Վաչե Ումր-Շատի 100-ամյա հոբելյանը

94

Սույն թվականի ապրիլի 28-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգային դահլիճում կայացավ դաշնամուրային համերգ՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, դաշնակահար Վաչե Ումր-Շատի ծննդյան 100-ամյա հոբելյանին:

Իրենց ելույթները սիրելի ուսուցչի՝ Վաչե Ումր-Շատի հիշատակին նվիրեցին նրա սաները. դաշնակահարուհիներ Կարինե Հովհաննիսյանը, Մարիա Բաբայանը, Լիանա Փիրումյանը, Շաքե Թադեւոսյանը եւ Լիլի Խաչատրյանը: Երեկոյի ընթացքում հնչեցին Սկարլատիի, Մոցարտի, Բրամսի, Շոպենի, Չայկովսկու, Պախուլսկու եւ Լիանա Փիրումյանի ստեղծագործությունները: Յուրաքանչյուր կատարումից առաջ կատարողն իր սրտի խոսքն էր ասում սիրելի ուսուցչի մասին, այնուհետեւ ջերմ եւ մտերմիկ դահլիճում թեւածում էին դաշնամուրի հոգեպարար հնչյունները:

Վաչե Վահանի Ումր-Շատը ծնվել է 1922 թվականի մարտի 13-ին, Թիֆլիսում: 1948-ին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան, կատարելագործվել Մոսկվայի պետական կոնսերվատորիայում՝ Ա. Գոլդենվեյզերի ղեկավարությամբ: 1949-1952 թվականներին դասավանդել է Լենինականի (այժմ՝ Գյումրի), 1952-1998-ին՝ Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարաններում (հանդիսացել է դաշնամուրային բաժնի վարիչ), 1963-1998-ին՝ նաեւ Երեւանի պետական կոնսերվատորիայում (1992-ից՝ պրոֆեսոր): 1960 թվականից միաժամանակ ղեկավարել է ՀԽՍՀ մեթոդական կաբինետի դաշնամուրային բաժինը: Ստեղծել է դաշնամուրի դասավանդման դպրոց: Նրա սաներից շատերն ունեն միջազգային ճանաչում, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիրներ են (Սվետլանա Նավասարդյան, Շաքե Թադեւոսյան եւ ուրիշներ): Հեղինակ է «Դաշնամուրի ձեռնարկի» (1973): Մահացել է 1998 թվականի ապրիլի 1-ին, Երեւանում:

Վաչե Ումր-Շատ մանկավարժի բազմաթիվ սաները մինչ այսօր էլ մեծ գորովանքով, ջերմ հիշողություններով են արտահայտվում իրենց ուսուցչի մասին, որը ոչ միայն երաժշտության ուսուցիչ էր, այլեւ ավագ գործընկեր, հմուտ եւ նրբանկատ ղեկավար, մարդկային եւ մասնագիտական բարձր որակներ կրող անհատականություն: Սաներից շատերի կյանքում նա վճռական դեր է խաղացել՝ կարողանալով նրանց վարակել դաշնամուրային արվեստի հմայքով եւ կողմնորոշել դեպի երաժշտության մեծ աշխարհ: Վաչե Ումր-Շատը ստեղծել է իր ուրույն դաշնամուրային դպրոցը, իր յուրահատուկ մոտեցմամբ կրթել եւ դաստիարակել դաշնակահարների մի սերունդ, որն այսօր պատվով է շարունակում մեծ ուսուցչի գործը:

Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ համերգից հետո Ումր-Շատի սաների պատմած հիշողություններից եւ երախտագիտության խոսքերից:

Դաշնակահարուհի, մանկավարժ Կարինե Հովհաննիսյան

«Վաչե Վահանիչի մասին կարելի է խոսել անվերջ, եւ իր յուրաքանչյուր ուսանողի հուշերն անսահման են: Իր մարդ տեսակը շատ հազվադեպ էր, իսկ երաժիշտ տեսակը՝ ունիկալ: Երաժիշտ՝ այսինքն դաշնակահար, արվեստագետ, ուսուցիչ… Հաճախ ասում են, որ ուսուցիչ հասկացությունը չի հիմնվում միայն գիտելիքը փոխանցելու վրա: Իհարկե այդպես է, բայց գիտելիքը փոխանցելու մեջ հիմնականը ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններն են: Եթե չկա ուսուցչի հանդեպ պրոֆեսիոնալ պաշտամունք, չի լինի հարգանք եւ սեր: Հենց դրա վրա էր հիմնվում Վաչե Վահանիչի մանկավարժական մեթոդը: Նա տալիս էր գիտելիք, տալիս էր հսկայական, ամուր պրոֆեսիոնալ հիմք, առանց որի անհնար է երաժշտությունը լավ արտահայտել: Ինչպես ասում էր Ա. Ռուբինշտեյնը. «Պետք է շատ իմանալ, որպեսզի ճիշտ զգալ երաժշտությունը»: Եվ ինչն էր շատ կարեւոր, Վաչե Վահանիչը երբեք որեւէ բան չէր բարդացնում, միշտ ասում էր, որ ամեն ինչ շատ պարզ է, որ նոտաների մեջ ամեն ինչ գրված է, ես ուղղակի բացում եմ ձեր աչքերը: Ասում էր, որ լավ նվագելու համար անհրաժեշտ է ընդամենը լավ լսել, պետք է բացել ականջները, որոնք լսելու համար են, ոչ թե ականջօղ կրելու: Եվ վերջում, որպես ամփոփում ուզում եմ ասել, որ Վաչե Ումր-Շատի աշակերտը լինելը որակավորման բարձրագույն աստիճանի նշան է»:

Դաշնակահար, հոգեբան Մարիա Բաբայան

 «Վաչե Ումր-Շատի մասին կարելի է շատ երկար խոսել: Ես 15 տարեկան էր, երբ ընդունվեցի Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի իր դասարանը: Նա այդ ժամանակ արդեն 73 տարեկան էր: Մեր հարաբերությունները, կարելի է ասել, պապիկ-թոռնիկի էին. շատ ջերմ, շատ հարազատ եւ հոգատար: Ես երանությամբ եմ հիշում նրա հետ ունեցած յուրաքանչյուր դասը, յուրաքանչյուր պահն ու կատարած դիտողությունը: Մեր դասաժամերը տեւում էին երեք, չորս ժամ, եւ այդպես գրեթե ամեն օր: Նաեւ շաբաթ-կիրակի օրերին նա կանչում էր տուն, եւ մենք ինքնամոռաց պարապում էինք: Դասերի ընթացքում հորդում էր սերը, հարգանքը, ջերմությունը, իսկ դասասենյակից դուրս էինք գալիս պայծառացած: Իսկական բերկրանք էին մեր դասերը: Շատ լուսավոր էր այդ ժամանակաշրջանը, բուռն ստեղծագործական եւ, կարող եմ ասել, իմ կյանքի լավագույն շրջանն էր:

Ես գնում էի դասերի պարզապես շփվելու, առնչվելու այդ անսահմանությանը, որովհետեւ Վաչե Ումր-Շատը փորձում էր մեզ՝ աշակերտներիս եւ ուսանողներիս հաղորդակից դարձնել երաժշտության անսահմանությանը: Փորձում էր տալ այն ամենը, ինչ որ ինքը հասցրել էր ձեռք բերել, հասկանալ երաժշտության մեջ, եւ իր պարապելու ոճը ես չէի տեսնում ուրիշների մոտ: Դա, իրոք, եզակի երեւույթ էր:

Մենք աշխատում էինք յուրաքանչյուր նոտայի, ֆրազի վրա շատ մանրակրկիտ, եւ ժամերով կարող էինք նույն ստեղծագործությունը նվագել, որպեսզի մշակենք եւ հասցնենք այն մակարդակին, որ ինքն էր պահանջում: Եվ որքան էլ որ շատ էինք պարապում, դա մեզ համար անչափ հաճելի պրոցես էր, եւ վստահ եմ, որ նաեւ շատ հաճելի էր Ումր-Շատի համար: Նա մեզ վարակում էր իր ոգեւորությամբ, իր աշխատանքին չէր վերաբերվում որպես սոսկ աշխատանքի: Ո՛չ… դա ստեղծագործական, արարչական ընթացք էր: Նա գիտեր ինչպես շունչ հաղորդել երաժշտությանը, շունչ տալ անշունչ գործիքին եւ նույնը փորձում էր սովորեցնել մեզ: Երեւի հենց դրա մեջ էր գաղտնիքը, որ մեր դասերը, հանդիպումները դարձնում էր այդքան կենդանի»:

Դաշնակահարուհի Լիանա Փիրումյան

«Մեր ուսուցիչ Վաչե Վահանի Ումր-Շատը բոլորիս կնքահայրն էր երաժշտության մեջ: Նա մեզ առաջնորդեց դեպի երաժշտության՝ պայմանականություններից զերծ աշխարհը: Ումր-Շատը սովորեցրեց մեզ չվախենալ բեմից, երաժշտական ֆրազների միջոցով խոսել ունկնդրի հետ եւ ամենակարեւորը՝ լինել անմիջական կոնտակտի մեջ գործիքի հետ, ինչպես հարազատ եւ մտերիմ էակի, չվախենալ նրանից:

Նրա մեթոդը արմատապես տարբերվում էր ընդունված ավանդական մեթոդներից: Շատ երեւույթներ ընդունում էր հումորով, նույնիսկ որոշ հեգնանքով: Նրա մեթոդի հիմքը յուրաքանչյուր մատի անկախությունն էր, այսպես ասած, ամեն մատը պետք է ապրեր իր ինքնուրույն կյանքով, որպեսզի ձեռքերը կարողանային փոխանցել մեր հոգում եւ սրտում ծագող ամենանուրբ զգացմունքները: Իր ղեկավարությամբ ես սովորեցի Շոպենի բոլոր էտյուդները՝ հաղթահարելով այդ պատնեշը՝ ձեռք բերեցի կատարողական տեխնիկա եւ դարձա դաշնակահար: Նա մեզ սովորեցրեց այդ ամենը, եւ ես անչափ շնորհակալ եմ նրան»:

Դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՊՄՀ դոցենտ Շաքե Թադեւոսյան

«Ինձ համար ամենայուրահատուկը Վաչե Ումր-Շատ դաշնակահարի մեջ իր արտաբերած երաժշտական հնչյունն էր: Նա կարծես թե հատուկ ոչինչ չէր անում դրա համար, ուղղակի նվագում էր որեւէ հնչյուն եւ ակորդ, եւ դու հիանում էիր ձայնի՝ իր ունեցած որակով: Դա իր մոտ բնատուր հատկություն էր, որ հատուկ է տաղանդավոր մարդկանց:

Ես ուզում եմ պատմել իր կենսագրությունից մի հատված այն մասին, թե ինչպես Վաչե Ումր-Շատը, լինելով հրաշալի դաշնակահար, անցավ մանկավարժական աշխատանքի:

Թիֆլիսի կոնսերվատորիայում ուսանելուց հետո, այն ժամանակահատվածում, երբ Գոլդենվեյզերը, որը Թիֆլիսում նրան լսելով՝ տարել էր Մոսկվա իր մոտ սովորելու, առիթ է ներկայանում մասնակցել համամիութենական լսումներին՝ հնարավորություն տալով մեկնել Փարիզում կայանալիք Մարգրետ Լոնգ-Ժակ Տիբո միջազգային մրցույթին: Ումր-Շատը որոշում է վերադառնալ Գյումրի եւ հրաժեշտ տալ հորը, որն այդ ժամանակ Գյումրու երաժշտական ուսումնարանի հիմնադիր տնօրենն էր, եւ գնացքում պատահաբար վերեւի հարկից իր ձեռքի վրա է ընկնում մի ծանր ճամպրուկ եւ վնասում է աջ ձեռքը: Ոչ այնքան հաջող վիրահատական միջամտությունից հետո նրա մոտ արդեն առաջանում են կատարողական խնդիրներ մատների հետ կապված, եւ այսպիսով, ցավալիորեն, նա հրաժեշտ է տալիս համերգային դաշնակահարի կարիերային եւ նվիրվում է մանկավարժությանը: Իր պատմելով՝ նա շատ ծանր հոգեկան ապրումների միջով է անցել այդ ժամանակահատվածում, բայց ես միշտ ասում էի իրեն, որ դրա շնորհիվ կամ այդ պատճառով մենք ունեցանք այնպիսի դաշնամուրային մանկավարժական դպրոց, ինչպիսին էր Վաչե Վահանիչ Ումր-Շատի դպրոցը»:

Դաշնակահարուհի, ՀՊՄՀ դոցենտ Լիլի Խաչատրյան

«Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի ավարտական համերգում ես կատարում էի Շոպենի «Ֆանտազիա-էքսպրոմտը», եւ Վաչե Վահանիչը, որպես մեթոդիստ, ներկա էր այդ համերգին: Ելույթից հետո նա ծնողներիս խնդրեց ինձ իր մոտ տանել՝ ուսումը շարունակելու:

Այդպես սկսվեց իմ ծանոթությունն իր հետ եւ երաժշտի իմ ճանապարհը Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ Վաչե Ումր-Շատի դասարանում:

Նա շատ խիստ էր, բայց միաժամանակ՝ շատ մարդկային: Դասերի ընթացքում միշտ աշակերտի հետ զուգահեռ երկրորդ դաշնամուրն էր նվագում, եւ դու մտնում էիր այդ ընթացքի մեջ եւ այլեւս այնտեղից չէիր կարող դուրս գալ: Դա կոչվում էր ումրշատյան դպրոց:

Ավարտելուց հետ էլ միշտ անչափ ուշադիր էր իր աշակերտների նկատմամբ, սիրով էր մասնակցում բոլոր միջոցառումներին, երբ հրավիրում էին իրեն:

Իր մահվան կապակցությամբ ես ուսանողներիս մասնակցությամբ կազմակերպել էի իր հիշատակին նվիրված համերգ՝ արտահայտելու համար իմ երախտագիտությունը ուսուցչիս հանդեպ»:

Ընթերցողին հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին, Վերադարձի դասական երաժշտության 6-րդ փառատոնի շրջանակներում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը մի ամբողջ մենահամերգ նվիրեց իր պրոֆեսորի ծննդյան 90-ամյա հոբելյանին:

Այսօր էլ, ապրիլ 28-յան այս համերգը Վաչե Ումր-Շատ անձնավորության եւ ուսուցչի մարդկային արժեքների եւ դաշնամուրային մանկավարժական դպրոցի կենսունակության լավագույն վկայությունն է:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

Երաժշտագետ