Սուրեն Սարգսյան. «Չափազանց կարեւոր է, որ մենք այս այցից հնարավոր մաքսիմումը քաղենք՝ համադրելով մեր շահերը ԱՄՆ շահերի հետ»

19

-Պարոն Սարգսյան, Դուք ֆեյսբուքյան գրառմամբ երեկ առաջինը հայտնեցիք եւ հաստատեցիք Ձեր ավելի վաղ հաղորդած այն տեղեկությունը, թե ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի այց է նախատեսվում: Փաստորեն մեր ենթադրությունը ճիշտ էր, որ այցելուն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին է, որ սեպտեմբերի 17-ին ժամանելու է Հայաստան: POLITICO-ի  ծանուցմամբ որոշ մանրամասներ հայտնի են՝ «Փելոսին ճամփորդությունը կիրականացնի Կոնգրեսի ներկայացուցիչ հանրապետական Ջեքի Սփեյերի (Կալիֆորնիա) ուղեկցությամբ, Բեռլինում սեպտեմբերի 15-ին Մեծ Յոթնյակի խոսնակների գագաթնաժողովին (G7 Speakers’ Summit ) մասնակցությունից հետո:

Նախատեսվում է, որ Փելոսին եւ Սփեյերը Երևանում կհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։ POLITICO-ի ձեւակերպմամբ՝ այցի նպատակը Ադրբեջանի հետ պատերազմի մեջ գտնվող երկրին աջակցությունն է»: 82-ամյա քաղաքական գործիչ Փելոսիի հոգատարությունը գնահատելով, նկատենք, որ սա դյուրին հանձնառություն չէ: Ինչպիսի՞ աջակցության մասին է ակնարկը:

-Նախորդ տարեվերջին արդեն նշել էի, որ 2022 թվականն ակտիվություն է մտցնելու հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգ, եւ սա պայմանավորված այն հանգամանքով, որ ԱՄՆ մշտապես մեր տարածաշրջանում ակտիվացել է այն ժամանակ, երբ հեռանկար կամ հնարավորություն են տեսել հայ- թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից: Սա հենց այդ դեպքերից է, եւ պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1994 թվականին Տեր -Պետրոսյանի այցը նույնպես պայմանավորված էր հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում նրա դիրքորոշմամբ: Բացի դրանից հիշեցնեմ, որ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ շատ ակտիվ էր Վաշինգտոնը, նույնը վերաբերում է Քի Վեսթին եւ այլն: Կարող ենք վստահ պնդել, որ ամերիկյան քաղաքականությունն ակտիվանում է, հենց հնարավորություն է ստեղծվում կարգավորելու Հարավային Կովկասում առկա խնդիրները:

 -Փաշինյանի եւ կառավարող շրջանակներից բացի ընդդիմադիր ուժերի հետ հանդիպում նախատեսվա՞ծ է:

-Այո, ԱԺ-ում:

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ ամիս առաջ Փելոսիի Թայվան այցը աղմկահարույց եղավ, ի՞նչ ակնկալել այս այցից:

-Իհարկե աղմկահարույց եղավ Փելոսիի այցը Թայվան, քանի որ Թայվանը շատ զգայուն թեմա է թե՛ ամերիկյան արտաքին, թե՛ չինական քաղաքականության մեջ: Այո, լուրջ արձագանք գտավ, բոլորի համար անսպասելի էր, իսկ Չինաստանի համար՝ անընդունելի, բայց Փելոսին վերցրեց քաղաքական ռիսկը եւ բավական երկար ժամանակ այդ այցը, դրա հետեւանքները դեռ քննարկվելու են:

Ինչ վերաբերում է  Հայաստանի իշխանությունների հետ հանդիպմանն ու աջակցությանը, կարելի է իրականում դիտարկել, որ Հայաստանն այս պահին բացառիկ աջակցություն ունի ԱՄՆ ամենաբարձրաստիճան կին քաղաքական գործչից, որ պայմանավորված է ամենատարբեր, ընդ որում՝ անհատական եւ անձնական մոտեցմամբ, որ ունի Փելոսին Հայաստանի նկատմամբ, իհարկե չմոռանալով, որ սա պետք է դիտարկել ամերիկյան ներքաղաքական դասավորվածությունների տրամաբանության ներքո: Չափազանց կարեւոր է, որ մենք այս այցից հնարավոր մաքսիմումը քաղենք՝ համադրելով մեր շահերը ԱՄՆ շահերի հետ:

-Եթե չեմ սխալվում, հայազգի կոնգրեսական Ջեքի Սփեյերն առաջին անգամ է լինելու Հայաստանում:

-Սփեյերի առաջին այցը չէ, նա եղել է Հայաստանում ի տարբերություն Փելոսիի, բայց շատ լավ է, որ հենց Սփեյերն է ուղեկցում, քանի որ ազդեցիկ գործիչ է եւ հայ համայնքի լավագույն բարեկամներից մեկը: Սփեյերը բնականաբար ամենահայամետ կոնգրեսականներից է:

-Պարոն Սարգսյան, ԱՄՆ-ում նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են, եւ ինչպես Դուք եք ակնարկում, ամերիկահայության դուռն են թակելու, քվե են խնդրելու ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները: Ամերիկացի գործիչների այցը առանձնահատուկ կարեւորություն ունի ամերիկահայության համար:

-Բացի նրանից, որ Ամերիկայում ընտրություններ են, եւ հայկական քվեներն անհրաժեշտ են մասնավորապես դեմոկրատներին, պետք է հաշվի առնել, որ այդ ամենից զատ Նենսի Փելոսին հայ համայնքի բարեկամն է, հայերի լավագույն բարեկամներից է Կոնգրեսում, եւ այս հանգամանքը նույնպես լուրջ ազդեցություն է ունեցել նրա կայացրած որոշման վրա: Որոշումը բացառապես իրենն է, ինքն է որոշել ինչպիսի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ եւ ինքն է որոշել անձամբ գալ Հայաստան, մանավանդ ԱՄՆ-ում  խոսակցություն կա, որ նա շատ շուտով ընտրություներից հետո չի ցանկանում այլեւս զբաղեցնել խոսնակի պաշտոնը:

Պետք է նշել, որ Փելոսին դառնալու է ամերիկյան ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որ երբեւէ Հայաստան է այցելում: Այստեղ եղել են տարբեր քարտուղարներ՝ երկու  տարբեր պետքարտուղարներ են եղել Հայաստանում, պաշտպանության քարտուղարն է այցելել մեկ անգամ, բայց Հայաստան այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան Նենսի Փելոսին է: Կարծում եմ սա նույնպես ոչ պակաս կարեւոր հանգամանք է:

Երբ ազդեցիկ գործիչը որոշել էր գալ, դեռ ադրբեջանական ագրեսիան տեղի չէր ունեցել:  Կարող էր այցը չեղարկել, հետաձգել, կամ Բաքու էլ գնալ՝ պարիտետը պահելու նպատակով: Նրա ամուսնու անվան շուրջ էլ վերջերս սկանդալ էր ԱՄՆ-ում: Սակայն Փելոսին որոշել է, ի հեճուկս պատերազմի և ներամերիկյան քաղաքական գործընթացների, այդուհանդերձ գալ Հայաստան:

Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ, երբ տեղեկացել եմ այցի մասին, առաջարկել եմ, որ Նենսի Փելոսին այցելի նաև Արցախ: Առաջարկս ընդունե՞լ են, թե՞ ոչ՝ տեղյակ չեմ:

Տեղեկանք՝ Սուրեն Սարգսյանն ամերիկագետ է, Երեւանում հայ-ամերիկյան հարաբերությունների իր հիմնադրած կենտրոնի ղեկավարը2021-ին լույս տեսավ նրա հեղինակած «Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը, որին «Ազգն» անդրադարձել է:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ