Շվեյցարական infosperber կայքը հունվարի 6-ին ծավալուն հոդված էր հրապարակել «Եկեղեցին եւ պետությունը Հայաստանում իշխանական կեղտոտ պայքարի մեջ» վերնագրով: Տեղի սղության պատճառով հրապարակմանը չենք անդրադառնա, թեեւ Հայաստանում կատարվող իրադարձություններին հետեւող մեր ընթերցողի համար նորություն չկա Ամալյա ֆան Գենթի հիշատակված հոդվածում: Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (ՔՀՄ, CSI) փետրվարի 4-ին մամլո անգլերեն հաղորդագրությամբ անդրադարձել է Երեւանում նախորդ օրը՝ փետրվարի 3-ին Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ACPR) հետ համատեղ մամուլի ասուլիսին: ՔՀՄ-ի նախագահ Ջոն Այբները այցելել է բանտարկված արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, զգուշացրել Հայ առաքելական եկեղեցու հանդեպ ճնշումների սրացման վերաբերյալ: Ասուլիսում Շվեյցարիայի խաղաղության ֆորումի մասին է խոսել Շվեյցարական խաղաղության նախաձեռնության կոմիտեի անդամ, Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Էրիհ Ֆոնթոբելը, որ ընդգծել է, թե խաղաղության ապահովման անհրաժեշտ քայլ է Ղարաբաղի հայերի վերադարձն իրենց բնակավայր:
Փետրվարի 3-ին ՔՀՄ կազմակերպության նախագահ Ջոն Այբները ասուլիսի ժամանակ բարձրաձայն կարդացել է Գալստանյանի բանտից գրած նամակը՝ ուղղված Վաշինգտոնում կայացած կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին: Արքեպիսկոպոս Գալստանյանը նշել է. «Ես բանտարկված եմ մեկ պարզ պատճառով: Իմ հանցանքը ոչ ցանկալի ճշմարտություն ասելն է. Այն է՝ քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյության սպառնալիքի առջեւ»: Քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան նույնպես նախատեսված է փետրվարին, Գալստանյանը նամակ է հղել նաև Վենսին։ «Եկեղեցական ղեկավարության վրա ճնշումը մեծանում է», տեղեկացնում է ՔՀՄ կազմակերպության հաղորդագրությունը՝ մանրամասնելով՝ արքեպիսկոպոս Գալստանյանը վերջին 8 ամիսների ընթացքում ՀՀ կառավարության կողմից ձերբակալված 4 եպիսկոպոսներից մեկն է։ Տասնյակ այլ մարդիկ նույնպես տուժել են, այդ թվում՝ եկեղեցու աշխատակիցներ, ձերբակալված հոգևորականների իրավական խորհրդատուներ, ընտանիքի անդամներ և եկեղեցու հանրային կողմնակիցներ։ ՀՀ վարչապետ Փաշինյանը հրապարակավ հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարին՝ Գարեգին Բ կաթողիկոսին պաշտոնից հեռացնելու և նրան պետական հանձնաժողովի կողմից ընտրված այլ անձով փոխարինելու մտադրության մասին։ Շաբաթավերջին ՀՀ կառավարությունը 6 եպիսկոպոսների արգելեց լքել Հայաստանը։ Հայ եպիսկոպոսների համաժողովը պիտի կայանա Ավստրիայում փետրվարի 16-19-ին, որը գիտակցաբար նախատեսված է կազմակերպել Հայաստանից դուրս՝ պետական միջամտությունից զերծ միջավայր ապահովելու համար, կարդում են հաղորդագրության մեջ: «Սա կառավարության կողմից Եկեղեցու դեմ արշավի հետագա սրացում է», մեկնաբանել է Ջոն Այբները։ «Նրանք ցանկանում են անզոր դարձնել Եկեղեցին և խանգարել, որ այն շարունակի լինել Հայաստանի ազգային շահերի ձայնը»։
Լեռնային Ղարաբաղի հետ կապը. Իր նամակում արքեպիսկոպոս Գալստանյանը բացատրում է, որ Եկեղեցու դեմ ձեռնարկված միջոցառումները կապված են Թուրքիայի և Ադրբեջանի «Հայաստանը վասալ պետության վերածելու» համապարփակ ջանքերի հետ։ Այս ծրագրի կենտրոնական բաղադրիչը Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես հասարակության մեջ անկախ ձայնի ազդեցությունը ճնշելն է։ 2023 -ի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, բռնի տեղահանեց մոտ 120,000 հայ քրիստոնյայի։ Այդ ժամանակից ի վեր Հայ եկեղեցին աջակցում է ԼՂ հայերի վերադարձի իրավունքին։ Սա հանգեցրել է բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների՝ եկեղեցին որպես «խաղաղության խոչընդոտ» որակմանը։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ACPR) նախագահ Ռաֆայել Իշխանյանը հղում է կատարել 2025 -ի մայիսին Բեռնի միջազգային համաժողովին՝ հիշեցնելով, թե Գարեգին Բ կաթողիկոսը պահանջել է տեղահանված հայերի վերադարձը ԼՂ և Ադրբեջանում հայ պատանդների ազատ արձակումը։ Իշխանյանը նշել է. «Սա առաջացրեց կառավարության հակաեկեղեցական արշավը»։ Իշխանյանը հավելել է, որ ճնշումների երրորդ փուլն է, որի ընթացքում սահմանափակվում են հավատացյալների իրավունքները: Հաղորդագրության մեջ ծանուցվում է, թե Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը 2025 -ի դեկտեմբերին եկեղեցու դեմ ճնշումների ընթացքի վերաբերյալ համապարփակ զեկույց է հրապարակել։ ՔՀՄ կազմակերպության հաղորդագրությունը տեղադրել է նաեւ զեկույցի անգլերեն հղումը: Շվեյցարացի պատգամավոր Էրիհ Ֆոնթոբելը հիշեցրել է Խաղաղության շվեյցարական նախաձեռնության, Ադրբեջանի և ԼՂ-ից տեղահանված անձանց միջև խաղաղության ֆորումի անցկացման, հայերի անվտանգ վերադարձի մասին։ «ՀՀ-ում ամենաբարձր մակարդակներից լսում ենք, թե ԼՂ հարցը փակված է», ասել է Ֆոնթոբելը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարություններին: «Մեր տեսանկյունը տարբեր է»։ Փետրվարի 3-ին բանտ այցելության ժամանակ արքեպիսկոպոս Գալստանյանը բացահայտ խրախուսել է շվեյցարացի պատգամավորին շարունակել ԼՂ հայերի իրավունքների համար ջանքերը, և նա մտադիր է դա անել: Ֆոնթոբելն ընդգծել է. «ԼՂ հարցը փակված չէ: Քանի դեռ տեղահանված անձինք չեն վերադարձել իրենց տները, այն չի կարող և չպետք է փակվի»։ «Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը ԼՂ-ի համար» միջկուսակցական կոմիտեն կշարունակի ճնշում գործադրել Դաշնային խորհրդի վրա, որ ֆորումը կազմակերպվի:
Համերաշխություն Գերմանիայից և ազդանշան Հռոմից . Երեւանիւմ կայացած ասուլիսի ժամանակ ՔՀՄ կազմակերպության Գերմանիայի տնօրեն հայր Փեթեր Ֆուքսը Գերմանիայի քրիստոնյաների համերաշխության ուղերձն է փոխանցել Հայ Առաքելական Եկեղեցուն: Նա նաև նշել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը երկու ամիս առաջ Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանում ողջույն է հղել Գարեգին Բ կաթողիկոսին՝ այդպիսով ճանաչելով նրան՝ որպես Եկեղեցու օրինական ղեկավարի: «Մեր համերաշխությունն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ»,- ասել է Փեթեր Ֆուքսը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Լուսանկարը՝ ՔՀՄ կազմակերպության մամլո հաղորդագրության
Ձախից աջ՝ ՔԻՀԿ նախագահ Ռաֆայել Իշխանյան, Լիկա Թումանյան, շվեյցարացի պատգամավոր Էրիհ Ֆոնթոբել, ՔՀՄ կազմակերպության նախագահ Ջոն Այբներ





