Կամ ինչո՞ւ է ջղաձգվում Ավինյանը
Անհնար է չնկատել՝ Երեւանի քաղաքապետ դառնալ ցանկացող Տիգրան Ավինյանը լրագրողների՝ իր երբեմնի թիմակից Հայկ Մարությանի մասին հարցերից ջղաձվգում է: Բակ առ բակ քարոզարշավ անող, շներին սիրող, բոլորին ժպտացող ու «լավ օր» մաղթող ՔՊ-ականի տրամադրությունը փոխվում է 180 աստիճանով, հունից դուրս է գալիս, երբ նրան Մարությանի ժամանակ կատարված ինչ-որ գործարքի մասին հարց են տալիս: ՔՊ համամասնական ցուցակի առաջին համարի ծանր հոգոցն ու դեմքի ընդգծված խիստ հայացքը վկայում են՝ մութ սենյակում կատուներ կան:
«Ազգ»-ի տեղեկություններով՝ նախքան քարոզարշավի մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել նախկին «կարգին» քաղաքապետին՝ հասկանալու՝ ընտրություններին ինչ տրամադրվածությամբ է մասնակցելու: Թեեւ Մարությանի թիմակիցն ու լրատվամիջոցների հետ աշխատանքը համակարգող Հովսեփ Կուբատյանը մեզ հասած լուրը բամբասանք որակեց, բայց «Ազգ»-ի՝ կառավարական կաբինետին խիստ մոտ կանգնած աղբյուրը պնդեց.«Կհիշեք, որ փոխվարչապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո Ավինյանը երկար ժամանակ անգործ էր, աթոռ չուներ: Եվ ոչ միայն ՔՊ-ի ներսում, այլեւ ավելի լայն շրջանակները գիտեին, որ Փաշինյանն Ավինյանի հետ տարաձայնություններ ունի: Ինչեւէ, ամեն բան կարծես հարթվեց, ու քաղաքական իշխանությունը որոշեց Ավինյանին «գործազուրկ» չթողնել՝ նրան նվիրելով քաղաքի կառավարման մանդատը: Փաշինյանը սակայն ինչ-որ փուլում ըստ երեւույթին կասկածներ կամ մտավախություններ ունենալով, թե Ավինյանն, ինչ-որ պահից սկսած կարող է դուրս գալ իր կուրացիայի գոտուց, որոշել է ապահովագրել Երեւանի քաղաքապետի՝ իշխանությունը պահելու համար խիստ կարեւոր պաշտոնն ու ըստ այդմ՝ դիտարկել նաեւ այլընտրանքային թեկնածուի հավանականությունը»:
«Այսինքն՝ ՔՊ-ն, այլ ուժերի հետ հետընտրական կոալիցիա կազմելով, Ավինյանին «վա բանկ» կարող է ուղարկել եւ ուրիշի՞ն ընտրել»,- հարցրեցինք գործադիրամերձ մեր աղբյուրին: Ի պատասխան՝ այսպես արձագանքեց. «Ավելին՝ գործընթացը կարող է «դարձ ի շրջանս յուր» ճանապարհով զարգանալ»:
Փաստ է, որ թե՛ քաղաքապետի պաշտոնից գահընկեց արվելուց, թե՛ քարոզարշավի ժամանակ Հայկ Մարությանը բողոքում, դժգոհում ու քննադատում է իշխանության ցանկացած անդամի, բայց անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին որեւէ թթու խոսք չի ասում, նույնիսկ հարեւանցի չի անցնում նրա անվան կողքով:
Փաստ է նաեւ, որ Հակակոռուցիոն կոմիտեն 2022-ի նոյեմբերին հայտարարեց, որ Մարությանին վերաբերող նյութեր է ստացել ոստիկանությունից: Բայց որեւէ մեկին հայտնի չէ, թե գործն ի՞նչ ընթացք ունեցավ: Համենայնդեպս, այդ մասին որեւէ կողմից ձայն-ծպտուն չկա:
Նշենք, որ «Ընտրական օրենսգիրքը» չի սահմանում, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ կուսակցություններն ու դաշինքները ավագանու համամասնական ցուցակից բացի պետք է նաեւ համայնքապետի թեկնածու առաջադրեն՝ գրավոր ու փաստաթղթավորված: Օրենքը սահմանում է, որ համայնքապետ է դառնում ցուցակի առաջին համարը: Բայց եթե «50+» շեմը որեւէ ուժ չի հաղթահարում եւ համայնքային ղեկավարումը կազմվում է կոալիցիա կազմելով, տվյալ դեպքում առավել շատ ձայն հավաքած ուժը թեկնածու է առաջադրում, որ կարող է լինել նաեւ այլ ուժի ներկայացուցիչ:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ