Վարձատուի ախորժակը հայրենակից չի ճանաչում

51

«Մեկ զանգով հայտնվում եմ փողոցում: Վարձակալածս բնակարանի տերն ասել է, որ ամենաուշը մեկ ամսից ազատեմ բնակարանը կամ էլ նախկին 100 հազարի փոխարեն 250 հազար դրամ վարձավճար տամ»:

Մարիամ Մաթեւոսյանն ու իր նման շատերը մեկը մյուսի հետեւից վարձակալած բնակարաններն ազատելու զանգեր են ստանում: Մեկն ասում է պետք է վերանորգում սկսենք, մյուսն էլ թե՝ որոշել ենք տեղափոխվել մեր բնակարան, բայց իրականությունը մեկն է. բոլորը ցանկանում են ռուսաստանցիների միջոցով մի քանի անգամ ավել գումար վաստակել:

«Այդքան էլ հիմար չեմ ու հասկանում եմ, որ տանտերը ցանկանում է 80հազարի փոխարեն 160 հազար ստանալ ամեն ամիս: Այս իրավիճակում տուժողը միայն ես եմ ու ինձ նման շատ վարձակալներ, որոնք 5 օրում հայտնվում են դրսում: Երեք, չորս, հինգ, լավ, վեց ամիս ավել գումար աշխատեցին, բայց ռուսները մշտական չեն մնալու էստեղ»,- մեզ հետ զրույցում ասում է Մարիամը:

Եթե մինչ մարտ ամիսը, ագամ Երեւանի կենտրոնում հնարավոր էր ամսական 100-120 հազար դրամով բարվոք վիճակում 2-3 սենյականոց բնակարան վարձակալել, ապա հիմա այդ գումարով կարող ես ծայրամասում մեկ սենյականոց բնակարան վարձել: Մարիամը փնտրում է ու չի կարողանում գտնել, ասում է՝ գլխից դուրս թվեր են՝ 200-400 հազար դրամ եւ ավելի:

«Ներկա պահին Կենտրոն տարածքում 500 դոլարի սահմանում անհնար է տուն գտնել: 800,1000 կամ դրանից ավելի են գները: Իսկ ծայրամասում կարող ես բնակարան վարձել 100 հազար դրամով, որը նման է լինելու բանտախցի կամ այլ կերպ ասած՝ ամեն ինչ մեկ սենյակում»,- նշում է Մարիամը: Մարիամը բնակարանը վարձակալել է բանավոր պայմանավորվածությամբ:

Չկարգավորվող այս շուկայի «զոհերից» է նաեւ Գայանե Ալեքսանյանը, որն ի տարբերություն նախորդ զրուցակցիս տանտիրոջ հետ վարձակալության պայմանգիր է կնքել՝ հստակ ժամկետով, բայց դա էլ խնդրի լուծման միջոց չէ, բանալիները պետք է հանձնի մեկ շաբաթվա ընթացքում, եւ վերջ:

«Բնակարանը գտա ու վարձակալեցի գործակալի միջոցով ու իր խորհրդով երեք տարվա պայմանագիր կնքեցի: Երեք տարին լրացավ պայմանագիրը չվերակնքեցի ու կրակն ընկա՝ մեկ տարի անց վարձս 20 հազարով ավելացավ, իսկ հիմա ասում է կա՛մ վճարիր 300 հազար դրամ, կա՛մ բարի ճանապարհ եմ մաղթում: Հիմա երեք անչափահաս երեխաներիս հետ մնացել եմ անելանելի դրության մեջ»,- պատմում է Գայանեն:

Անշարժ գույքի գործակալը չի բացառում, որ գներն առաջիկայում ավելի բարձրանան. «Հայաստան ժամանած ռուսաստանցիները նախ օրավարձով 5 օրով են տունը վարձում, հարմարվելու դեպքում 3 կամ 6 ամսով պայմանագիր կնքում, պարտադիր, բացի առաջին ամսվա վարձից՝ վճարում նաեւ մեկ ամսվա դեպոզիտ»:

ՊԵԿ-ից ընդունում են, որ այս պահին բավարար գործիքակազմ չունեն՝ վարձով բնակարան հանձնողի, վարձակալի, բրոկերների ու մյուս  ֆինանսական հոսքերը վերահսկելու:

Բնակարանի վարձակալը կարող է բողոք ներկայացնել ՊԵԿ ու նշել, որ իր տան տերը պետությունից եկամուտ է թաքցրել եւ օրենքով սահմանված վճարներից խուսափել: Սա այն դեպքում, եթե վարձակալը կարողանա ապացուցել, որ առնվազն մեկ տարի ապրել է այդ տանը, կոմունալ եւ այլ ծառայությունների համար վճարել: Թեեւ ՊԵԿ-ից պնդում են՝ իրենք էլ կարող են պարզել դրանք ու ընթացք տալ բողոքին, բայց` եթե խոսքը մի քանի ամսվա վարձակալությանը չի վերաբերում, այլ ողջ տարվա կամ տարիների:

Ոլորտի մասնագետները կարծում են, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո անշարժ գույքի վարձակալության շուկան կկարգավորվի, գներն էլ կվերադառնան նախկին վիճակին:

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ