ԵՐԵՎԱՆ – 36-ամյա Տիգրան Կազազյանը (Գազազյան) ուդահար եւ երգահան է: Ծնվել է Կահիրեում, երաժշտի եւ պատմաբանի ընտանիքում: 5-ից մինչեւ 17 տարեկան հասակը Եգիպտոսում եւ Ֆրանսիայում խաղացել է բարձրակարգ թենիս: Մանկուց սովորել է նաեւ ջութակ եւ դաշնամուր նվագել, իսկ 18 տարեկանից ինքնուրույն խորացել է ուդ նվագելու մեջ: Ուսանել է Կահիրեի Ամերիկյան եւ Մոնրեալի Կոնկորդիա համալսարաններում: 2012 թվականին տեղափոխվել է Հայաստան՝ սովորելու Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2018 թվականին ստեղծել է «Կազազյան տրիոն»՝ դուդուկահար Արսեն Պետրոսյանի եւ հարվածային գործիքներ նվագող Էդուարդ Հարությունյանի հետ: 2021 թվականին Կազազյանի «Կահիրեի գիշերներ» ալբոմը հրատարակել է «Գրին յունայթեդ մյուզիք» ֆիրման, իսկ այս տարի «Լ‘ օրիզոն վիոլե աբսիլոն» ֆիրման թողարկել է նրա երկրորդ՝ «Still Love» ալբոմը, որը թարգմանվում է թե՛ «Անշարժ սեր», թե՛ «Տակավին սեր»: Տրիոյով եւ տարբեր երաժիշտների հետ համերգներով հանդես է եկել մի շարք երկրներում: Գրում է նաեւ երաժշտություն վավերագրական ֆիլմերի համար:
-Տիգրա՛ն, դարձյալ շնորհավորում եմ նոյեմբերի 10-ին «Լյուսի Խանյան տրիոյի» հետ քո ելույթի առթիվ, որի ժամանակ կատարվեցին քո գործերը, նաեւ հայրիկիդ ստեղծագործություններից մեկը: Ուդի, էլեկտրո-ակուստիկայի, բլուլի եւ դաշնամուրի համադրությունը շատ ինքնատիպ էր: Ինչպե՞ս կբնութագրես այդ երաժշտական անսովոր ֆյուժընը:
-Շատ դժվար է բառերով ժանրեր, կատեգորիաներ սահմանել: Ավանգարդ ֆոլք են ասում, վորլդ մյուզիք՝ աշխարհի երաժշտություն, էթնո ջազ, բայց ոչ մի անվանումն էլ ճշգրիտ չէ:
–Ի դեպ, հայրիկիդ՝ Ժորժ Կազազյանի ստեղծագործությունների ժանրը նույնպես դժվար է սահմանել:
-Նա սկսել է եգիպտական տարբեր ժողովրդական գործիքներից, հետո անցել է ֆլամենկոյին, ջազին ու ի վերջո՝ հնդկական երաժշտությանը: Այդ ամենը կա նրա երաժշտության մեջ, ու ես սովորել եմ իրենից՝ բաց մտքով ընդունել աշխարհի մշակույթները: Ամենակարեւորն է՝ իմանալ, թե ինչ ենք ասում այդ երաժշտության միջոցով:
-Ձեր այս վերջին համերգն ունկնդրելիս՝ զարմանքով հայտնաբերեցի, որ ֆիզիկական վիճակս բարելավվեց: Համերգից հետո մեկ այլ ունկնդիր՝ մի ծանոթ նկարիչ, ինձ հայտնեց նույնը: Ձեզ ասե՞լ են ձեր երաժշտության ապաքինող ազդեցության մասին:
-Երբեմն ասում են, այո՛, շնորհակալ եմ: Մյուս կողմից, կարծում եմ, հանգստացնելուց բացի իմ երաժշտությունը կարող է նաեւ տխրություն առաջացնել: Մեր այսօրվա աշխարհում շատ տխուր բաներ են կատարվում, ինչը չի կարող չփոխանցվել այսօր գրվող երաժշտության միջոցով:
–Հայաստանի երաժշտական խճանկարը շատ բազմազան է, եւ կարծում եմ, որ դու այդտեղ արդեն ունես քո տեղը: Այդուհանդերձ, հնարավո՞ր է նման միջավայրում միայն երաժշտությամբ ապրել:
-Երաժշտությունն ամեն դեպքում չի կարող միայն մեկ տեղի հետ կապված լինել: Հայաստանում հնարավոր է քո ասածի պես միայն երաժշտությամբ ապրել, եթե դրսում նույնպես աշխատես: Իհարկե, ռեստորանում նվագողը կարող է ապրել եւ առանց մեծ աշխարհի հետ համագործակցության, բայց դա իմ ճանապարհը չէ:
–Տիգրա՛ն, աղջիկս ուդ է նվագում: Ի՞նչ խորհուրդ կտաս նրան եւ այդ գործիքը նվագել սովորողներին:
-Բոլոր գործիքներ նվագողներին էլ ես խորհուրդ կտամ իրենց գործն անել ստեղծագործելով, դրանց երաժշտական լեզուն անգիր սովորելու եւ ասելու փոխարեն սահուն խոսել այդ լեզվով, իրենցը դարձնել, որպեսզի կարողանան իրենց ասելիքը տեղ հասցնել:
–Այնպես եղավ, որ մինչ քեզ հետ ծանոթանալը ես հեռակա գիտեի ծնողներիդ՝ իրենց գործունեությունից: Մայրդ՝ ֆրանսուհի պատմաբան Անն Լը Գալ-Կազազյանը, եգիպտահայության մասին աշխատությունների հեղինակ է: Նրա այդ հետաքրքրությունը պայմանավորված էր հայի հետ ընտանիք կազմելո՞վ:
-Այո, մայրս Բրետանից է, հարյուր տոկոսանոց բրետանացի է: Նրա հետաքրքրությունը հայերի հանդեպ սկսվեց հորս հանդիպելուց հետո: Մայրս ավարտել է Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժինը, ատենախոսություն է պաշտպանել, որից հետո գնացել է Եգիպտոս՝ արաբերեն սովորելու: Երկար տարիներ ապրել է Եգիպտոսում, ապա՝ այլ երկրներում, շարունակում է իր հայագիտական ուսումնասիրությունները, աշխատում է արխիվներում: Մայրս շատ լավ խոսում է հայերեն եւ հաճախ գալիս է Երեւան՝ թոռնիկների մոտ:
–Ո՞րն է Կազազյանների բնօրրանը, եւ ի՞նչ տեղ է գրավում Ժորժ Կազազյանը եգիպտական արդի երաժշտության մեջ:
-Հայրական պապս Տիգրանակերտից է՝ Դիարբեքիրից: Նա չէր ուզում, որ հայրս երաժշտությամբ զբաղվի: Հայրս Եգիպտոսից հեռացել է Անգլիա, այնտեղ հանդիպել երաժիշտների, խորացել երաժշտության մեջ. արդեն մի քիչ գիտեր կիթառ նվագել, իսկ ուդ սկսել է նվագել 29 տարեկանից: Մի քանի եգիպտական ֆիլմի երաժշտություն է գրել, 15 ալբոմ ունի թողարկած: Հորս երաժշտական լեզուն շատ ազատ ու յուրահատուկ է: Իր ստեղծած երաժշտական աշխարհը շատ տարբեր է, կապ չունի ո՛չ արաբական, ո՛չ հնդկական, ո՛չ հայկական կամ մեկ այլ ժողովրդի երաժշտության հետ: Իր երաժշտությունը լսելով՝ հասկացա, որ մեկը ինձ բացատրում է կյանքը, եւ առաջին անգամ կյանքիս մեջ հասկանում եմ՝ ինչ են ինձ ասում, քանի որ մինչ այդ տեղս չէի գտնում, չէի հասկանում աշխարհը:
-2016 թվականին դու եւ հայրդ ստեղծեցիք «Նուռ» նախագիծը, որը կարծես շատ քիչ գործեց: Ձեր «Կրակի պարը» երկու ուդի կատարմամբ՝ անչափ հրաշալի էր…
-Մենք ավելի շատ ուզում էինք հայր ու որդի երկխոսությունը ներկայացնել մարդկանց: Մի քանի համերգ եղավ Հայաստանում, մեկը՝ Եգիպտոսում, բայց չշարունակեցինք, որովհետեւ հայրս Եգիպտոսում էր, ես՝ այստեղ, նաեւ երկուսս էլ զբաղված էինք մեր առանձին նախագծերով:
–Ի տարբերություն Լիբանանի եւ Սիրիայի հայերի՝ եգիպտահայերը չեն հայրենադարձվում: Այն դեպքում, երբ շատ հայաստանցիներ իրենց մեջ օտար արմատներ են հայտնաբերում ու այդ պատրվակով գաղթում են ուրիշ երկրներ, ինչպե՞ս եղավ, որ դու, լինելով կես ֆրանսիացի, հաստատվեցիր Հայաստանում:
-Շատ պատահական եղավ, չորս օրվա մեջ: Կանադայից զանգահարեցի մի ծանոթ եգիպտահայի, որի հետ սովորել էի Կահիրեի Ամերիկյան համալսարանում: Ասաց, որ Հայաստանում է եւ մտադիր է Երեւանի կոնսերվատորիայում դուդուկի երկու շաբաթվա դասընթացի մասնակցել: Ես հարցրի, թե կա՞ ուդի դասարան, եւ դրական պատասխան ստանալով՝ ցանկություն հայտնեցի գալ, սովորել Երեւանում: Ծանոթս ասաց, որ պետք է հոկտեմբերի 10-ից առաջ գալ, իսկ արդեն սեպտեմբերի 30-ն էր: Չորս օր հետո արդեն Հայաստանում էի… ու մնացի, արդեն 11 տարի: Միանգամից ինձ լավ զգացի այստեղ, ինձ համար Հայաստանը Եգիպտոսի ու Ֆրանսիայի միջեւ մի տեղ է զբաղեցնում: Նաեւ առաջին երկիրն է, որտեղ մարդիկ իմանալով անունս՝ չէին հարցնում, թե ո՞րտեղից եմ, վստահ լինելով, որ տեղացի եմ…
–Որքան գիտեմ, երկու տղաներիդ երկրորդ անունը Չարենց է…
-Այո՛: Հայաստան գալուց առաջ ես անգամ չգիտեի՝ ով է Չարենցը, բայց այնպես եղավ, որ Հայաստանում ընտանիք կազմեցի Եղիշե Չարենցի ծոռնուհու հետ…
–Իսկ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես:
-Հունվարին «Տիգրան Կազազյան տրիոն» ելույթներ է ունենալու Փարիզում, իսկ առաջիկա ամիսներին պատրաստվում եմ համագործակցել ֆրանսիացի երգչուհի, երգահան Բլաուբըրդի հետ:
–Տիգրա՛ն, շնորհակալ եմ զրույցի համար: Հրաշալի է, որ Սփյուռքում ծնված կես հայ երիտասարդը հայրենադարձվում է, կայանում է ընտրած մասնագիտության մեջ եւ ընտանիք է կազմում: Մաղթում եմ ստեղծագործական մեծ հաջողություններ եւ երջանկություն հայրենիքում, որը, հուսով ենք, կվերագտնի իր արժանապատիվ խաղաղությունը…
-Շնորհակալությո՛ւն: Մեր Հայաստանին մաղթում եմ ուժ եւ մեծ հույս ունեմ, որ երաժշտությունը կնպաստի աշխարհում խաղաղությանն ու սիրուն, հատկապես մեր անհանգիստ ժամանակներում…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Նարե Շահինյանի