Կրկին այցելում եմ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Ծաղիկներ եմ խոնարհում մեր հերոսների հիշատակի համար: Այցելում եմ հուշահամալիրի Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան: «Սարդարապատ» պետական ազգագրության թանգարանը կառուցվել է 1978 թվականին` 1918 թվականի մայիսին տեղի ունեցած Սարդարապատի հերոսամարտի վայրում, ուր հայ զինվորները համառ պայքարի շնորհիվ փայլուն հաղթանակ տարան թուրքական զորքի նկատմամբ:
Զրուցում եմ տնօրեն Կարեն Փահլեւանյանի հետ:
Ունենք թանգարանային շուրջ 75 հազար ցուցանմուշներ, որոնց երեք տոկոսից ավելին ցուցադրված են ցուցասրահներում, իսկ մնացածը պահոցներում են: Ցուցադրությունները անընդհատ փոփոխվում են: Թանգարանը համալրվում է նոր նյութերով, տեղի են ունենում նոր ժամանակավոր ցուցադրություններ:
– Հարկ է նշել, որ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում գործում է 4 ժամանակավոր ցուցադրություն, իսկ մայիսյան հերասամարտին նվիրված ցուցադրությունում ունենք 14 ցուցանմուշներ: Առաջին անգամ ցուցադրվում են զորավար Անդրանիկի անձնական իրերը, մասնավորապես նրա մարտական սուրը, աստվածաշունչը,նագանը եւ այլն: Այն ժամանակավոր ցուցադրության կարգավիճակ ունի,որը բերում է հավելյալ հոսքեր: Այցելունների մոտ 60 տոկոսը դպրոցականներ են,կան նաեւ զբոսաշրջիկներ,- զրույցի ընթացքում ասաց Կ. Փահլեւանյանը:
Թանգարանում ընդգրկված նյութերը պատմում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղի ու մշակույթի մասին՝ քարի դարից մինչեւ մեր օրեր: Այն պարունակում է որսորդական եւ աշխատանքային պարզունակ գործիքներ, խեցեգործության, քարագործության, մետաղագործության եզակի նմուշներ, ժայռապատկերների կրկնօրինակներ, կենցաղային եւ ծիսական անոթներ, զենքեր, զարդեր եւ զանազան այլ առարկաներ:
Հավաքածուները ընդգրկում է մ. թ. ա. 3-1-ին հազարամյակներից մեզ հասած կավե, քարե ու մետաղե կառքեր, արձանիկներ ու պաշտպանմունքային առարկաներ:
Այստեղ աշխատում են երիտասարդ, իրենց գործին անչափ նվիրված մասնագետներ` հասարակայնության հետ կապերի եւ զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Արփի Այվազյանը, տնօրենի օգնական Մանյա Ղազարյանը, զարգացման ծրագրերի մասնագետ Նելլի Նիկողոսյանը եւ այլք: Հաճախ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Օրինակ՝ նվիրված գաթայի պատրաստմանը եւ այլն:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր