Փետրվարի 2-ին Բուդապեշտում տեղի ունեցավ «Քրիստոնյա Հայ սփյուռքի իրավիճակը մեր օրերում» համաժողովը, որին մասնակցեցին 17 երկրների հայկական համայնքների պատվիրակներ: Եվս 8 երկրի համայնքային ներկայացուցիչների հրավերներ էին ուղարկվել, բայց պատվիրակները տարբեր պատճառներով չէին կարողացել ժամանել: Համաժողովի կազմակերպիչը Նիկողոս Հակոբյանն էր՝ Հունգարիայի Ազգային ժողովում հայ համայնքի խոսնակը: Համաժողովն անցավ Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Քյովերի եւ Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հովանու ներքո: Ներկաներին ողջունեցին Ազգային ժողովի փոխնախագահ Լատոցաի Յանոշը եւ Հունգարիայում ՀՀ դեսպան Հայկակ Արշամյանը: Այնուհետեւ Հունգարիայի, Չեխիայի, Լիբանանի, Շվեդիայի, Իտալիայի, Ավստրիայի, Եթովպիայի, Սիրիայի, Քուվեյթի, Կիպրոսի, Թուրքիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Հորդանանի հայկական համայնքների մասին զեկուցումներով հանդես եկան հրավիրյալ բանախոսները:

Ժամանակի սղության պատճառով քննարկումների համար ժամանակ չմնաց, սակայն ընդմիջումների ընթացքում մասնակիցները կարողացան քննարկել իրենց հուզող հարցերը, նաեւ շփվել համաժողովին ներկա ինչպես հունգարահայերի, այնպես էլ հայաստանցիների ու արցախահայերի հետ, որոնք արդեն բնակվում են Բուդապեշտում: Համաժողովը հիմնականում ուներ տեղեկատվական նշանակություն, հասկանալու, թե ինչ վիճակում են գտնվում հայկական սփյուռքի հին ու նոր համայնքները, եւ որոնք են այսօրվա մարտահրավերները: Համաժողովի ելույթներում հնչեցին նաեւ սփյուռքի ինքնակազմակերպման առաջարկներ: Նշվեց մասնավորապես, որ վերջին շրջանում ամենուր ահագնացել է ձուլումը, Միջին Արեւելքում կամ Ուկրաինայում նաեւ՝ արտագաղթը, իսկ ընդհանուր խնդիրներից են մնում լեզվի, կրթության եւ համայնքային կյանքի աշխուժացման հարցերը: Իհարկե, խոսվեց նաեւ համայնքներում հայկական քրիստոնեական ժառանգության, դրա պահպանման, Հայ եկեղեցու դերի եւ ազգանվեր գործունեության մասին:
Հուսանք, որ բարձրացված հարցերը ժամանակի ընթացքում կստանան լուծումներ, ինչն էլ կլինի նման համաժողովի անցկացման կարեւոր արդյունքը:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ
Բուդապեշտ





