Մարտի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճի ճեմասրահում, Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանի հետ համատեղ, տեղի ունեցավ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նկարչի ինչպես հայտնի ու ճանաչված, այնպես էլ դեռեւս չցուցադրված աշխատանքները:
Ցուցադրությունը բաժանված է երկու մասի: Մի մասում նկարչի վաղ՝ գծանկարչական աշխատանքներն են, մյուսում՝ ուշ շրջանի վերացական գործերը:
Ռուդոլֆ Խաչատրյանի գծանկարչական աշխատանքներին շատերն են անդրադարձել: Նրա թողած ժառանգությունն այդօրինակ արվեստով ստեղծագործողների համար մի նոր հենասյուն է դարձել: Հանրությունն էլ ըստ արժանվույն նրան «գծի վարպետ» է կոչել: Հիմնականում աշխատելով սեւ կամ միատոն դեղնակարմրավուն մատիտներով, բաց շագանակագույն հեղուկ թանաքով (սեպիա), կարմրավուն կավճամատիտով (սանգինա)՝ նա կերտել է այնպիսի բարձրակարգ գծանկարներ, որ, թվում է, թե սեւի ու սպիտակի միջից քեզ բազում այլ գույներ են հասնում:
Կյանքի վերջին տարիներին անվանի արվեստագետն անդրադառնում է կերպարի ստեղծման մի նոր, կարելի է ասել՝ սկզբնական ձեւի: Այս շրջանում արվեստագետի գործերը ստանում են խոհափիլիսոփայական իմաստ: Մենք լրիվ ուրիշ աշխարհ ենք տեսնում: Ասես մշուշի միջից դեպի դիտորդը ձգվող ձեռքեր, ոտքեր, որ մարդուն ոչ այնքան բնորոշ տեղերից են դուրս գալիս: Տեսնում ենք որոշակի մարդկային ձուլվածք, ասես մարդիկ՝ քաոսային միասնականության ոչ ավարտուն մի փուլ: Այս վերացական պատկերումներն ավելի խոսուն են դառնում արվեստագետի քանդակներում, երբ այդ պատկերները երկչափից դուրս են գալիս եռաչափ հարթություն: Այդ բազմաչափ օբյեկտները մարդկային պատմության մի ամբողջ շրջափուլ են կազմում: Երեւում է նաեւ Երվանդ Քոչարի թողած ազդեցությունը Խաչատրյանի արվեստի վրա (վերջինս գեղանկարչութայն, գծանկարչության եւ քանդակի դասերը ստացել է հենց Քոչարից): «Կերպարի հայտնություն» ու «Բազմաչափ օբյեկտ» շարքերը, չնայած մարդկային վերջույթների առկայությանը, որոշ դեպքերում քաղաքի, շինությունների կամ մայրուղու նմանություն են ստանում, որի վրայով լուսարձակները միացրած մեքենաներ են երթեւեկում:
Ռուդոլֆ Խաչատրյանը, ստեղծագործելով իրարից միանգամայն տարբեր երկու ոճերում՝ վարպետացել ու իր հետքն է թողել ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային արվեստում:
Ցուցադրությունը գործում է մինչեւ մարտի 31-ը, բաց է ամեն օր՝ ժամը 11:00-ից մինչեւ 19:00-ը:
ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ