Ռուս սպաները զգուշացնում են Պուտինին. «Թուրքիան, օգտվելով պատերազմից, գրավելու է Կովկասն ու Ղրիմը»

109

Այդ մասին փետրվարի 7-ի համարում գրել էր «timeturk.net»-ը, բնութագրելով նախազգուշացումը «շատ կոշտ»։ Ըստ թուրքական կայքէջի, պաշտոնաթող գեներալ Լեոնիդ Գրիգորեւիչ Իվաշովի ստորագրությամբ բոլոր սպաների անունից հրապարակված հաղորդագրության մեջ, պաշտոնաթող եւ պահեստային սպաները կոչ են արել պաշտոնական Մոսկվային հրաժարվելու «Ուկրաինայի օկուպացման» ծրագրից, նախազգուշացնելով, որ այլապես Թուրքիան, օգտվելով առիթից, կգրավի Կովկասն ու Ղրիմը։

Օգտվելով առիթից նշենք, որ գեներալ Իվաշովը գլխավորում է «Սպաների համառուսաստանյան միությունը», նրա ստորագրած նախազգուշացումն իրականում ուղղված է ոչ միայն նախագահ Վլադիմիր Պուտինին, այլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին նաեւ։ 

Համենայն դեպս, վերոհիշյալ միության սպաները միաժամանակ Ռուսաստանի քաղաքացիներին հորդորել են լինել աչալուրջ եւ կազմակերպված գործել, պատճառաբանելով, թե Ուկրաինայի դեմ ռազմական ամեն մի գործողություն հանգեցնելու է  Ռուսաստանի` որպես պետություն գոյության վիճարկմանը, ավելին` հավերժական թշնամանք է սերմանելու ռուսների ու ուկրաինացիների միջեւ։

Հաղորդագրությամբ ռուս սպաները Պուտինի ուշադրությունն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայի դեմ պատերազմը տասնյակ հազարավոր զոհեր է պատճառելու Ռուսաստանին, նույնքան երիտասարդ դառնալու է հաշմանդամ, իսկ դա ապագայում խիստ վնասակար ներգործություն է ունենալու երկրի ազգագրության պատկերի վրա։

Նրանք առանձնակի կարեւորությամբ, ինչպես թուրքական կայքէջն է գրել, մատնանշել են, որ պատերազմ սանձազերծելու պարագային ռազմաճակատում մարտչող Ռուսաստանի զորքերի կազմում ընդամենը մի քանի ռուս զինվոր է լինելու եւ ռուսական բանակը պատերազմ է վարելու ոչ միայն Ուկրաինայի բանակի, այլեւ ժամանակակից տեխնիկայով զինված ՆԱՏՕ-ի առանցքային երկրների դեմ։

Գալով վերոհիշյալ հաղորդագրության Թուրքիային առչվող հատվածին, ապա այնտեղ, «timeturk.net»-ի հավաստմամբ, մասնավորապես նշվում է. որ պատերազմի ավարտին Թուրքիան հավանաբար ռազմական միջամտություն դրսեւորի Կովկասում եւ Ղրիմում, մանավանդ որ պարզորոշ ընդգծվել է հնարավոր պատերազմում նախագահ Էրդողանի եւ Թուրքիայի դիրքորոշումը, թե ո՞ր կողմում են լինելու, ինչը միանգամայն հավանական է դարձնում թուրքական նավատորմին Ղրիմն ու Սեւաստոպոլն «ազատագրելու», ինչպես նաեւ Կովկասը գրավելու առաջադրանքի հանձնարարումը։

Պաշտոնաթող ռուս սպաները մտահոգված են, որ պատերազմ սանձազերծելու դեպքում Ռուսաստանը կդասվի աշխարհի խաղաղությանն ու միջազգային կայունությանն սպառնացող երկրների շարքում, երկիրը կենթարկվի ծանր պատժամիջոցների եւ չի բացառվում, որ զրկվի նույնիսկ անկախ պետության կարգավիճակից։

Հաղորդագրությամբ ռուս սպաներն ու պաշտոնաթող գեներալները, նախազգուշացնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` պահանջել են, որ նա հանկարծ Ուկրաինայի դեմ պատերազմ չսանձազերծի։

Ի դեպ, փետրվարի 9-ին թուրքական կայքեջը տեղեկացրել էր աշխարհի ճանաչված 350 արվեստագետի եւ գրողի համատեղ նամակի մասին, որտեղ խստագույնս դատապարտվում է «Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի»։