պատկերի դաժանությունից, կյանքի թրթիռից եւ մահվան ուրվականից: Փաստը, որ մեծն Ձիգա Վերտովը կինոաշխարհի առաջին վավերագրական ֆիլմերից մեկում ընդգրկել է նաեւ աշխարհի էվոլյուցիայի այս կարեւոր պահը` նոր երեխայի ծնունդը, եւս մեկ անգամ մատնանշում է այն էական փուլերը, որ յուրաքանչյուրն ունենում է իր կյանքի ընթացքում. ծնունդ, խորին սեր եւ ամուսնություն, նոր էակի ծնունդ եւ մահ կամ մեծ անցում դեպի «այն սահմանը, որից ոչ մի ուղեւոր չի վերադարձել»:
–Դու հայկական թեմաներով հինգ վավերագրական ֆիլմ ես նկարահանել, դրանք կներկայացնե՞ս մեր ընթերցողներին:
-Հայկական թեմայով առաջին գործս «Արմենոպոլիս. հայի հոգի» վավերագրությունն է, որն անդրադառնում է պատմական այն ժամանակաշրջանին, երբ 17-րդ դարի Մոլդովայի տիրակալ Դուկա Վոդըն օրենսդրական ճնշումների եւ սպառնալիքների միջոցով իր երկրից վտարել է գրեթե 13000 հայերի՝ ստիպելով նրանց տեղափոխվել Տրանսիլվանիա: Այստեղ հայերը հաստատվել են չորս կարեւոր համայնքներում՝ Արմենոպոլիս-Սոմեշույվար-Գեռլա, Էլիզաբեթապոլիս-Դումբրըվեն, Ֆրումոասա եւ Գեորգեն: Հաջորդ՝ «Հաճկատար» վավերագրությունս պատմում է հինգ դար առաջ Սուչավայի մոտ Դոնավակ (Տոնավագ) եղբայրների կառուցած հայոց վանքի մասին: Հաճկատարն այն վայրն է, որտեղ մարդիկ հինգ դար շարունակ ծնկաչոք բարձրացել են վանքի բարձունքը՝ աղոթելով Աստվածամորը կյանքի ամենադժվար պահերին՝ հիվանդություն, մահ, աղքատություն, բաժանում, կոտրված սրտեր, թույլ առողջություն… Շատ անգամ սրբապատկերի առջեւ աղոթողները վերագտել են հույսի ու երազի իրենց ուժը, իսկ հետո նույն կերպ վերադարձել են վանք եւ շնորհակալություն հայտնել Սուրբ Կույս Մարիամին: Երրորդ հայապատում ֆիլմս՝ «Նորավանք. առասպելի եւ իրականության միջեւ»-ը, նկարահանեցի Հայաստանում, Էջմիածնի լավագույն օպերատորի մասնակցությամբ: Այն մեծ ճարտարապետ, ուսուցիչ Մոմիկ Վարդապետի եւ Օրբելյան իշխանի 17-ամյա դստեր սիրո պատմության մասին է: Ուսուցչի այս կրքից, երեւակայությունից ու իմացությունից ծնվել է Նորավանքը՝ Հայաստանի եւ ամբողջ աշխարհի ամենագեղեցիկ վանքերից մեկը: Երեւանի Ցեղասպանության թանգարանում նկարահանված «Ճանաչի՛ր 1915-ը» հարգանքի տուրք է մի պատմական իրողության, որի հետեւանքով ավելի քան մեկուկես միլիոն հայ անհետացավ: Եվ վերջապես, «Բուկովինա, հաճարենիների երկիր, իսկական սիրո երկիր» ֆիլմը 12 տարբեր մշակույթների եւ հավատքների՝ հրեաների, հայերի, իտալացիների, հույների, ռուսների, ուկրաինացիների, ռուտենների եւ այլոց համատեղ կյանքի իրական ուժի մասին է:
–Ուրիշ ինչո՞վ ես զբաղվում՝ կինոյից բացի:
-Ամեն ինչից առաջ ես սիրում եմ իմ կնոջը աշխարհում բոլորից ավելի ու ամեն օր շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ երջանկություն է պարգեւել՝ կողքիս այսպիսի գեղեցիկ հոգի ունենալու: Եվ այս ուրախության մեջ է մտնում իմ կյանքի մնացած ողջ գործունեությունը, հատկապես դերակատարումներս տարբեր բեմադրություններում, որոնցից են Փիթեր Քվիլթերի «Դեմ առ դեմը» (այստեղ ես կնոջս հետ չորս տարբեր դերեր եմ կատարում), Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (որտեղ ես վարպետ-ավանակն եմ՝ բառացի եւ փոխաբերական իմաստով), Աստվածաշնչի վրա հիմնված «Զատիկի առեղծվածը», Միհայիլ Սեբաստիանի «Անանուն աստղը», Մաքիավելիի «Մանդրագորան» եւ այլն: Մենք բացել ենք նաեւ արվեստի միջոցով հաղորդակցման «Արիստոտել» սոցիալական դպրոցը, որտեղ պարի, խոսքի, երգի, մարմնական արտահայտչության, դերասանական խաղի միջոցով մարդիկ նորից սովորում են համաճարակի շրջանից հետո միմյանց ձեռք մեկնել, գրկել, շփվել:
–Գեւորգյան ազգանունն ԱՄՆ-ում հայտնի է «Դոկտոր Մահի»՝ Ջեք Գեւորգյանի շնորհիվ: Իսկ Ռումինիայում դժվար չէ՞ր նման անունով կարիերա անել:
-Իմ անունը Ռումինիայում նույնացվում է ֆուտբոլային աշխարհում հայտնի Գեորգե Գեւորգյանի (Կիվորկյան) անվանը: Ես ընդունում եմ, որ հիվանդ աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, դրդել է դոկտոր Գեւորգյանին հանրային ողորմածության միջոցով վերացնել այն մարդկանց, որոնք տառապելուց բացի ոչինչ չունեն: Հաճախ եմ զգացել, որ բոլոր պարտքերս, որ ուսերիս դրել են վարչարարությունն ու բանկերը, նման են մեր հոգու եւ մտքի վրա կախված վերքերի. դա նման է անբուժելի հիվանդության, ուստիեւ բանկերի առաջ երբեմն ուզել եմ կիրառել բժիշկ Գեւորգյանի մեթոդները: Մահն ու Հարկերը մեզ հետեւում են բնության օրենքներից դուրս՝ վանելով ուրախությունը մեր ստամոքսից, մեր արյունից, ամեն ինչից…
Հատկապես հայերն ինձ անվանում են Դերասան Մահ, Ռեժիսոր Մահ կամ ընդհանրապես Արտիստ Մահ: Դա մեր սիրելի, հայկական հումորն է, առանց որի մենք չէինք կարողանա անցնել երկու ցեղասպանությունների (1894 եւ 1915 թվականների) նման դժվարին փորձությունների միջով, մահացու բաժանումների ու շարունակական ցավի միջով… Մենք ուժեղ ժողովրդի մի մասն ենք, իսկ Գեւորգյանն այն հայ ընտանիքներից է, որը միշտ կանխորոշված է հայտնվելու կյանքի ու մահվան արանքում…
–Ո՞րն է քո ընտանեկան պատմությունը: Եվ կարողանո՞ւմ ես փոխանցել հայկական ժառանգությունը զավակներիդ:
-Գեւորգյան ընտանիքի պատմությունը սկսվում է Ադանայից, որտեղ նրանք զբաղվել են ընտանի կենդանիներ բուծելով ու վաճառելով: Ըստ 19-րդ դարի մի ընտանեկան պատմության՝ մի նախապապս այնքան նման է եղել Ֆրանց Յոզեֆ կայսերը, որ խոզերի ժանտախտի ժամանակ որպես բացառություն նրան իր կենդանիների հետ ընդունել են Բուդապեշտի կայսերական արքունիք: Առաջին ցեղասպանության ժամանակ՝ 1894-1896 թթ., մեր ընտանիքն Ադանայից մեկնել է Լեհաստան՝ Լվով, մնացել է մեկ տասնամյակ: Այստեղ Գեւորգյան պապս ամուսնացել է Մոյզեսովիչ ազգանվամբ լեհահայուհու հետ: Մոտ 1914-1915 թվականներին նրանք պատրաստվել են վերադառնալ Ադանա, սակայն ճանապարհին տեղեկանալով հայոց ցեղասպանության մասին՝ մնացել են Բեսարաբիայի Բալցի քաղաքում: Այստեղ մնացել են մինչեւ 1940-ականները, մինչեւ որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը գրավել է Բեսարաբիան եւ նրա բնակիչներին սպառնացել աքսորել Սիբիր: Այդժամ պապիկս ընտանիքով մեկնել է Տրանսիլվանիա, ապա հաստատվել են Բուխարեստում: Այստեղ հայրս եւ հորեղբայրս ուսանել են ավագ դպրոցներում, ապա ավարտել են ռումինական լեզվի եւ գրականության բաժինը: Հայրս գիտեր հինգ օտար լեզու եւ Ռումինիայի Զբոսաշրջության ազգային գրասենյակի սակավաթիվ մասնագետներից էր: Հորեղբայրս՝ Անտոն Գեւորգյանը, ժամանակի մեծագույն ուսուցիչներից էր: Ծնողներիս բոլոր հորեղբայրներն ու հորաքույրերն էլ ուսուցիչներ էին, այդ իսկ պատճառով, թեեւ ես դեմ էի, ուսուցչի ուղին իմ ԴՆԹ-ի մի մասն է:
Իմ զավակները՝ ներկա եւ ապագա, սովորել են եւ կսովորեն, որ իրենք այս հողի ազատ մարդիկ են, եւ որտեղ էլ ապրեն՝ պիտի հարգեն իրենց հայի անունը, այս գեղեցիկ ու յուրահատուկ ազգի կրոնը, կրթությունն ու մշակույթը: Որտեղ էլ երեխաներս ապրեն, նրանք պիտի ընտրեն իրենց ուզած գործը կյանքում եւ փորձեն լինել լավագույնն իրենց ոլորտում: Երեխաներս սովորում են սիրել մաքուր երկինքն ու թարմ հողը, սարերն ու ջրերը, գրականությունն ու պոեզիան, քաղցրեղենն ու գրքերը, համերգները եւ իտալական պաղպաղակը, փախլավան եւ լավ ֆիլմերը… ընդհանրապես սիրել այն, ինչ հաճելի է մարդկանց եւ ուրախություն է պատճառում ապրելու համար մի աշխարհում, որտեղ ատելությունը, անհասկացողությունը, կասկածը, մեղադրանքը, մեծահոգության բացակայությունը, խորանալը խավարի եւ պետության, այլ ոչ անհատի համար ճիշտ հատուկ վարչական կարգուկանոնի մեջ մարդկանց սովորեցնում է սուզվել սառը եւ անհոգի սոցիալական կոռեկտության մեջ, ըստ որի ավելի լավ է բանկերին եւ վարձերը վճարելը, քան շոկոլադ կամ ծաղիկ գնելը… Այնպես որ, իմ զավակները կսովորեն ապրել ազատ:
Աստված մեզ տվել է շատ դիմացկուն մի դրախտ՝ երկրի վրա, որը մենք հազարավոր տարիներ փորձում ենք սպանել՝ այն օժտելով գործունեության, կազմակերպման, կառավարման, հարկման խիստ օրենքներով, պատժիչ օրենքներով, որոնք շատ ավելի կարեւոր են դառնում, քան տիեզերական, աստվածային կամ բնական օրենքները: Ինձ թվում է՝ սոցիալական օրենքների խախտում է վայելելը, սիրելը, միմյանց ձեռք բռնելը, համբուրվելը. այդ «սա անտեղի՛ է» ասելն ընդհատում է մարդկային բնական հարաբերությունների փայլը եւ արժեւորում է հոգեբանական բանտը, որտեղ մեզ թույլատրվում է ապրել մեր ստացած նախնական կրթությամբ: Մենք մոռացել ենք պարզ, մարդկային ուրախությունը, որը բխում է հոգուց, մարմնից եւ մտքից՝ մեր ապրած պետությունների կողմից պարտադրված սահմանափակող ֆինանսական ձեւերի գոյությունից անդին… համբույրի, գրկախառնության, քեզ սիրող մարդու ձեռքին դիպչելու ուրախությունը, շարժման բերկրանքը, պարի բերկրանքը: Մենք սովորեցինք գնել մեր ուրախությունները: Կնոջս՝ Դենիսայի հետ պայքարի մեջ եմ զավակներիս դեմ, որպեսզի նրանց շարունակաբար նորից սովորեցնեմ, որ իսկական գեղեցկությունը բնության, մաքուր հոգու, մաքուր մտքի, ամեն ակնթարթի մեջ առկա աստվածայնության մեջ է, սիրելու բերկրանքի մեջ է, որ կյանքը նշանակում է սիրո միջով լուսավոր անցում մի շնչից մյուսը: Ի վերջո, կարող եմ ասել, որ երեխաներս գիտեն, որ աշխարհի ցանկացած երկիր կարող է լինել իրենց երկիրն այն պարզ փաստի համար, որ իրենց իսկական երկիրը միշտ եղել է, կա եւ կլինի Հայաստանը…
–Ֆլորի՛ն, իսկ մոտ ապագայում ունե՞ս հայության հետ կապված որեւէ նախագիծ:
-Իհարկե, ունեմ թատրոնի, կինոյի, սցենար գրելու նախագծեր, եւ այն պարզ փաստը, որ ես հայ եմ, այս նախագծերը չեն կարող իրականանալ՝ առանց իմ հայի հոգու հետքը դրանց վրա թողնելու, առանց իմ կրթության եւ մշակույթի: Ես սիրահարված եմ այնպես, ինչպես պետք է լինի որեւէ տղամարդ այս երկրի վրա եւ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տվել է այն կնոջը, որին սպասում էի մի ամբողջ կյանք, իսկ իմ բոլոր նախագծերը սկսվում են սիրուց եւ վերաբերում են սիրուն:
Նախագծերիցս ինչ-որ կերպ իմ «Արմենոպոլիս՝ հայկական հոգի» ֆիլմի նախաբանն է, որ ներկայացնելու է կոմս Ապաֆիի եւ Աննա դե Բորնեմիսայի սիրո պատմությունը, ընտանիք ունենալու կարեւորության, երեխային ողջ պահելու համար մղված պայքարի մասին: Մեկ այլ նախագիծ է «Շտեֆանը»՝ Մոլդովայի մեծ տիրակալի մասին, որը նույնպես խրախուսել է հայերի գործունեությունը մոլդովական տոնավաճառներում: Կա նաեւ բյուզանդական երաժշտության եւ սաղմոսների մշակույթի մասին նախագիծ, որտեղ անդրադարձ կլինի նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրման շրջանին: Այսպիսով, կարող եմ ասել, որ ուղղակի թե անուղղակի, խորապես թե մակերեսային կերպով, լինի թատրոն, կինո, թե կրթական ոլորտ, իմ հայկական ծագումը եղել եւ մնում է իմ բոլոր աշխատանքների հիմնասյունը…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ