Առճակատումից մինչեւ միավորման հույսեր
Հակոբ Վարդիվառյան.
Ազատական-ռամկավար մեր դպրոցը տակավին տալիք ունի թե՛ սփյուռքում, թե՛ հայրենիքում
ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ, «Պայքար» շաբաթաթերթի Գործադիր խմբագիր, Նյու Ջերսի, ԱՄՆ
-Որո՞նք են ՌԱԿ կուսակցությունում ստեղծված ճգնաժամի պատճառները, ի՞նչ հնարավոր ուղիներ կան, որ կուսակցական ճգնաժամը հաղթահարվի:
-Սկիզբը գաղափարական տարբերություններ չկային այս երկու բեւեռացված խմբերի միջեւ: Նախկին իշխանությունները դեռեւս երեսուն տարի առաջ ղեկավարումը պետք է հանձնեին ընտրված վարչությանը, սակայն չուզեցին դա անել, եւ դրա գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ մեր բոլոր կալվածքները Թեքեյան մշակութային միության անունով են: 25 տարի առաջ Լառնակայում տեղի ունեցած ՌԱԿ ժողովը այդ փոխանցումը սահուն կերպով չկատարեց, եւ այդ օրվանից այս երկու խմբերի մեջ տարակարծություն ստեղծվեց: Այս առճակատումը տարբեր փուլերով անցավ, եւ ամեն մի շրջանում իր բնորոշ արատահայտությունն ունեցավ՝ Միջին Արեւելքում այլ ձեւով, Հայաստանում՝ այլ, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում՝ այլ: Ինձ թվում էր, որ եթե մինչեւ 100-ամյակ չկարողանանք միավորվել, ապա ամբողջական բաժանումի կգնանք: Իհարկե, մեր կուսակցության պարագայում, պատմության ընթացքում մենք բաժանումների փորձառություն ունեցել ենք՝ Վերակազմյալ Հնչակյանները, Ազատականները եւ այլն, բայց միայն 1921 թվականի հոկտեմբերի 1-ին կարողացանաք Պոլսում կազմավորել կուսակցություն: Այսօր էլ, երկու կողմերում մարդիկ կան, որոնք փափագում են, որ գոնե 100-ամյակին այդ միությունը կայանա:
Ցավալին այն է, որ եթե նախկինում գաղափարական տարակարծություն չկար, այժմ դա էլ կա:
-Ո՞րն է դրա բովանդակությունը:
-Մենք որ հայասատանակենտրոն կուսակցություն ենք, ցանկանում ենք, որ Հայաստանում լինի ե՛ւ մեր ուժը, ե՛ւ մեր քաղաքական պլատֆորմը: Սփյուռքում ազգապահպանումն է, մշակույթի եւ ինքնության պահպանումը: Այս ընթացքում ես միջնորդի դեր եմ ստանձնել նաեւ երկու կողմերի միջեւ, որոնք ցանկություն ունեն միավորվելու: Սակայն շատ դժվար պարագաների մեջ ենք գտնվում: Քանի որ այդ երկու խումբը բաժանվեց երեք մասի, Խարաբյանի խումբը նույնպես երկու մասի բաժանվեց, Լիբանանի վարչությունը առանձնացավ: Թեեւ պետք է ասել, որ Լիբանան ինքն արդեն շերտավորումներ ունի: Դոկտոր Ավետիս Դաքեսյանն առանձնացել է, որը նախկինում ղեկավարում էր Լիբանանի շրջանային վարչությունը: Հակոբ Գասարջյանն է այստեղի բաժանումների գլխին, որը նաեւ Թեքեյան կենտրոնի պատասխանատուն է, որն ունի մոտ 30-40 միլիոն դոլարի կալվածք, եւ որի պատասխանատուն Թեքեյան հոգաբարձուների խորհուրդն է: Ամբողջ խնդիրն այն է, որ կուսակցության եկամուտները տնօրինում է Թեքեյանը, իսկ Թեքեյանում հիմնականում պահպանողականներն են: Առանց դրա կուսակցությունը չի կարող գործունեություն ծավալել, թերթ հրատարակել: Ի դեպ, Լիբանանի Թեքեյան կենտրոնի եւ դպրոցի կառուցման համար Ամերիկայի մեր շրջանակն է հիմնականում հանգանականություն արել եւ երկար ժամանակ մենք ենք պահել: Դժբախտաբար մեր թիվն Լիբանանում շատ նոսրացավ արտագաղթի պատճառով, շատերը տարբեր երկրներ մեկնեցին: Շատերն էլ այս բաժանումներից հետո ուղղակի հեռացել են կուսակցությունից եւ չեն ցանկանում կապվել կուսակցության հետ: Այդ իմաստով շատ տխուր պատկեր է: Դա նաեւ ազդում է երիտասարդության վրա, նոր անդամագրումների վրա: Ես չգիտեմ հնարավոր կլինի՞ միավորվելը: Առնվազն պետք է մյուսը փոխի իր անունը եւ մոռանա ՌԱԿ անունը:
-Ռամկավար մամուլն ի՞նչ վիճակում է: Վերջերս կարծեմ նաեւ ռամկավար մամուլի խմբագիրները համատեղ գործակցության հռչակագիր էին ընդունել: Ինչպե՞ս է ընթանում համագործակցությունը:
– Խարաբյանի ղեկավարած մարմինը ունի մեկ թերթ՝ ԱՄՆ-ում հրատարակվող «Նոր Օր»ն է իր տրամադրութեան տակ՝ որոշ շրջանակներ եւ ակումբներ իրենց հավատարմությունը կշարունակեն տալ իր գլխավորած Կենտրոնական վարչությանը:
Բեյրութի «Զարթօնքը» Լիբանանի շրջանային վարչության հովանու ներքո է եւ անդամ է մեր համախմբմանը, որին անդամ են նաեւ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթերը»՝ Բոստոն-ԱՄՆ, «Պայքար» շաբաթաթերթը՝ Նյու Ջերսի-ԱՄՆ, «Ապագայ»՝ Կանադա, «Նոր աշխարհ»՝ Աթենք-Հունաստան, «Արեւ»՝ Եգիպտոս եւ «Ազգը»՝ Երեւան: Ակումբներ կան Լոս Անջելեսում, Բոստոնում եւ Մոնրեալում:
Գերագույն բաղձանքս էր, որ անցյալի տխուր վիճակը սրբագրած լինենք եւ մի նոր զարթոնքով ներկայանայինք մեր ժողովրդին: Հավատացո՛ղն եմ, որ մեր ազգային գաղափարական, ազատական-ռամկավար մեր դպրոցը տակավին տալիք ունի թե՛ սփյուռքում, թե՛ հայրենիքում:
Սեւակ Հակոբյան.
Մերձեցումի փորձերը միշտ ալ ձախողութեան մատնուած են
ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ, «Զարթօնք» օրաթերթի պատասխանատու խմբագիր, Բեյրութ, Լիբանան
-Իբրեւ ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ ինչպե՞ս եք գնահատում ՌԱԿ կուսակցության ներկա վիճակը, որո՞նք եք համարում երկփեղկվածության հիմնական պատճառները:
– Գաղտնիք մը չէ, որ ՌԱԿուսակցութեան վերջին շուրջ 30 տարիները իր պատմութեան հպարտալի էջերէն դուրս կը մնան: Կուսակցութիւնը ոչ միայն երկփեղկուած է այսքան ժամանակէ իվեր, այլ երթալով բազմափեղկուած վիճակ կը ստանար (եթէ կարելի է այսպիսի բառ մը ստեղծել՝ ապա անոր ստեղման «պատիւը» մեր կուսակցութեան կը պատկանի): Դժբախտութիւնը այն է, որ մինչեւ վերջերս ո՛չ ուղեգծային, ո՛չ ալ գաղափարական պայքար էր տարուածը (վերջին երեք տարիներուն, սակայն, Փաշինեանի երեւոյթը ու անոր հետ կամ դէմ ըլլալու իրավիճակը ինչպէս ամէն բանի մէջ՝ մեր մօտ ալ իր աւերը գործեց, ինչպէս նաեւ Մայր Աթոռ Սրբ. Էջմիածնին հանդէպ կողմի մը որդեգրած կուսակցութեան 100-ամեայ ուղեգիծին անյարիր կեցուածքը): Այսօր նշեալ այդ ամբողջ երեք տասնամեակներուն այսպէս կողքէն, որ հիմա կը նայիմ, կը հաստատեմ, որ շատ յաճախ զուտ անձնական բնոյթ ունէին (ոմանց մօտ մանկութենէն կուտակուած՝ իրար հանդէպ անհանդուրժողականութիւն՝ հասնելով մինչեւ ատելութեան, նախանձ, ինքնակեդրոնութիւն, շատերուն մօտ առիթներով պատկեր քաշուիլը՝ քաղաքական գործունէութեան հետ շփոթ, ոմանց քով վախ, որ միաւորման պարագային իրենք ղեկավարութեան մէջ տեղ չեն ունենար, սերնդափոխութեան խնդիր, եւ այլն):
-Դեռ մի քանի տարի առաջ դուք բարիկադների հակառակ կողմում էիք: Այժմ, երբ թողել եք ՌԱԿ Կենտրոնական վարչության քարտուղարի պաշտոնը, կարծում ե՞ք, որ դեռեւս միավորման հնարավորություններ կան:
-Ո՛չ անպայման ինքնարդարացումի միտումով, սակայն անկեղծօրէն նշեմ, որ պատերազմի, մանաւանդ քաղաքացիական պատերազմի մէջ եղող զինեալներու հրամանատարութիւնը փորձութիւնը կունենայ կարծելու, որ ինք կը ղեկավարէ պատերազմը: Մինչդեռ այդ իրականութիւնը այն է, որ պատերազմն է, որ կը ղեկավարէ զիրենք: Կար ժամանակ, որ երեւի այսպէս կոչուած կողմերու պարագլուխներս նոյն պատրանքը ունէինք: Արդիւնքը սակայն եղաւ այն, որ մենք ո՛չ միայն ցեխարձակումներով վիրաւորեցինք զիրար, անձնականացնելով արդէն իսկ բարդ իրավիճակը, այլ՝ մեծ վնաս հասցուցինք մեր կուսակցութեան վարկին, որուն համար բոլոր այսպէս կոչուած պարագլուխներս հաւասար չափով պատասխանատուութիւն ունինք: Ի դէպ՝ հարցումին մէջ «բարիկադների հակառակ կողմում էիք» դրոյթը կայ: Եթէ խօսքը երկու կողմերուն մասին է, ապա «կողմերում» եզրը ինծի նուազ պիտի շփոթեցնէր: Իսկ եթէ այդ կը վերաբերի միայն ինծի, ապա պէտք է այստեղ շեշտել, որ այդ բարիկադներուն այս կամ այն կողմն էինք բոլորս, մինչդեռ այսօր այնպէս չէ, որ մէկս միւսին կողմը անցաւ, այլ՝ մենք բարիկադներն է, որ վերացուցինք: Պատմութեան համար սակայն այստեղ նշեմ, որ ձեր նշած ժամանակաշրջանին այնպէս չէ, որ մերձերձումի փորձեր չեղան: Նման փորձեր՝ այդ ժամանակ եւ անկէ առաջ ալ եղած են, սակայն միշտ ալ ձախողութեան մատնուած է, կողմերու միջեւ անվստահութեան եւ նաեւ փոխադարձ անձնական վիրաւորանքներու չսպիացած իրավիճակով:
– Ձեր ցանկությունը, որ անկախ կուսակցության պառակտվածությունից, ռամկավար մամուլը գոնե հանդես գա միասնական հարթակով, իրականություն դարձավ: Որքանո՞վ է դա նպաստում կուսակցության վերամիավորմանը:
-Ես ուրախ եմ, որ ատենին նշածս եւ անոր համար համեստաբար ամէն գնով յառաջ տանելու մարմաջս եւ խմբագիրներու մակարդակի առկայ գիտակցութիւնն ու բարեացակամութիւնը վերջապէս իր պտուղը տուաւ եւ մենք ունեցանք ՌԱԿ-ի համակարգուած Մամուլի խորհուրդ, նախ ի մի բերելով նոյն այդ մամուլի էջերով իրար քարկոծող ՌԱԿ-ի օրգանները: Փորձը յաջող էր, իսկ անոր հանդէպ ու անոր շուրջ հաւաքուած բարեկամներու ու ընկերներու խումբը՝ մեծ: Կը կարծեմ, որ այս նախաձեռնութիւնը նաեւ դուռը բացաւ հետագայ զարգացումներուն, որ պսակուեցաւ վերամիաւորման միտող ծանօթ կոչին, որուն տակաւին յամառաբար կը մերժէ միանալ կողմ մը, ու կը հակազդէ անոր, սակայն բարի ու ազնիւ նպատակի մը դէմ գործող որեւէ խումբ ի վերջոյ միշտ ալ դատապարտուած է լուսանցքի վրայ մնալու՝ փախցնելով ոսկիէ առիթ մը, որ ներկայացած է մեզի, որ նաեւ կրնայ վերջինը ըլլալ այս կազմակերպութեան պատմութեան մէջ:
-Այժմ ի՞նչ հարաբերակցության մեջ եք մնացյալ ՌԱԿ կենտրոնների հետ, առանձի՞ն եք, թե՞ որեւէ մեկի հետ եք:
– Այո, սկզբունք որդեգրած ենք՝ չճանչնալ ոչ մէկ գերակայ մարմին մինչեւ այն ատեն, որ մէկ Կեդրոնական Վարչութիւն չկայ: Մինչ այդ սակայն ողջունեցինք Միասնութեան կոչը եւ կ աշխատինք օգնել անոր իրագործման: Լաւագոյն կապերու մէջ ենք սակայն Հայաստանի Կեդրոնական վարչութեան եւ Գերագոյն Խորհուրդին հետ: Նոյնպէս լաւ կապերու մէջ ենք տարբեր շրջանակներու հետ: Կը գործակցինք Եգիպտոսի, Արժանթինի եւ Հայաստանի վարչութիւններուն հետ պարբերական համատեղ ծրագիրներուվ ու ձեռնարկներով:
«Օրեր», Պրահա
(Շար.3 եւ վերջը հաջորդիվ)